Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Էս երկիրը երկիր կդառնա, եթե այդ աղջնակի նման յուրաքանչյուրը տեր կանգնի իր հայրենիքին

Էս երկիրը երկիր կդառնա, եթե այդ աղջնակի նման յուրաքանչյուրը տեր կանգնի իր հայրենիքին
23.11.2012 | 12:00

Չկա երևի մի հայ, որ պատեհ կամ անպատեհ առիթով չասի, թե էս երկիրը երկիր չէ: Իսկ ի՞նչ բան է երկիրը: Ընդամենը աշխարհագրական տարածք, որտեղ կան լեռներ, ձորեր, լճակներ ու գետեր, հովիտներ և հարթավայրեր, իսկ եթե բախտը «բերել» է այդ հողակտորի, ուրեմն նրա ափերը ողողում են ծովեր և օվկիանոսներ: Այդ աշխարհագրական տարածքը դառնում է երկիր, հող հայրենի, երբ նրա վրա ապրող մարդիկ տուն են կառուցում, մշակում են հողը, ամուսնանում, ընտանիք են կազմում, երեխաներ են ունենում, երկրի պաշտպանության համար զինվոր են մեծացնում, պաշտպանում են իրենց հողը արտաքին թշնամիներից, ինչո՞ւ չէ, նաև ներքին թշնամիներից, երկիրը թալանող, լլկող, ժողովրդին գաղթական դարձնող, ագահ և անկուշտ անհատներից: Ինձ համար տարբերություն չկա սահմանից այն կողմի թշնամու և երկիրը թալանողի միջև:
Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը կազմակերպվեց, որսորդական հրացաններով դուրս եկավ իրենից քանակով շատ և իրենից անհամեմատ լավ զինված թշնամու դեմ և հաղթեց: Ցավոք, այդ փառահեղ հաղթանակը չամրապնդվեց ներքին ճակատում տարվելիք հաղթանակով: Ժողովուրդը (ժողովուրդն առանց մտավորականի, առանց կազմակերպող անհատի պարզապես ամբոխ է), հոգու ցավը զսպելով, անտարբեր հայացքով նայում էր թալանվող հարուստ երկրին: Եվ, հաշտվելով այդ ամենի հետ, ինքն իրեն արդարացնելու համար կյանքի կոչեց մի ողորմելի փիլիսոփայություն, թե էս երկիրը երկիր չէ, և նրանք, ովքեր ուժ և շնորհք ունեին իրենց մեջ, բռնեցին օտարության ճամփան, իսկ նրանք, ովքեր ոչ թե անկարող էին, այլ գենետիկորեն չէին կարող լքել հայրենիքը, շեքսպիրյան հերոսի պես վրան քաշեցին սև սքեմը և հաշտվեցին տիրող իրականության հետ: Էն էլ ասեմ, որ շեքսպիրյան հերոսը, սև սքեմի հետ հաշտվելով, չմոռացավ իր հոգու վեհության մասին: ՈՒզում եմ հավատալ մեր ժողովրդի հոգու վեհությանը, և այդ հավատն իմ մեջ արթնացրեց պատահական մի դեպք:
Ոստիկանության անձնագրային բաժնի պետի մոտ էի, երբ սենյակ մտավ մի աղջնակ: Սկզբից ուշադրություն չէի դարձրել այդ նիհարավուն, թիթեռնիկի պես նուրբ էակին:
-Ձեր բաժնում երկրից դուրս գալու թույլտվության կնիք խփելու համար հինգ հարյուր դրամ գումար եք վերցնո՞ւմ,- հարցրեց ինձ անծանոթ այդ աղջիկը:
-Ի՞նչ է եղել,- չոր ու կոպիտ հարցրեց պետը:
-Եթե գումար եք վերցնում, ապա ինչո՞ւ դրամարկղային կտրոն չեք տալիս,- կտրուկ, վճռական, մարտի պատրաստ շարունակեց նա:
Պետը փորձեց ահաբեկել նրան, ասելով, թե դուք անպատասխանատու հայտարարություն եք անում, և գիտե՞ք արդյոք, թե ինչ պատասխանատվություն է հասնում Ձեզ պաշտոնատար մարդուն ամբաստանելու համար: Ո՞վ է Ձեզնից գումար պահանջել, և ո՞վ կարող է հաստատել Ձեր ասածը:
Աղջիկը նկարագրեց կողքի սենյակում նստած աշխատակցուհուն և ներս հրավիրեց մի տիկնոջ: Տիկինը փորձեց հանգստացնել աղջկան, որն այդ պահին իմ աչքերում նրբին թիթեռնիկից վերածվել էր հզոր մի էգ առյուծի:
Պետը տեսնելով, որ աղջիկը ճիշտ է, փորձեց նրան սիրաշահել, ասելով.
-Ազիզ ջան, մի զայրացիր, հանգստացիր, հիմա կպարզեմ:
Պետի այս խոսքերին հետևեց աղջկա խրոխտ պատասխանը.
-Ես քեզ համար (կոպիտ տոնով ընդգծելով «քեզ» բառը) ազիզ չեմ, այլ քաղաքացի, այդ տոնով խոսեք Ձեր ընտանիքում և ոչ թե պետական հիմնարկում:
Պետը կարկամեց, ներողություն խնդրեց, խոստանալով պատժել իր աշխատակցուհուն:
Ես հիացած նայում էի այդ աղջկան և ինքս ինձ մտածում, որ երկիրը երկիր կդառնա: Այո, պետք չէ թուլակամի պես հաշտվել ստորության հետ, խաբողի հետ, թալանողի հետ, քո իրավունքը տրորողի հետ և կրկնել տխմար փիլիսոփայությունը, թե էս երկիրը երկիր չի դառնա:
Ես հավատացած եմ, որ էս երկիրը երկիր կդառնա, եթե այդ աղջնակի նման յուրաքանչյուրը տեր կանգնի իր հայրենիքին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ