Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր հերոսապատման ողբերգությունը

Մեր հերոսապատման ողբերգությունը
26.11.2012 | 18:13

Անգլերենի բառապաշարում առկա է շատ կարևոր տերմին`«nation building»: Հայերն աշխարհի հնագույն ազգերից են, որոնց էթնոգենեզն ու «ազգաստեղծման» գործընթացը վաղուց ավարտված է: Այդ է պատճառը, որ հայերը մտացածին, հորինված հերոսների կարիք չունեն, քանզի հայերի շրջանում հերոսները բավականին շատ են: Ի դեպ, հայ հերոսները միայն ռազմի դաշտում ակնառու հաջողություններ ունեցած մարդիկ չեն. հայերն ունեն հերոսներ, որոնք բացառիկ դերակատարություն են ունեցել հայկական և համամարդկային մշակութային, գիտական ու մարդասիրական ասպարեզներում: Մեր հարևան ադրբեջանցիները, օրինակ, հերոսների խիստ կարիք են զգում, այդ պատճառով էլ Ռամիլ Սաֆարովի նմանին հերոսացնում են` փորձելով խթանել «nation building»-ի գործընթացն ու ավարտին հասցնել էթնոգենեզը:

Ցավոք, հայկական իրականությունն այսօր լուրջ խնդրի է բախվում, քանզի պետականաշինության զարգացման հրամայական ունեցող հայ հասարակությունն ապրում է արժեքային համակարգի ճգնաժամի պայմաններում: Հերոսների խնդիր չունեցող հայ ժողովուրդն այսօր խնդիր ունի «դիվերսիֆիկացնելու» իր հերոսապատումը` տարբերակելու իրական, մնայուն և ժամանակավոր հերոսներին: Նոյեմբերի 25-ը ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, և սոցիալական ցանցերում օգտատերերի զգալի մասը շնորհավորանքներ էր գրում Ազգային հերոսի պատվին: Միևնույն ժամանակ, նույն այդ օրը ծնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և սոցիալական ցանցերի ԲՀԿ-ականներն առիթը բաց չէին թողնում շնորհավորելու մեծանուն «բարերարին»` չմոռանալով նաև ներկայացնել նրա կենսագրությունը:
Խնդիրը Գագիկ Ծառուկյանի անձը չէ, և, ընդհանրապես, ավելի ճիշտ է խոսել երևույթներից, քան անձերից: Փաստացիորեն, ներկայումս ջանք ու եռանդ չի խնայվում «մեր ժամանակների հերոս» օլիգարխներին ներկայացնելու որպես հայ ժողովրդի պատմության ամենամեծ բարեգործների, ովքեր ստվերում են անգամ Մանթաշյանին ու Արամյանցին, ովքեր հավասարը չունեն մարդասիրական գործունեության և ժողովրդականության ասպարեզում: Մինչդեռ այս «շոուն» կամ, ավելի շուտ, քաղաքական «տրագիկոմեդիան» խոսում է հայ հասարակության արժեքային համակարգի վայրընթաց անկման մասին: Ստացվում է, որ 1990-ականների սկզբներին Մոնթե Մելքոնյանի նմանները պաշտպանում էին հայրենիքի սահմանները, տարածքներ ազատագրում և մի ողջ ժողովրդի բնաջնջման կամ գաղթի ճամփան բռնելու վտանգից ազատում էին նրա համար, որ նույն ժամանակահատվածում ռազմական գործողությունների թատերաբեմից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրենց հասակակից հայրենակիցները, խուսափելով մասնակցելուց գոյամարտին, իրենցով անեն նախկին սոցիալիստական ունեցվածքի զգալի հատվածը և, փշրանքներ բաժանելով երկրաշարժի, պատերազմի ու տնտեսական շրջափակման հետևանքով աղքատության եզրին հայտնված հասարակության խոցելի խավերին, կոչվեն «մեծ բարերարներ և ժամանակի հերոսներ»:
Սա է հայկական գոյամարտի անարդարացի կողմը, մեր հերոսապատումը արժեզրկող գլխավոր գործոնը, քանզի հաղթանակի պտուղները չբաշխվեցին հավասարաչափ, և հաղթանակից հիմնականում օգտվեցին մարդիկ, որոնք ոչ մի լումա ներդրում չեն ունեցել այդ հաղթանակում: Եվ, եթե այսօր շրջանառվում է այն տեսակետը, թե 2013 թ. նախագահի ընտրությանն ընդդիմությանը միավորող հնարավոր թեկնածուն կարող է լինել ԲՀԿ-ի թեկնածուն, ապա սա արդեն արժեքային համակարգի խնդիր է: Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, անկախ գաղափարական տարաձայնություններից, զգալի ավանդ են ունեցել ազատության և անկախության ձեռքբերման ու մեր հայրենիքի սահմանների պաշտպանության գործում, ինչը չի կարելի ասել մերօրյա օլիգարխների մասին, որոնց գաղափարախոսությունը փողն է, մեծ փողը: Ի դեպ, զարգացած երկրներում հասարակական քննարկման առարկա կդառնար այն խնդիրը, թե ինչպե՞ս էր հնարավոր օրինական ճանապարհով միլիոնավոր դոլարներ կուտակել հետպատերազմյան վերականգնման և տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկրում: Սա, իհարկե, զարգացած երկրներում, սակայն զարգացող Հայաստանում հասարակությունը դեռևս պատրաստ չէ իրերն իրենց անուններով անվանելւ և գնահատական տալու վայրի կապիտալիզմի պայմաններում հսկայական ֆինանսներ կուտակած օլիգարխների գործունեությանը: Սա ևս արժեքային համակարգի խնդիր է: Հասարակությունը պետք է պատրաստ լինի անհանդուրժողականություն ցուցաբերելու կեղծ բարեգործությանը, հակառակ դեպքում ամեն մի օլիգարխ, մի քանի հազար դոլար նվիրաբերելով և դա լավագույնս գովազդելով, ներկայանալու է որպես բարերար:
Շատերը լսած կլինեն հետևյալ անեկդոտը. երեխային հարցնում են` որ մեծանաս ի՞նչ ես ուզում դառնալ, նա պատասխանում է` օլիգարխ։ Այս անեկդոտը հեռու չէ իրականությունից, քանզի արժեքային համակարգի անկման պայմաններում դաստիարակություն ստացած դեռահասների ու երիտասարդների համար հերոսը ոչ թե սեփական կյանքի գնով հայրենիքը պաշտպանած Մոնթեն է կամ գիտական մեծագույն նվաճումներ ունեցած Վիկտոր Համբարձումյանը, այլ հաջողակության խորհրդանիշ օլիգարխը: Բայց և այնպես, արդարացի չէ մեղքը բարդել օլիգարխների և նրանց տեսակի վրա, սա պետության բացթողումն է, արժեքային համակարգ կերտելու պետական քաղաքականության իսպառ բացակայության արդյունքը: Մինչդեռ, պետությունը հասանելի բոլոր միջոցներով (հանրակրթություն, հեռուստատեսություն, արվեստ, մշակույթ և այլն), պետք է ազդակներ տա հասարակությանը և երիտասարդ սերնդի շրջանում «ծրագրավորման» աշխատանք ծավալի: Բայց, նախ և առաջ, պետությունը պետք է կողմնորոշվի, թե ինչպե՞ս է պատկերացնում ապագա քաղաքացուն, ինչպիսի՞ արժեքային համակարգի կրող նա պետք է լինի: Հասկանալի է, որ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում գտնվող և պատերազմող երկրի իշխանությունը ազատ ժամանակ չունի նման խնդիրներում խորամուխ լինելու համար, սակայն սա կարևորագույն խնդիր է, առանց որի լուծման հնարավոր չէ զարգացած երկիր պատկերացնել:
Պետք է նշել, որ արժեքային համակարգի անկումը պարարտ հող է օլիգարխների համար, քանզի միայն այս պայմաններում կարելի է «ժամանակի հերոս» կոչվել, որին հասարակության մի մասը հարգում է` փորձելով, անգամ, նմանակել: Անկասկած, 2013-ի նախագահի ընտրությունը լավ հնարավորություն է ընձեռում վերջ դնելու արժեքների դեգրադացման գործընթացին և լրջագույն ուշադրություն դարձնելու հասարակության իրավագիտակցության և արժեքային համակարգի խնդիրներին: Միայն այս կերպ է հնարավոր կասեցնել արժեքային համակարգի անկման գործընթացը և նախաձեռնել այնպիսի հեռանկարային միջոցառումներ, որոնց հետևանքով հասարակությունը կսկսի տարբերակել առաջնայինը երկրորդականից, կեղծը` շիտակից: Ինչ վերաբերում է օլիգարխներին, նրանք ևս ստիպված կլինեն համակերպվել խաղի նոր կանոններին և վերաիմաստավորել իրենց «բարեգործությունը»: Ինչևէ, «քաղաքական բարեգործությունը» երկար կյանք ունենալ չի կարող, բայց և պատերազմող երկրի համար վտանգավոր է դրա վերացումը թողնել ինքնահոսի։ Գործել է պետք։ Գործել:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ