Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՈՒմ հետ ես համբուրվեմ, Նա՛ է, Նրան կբռնեք»

«ՈՒմ հետ ես համբուրվեմ, Նա՛ է, Նրան կբռնեք»
23.11.2012 | 11:29

Համբույրը մարդկային սիրո արտահայտման ամենատարածված ձևն է։ Համբուրում են ամենաշատը մայրերն իրենց զավակներին, ապա հայրերը (թող հայրերը չնեղանան, բայց դա փաստ է յուրաքանչյուր նորմալ ընտանիքում), ապա իրար սիրող զույգերը, ամուսինները, կա և, այսպես ասած, անկիրք համբույր ընկերների ու ընկերուհիների միջև, քրոջ ու եղբոր, հարազատների ու բարեկամների միջև։ Կան նաև պղծություն պարունակող համբույրներ, երբ իրար մոտեցող զույգերը շնանում կամ պոռնկանում են միմյանց հետ, կամ էլ վավաշոտ ու պիղծ, եթե դրանք միասեռական կրքերով են բռնված։

Մի խոսքով` համբույրի տարատեսակները բազմազան են, ու յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում համբույրի էությունը։ Բայց կա մի համբույր ևս, որն ամենանենգն ու դատապարտելին է, ու այդ համբույրի տարատեսակը կոչվում է Հուդայի համբույր, երբ համբուրողը սրտում չար դիտավորություն ունենալով, համբուրվողին է մոտենում բարեկամի կամ սիրելիի դիմակով։ Իսկ այդ տարատեսակը կոչվում է Հուդայի համբույր, որովհետև Ավետարանում կա այդ դրվագը նկարագրող քստմնելի պատկերը. «Հուդան՝ Տասներկուսից մեկը, եկավ, ու նրա հետ՝ քահանայապետների և ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով: Եվ նա, որ Նրան մատնելու էր, նրանց նշան էր տվել ու ասել. «ՈՒմ հետ ես համբուրվեմ, Նա՛ է, Նրան կբռնեք»: Եվ սա իսկույն մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ». ու Նրա հետ համբուրվեց: Իսկ Հիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ, մոտենալով, ձեռք բարձրացրին Հիսուսի վրա ու Նրան բռնեցին» (Մատթեոս 26.47-50)։
Երբ Հուդան Տիրոջը համբուրելով` ծախեց Նրան երեսուն դահեկանով, ու իր գործը ավարտված համարելով` գնաց, բայց հետո իր արարքի ահավորությունը չտանելով, դևերի դրդմամբ կախվեց, ու նրան շուտով ապականված գտան։ Իսկ Գրիգոր Տաթևացին, երբ վարդապետեց այս մասին, ասաց, որ միայն Հուդայի շրթունքները չէին ապականվել, որոնք համբույրով դիպել էին Հիսուսի դեմքին։
Իսկ տարիներ անց Պողոս առաքյալն իր ուղերձներից մեկում գրեց հավատակիցներին. «Բարև տվեք միմյանց սուրբ համբույրով», որով զգուշացրեց, որ ձեր ողջույնի պարզ համբույրի մեջ նույնպես թող սրբություն լինի, որ սատանան չգայթակղի ոչ մեկին։
Այսքանը բուն թեմայի ավետարանական իրողության մասին։ Իսկ հիմա խոսենք նաև դրա շարունակության մասին, որ մինչև մեր օրերն է հասնում։ Վերջերս ռուսերեն մի գիրք ընկավ ձեռքս, որ կոչվում է «Հուդայի ավետարան»։ Վաղուց կարդացել էի, որ կան գրողներ, որոնք արդարացնում են Հուդայի մատնությունը, որպես անհրաժեշտություն, քանի որ մինչև Հիսուսին չբռնեին ու չխաչեին, մարդկությունը չէր կարող փրկվել։ Մարդկային տրամաբանությամբ միգուցե և ճիշտ է, բայց Աստծո տեսանկյունից միանգամայն անընդունելի ու սխալ։ Ինչո՞ւ, շատ պարզ։ Յուրաքանչյուր մարդ արարչական մեծ պարգև ունի, որ հատուկ է միայն հրեշտակներին՝ ազատ ընտրության կամք։ ՈՒ բոլորս էլ, ի վերջո, պետք է Աստծո դատաստանով անցնենք` ըստ չարի ու բարու մեր ընտրության արդյունքի։ Այդպես էլ Հուդայի պարագայում, ոչ ոք չպարտադրեց, որ նա Հիսուսին մատնի։ Նույնիսկ Հովհաննու ավետարանում մատնության այդ գիշերվա նկարագրության մեջ հոգեբանական մի շատ նուրբ պահ կա, որին քչերն են ուշադրություն դարձրել, երբ Հիսուսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն Ինձ մատնելու է»: Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թե ո՛ւմ մասին է ասում: Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր Նրա մոտ: Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում: Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց Նրան. «Տե՛ր, ո՞վ է»: Հիսուս պատասխանեց և ասաց. «Նա է, որի համար Ես այս պատառը կթաթախեմ և կտամ իրեն»: Եվ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Հուդային: Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ: Հիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. 13. 21-27): Ավետարանական այս դրվագում հայտնապես երևում է, որ Հուդան իր հոժար կամքով արդեն հաստատ որոշել էր Տիրոջը մատնել ու իր մտադրությունից հետ չկանգնեց, նույնիսկ երբ այդ մասին հայտարարեց Հիսուսը։ Իսկ երբ նա անձամբ իր ձեռքով վերցրեց Հիսուսի ձեռքից պատառը, ավետարանիչն ասում է, որ այդ ժամանակ սատանան նրա մեջ մտավ։ Մինչ այդ չի ասվում, որ նրա ներսում էր, այլ վերջնական որոշումից հետո միայն սատանան իրավունք ստացավ Հուդայի ներսը մտնելու։ Իսկ Մատթեոսի ավետարանում Հիսուսն ասում է. «Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես Նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի մարդու Որդին: Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ»: Հուդան, որ մատնելու էր Նրան, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ «Դո՛ւ ասացիր» (Մատթ. 26. 24-25):
Կամավոր ու անզղջում մեղքը մահացու մեղք է համարվում, դրա համար էլ Հիսուսն ասաց, որ լավ կլիներ նման մարդ ծնված չլիներ։
Եվ, դժբախտաբար, շատ քրիստոնյաների հետ այդ նույն բանն է կատարվում, երբ մկրտությունից հետո նրանք կամավորապես շարունակում են մեղքին ու իրենց չար ցանկություններին ծառայել, անարգելով Տիրոջ պատվիրանները։
Իսկ կարդացածս «Հուդայի ավետարան» գիրքը նրանով էր հետաքրքիր, որ 1945 թ. Եգիպտոսի Հագ¬Խամմադ վայրում ղպտերեն (Հին եգիպտացիների այժմ չգործածվող լեզուն է) ձեռագիր պապիրուսներ են գտել մի կավե կճուճի մեջ։ Երբ, ի վերջո, գիտնականները, տասնյակ հազարավոր դոլարներ վճարելով, ձեռք են բերել դրանք միջնորդ առևտրականներից ու վերծանել գրվածքը, նախ նրանք ապշել են վերնագրից, որ մինչ այդ ոչ ոք նման բան չէր լսել. «Հուդայի ավետարան»։ Մինչ այդ հայտնաբերել էին պարականոն անուններով այլ ավետարաններ, օրինակ, Թովմասի ավետարան, Մարիամ Մագդաղինացու ավետարան և այլն, բայց Հուդայի ավետարան դեռ աշխարհը չէր լսել։
Հուդայական գտնված ավետարանի առաջին զոհը դարձավ այդ ձեռագրերը գտած ընտանիքը, որի գլխավորին սպանեց նրանց նախանձող մի այլ ընտանիքի գլուխը։ Նրան էլ իր հերթին սպանեց մյուս ընտանիքի անդամներից մեկը։ Հուդայի անեծքը դարեր անց դարձյալ գործեց, ու դարձյալ փողի պատճառով, քանի որ այդ գտած պապիրուսները չափազանց թանկ գնահատվեցին գիտնականների կողմից, և, ի վերջո, այդ մի քանի տասնյակ խունացած պապիրուսների գինը հասավ միլիոնավոր դոլարների. մեղավոր աշխարհը չափազանց թանկ գնահատեց մոլորության ավետարանը, քանի որ իրեն շատ հարազատ բան գտավ դրա մեջ։ Օրինակ, ծանոթանալով այդ գրվածքների հետ, շատերը, վարակվելով գնոստիկական այդ գաղափարներից, գրեցին իրենց սեփական վարկածները այդ հարցի շուրջ։ Շատերիս հայտնի Դենի Բրաունի «Դա Վինչիի կոդը» ստեղծագործությունը 2003 թվականին հենց «Հուդայի ավետարանի» հիման վրա է մոգոնվել։ Դրա մասին շատերը նաև համանուն ֆիլմը դիտեցին ու իրենց հավատքի տկարության պատճառով ընկան տարակարծության մեջ, թե գուցե և իսկապես Հիսուսը Մարիամ Մագդաղինացուց սերունդ է ունեցել։ Եթե մինչև հիմա նման վարկածին հավատացող մարդիկ կան, ապա թող այդպիսիք հաստատ իմանան, որ իրենց մեջ ոչ թե Աստծո Հոգին է գործում, այլ անձամբ սատանայի որոմն են ընդունել։ Հետևապես, հնարավորինս շուտ պետք է ձերբազատվել այդ պիղծ մտքերից, քանի դեռ դրանց դառնության պտուղները չեն համտեսել։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Քանի որ նրանք չընդունեցին Ճշմարտության Սերը, Աստված էլ մոլորության ոգի ուղարկեց, որ ստությանը հավատան»։ Իսկ Ճշմարտության Սերը միայն Հիսուս Քրիստոսն է, ՈՒմ սրբությունն ու Սերը մերժողներն ընկնում են դիվական խաբկանքների մեջ։ Հնում ընդհանրական եկեղեցին պայքարել է «Գնոստիկներ» կոչվող աղանդի դեմ (այսպես կոչված, խելքին զոռ տվողներ), ովքեր, հեթանոսական ու նախնի փիլիսոփայական գաղափարներից չհրաժարվելով, փորձել են այդ ապականված թթխմորով քրիստոնեության մեջ մտնել, ու դրա հետևանքն են եղել նրանց մոգոնած տասնյակ պարականոն գրքեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում` և ղպտերեն։
Իսկ մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցներն աշխարհին հերթական սենսացիան հրամցրին. պրոֆեսոր Քինգը 4-րդ դարի պապիրուսի մի կտոր է հայտնաբերել, որտեղ գրված է, թե իբր Հիսուսը բացահայտ ասել է իր կին ունենալու մասին։ Պապիրուսի այդ կտորի վրա գրված է եղել. «Քրիստոսն ասաց նրանց՝ իմ կինը՝ Մարիամը, կարող է լինել իմ հետնորդը»։ Այդ լուրը «ախորժակով» իսկույն համտեսեցին աշխարհականները, քանի որ իրենց քիմքին շատ հարազատ ու հաճելի էր, ու տարածեցին «բարի լուրը» համայն աշխարհում։
Իսկ անտեղյակ ընթերցողներին ասենք, որ առաքելահիմն եկեղեցին որպես սուրբ ընդունում է միայն չորս ավետարանները, իսկ մնացածներն անվանում է պարականոն կամ երկրորդականոն, ու մերժում այնտեղի գրվածքները որպես ճշմարտություն։ Ձեռագրերի վաղեմությունը կամ հնությունը դեռևս ճշմարտության չափանիշ չեն, սխալվել ու մոլորվել են դարեր առաջ, սխալվում են նաև մեր օրերում, եթե ամուր չեն կառչում Տիրոջ միակ ճշմարտությունից, որ մեզ է հրամցվել Սուրբ Հոգու միջոցով։ Այդ է պատճառը, որ մեր նախնի հայրերն ու վարդապետները, զգուշանալով աշխարհում տարածված մոլորություններից, վայրիվերո կերպով ձեռքներն ընկածները չեն թարգմանել, այլ նախապես աղոթքով քննել են դրանց անաղարտությունը։ ՈՒ մինչև հիմա էլ արտասահմանցի հայագետները հիացել են մեր սուրբ թարգմանիչների հմտությամբ ու խորագիտությամբ։
Իսկ հոգևոր իմաստով Հիսուսի հարսն Իր Եկեղեցին է, որ աշխարհին ներկայացնում է Քրիստոսին և հավատարիմ է մնում Իր Փեսային։
Այս ամենը գրվեց որպես օգնություն այն ընթերցողներին, ովքեր այս ամենի մասին լսելով կամ կարդալով, գուցե և ընկել են զանազան մոլորեցնող թյուր տարակարծությունների մեջ։
Թող Աստված բոլորիս օգնի` միայն Իր փրկարար ճշմարտության մեջ քայլելու։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ