Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ծառուկյանը կյանքի դպրոց է անցել»

«Ծառուկյանը կյանքի դպրոց է անցել»
29.11.2012 | 16:22

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ)

-Գաղտնիք չէ, որ համայնքի ղեկավարներից ոմանք հազիվ տասնամյա կրթություն ունեն: Այս առումով ՏԻՄ-ի բարեփոխումների շրջանակում կրթական ցենզը ևս չպե՞տք է կարևորվի:
-Տարբեր ցենզերի մասին միշտ խոսակցություններ լինում են: Չմոռանանք, որ որևէ ցենզ մտցնելը նաև ընտրվողի և ընտրողի իրավունքի խնդիր է առաջացնում: Կարծում եմ, որ ոչ թե ցենզերի ճանապարհով պիտի գնալ, այլ այդ ընտրովի պաշտոնների կարևորման, որպեսզի տվյալ համայնքի բնակիչը հասկանա, թե ում ընտրում է, նրանից շատ բան է կախված: Այս պարագայում ինքնին ցենզի խնդիրը կլուծվի: Եթե բնակիչը չի հասկանում, որ իր կենցաղի տարրական հարցերի լուծումը պայմանավորված է այն անձով, ում ընտրում է, արհեստականորեն կրթության հարց մտցնելը ոչինչ չի տա:
-Փաստորեն, կարծում եք` հիմնական պատասխանատվությունը ժողովրդի՞նն է և որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին:
-Բնականաբար, եթե ցենզ չի սահմանված, պատասխանատուն ընտրողն է: Միջին տարբերակ գուցե հնարավոր է գտնել, բայց կենտրոնանալ տարբեր չափորոշիչների վրա, հարցի լուծում չէ: Ամենագրագետ, ամենաբանիմաց մարդը, որ ընտրվում է համայնքի ղեկավար, ու իրենից կախված չէ` ինչպես իրեն կդրսևորի, կաշխատի, նա ևս դատապարտված է ձախողման: Այսինքն, խնդիրը համակարգային փոփոխությունն է, որպեսզի բանիմաց մարդը կարողանա լավ աշխատել:
-Իրականում ընտրության օրը փողն է որոշում` ով է իրեն «լավ դրսևորել»:
-Եթե համայնքի բնակիչը չի կարևորում իր ընտրությունը, բնականաբար, գումարի հետևից է գնում: Իսկ եթե իմանա, որ իրենից էլ է շատ բան կախված, ճիշտ ընտրություն կանի:
-Այսինքն, դատապարտելի եք համարում փողով գնված քվեն:
-Այո:
-Լավ, վերադառնանք կրթական չափորոշիչին: Հանրապետությունն էլ մի մեծ համայնք է ու եթե նախագահ ենք ընտրում, ընտրողը չպիտի՞ կարևորվի, թե նա ինչ ճանապարհ է անցել, ինչ կրթություն ու կենսագրություն ունի:
-Բնականաբար, բայց պատկերացումը շատ սուբյեկտիվ է: Մեկն իր անցած ճանապարհով կարող է ինձ դուր գալ, Ձեզ` ոչ: Օրենսդրորեն դա կարգավորելը շատ բարդ է: Կա ընտրողի իրավունք: Օրինակ, ընտրող կա, որ վատին է ուզում, ո՞նց բռնանանք նրա իրավունքին:
-Դժվար, թե վատին ուզենա:
-Չէ, իր պատկերացումն է այդպիսին: Ձեզ ավելին ասեմ, օրինակ, Վրաստանում պառլամենտի պատգամավորի համար մտցրեցին լեզվական ցենզ, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Հարց էր առաջանում` իսկ ձեր ի՞նչ գործն է, ես ընտրում եմ մեկին, ով վրացերեն չգիտի, կվերցնի թարգմանիչ ու կգա կասի էն, ինչ ուզում է:
-Մեր խորհրդարանի համար երևի մի քանի ցենզեր պիտի սահմանվեն:
-Վատ չէր լինի (ծիծաղում է- Ռ. Խ.):
-Դուք քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, որի ղեկավարը հնարավոր է, որ առաջադրվի նախագահի թեկնածու: Գագիկ Ծառուկյանն «անցե՞լ» է այդ ցենզով, ունի՞ նախագահին անհրաժեշտ պատրաստվածություն, այլ խոսքով, ընտրողն առանց «գումարի հետևից գնալու» կընտրի՞ նրան:
-Գագիկ Ծառուկյանն անցել է կյանքի լիարժեք ճանապարհ, կայացել է որպես անձնավորություն, որպես տնտեսական գործիչ, որպես բիզնեսմեն: Կյանքի դպրոց է անցել, բնականաբար, ունենալով նաև համապատասխան կրթություն: Եթե այս ամենին գումարենք և այն, որ արդեն տասը տարի քաղաքական ուժի ղեկավար է, ուրիշ ո՞վ, եթե ոչ նա է համապատասխանում այդ պաշտոնին:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ