Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ»

«Ընդդիմությունը համագործակցում է  իշխանության հետ»
23.11.2012 | 12:14

Օրերս քաղաքական ասպարեզ բերվեց մի նոր գործընթաց, այն է` նախախորհրդարանի ձևավորում: Այս նախաձեռնության անդամներից փորձեցինք մեկնաբանություններ լսել, թե այս շարժումն ինչ է ենթադրում:

«ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՔԱՅԼԵՐ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԱՐԵԼ»
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
-Ինչո՞վ են ձեր գաղափարները, նախաձեռնությունը տարբերվում ընդդիմադիր մյուս ուժերի մշտապես հնչող տեսակետներից:
-Ազգային նպատակների հետապնդմամբ և երկրի զարգացման տեսլականով:
-Մինչ սա ընդդիմությունն ազգային գաղափարներ չի՞ ներկայացրել:
-Ոչ: Տարիներ շարունակ ազգային նպատակներին ծառայելու և իրավական պետություն կայացնելու քայլեր ոչ մեկը չի արել: Հիմնական շեշտը դրվել է իշխանափոխության վրա: Այս տարիներին քաղաքական ուժերը ոչ միայն չեն ուժեղացրել քաղաքացիական հասարակությունը, այլև երկրի զարգացում ու արդյունավետ համագործակցություն չեն ապահովել ժողովրդի հետ: Այսօր քաղաքացիական հասարակության շուրջ 33 անդամ իր վրա է վերցնում այդ գործը:
-Այդուհանդերձ, ձեր վերջնանպատակը կրկին իշխանափոխությունը չէ՞:
-Իշխանություն վերցնելը կարող է իրականացվել բոլորովին այլ խմբի կամ խմբերի կողմից: Սա մեծ տարբերություն է: Այս խումբն իր վրա պատասխանատվություն է վերցնում ներկա իրավիճակի համար ու առաջիկայում պիտի որոշ քայլեր իրականացնի: Այն ոչ մի կուսակցության չի պատկանում:
-«Որոշ քայլեր» ասելով ի՞նչ նկատի ունեք` հանրահավաք, երթ…
-Ո՛չ: Դա ենթադրում է հայեցակարգի մշակում, նոր գաղափարի տարածում:
-Ասել է` սա տևակա՞ն գործընթաց է լինելու:
-Իհարկե, որովհետև նպատակը ենթադրում է ոչ թե այդ փոքր խմբով փոփոխություններ իրականացնել, այլ ժողովրդի, քաղաքացիական հասարակության ակտիվ խմբի հետ:
-Չե՞ք կարծում, որ սա էլ ընդդիմության այն քայլերի շարքին է դասվելու, որոնց արդյունքը հասարակությունը այդպես էլ չի տեսնում:
-Սա Ձեր ասած դասական ընդդիմությունը չէ, այլ քաղաքացիական հասարակության ակտիվ շարժում:
-Նախախորհրդարանը, ի վերջո, խորհրդարան ե՞րբ կդառնա:
-Դա տեղի է ունենալու աշխատանքների առաջին փուլն իրականացնելուց հետո, որից հետո ընտրական նոր հանձնաժողով կլինի, ու այդ հարցն էլ կլուծվի: Սա մոտավորապես այն է, ինչ կոչվում է պայմանագրային պետականություն, երբ պայմանավորվածություն է լինում քաղաքացիական շարժման ու հասարակության անդամների միջև: Տպավորություն չպիտի ստեղծվի, որ սա ընդդիմադիր ուժ է:

«ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԻՇԽԵԼՈՒ, ԱՅԼ ԾԱՌԱՅԵԼՈՒ»

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
-Նախախորհրդարան ստեղծելու ձեր գաղափարների մասին բազմիցս բարձրաձայնել է ընդդիմությունը: Այս շարժումն ինչո՞վ է առանձնանալու:
-Երևի նրանով, որ ընդդիմությունն ասում է, դիմադրությունը` անում: Մենք նրանց ընդդիմություն չենք համարում: Այդ ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ, ասում է մի բան, անում` ուրիշ: Խորհրդարանի, նախագահի ընտրություններին կամ չընտրություններին է մասնակցում: Մեծ կրքով օդում բան է թափահարում և անգամ պատրաստվում միասնական թեկնածու առաջադրելու: Այն, որ մենք նույն բաներն ենք ասում, զարմանալի չէ, տարբերությունը ոչ թե ինչ, այլ ինչպես անելն է: Ցանկացած երթուղային տաքսու վարորդ կամ շուկայում կանգնած գյուղացի կասի` ինչ անել: Էականն այն է` ինչպես անել, կամ անե՞լ, թե՞ ոչ:
-«Ինչպես անելու» համար տևակա՞ն ժամանակ է պետք:
-Մենք, որպես ազգ, այդ տևական ժամանակը չունենք: Նախախորհրդարանը գործելու է ընդամենը քսան շաբաթ, որից երեքն արդեն անցել է: Քիչ ժամանակ ու շատ-շատ գործեր ունենք անելու:
-Նշված ժամկետի ավարտից հետո ի՞նչ եք անելու:
-Դրա մասին ասված է ճանապարհային քարտեզում: Նախախորհրդարանի հիմնական նպատակն է պայմաններ ստեղծել հիմնադիր ժողովի ստեղծման համար, որն արդեն լինելու է ժողովրդի կողմից ընտրված և իրավասու է լինելու որոշումներ կայացնելու, կատարելու:
-Դուք նշել եք, որ այլընտրանքային ընտրություններով պիտի հիմնադիր խորհրդարանը ձևավորվի: Ի՞նչ ասել է` այլընտրանքային: Այսօրվա ընտրական համակարգը չե՞ք ընդունում:
-Ո՛չ: Ոչ մի իրեն հարգող մարդ լուրջ չի ընդունի այն ընտրությունները, որոնք այսօր կատարվում են: Անգամ այն մարդիկ, ովքեր հինգ կամ տասը հազար դրամ են վերցնում, նրանք էլ սա ընտրություն չեն համարում: Մեր առաջարկածը շատ հին գաղափար է և կոչվում է սոցիալական պայմանագիր հասարակության հետ: Կնքվելու են երկուստեք պայմանագրեր, ճիշտ այնպես, ինչպես հոսանքի, գազի պայմանագրերն են քաղաքացիները կնքում ընկերությունների հետ` իրենց վրա որոշակի պարտականություններ վերցնելով, ակնկալելով ծառայություններ: Մեր կարգախոսներից է` մենք գալիս ենք ոչ թե իշխելու, այլ ծառայելու:
-Իշխանափոխության նման մեթոդին մեր հասարակությունը պատրա՞ստ է:
-Առաջիկայում մենք դա կստուգենք: Եթե պատրաստ չէ, նշանակում է հասարակությունը պատրաստ է երկար տարիներ ևս ապրելու մի իշխանության օրոք, երբ ազգային հարստությունը մսխվում է, հասարակությունն արտագաղթում է: Բայց մենք կարծում ենք, որ հասարակությունը ժամեր է հաշվում, թե երբ կազատվի այս վարչախմբից:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ