Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Ախր դու արդեն եղել ես, և ոչինչ լավ չի եղել»

«Ախր դու արդեն եղել ես, և ոչինչ լավ չի եղել»
26.11.2012 | 13:10

Զրուցակիցս ՆՈՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է` նախկին պատգամավոր, կոմունիստ։

-Մինչև այսօր Լենինը Ձեզ համար հոգևոր հա՞յր է։
-Ինչպե՞ս շնորհակալ չլինել նման հարցի համար. ոչ միայն… Նաև Մարքսն ու Էնգելսը, Ստալինը, նաև Ստեփան Շահումյանը, Սուրեն Սպանդարյանը, մյուս առաջին մեծության հայ հեղափոխականները։ Նաև իմ հայրենակից, Մայիսյան ապստամբության հերոս Սուրեն Մակարյանը, որի մասին, իր անունը կրող միջնակարգ դպրոցում սովորելիս, ստեղծագործական շարադրություն եմ գրել և գիտական զեկուցում կարդացել Երևանի մանկավարժականում ուսանելիս:
-Հաճախ հնչում է, որ Ձեր գաղափարները պարտվել են։
-Հիմարություն։ Գաղափարները չեն պարտվում, պարտվում են գաղափարակիրներն ու գաղափարախոսները` չկարողանալով իրականացնել իրենց առաքելությունը:
-Դատելով ռուսաստանյան հեռուստաալիքների որոշ հաղորդումներից` Ռուսաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, իսկ Լենինը եղել է գերմանական հատուկ ծառայությունների գործակալ:
-Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ցնցեց աշխարհը, նույնիսկ հոգեխախտներն ու տգետները տեսան ու զգացին, որ աշխարհն սկսեց զարգանալ նոր սոցիալական ուղիով: Եթե հեղափոխություն չի եղել, ապա ի՞նչ է եղել, որ մինչ օրս անուն չունի:
-Իսկ ո՞վ ասաց, թե անուն չունի։ Այդ անունը վերջերս հնչեցրեց համառուսաստանյան HTB հեռուստաալիքը. հեղափոխություն, որպես այդպիսին, չի կատարվել։ Բոլշևիկների նշած հեղափոխությունն «իրականացրել» են մի խումբ հարբած նավաստիներ, որ մուտք էին գործել Ձմեռային պալատի գինու նկուղներն ու հարբել այն աստիճանի, որ վերածվել էին իսկական անասունի` բացել էին գինու տակառները, մերկացել ու թավալվել գինու հոսող գետի մեջ, շրջապատը հագեցրել իրենց խոսքուզրույցով և, իհարկե, հայհոյանքներով։ Այս «հեղափոխականների» «պայքարին» զուգահեռ Պետերբուրգի կրթյալ վերնախավը օպերայի և բալետի թատրոնում բալետի արտիստներին էր ծափահարում, համերգասրահներում այս կամ այն կատարողի տաղանդով էին հիանում։
Իսկ Լենինը նույնիսկ Ռուսաստանում չէր։ Ասել է` անանուն և անհայտ «հեղափոխություն», որը հետո «գլուխ բերեց» նույն Լենինը գերմանացի Պարվուսի տրամադրած գումարներով։ Իսկ ինչպե՞ս անվանել մարդուն, որը օտար կապիտալով քանդում է իր հայրենիքը։
-Կոմունիստները, բոլշևիկները երբեք չեն թաքցրել, թե ինչպես են հայթայթել այն նյութական միջոցները, որ անհրաժեշտ էին հեղափոխության կազմակերպման համար: Բանվորական նվիրատվություններից ու կուսակցական անդամավճարներից բացի, անձամբ Լենինը մեծ գումարներ է վերցրել Անգլիայում և խոստացել եռապատիկը վերադարձնել հեղափոխության հաղթանակից հետո, ինչը և արել է: Գերմանիայից փող վերցնելու խոսակցություններն էլ նոր չեն. ցարիզմը համարվում էր ժողովուրդների բանտ, պիտի հասկանալ, որ եղել են նաև ժողովուրդների բանտը խորտակելու համար դրամական միջոցներ տրամադրողներ… Այդ հարցին Ստալինը մոտավորապես տվել է այսպիսի պատասխան` իսկ ի՞նչ են բոլշևիկները զիջել այդ ամենի դիմաց, ասենք, Գերմանիային, ա՞յն, որ 18 թվականին գերմանացիներին դուրս քշեցին երկրից և 45-ին ջախջախեցին ֆաշիզմն ու ջնջեցին երկրի երեսից` ամենից առաջ փրկելով կիսակործան Եվրոպան լիակատար ստրկացումից:
Մի հարց էլ ես տամ` արդյոք հայտնի՞ է, որ ժամանակին սպիտակգվարդիականները ֆինանսավորվել են Արևմուտքից, առավել ևս հայտնի՞ է, որ Արևմուտքի ֆինանսավորմամբ ներքին հակասովետական ուժերը Ռուսաստանը զրկեցին իր զարգացման սոցիալիստական ուղուց: Արդյոք այդ ուժերը եղե՞լ են Արևմուտքի ու ԱՄՆ-ի ագենտներ, թող դատի ընթերցողը:
Այսօր կարո՞ղ եք Հայաստանում մատնացույց անել իրեն ընդդիմադիր համարող որևէ կուսակցություն, որ չի ֆինանսավորվում դրսից։ Ամենավերջին օրինակը. Րաֆֆի Հովտաննիսյանը վերջերս կայացած հեռուստահաղորդման մեջ ոչ մեկ անգամ հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու համար իրեն անհրաժեշտ է երեք հարյուր միլիոն դրամ, որը պետք է ձեռք բերի հանգանակության միջոցով: Եվ առաջինն ինքը ծիծաղեց իր հորինած ստի վրա, որովհետև ոչ ոք չհավատաց, որ դա մեր հանրապետությունում հնարավոր է։ Արևմուտքը, ԱՄՆ-ը պատրաստ են ցանկացած գումարը նետելու ում որ հարկն է, միայն թե հնարավոր լինի Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, ինչպես կարծում են մեր ժողովրդի կասկածյալ բարեկամները:
-Փաստորեն, Դուք այն կարծիքին եք, որ Լենինը ֆինանսավորվել է դրսից։
-Ես այդ հարցին արդեն պատասխանեցի։ Եթե ծառայություն մատուցեր, հիմնովին չէր ջախջախի ու Եվրոպան էլ Ռուսաստանի հետ չէր փրկի կործանումից։ Սա այնքան հասարակ հարցադրում է, որ ավելին ասել իմաստ չունի: Ավելացնեմ, որ ցարիզմն էլ ֆինանսավորում էր գերմանական ընդդիմությանը։
-Այսօր կոմունիստական գաղափարները ո՛չ կենսունակ են, ո՛չ էլ կիրառելի:
-Կենսունակ են ինչպես երբեք և կիրառվում են ինչպես երբեք։ Երեք տասնյակ և ավելի երկրներ զարգանում են սոցիալիզմի ուղիով… Սոցիալիզմն է այսօր ուղղորդում ամբողջ Եվրոպան։ Կոմունիստական Չինաստանն է այսօր զբաղեցնում համաշխարհային տնտեսական և քաղաքական զարգացման մայրուղին և որոշակիորեն հովանավորում նաև Հայաստանին:
-Կոմունիստական գաղափարախոսություն ասվածն ամենևին էլ նորություն չէ։ Այն բոլշևիկներից հազարամյակներ առաջ ընկած է եղել հենց նույն բոլշևիկների չկարդացած ու չհասկացած Աստվածաշնչի հիմքում` ազնվություն, արդարություն, եղբայրություն, հավասարություն, սեր առ մերձավորը։ Մարքսիզմ-լենինիզմի տեսաբանները սովորական գրագողություն են կատարել ու տարփողել աշխարհով մեկ` տեսե՜ք, տեսեք` գաղափարախոսական ինչ հենքի վրա ենք կառուցում սոցիալիզմը։
-Գաղափարները չեն գողանում։ Գաղափարներին հետևում են։
-Թող լինի Ձեր ասածով. դուք` Լենինի կամ Ստալինի գլխավորությամբ, հետևել եք Աստվածաշնչին, այնտեղ գրվածն անհաջողությամբ պատճենել ու ներկայացրել որպես սեփական արտադրանք։
-Իմ հոգևոր հայրերը և նրանցից գլխավորը` Մարքսը, բազմիցս նշել են, որ իրենք ոչ թե կոմունիզմի գաղափարախոսության հիմնադիրներն են, այլ գիտական կոմունիզմի, այսինքն ` նրանք հայտնագործել են ոչ թե կոմունիզմը, այլ կոմունիզմին հասնելու ուղին, այն միջոցները, որոնց գործադրմամբ մարդկությունը կկառուցի կոմունիստական հասարակարգ: Եվս մեկ նկատառում. կոմունիստական հասարակարգի տեսությունը մշակվել է դեռևս հին Հունաստանում` Պլատոնի ու հին Չինաստանում` Կոնֆուցիուսի երկերում: Աստվածաշունչը, անկասկած, համարվում է մարդկային հավաքական մտածողության գագաթներից: Ես միանգամայն համաձայն եմ, որ կոմունիստական գաղափարախոսությունը «գողացված» լինի Աստվածաշնչից և կոմունիզմի համար մղվող պայքարում իր արժանի տեղն ունենա նաև քրիստոնեությունը` որպես իր նախաստեղծ գաղափարախոսության իրականացման ջատագով: Գլխավորը նպատակն է և ոչ թե միջոցը։
-Պարոն Պետրոսյան, ժամանակն առաջ է ընթանում, և պետք է լիներ այն, ինչ եղավ` փլուզվեց աստվածամերժ հսկա մի կայսրություն, իսկ կոմունիստներդ էլ ձեր տեղը զիջում եք լիբերալներին ու ժողովրդավարներին:
-Չեմ կարծում: Ավելին, գնալով ավելանում է կոմունիստների թիվը, այնքանով, որ կոմունիստական գաղափարներն ունեն քրիստոնեական արմանտներ, ինչպես Դուք եք կարծում: Եվ հետո` ոչ թե ժողովրդավարներն ու լիբերալներն են շատանում, այլ թալանչիները։
-Հույս ունե՞ք, որ նորից կվերադառնանք նախկին հասարակարգին:
-Անկասկած: Ես հավատում եմ, որ երբևէ նորից կհաստատվի այնպիսի հասարակարգ, որտեղ մարդը մարդուն չի շահագործելու, և այդ հասարակարգը կոչվում է սոցիալիստական, եթե մարդկությունը մի ամբողջ գլխով հասունանա և գլուխը չկորցնի` «բարեգործների» հանդիպելով: Բարեգործությունը շահագործման ու ճնշման այն նրբին ձևերից է, երբ մարդն իր թշվառությունը հաղթահարելու համար կամ պիտի նետվի կամրջից, ինչպես հաճախ է պատահում մեր Երևանում, կամ բարեգործի առջև ինքնանվաստացման թատրոն խաղա: Գագիկ Ծառուկյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, գրեթե չի մասնակցում նիստերին, ելույթներ չի ունենում, իբր ժամանակ չունի, բայց ամեն օր, կրկնում եմ, ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում է իր բարեգործական «ճնշումն ու շահագործումը» ամենատարբեր բնակավայրերում: Օրերս Գյումրիում էր: Ամենօրյա խոսքերը հազարերորդ անգամ կրկնելով` հավաքվածներին հայտնում է, որ ինքն արդեն կայացել է, հարուստ մարդ է և գյումրեցիներին է նվիրում տասը աղբահան մեքենա ու տասը տրակտոր: Հաջորդ օրն էլ ուրախացրեց ալավերդցիներին, և չուշացավ երախտագիտական խոսքը` «Հանրապետությունը քսան տարում այնքան բան չի արել, որքան Ծառուկյանը մեկ օրում»: Ասես պետություն չկա, պետական միջոցներ չկան, և Ծառուկյանը փոխարինում է և՛ պետությանը, և՛ պետության պատասխանատուներին:
Կուզեի հիշել Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը, որի տնօրենն է Լիդա Մուրադյանը: Այստեղ տասնյակ ու տասնյակ սրտային հիվանդների ստենտավորում կամ վիրահատություն է կատարվում` անվճար կամ մասնակի վճարումով: Իսկ վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, արհամարհելով հարստանալու մոլուցքը և այդ եղանակով իր կայացումը` տարեկան հարյուրավոր երեխաների է անվճար վիրահատում` շտկելով բնության թերացումները: Ես, օրինակ, չեմ տեսել, որ հեռուստատեսությունը, ինչպես հարկն է, լուսաբանի նրա գերմարդկային, պարզապես աստվածային գործունեությունը։ Հարգելի հարուստներ, մի՛ ճնշեք ու շահագործեք ձեր հայրենակիցներին, ամեն օր շքեղաշուք հագուկապով մի՛ երևացեք ձեր ենթականերին և ամենևին էլ մի՛ հավատացեք ձեր իսկ հորինած ստին, թե դուք բարեգործներ եք։ Բարեգործը պետք է լինի պետությունը, հայրենիքը, և մենք` քաղաքացիներս էլ, պարտավոր ենք լինել նրա հնազանդ ծառաները։
-Ի՞նչ կասեք ընդդիմության մասին։
-Այսօր հասարակարգի փոփոխության հարց չի դրվում, հետևաբար ընդդիմություն ասելը համաշխարհային միամտության պես մի բան է։ Չկա պայքար, չկա նպատակ։ Ընդասենը` ես լինեմ, լավ կլինի։ Ախր դու արդեն եղել ես, և ոչինչ լավ չի եղել։ Ընդհակառակը` փոշիացվեց երկրի տնտեսությունը, երկու տասնամյակ սկսվել ու շարունակվում է աղետաբեր արտագաղթը: Իշխանությունն ու ընդդիմությունը բեղմնավորվել են նույն եղանակով, նույն արգանդում, և դուրս են եկել նույն տեղից: Ընդ որում, ոչ թե իրար հետևից են դուրս եկել, այլ որդերի կծիկի պես, իրար կպած։ Պարզեմ միտքս` թող ժողովուրդն իմանա, որ ընդամենը տնտեսության վերաբաժանման խնդիր կա, իրեն ի՞նչ։
-Ի՞նչ կասեք Հայաստանի կոմունիստների մասին, որ կոտորակվել են։
-Խորին հարգանքս բոլորին և նրանց, ովքեր սկսել են թացը չորից ջոկել ու հասկանալ, որ Սոցիալիստական Հայաստանն էր իրենց երկիրը։ Ես այն կարծիքին չեմ, որ կոտորակվել է կուսակցությունը։ Ո՛չ, կոմկուսի ղեկավարներն են կոտորակվել և, միավորման պատրվակով ժամանակ առ ժամանակ միասին ծաղիկներ դնելով առաջնորդների հուշարձաններին, իրենց փոխադարձ թշնամանքն են ընդամենը թաքցնում։ Ավելին չասեմ։


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ