«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Պետք է օգտվենք առիթից ու էլ ավելի խորացնենք հարաբերություններն Իսրայելի և հրեական կազմակերպությունների հետ»

«Պետք է օգտվենք առիթից ու էլ ավելի խորացնենք հարաբերություններն Իսրայելի և հրեական կազմակերպությունների հետ»
25.11.2012 | 19:50

Զրույցը պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ռեկտորի օգնական ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ նվիրված է հանրապետության նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։

-Գևորգ, օրերս տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա, ի՞նչ արդյունքներ այն գրանցեց։
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա այցը Ֆրանսիա ունեցավ պատմական նշանակություն այդ երկրի հետ տնտեսական, քաղաքական հարաբերությունների խորացման առումով։ Բացի այդ, իրականություն դարձան թուրք-ադրբեջանական տանդեմի այն մտավախությունները, թե Հայաստանի նախագահի այցը կարող է խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Հիշեցնեմ, որ 2012-ի հուլիսի 5-ին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որպես այդպիսին, Ֆրանսիայում չի ընդունվելու, որից հետո թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում մենք ականատես եղանք հակաֆրանսիական մեծ ալիքի։ Դեռ այն ժամանակ շատ վերլուծաբաններ պնդում էին, որ, այսպես ասած, ֆրանս-թուրքական հարաբերությունների մերձեցումն ունի ընդամենը ժամանակավոր բնույթ, և այն պայմանավորված է ընդամենը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, ինչից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները կրկին սառեցվեն։ Հանրապետության նախագահի եռօրյա այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավաստիացրեց, որ պատրաստ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու։ Այսօր արդեն թուրքական մամուլում հակաֆրանսիական և հակահայկական հրապարակումներ են զետեղվել։ Այստեղ մենք չպետք է մոռանանք այն հանգամանքը, որ Ֆրանսուա Օլանդը՝ որպես սոցիալիստական կուսակցության ղեկավար, 2007-ին եղել է Երևանում, այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և մինչ նախագահ ընտրվելը բավականին մեծ աշխատանք է կատարել Հայ դատի արդար լուծման նպատակով։ Ֆաբիուսի հայտարարությունից հետո մտավախությունը, թե Ֆրանսիան հնարավոր է, թուրք-ֆրանսիական հարաբերությունների տնտեսական դրդապատճառներից ելնելով, հրաժարվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող կուրսից, հօդս ցնդեց։ Օլանդի վերջին հայտարարությունը, կարծում եմ, մեծ խթան է լինելու ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծեր ընդունելու համար։
-Ֆրանսիան, փաստորեն, այդպիսով վտանգում է թուրք-ֆրանսիական առկա տնտեսական նախագծերը։
-Այո՛, Ֆրանսիան և Թուրքիան ունեն բազմամիլիարդանոց տնտեսական պրոյեկտներ։ Հայաստանին աջակցության հիմնական պատճառն այն է, որ մեր երկիրը, ինչպես Անդրկովկասում, այնպես էլ տարածաշրջանում, ունի ազդեցիկ դիրք՝ ի դեմս Սիրիայի։ Ֆրանսիայի նախագահն իր ելույթում հստակորեն անդրադարձավ Սիրիայում հայերի կարևոր դերակատարմանը և ըմբռնումով մոտեցավ Հայաստանի չեզոք դիրքորոշմանը սիրիական հակամարտությանը։ Սա նշանակում է, որ մենք սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում կարող ենք իսկապես մեծ ազդեցություն ունենալ այն պետություններում, որտեղ ունենք մեծաթիվ հայեր։ Այսօր Հայաստանի հետ հաշվի են նստում նաև շնորհիվ սփյուռքի։ Օլանդի հայտարարության մեջ նաև կա շահագրգռություն այն առումով, որ փորձ է կատարվում հնարավորինս չեզոք պահելու Հայաստանին սիրիական հարցում։ Դուք գիտեք, որ հենց Ֆրանսիայի ղեկավարությունը Սիրիայի ընդդիմադիր կոալիցիային զենքով աջակցելու հայտարարությամբ հանդես եկավ, և պարզ է, որ Ֆրանսիայի համար շատ կարևոր է, թե այս հարցում Հայաստանն ի՞նչ դիրքորոշում կընդունի` կաջակցի Բաշար ալ Ասադի՞ն, թե՞ ընդդիմությանը։ Հետևաբար, Ֆրանսիան փորձում է, ինչու չէ, նաև սիրաշահում Հայաստանին Ցեղասպանության մասին հայտարարություններով։ Սիրիայում կա կայացած հայկական գաղութ, որը ոչ միայն կազմակերպված է, այլև ունի շատ հզոր ֆինանսական ռեսուրսներ, տնտեսական լծակներ, և պատահական չէ, որ աշխարհի մեծ պետությունները սիրիական հարցում փորձում են ամեն ինչ անել՝ ապահովելու Հայաստանի չեզոքությունը։
-ՀՀ նախագահը «Ֆիգարո» թերթի հետ ունեցած հարցազրույցում նշեց, որ ովքեր փորձում են ռևիզիայի ենթարկել որևէ ժողովրդի ցեղասպանության պատմությունը, դառնում են այդ ծանր հանցագործության մեղսակից։
-Սա նշանակում է, որ եթե ֆրանսիական իշխանությունները փորձեն իրենց խոստումները դրժել, ապա անուղղակիորեն մեղսակից կդառնան Հայ դատի չիրականացման հարցին։ ՀՀ նախագահն ակնարկում էր, որ Ֆրանսիայից սպասելու է կոնկրետ, գործնական քայլեր։ Իմ կարծիքով, սակայն, մի փոքր շուտ է խոսել այդ մասին։ Ֆրանսիան ժողովրդավարական պետություն է, և ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված կա սահմանադրական խնդիր։ Պարզապես մենք պետք է կարողանանք հնարավորինս ուժեղացնել մեր լոբբիստական քայլերն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում։ Սրանով է պայմանավորված՝ կունենա՞նք հաջողություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, թե՞ ոչ։ Նկատենք, որ Օլանդի կառավարման տարիներին աննախադեպ մեծացել է թուրք-ֆրանսիական առևտրաշրջանառությունը, ակտիվացել են մշակութային կապերը, և պատահական չէր, երբ «Ֆիգարոն» հարց ուղղեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ թե Հայաստանի ղեկավարին արդյոք չի՞ մտահոգում թուրք-ֆրանսիական մերձեցումը։ Նախագահը պատասխանեց՝ բնավ ոչ, քանի որ մեր քաղաքականությունը կառուցված չէ հակաթրքության վրա։ Իսկապես, այդ մերձեցումը մտահոգիչ չէ այնքանով, որ մինչև Հայոց ցեղասպանության ճանաչումն էլ Ֆրանսիան Թուրքիայի հետ ուներ բազմամիլիարդանոց նախագծեր, անգամ ատոմակայանների կառուցման պրոյեկտներ Թուրքիայում, ինչը, սակայն, չխանգարեց, որ Ֆրանսիան դատապարտեր Հայոց ցեղասպանությունը։ Կարծում եմ՝ այսօր նույնպես Ֆրանսիան չպետք է կաշկանդվի տնտեսական գործոններով, որոնցով Թուրքիան մշտապես փորձում է շահագրգռել, և պետք է մեկ քայլ առաջ անի՝ ցույց տալով աշխարհին, որ ինքն իսկապես մարդասիրական պետություն է։
-Վերջին տարիներին կանգ է առել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ինչո՞վ է դա պայմանավորված, և 100-րդ տարելիցի շեմին ակնկալե՞նք նոր պետությունների ճանաչում։
-Երբեմն մամուլում շահարկվում է այդ թեման։ Որոշ քաղաքական ուժեր դա պայմանավորում են հայ-թուրքական արձանագրություններով, սակայն իրականությունն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար առաջին հերթին պետք են միջազգային նպաստավոր պայմաններ։ Մինչդեռ վերջին տարիներին միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր մե՛կ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, մե՛կ արաբական երկրներում տիրող իրավիճակի վրա։ Այսօր է՛լ ավելի շատ ուշադրության կենտրոնում են սիրիական ու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները։ Այս պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մղվում է երկրորդ պլան։ Այս հարցը պայմանավորել հայ-թուրքական արձանագրություններով կամ անձերով, սխալ է։
-Թուրքիան մշտապես հանդես է գալիս Իսրայելի դեմ՝ վերջինիս անվանելով ահաբեկչության առանցք։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում ի՞նչ դեր կարող է ունենալ Թուրքիան։
-Հայոց ցեղասպանության ճանաչման համար ամենամեծ գործոնը հրեական լոբբիստական կազմակերպություններն են, որոնք մեկ խոչընդոտում, մեկ աջակցում են մեզ։ Այսօր ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կազմակերպությունների մեծ մասը խանգարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Պատմությունը թերթելով՝ կարող ենք արձանագրել. երբ տեղի է ունենում թուրք-իսրայելական հարաբերությունների սրում, հրեական լոբբիստական շրջանակները սկսում են հրապարակ նետել Հայկական հարցը՝ նաև շահարկելով այն։ Մենք պետք է փորձենք սերտորեն Իսրայել պետության և հրեական կառույցների հետ համագործակցել։ Եվ քանի որ այսօր ընթանում է, այսպես ասած, իսրայելա-թուրքական հարաբերությունների սրացում, ապա պետք է օգտվենք առիթից ու է՛լ ավելի խորացնենք հարաբերություններն Իսրայելի և հրեական կազմակերպությունների հետ։ Նման քաղաքականություն վարելու արդյունքում շատ շուտով ականատես կլինենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացման, ինչը ի վերջո կհանգեցնի հենց Թուրքիայի ճանաչմանը։


Զրույցը վարեց

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ