Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Այստեղ տաճարից մեծ մեկը կա»

«Այստեղ տաճարից մեծ մեկը կա»
27.11.2012 | 11:50

Այս հրապարակման վերտառությունում ասված խոսքերով Հիսուս Ինքն իրեն ներկայացնում է մեզ: Այդքան էլ սովորական մի բան չէր ներկայացնել Ինքն իրեն կամ հիշեցնել Իր մասին: Նա հաճախ ներկայանում էր իբրև խոնարհ ու համեստ մեկը, սակայն, երբ առիթը լինում էր, չէր վախենում, այլ Ինքն իրեն ցույց էր տալիս: Այս անգամ էլ նույնն է պատահում: Երբ շաբաթ օրով Հիսուս անցնում էր ցորենի արտերի միջով, առաքյալները, սոված լինելով, քաղում և ուտում են ցորենի հասկերը: Ահա այս երևույթն էր, որ բարկացրել էր օրենքի պահապաններին` փարիսեցիներին, քանի որ Հիսուսի աշակերտները անում էին մի բան, որը, ըստ հրեական օրենքի, արգելված էր անել շաբաթ օրով:

Որպեսզի հնարավոր լինի ավելի լավ հասկանալ, թե Հիսուս ի՞նչ պայմաններում այս խոսքն արտասանեց, մեջբերում եմ Մատթեոսի Ավետարանի 12-րդ գլխի 1-6 համարները ամբողջությամբ. «Հիսուս, շաբաթ օրով, անցավ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին և սկսեցին հասկ պոկել և ուտել: Փարիսեցիները երբ այս տեսան, Հիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինավոր չէ»: Եվ նա նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց նա, և նրանք, որ նրա հետ էին: Թե ինչպես մտավ Աստծու տունը և կերավ առաջավորության հացը, որն ուտել օրենք չէր ո՛չ նրա և ո՛չ էլ նրա հետ եղողների համար: Կամ թե օրենքում չե՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը և անմեղ են: Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մեկը կա» (Մատթ. 12:1-6): Ահա այս պահը և փարիսեցիների առարկությունը մեզ այսօր մտածելու առիթ են տալիս: Ի՞նչն էր Աստծու մարդեղացման նպատակը: Ի՞նչ կարիք կար Հիսուսին աշխարհ գալու իբրև մարդ, երբ արդեն իսկ աշխարհում աստվածային օրենքներ գոյություն ունեին, և մարդկությունը դրանք կատարում էր:
Իրապես, ինչո՞ւ: Այս հարցին պատասխան տալուց առաջ, եկեք տեսնենք, թե ի՛նչ վիճակ էր տիրում աշխարհում սրանից երկու հազար տարի առաջ: Օրենքն այնքան էր նյութականացել, որ մարդկանց վզին լուծ էր դարձել, նույնիսկ այնպիսի մի բարձրության էր հասել, որ նրանք սկսել էին օրենքը երկրպագել Աստծու փոխարեն: Ահա Հիսուսի աշխարհ գալու նպատակը։ Երբ նա ասում է. «Այստեղ Տաճարից մեծ մեկը կա», ուզում է շեշտել Իր աստվածային ներկայությունը, այսինքն` այս ձևով օրենքից այն կողմ մարդու արժեքն ավելի վեր է դասում: Մարդն արժևորվում է Աստծու ներկայությամբ, որովհետև օրենքները դրվում են մարդկանց գործածության համար, և ոչ թե մարդը դառնում է օրենքի գերի: Բոլորս էլ լավ գիտենք, թե օրենքը մի միջոց է մարդու համար և ոչ թե նպատակ: Սակայն օրենքը միայն բավարար չէ: Աստծու պարգևած շնորհքն է հիմնականը, որը մեզ դարձնում է Աստծու որդիներ և ոչ թե օրենքի ծառաներ: Քրիստոնեական վարդապետության մեջ շեշտված է Աստծու Որդի լինելու գաղափարը, որովհետև Պողոս առաքյալը հիշեցնում է, թե. «Ծառա չենք, այլ որդի»: Ծառան և որդին տարբեր հասկացություններ են: «Որդին ժառանգակիցն է»,- ասում է Պողոս առաքյալը, և մենք երբ Սուրբ ավազանից սուրբ մկրտությամբ վերստին ենք ծնվում, դառնում ենք Քրիստոսին ժառանգակից: Որով, այս պարզ նպատակով, ամեն նոր օրը մեզ համար դառնում է սկիզբ և ոչ թե վերջ, առիթ` Աստծու շնորհքն ըմբռնելու և ընդունելու: Քրիստոնեական վարդապետության խտացումն են Աստծու լուսավոր որդիներ դառնալը, ժառանգությունից մաս և բաժին ունենալն ու հավիտենական կյանքն ընդունելը, որոնք կարող ենք ունենալ միայն Հիսուսին հավատալով և գործնապես դրանք ապրելով այս աշխարհում: Ահա թե ինչու Քրիստոս մարդացավ, որպեսզի մեզ մեր մեղքերից սրբի և հավիտենական կյանքին արժանի դարձնի:
Մովսես մարգարեի օրենքը Հիսուսի բերած շնորհքով և ճշմարտությամբ վերջացավ, որովհետև մինչև Հովհաննես Մկրտչի ժամանակ էր այդ: Իսկ մարգարեության և օրենքի վերջակետը հանդիսացավ Ինքը` մեր Տերը, և մեզ բոլորիս այդ շնորհների ճանապարհով դարձրեց Հայր Աստծու որդեգիրները:
Կարծում եմ, ընտրություններին կհետաքրքրի պատմությունը, որը հիմա ասելու եմ. «Մի հողագործ լսում է, որ իրենց երկրի թագավորը հանդիպելու է ժողովրդի հետ` մարդկանց ցանկությունները լսելու և օգնելու համար, ու այդ նպատակով շտապում է քաղաք` նրան տեսնելու և իր խնդրանքները ներկայացնելու: Երեկոյան մտնում է մի հյուրանոց, գարեջուր պատվիրում ու նստում մի սեղանի մոտ: Այդ պահին ներս է մտնում մաշված, պատառոտված հագուստներով մի աղքատ մարդ, որը գալիս ու նստում է հողագործի մոտ և հարցնում.
-Տեսնում եմ, որ այս քաղաքից չեք, ի՞նչ գործով եք եկել այստեղ:
-Իմ երազանքներից մեկը թագավորին հանդիպելն է ու իմ խնդրանքները նրան ներկայացնելը,- պատասխանում է հողագործը:
Աղքատ մարդն ասում է.
-Ես կարող եմ քեզ օգնել, որ թագավորին տեսնես:
Այդ ժամանակ հյուրանոց են մտնում մեծահարուստ մի քանի հոգի ու նստում նրանցից քիչ հեռու: Հողագործը մտածում է, որ այս անվանի մարդիկ ավելի շուտ կարող են օգնել իրեն, քան այս աղքատ մարդը, գնում է, գարեջուր հյուրասիրում ու միանում նրանց:
Հաջորդ օրը, երբ թագավորն իր շքախմբով անցնում էր քաղաքի պողոտայով, հողագործը զարմանում է ու ափսոսում, բայց ժողովրդի բազմության պատճառով չի կարողանում մոտենալ նրան: Թագավորն այն մարդն էր, որը նախորդ օրը աղքատի զգեստներով նստած էր իր կողքին…»: Դժբախտաբար մեր կյանքի ընթացքում մենք էլ շատ անգամ կորցնում ենք այն պահը, երբ Հիսուս աղքատի հագուստներով, Իր խոնարհությամբ ու պարզությամբ մեր կողքին լինելով հանդերձ, հեռանում է մեզնից, քանի որ մենք ընտրում ենք հարուստի զգեստներով քողարկված սատանային: ՈՒշադիր եղեք ու մի կորցրեք այդ կարևոր պահը:
Ի՞նչ է փոխվել այսօր: Նույնիսկ կարելի է ասել` ոչ մի բան: Միայն դարերն են գլորվել ու աշխարհը զարգացում է ապրել: Այսօր, ներկա դարում մեր ուսերի վրա դրված քաղցր պարտականությունն է, եթե երբեմն դժվար էլ լինի, ճանաչել ճշմարիտ Աստծուն, ինչպես նաև մեր անձը, թե ով ենք մենք: Մենք մեզ նայելով հոգևոր հայելու մեջ, տեսնենք ու հասկանանք, որ մենք ծառաներ չենք, այլ Աստծու որդիներ, որով պիտի աշխատենք, տքնենք, չարչարվենք, որպեսզի արժանի լինենք Նրա որդիները դառնալու: Սա մարդուն տրված մի մեծ իշխանություն է, որովհետև նա Աստծու համար արժեքավոր մեկն է, կարելի է ասել Նրա ձեռագործն է, որի վրա Աստված աշխատել է, դեռևս աշխատում է ու պիտի աշխատի, ինչքան էլ մարդիկ փորձեն հեռանալ լույսից, արդարությունից ու ճշմարտությունից, մեկ է, դրանք հավասարապես պիտի տարածվեն արդարների ու մեղավորների վրա, քանի դեռ աշխարհը գոյություն ունի:
Եկե՛ք փորձենք հասկանալ, թե «Այստեղ Տաճարից մեծ մեկը կա» խոսքով ի՞նչ է ուզում հասկացնել մեզ մեր Տերը. այսինքն` օրենքը պահելով չէ, որ պիտի տիրանանք Աստծու հավիտենական ժառանգությանը, այլ Նրա շնորհները առիթ պիտի դառնան: Մնում է, որ մենք կարողանանք արժանի դառնալ այդ շնորհներին, որոնք Աստված մշտապես անձրևի պես տեղում է մեզ վրա: Աստծու լույսը կարևոր է, հետևենք նրան և դառնանք Լույսի որդիներ: Երկրային կյանքը սկիզբն է հավիտենական կյանքին տիրանալու, և մենք այստեղից պիտի աշխատենք ու փառավորենք Ամենասուրբ Երրորդությունը: Ամեն:

Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ