Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Զբոսաշրջիկներին մեր գեղատեսիլ բնաշխարհն է հրապուրում, մեր հուշարձանները և մեր անհամար զվարճանքի վայրերը»

«Զբոսաշրջիկներին մեր գեղատեսիլ բնաշխարհն է հրապուրում, մեր հուշարձանները և մեր անհամար զվարճանքի վայրերը»
28.11.2012 | 17:17

Զրույցը «Ռիմա թրավել» զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրեն ՌԻՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ ներառում է մի քանի հանրային-սոցիալական խնդիրներ, որոնց պարբերաբար առնչվում են այս բնագավառում կայացած ընկերությունները և, անշուշտ, զբոսաշրջիկները։

-Անցած ժամանակաշրջանը համընկավ տնտեսական ճգնաժամի հետ։ Դուք դիմակայեցիք, ավելին` նոր առաջարկով ներկայացաք շուկա։
-Առհասարակ շուկայական աշխարհում դիմակայության գործոնը շատ է կարևոր։ Պետք է ապավինել սեփական ուժերին, հավատ ունենալ վաղվա օրվա հանդեպ։ Նաև նոր հայացքով արժևորել որոշ բաներ։ Տնտեսական ճգնաժամը գրեթե չազդեց մեր գործունեության վրա։ Թերևս այս պարագայում կյանքի ուժ ստացավ «Չկա չարիք առանց բարիքի» խոսքը։ Թեև բուն զբոսաշրջության ոլորտում անկումներ արձանագրեցինք, սակայն աճեց ավիաչվերթերի քանակը։ Բարեբախտաբար, ուղևորների հիմնական մասն արտագնա աշխատանքի էր մեկնում և որոշ ժամանակ անց վերադառնում։
-Ներկայումս ինչո՞վ եք զբաղված։
-Սկսեցինք պետական-սոցիալական փաթեթների վաճառքն իրականացնել և բավականին բարեհաջող։ Սա գլխավոր նորությունն է։ Կառավարությունը պետական ծառայողներին հատկացնում է 132 հազար դրամ արժողությամբ փաթեթ, նպատակաուղղված նրանց հանգստի կազմակերպմանն ու առողջության վերականգնմանը։ Ընդ որում, ծառայողն օգտվում է այս աննախադեպ առաջարկից` ընտանյոք հանդերձ։ Դիցուք, տան գլխավորը փաթեթ է ստանում, որը նախատեսում է կնոջ և մինչև 27 տարեկանը չլրացած զավակների մասնակցություն հանգստին։ Նրանք ազատ են փաթեթի ընտրության մեջ։ Առկա է 30-40 փաթեթ, որոնք ներառում են Հայաստանի և Արցախի հանգստյան տները։ 132 հազար դրամից 52 հազարն առողջական ապահովագրությունն է, մնացածը հանգստի գումարն է. մարդը հանգստանում է, ապաքինվում և վերականգնված ու թարմացած վերադառնում իր աշխատանքին։ Ցանկության դեպքում փաթեթի տերը կարող է հավելավճարով ավելի բարձրակարգ հյուրանոցում հանգստանալ։ Այսպիսով, ապահովում ենք լիարժեք հանգիստ և կազմակերպում տարբեր էքսկուրսիաներ։ Մի քանի ամսվա ընթացքում միայն մեր ընկերությունն իրականացրել է շուրջ 2500 նման ծրագիր, յուրաքանչյուրում ընդգրկվել է 2-3 անձ։

-Որո՞նք են մեր զբոսաշրջիկների հիմնական «չարաճճիությունները»։
-Հարցին պատասխանեմ` շարունակելով խոսակցությունը։ Ահա պետությունը գումար է տրամադրում, որ մարդը հանգստանա պատշաճ պայմաններում և վերադառնա իր գործին։ Սակայն ոմանք փորձում են մեկնել ընկերախմբի ուղեկցությամբ, հավանաբար, ավելի շատ զվարճանալու, քան բուժվելու-կազդուրվելու։ Սակայն չէ՞ որ սա սոցիալական ծրագիր է։ Բացի այդ, երբեմն ոմանք զարմանալի անպարկեշտություն են դրսևորում։ Ահա պատվիրել են օդանավի և հյուրատան տոմսեր, բայց մեկնումից օրեր առաջ հրաժարվում են ինչ-ինչ «խելահաս» պատճառաբանություններով։ Հավանաբար, նման իրավիճակներից խուսափելու համար իրավականորեն պիտի մեզ ապահովագրենք։
-Վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ լսում, որ Խամսայի մելիքների հայրենիքում քաղաքակիրթ զարգացումներ են, մասնավորապես` ճանապարհային ոստիկանը գումար չի կորզում, բարեկիրթ է, իր գործի գիտակը։
-Բացի այդ, չեք հանդիպի մեզ ցավալիորեն ծանոթ թափթփվածությանը, անտարբերությանը հանրային արժեքների հանդեպ։ Կարող է զարմանալի թվալ, բայց դժվար է անգամ գետնին ընկած ծխախոտի մնացորդ գտնել։ Արցախում սիրում են իրենց երկիրը, և աչք շոյող իրավիճակները, անկասկած, յուրովի խթան են զբոսաշրջության զարգացման համար։ Նաև սպասարկման ու ծառայությունների որակն է բարձր։ Բնականաբար, մեծ բավականությամբ ենք Հայաստանի և արտասահմանի զբոսաշրջիկներին ուղեկցում Շուշի, Գանձասար, Դադիվանք։ Առհասարակ, Արցախը զբոսաշրջության մեծ ներուժ ունի, և ներուժն այդ արդեն իսկ կյանքի է կոչում։ Դժվարանում եմ անցած մի դեպք հիշել, երբ զբոսաշրջիկը բողոքած լինի սպասարկումից կամ սննդի որակից։ Հայաստանում գլխավորապես Ջերմուկ են ուղևորվում, Արզնի, Վանաձոր, Ծաղկաձոր, Դիլիջան։ Գլխավորապես բուժման նպատակով են ճանապարհ բռնում։
-Հիշում եմ, երբ «Տուրիզմ» մասնագիտական ամսագիրն էիք հրատարակում, օտարներին ներկայացնում էիք Հայաստանը, հայերիս էլ արտաքին աշխարհը, նրանց բարքերը, հնարավոր վտանգները, ցանկալին և ոչ ցանկալին։ Այսօր դեպքից դեպք հանրային քննարկման նյութ են դառնում այլևայլ գործակալությունների «քցումները», մարդիկ մի բանի համար են վճարում և դրա ակնկալիքով կապում ճամպրուկները, սակայն այլ բանի են դեմ առնում։
-Դա ոլորտի թերզարգացածության մասին է խոսում։ Իհարկե, զբոսաշրջիկն ինքնին յուրատեսակ երևույթ է, քմահաճ երբեմն, գուցե հավակնոտ, հաճախ էլ` անտեղյակ։ Զբոսաշրջային գործակալության խնդիրը, նախ բազմակողմանի տեղեկույթի ապահովումն է։ Մենք առաջարկում ենք տարբեր հյուրանոցներ, ներկայացնում դրանց սպասարկման որակն ու առանձնահատկությունները, գինը և այլն։ Մեկի համար Անթալիայի այսինչ հյուրանոցի պայմաններն են առաջնային, մյուսի համար` այնինչ։ Երբեմն էլ բանը զավեշտի է հասնում, չափավոր գումարով ձգտում են անպատճառ հանգիստը վայելել 5-աստղանի հյուրանոցում։

-Մեր հյուրատների սպասարկումը և գինը հաճախ չեն համարժեքվում, այսինքն` մարդիկ «եվրոպական» գին են վճարում, բայց վայելում են միանգամայն «ասիական» հանգիստ։
-Բարեբախտաբար, այդ ժամանակներն անցնում են։ Հյուրանոցային սպասարկման և ծառայությունների մատուցման մակարդակն աստիճանաբար մոտենում է միջազգայինին։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, զբոսաշրջիկը վճարում է և ենթադրում կարճատև մի ընթացք ապրել բարվոք պայմաններում։ Սա նաև մեր աշխատանքի գրավականն է, գործակալությունները գնում են ոլորտը քաղաքակրթելու ճանապարհով։ Օրինակ, մենք հյուրանոցներից ավելի մատչելի (ոչ էժան, դրա մասին չէ խոսքը) գներ ենք առաջարկում, որոշակիորեն կարգավորում ինչ-ինչ խնդիրներ, մասնավորապես, որ համապատասխանություն լինի առաջարկ-պահանջարկի միջև։ Մենք փորձում ենք ըմբռնելի դարձնել, որ սխալ է հենց հյուրանոցում գործարք կնքելը, գնային քաղաքականություն վարելը և այլն։ Չէ՞ որ նախ մեր խնդիրն է յուրաքանչյուր հյուրատան համար գտնել նպատակային հյուրեր։
-Ի՞նչն է Հայաստանում հրապուրում, ասենք, բելգիացուն, ճապոնացուն կամ խափշիկին։ Եվ ի՞նչն է վանում։
-Թերևս զարմանաք, բայց բազմաբնույթ խոհանոցն է հրապուրում, ջերմ հյուրընկալությունը, գեղատեսիլ վայրերն ու հուշարձանները։ Եթե դիտում ես օտարերկրացու աչքերով, ապա Հայաստանը, իրոք, զարմանալի երկիր է։ Ընդամենը երկու ժամվա մեջ զբոսաշրջիկները կարող են լինել Աշտարակում, հետո Ապարանում կամ Սևանից հասնել Հաղարծին, Դսեղ և Սանահին։ Այսինքն, բազմաշերտ է մեր երկիրը և դրանով էլ շատ ուշագրավ։ Ասեմ, որ նրանց շատ է հրապուրում ռեստորանների և պանդոկների առատությունը։ Չէ՞ որ դրանք բավականին շքեղ, ինչո՞ւ չէ, ճաշակով են կառուցված, սպասարկումը և խոհանոցը խիստ ինքնատիպ են և բազմաբնույթ։ Բայց ահա պանդոկից քիչ հեռու աղբակույտեր են, անտերություն։ Սա, անշուշտ, վանում է։ Առավել ևս, որ Հայաստան ոտք դնելուն պես զբոսաշրջիկն օդանավակայանում հանդիպում է ինչ-որ անհասկանալի քաշքշուկի, հետո տաքսի ծառայությունների բազազային վերաբերմունքին։ Շատ ցանկալի է, որ պատկան մարմիններն ուշադիր լինեն այս հարցում, չէ՞ որ վաղեմի ճշմարտություն է` երկիրն սկսվում է օդանավակայանից։

-«Տուրիզմ» ամսագիրն ուսուցողական-ճանաչողական բնույթ ուներ և բավականին լավ էր ներկայացնում Հայաստանը։

-Այն ժամանակավորապես չի հրատարակվում, գլխավորապես այն պատճառով, որ շատ եմ պատասխանատու ցանկացած գործ նախաձեռնելիս և բավարար ժամանակ չէի տրամադրում ամսագրին։ Բայց շուտով մի հատուկ թողարկում կունենանք` նվիրված սոցիալական փաթեթներին։ Նպատակը իրազեկումն է, ծանոթացումը Հայաստանի և Արցախի հյուրատներին, նրանց առաջարկներին, այնտեղ լիարժեք հանգստանալու, ապաքինվելու, վերականգնվելու պայմաններին։
-Ո՞րն է զբոսաշրջային գործի անտեսանելի կողմը։
-Գիտեք, ցանկացած լուրջ ընկերություն, թույլ տվեք ասել` նաև մենք, պատասխանատու է «իր» զբոսաշրջիկի համար, մինչև նրա բարեհաջող տունդարձը։ Անկեղծ ասեմ, նյարդայնանում ենք երբեմն, երբեմն տագնապում և մեծ հոգեբանական բավարարվածություն ենք զգում, երբ ամեն բան ավարտվում է ժամանակին և բարվոք։ Ավելացնեմ, որ սոցիալական փաթեթը ենթադրում է ճշգրիտ հարկային քաղաքականություն։ Մենք 80 հազար դրամից գանձում ենք ԱԱՀ-ն և վճարում պետհարկերը։ Ի վերջո, զբոսաշրջային գործը պետք է էապես նպաստի երկրի տնտեսության զարգացմանը։ Դարձյալ անկեղծ լինեմ` ներկա հարկային քաղաքականությունն այնքան էլ նպաստավոր չէ ոլորտի զարգացման համար։ Սակայն գալիք հունվարից ինչ-ինչ բարեփոխումներ են սպասվում։
-Ավարտենք մեր զրույցը. ի՞նչ կավելացնեիք։
-Գիտեք, անտեղյակությունը դեռևս մեծ է։ Երբեմն մեկնում են լեռնային շրջաններ բարձրակրունկներով, հաճախ չգիտեն էլ, թե ուր են մեկնում, այնտեղ ինչ եղանակային պայմաններ են։ Ցավով եմ սա նշում` առաջնայինը ոմանց համար սնունդն է։ Դուբայի մի հյուրատանը շվեդական սեղաններ էին։ Դրանցից երեքը միացված էին և սննդի տեսականին շոշափելիորեն տարբերվում էր մյուս սեղաններից։ Ամուսնուս հուշեցի, որ «մերոնց» սեղանն է։ Չհավատաց։ Րոպեներ անց ժամանեցին մեր թանկագին հայրենակիցները և գործի անցան` մեծով ու փոքրով։ Ընդ որում, բնավ ավելին չվայելեցին, քան մյուս սեղանների շուրջ խմբված հյուրերը, շատ բան մնաց սեղանին «կուսական» վիճակում։ Կարծես հատուկ նպատակով սեղանները տեսքից գցում էին։ Ավելացնեմ, որ շատ դեպքերում գործակալություններն ուղղորդում են մարդկանց` ըստ նրանց առողջական վիճակի և հետաքրքրությունների` ո՞ւր գնալ, ո՞ր հյուրատունն ու առողջարանը ընտրել։ Ով լսում է մեզ` շահում է էապես։


Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ