Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Խաղաղ արշավի» ու «կանաչ ճանապարհի» տապալված հույսեր

«Խաղաղ արշավի» ու «կանաչ  ճանապարհի» տապալված հույսեր
30.11.2012 | 00:05

ԱՄՆ-ն ու Թուրքիան, փաստորեն, երբեք չեն ծրագրել Թուրքիայի ռազմական ներկայություն Կենտրոնական Ասիայում` անգամ Աֆղանստանում ռազմական գործողության իրականացման կապակցությամբ: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը որոշ մտադրություններ, ճիշտ է, ունեցել է Ղրղզստանում և ՈՒզբեկստանում կառավարող վարչակազմերի դեմ իսլամական արմատականների ագրեսիայի ժամանակ Թուրքիայի սահմանափակ զորախմբի օգտագործման առնչությամբ: Այդ շրջանում Թուրքիան տրամադրված չէր մասնակցելու իսլամական արմատականների դեմ ուղղված այդ ռազմարշավին, նախ և առաջ այն պատճառով, որ չէր ուզում Կենտրոնական Ասիայում հանդես գալ որևէ քաղաքական շարժման դեմ, առավել ևս` կրոնաքաղաքական: Այդ թեման ուշադիր քննարկման անգամ չարժանացավ, քանի որ խնդիրներն ընդհանուր առմամբ լուծվել էին Կենտրոնական Ասիայի պետությունների կողմից` Ռուսաստանի, մասամբ նաև Չինաստանի աջակցությամբ: ԱՄՆ-ին լիովին ձեռնտու էին այդ գործընթացների արդյունքները: ԱՄՆ-ը և Թուրքիան, հնարավոր է, շահագրգռված էին, որ Ռուսաստանը նոր պատերազմի մեջ խրվի այդ տարածաշրջանում: Այդուամենայնիվ, Թուրքիան Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների մայրաքաղաքներում ունի ռազմական կցորդներ, բավական ուժեղ գործակալական ցանց, ձգտում է ստեղծել թուրքամետ լոբբիստական խմբեր ու քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց գործունեությունն ուղղում են Թուրքիայի հետ իրենց երկրների ռազմաքաղաքական գործակցության ամրապնդմանը: Տարբեր տարիներին Ղազախստանում և ՈՒզբեկստանում ներկա են եղել Թուրքիայի ռազմական հրահանգիչներ: Տեղեկություններ կան, որ Էլիզաբեթ Ջոնսը, որը զբաղեցնում է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պոստը և որի իրավասությունների մեջ մտնում են Եվրասիայի և Կասպյան ավազանի խնդիրները, ձգտում էր փորձարկել մի ծրագիր, որը ենթադրում էր Արևմտյան Ղազախստանի նավթահանքերի ու հաղորդուղիների պաշտպանության համար ստեղծել միջազգային ուժեր: Այդ հարցերով անուղղակիորեն զբաղվում է նաև Կասպից ծովի հարցերի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Մաննը, սակայն զուտ որպես կողմնակի խնդիրներով: Եղած տեղեկությունների համաձայն, Ղազախստանի քաղաքական ղեկավարությունը, ցուցադրելով իր լիակատար բարեհաճությունն ամերիկյան աշխարհատնտեսական ծրագրերի նկատմամբ և պաշտպանելով Բաքու-Ջեյհան նախագիծը, այդուամենայնիվ, տարակուսանք է արտահայտում այդ միջազգային ուժերի ստեղծման առնչությամբ: Ղազախստանը նկատի ունի, որ Ռուսաստանն իր ու ԱՄՆ-ի գործընկերն է այդ նախագծերի իրականացման առումով, իսկ Իրանը նավթի արդյունահանման և փոխադրման գործում խոչընդոտներ հարուցելու հնարավորություն չունի:
Նախկինում ԱՄՆ-ը շահագրգռություն էր հանդես բերում Թուրքմենստանի հետ ռազմական համագործակցության հարցում` կապված բնական գազի փոխադրման նախագծերի իրականացման հետ և նպատակ ունենալով կանխելու Իրանի ազդեցությունը կենտրոնական այդ պետության վրա: ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական վերլուծաբանները լրջորեն կարծում էին, որ Թուրքմենստանը, իբրև ռազմական առումով ոչ ինքնաբավ պետություն, ուժեղ ճնշման կենթարկվի Ռուսաստանի և Իրանի կողմից: Բացի այդ, ամերիկացիները շատ էին երկյուղում Թուրքմենստանի դեմ Թալիբանի վարչակազմի ագրեսիայի սանձազերծումից: Պարզ չէ, սակայն, թե ԱՄՆ-ը ինչ ծրագրեր էր հատկապես ենթադրում Թուրքմենստանի առնչությամբ: Բայց միանգամայն հասկանալի է, որ, չնայած ԱՄՆ-ի առավել սերտ հարաբերություններին, ասենք, Ղրղզստանի հետ, որն իր չափորոշիչներով համեմատելի է Թուրքմենստանի հետ, ամերիկացիները երբեք Ղրղզստանին նման առաջարկություններ չեն արել: Ադրբեջանում «Կասպյան գվարդիայի» գաղափարի տարածումից դեռ շատ առաջ ամերիկացի զինվորականները Թուրքմենստան կատարվող այցերի ժամանակ այդ երկրի քաղաքական ղեկավարությանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագիր էին առաջարկում կնքել: Այնուհետև, թուրքմենական գազի շահագործման և փոխադրման խնդիրների բարդանալուն զուգընթաց, ԱՄՆ-ը կորցրեց հետաքրքրությունը ռազմաքաղաքական սույն հեռանկարի նկատմամբ և այդ գաղափարին միայն որոշ հայտանիշերի թելադրանքով վերադարձավ: Համենայն դեպս, Կասպից ծովի առնչությամբ ԱՄՆ-ի ծրագրերում, պաշտպանության և անվտանգության ոլորտում, փաստորեն, բացակայում է Թուրքիան: Ներկայումս ԱՄՆ-ը ձգտում է վերակենդանացնել Կենտրոնական Ասիայում ռազմաքաղաքական և տնտեսական ներկայության գծով իր նախկին ծրագրերը:
ԱՄՆ-ի առաջատար հետազոտական ինստիտուտների ու կենտրոնների քաղնախագծողները հաստատակամորեն առաջարկում են վարչակազմին ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում` չինական նվաճողամտության սպառնալիքի դեմ հանդիման: Չնայած վերջին երկու տարում այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի գործադրած բավական համոզիչ ջանքերին, դեռևս չի կարելի վստահորեն պնդել, թե Վաշինգտոնի ծրագրերը իրականություն կդառնան, համենայն դեպս, Չինաստանի զսպման առումով: Հիմա արդեն միանգամայն հասկանալի է, որ Չինաստանը, առանց առանձնակի քաղաքական ջանքերի, դարձել է Կենտրոնական Ասիայի նավթի ու գազի առաջատար սպառող, ինչպես նաև ձեռնամուխ է եղել հանքային հումքի, նախ և առաջ գունավոր մետաղների շահագործման ծրագրերի իրականացմանը: ԱՄՆ-ն անմիջական տնտեսական շահեր չունի Կենտրոնական Ասիայում, այդ թվում` ռեսուրսների ոլորտում: ԱՄՆ-ին, առաջին հերթին, հետաքրքրում է տարածաշրջանում Չինաստանի դերի սահմանափակումը: Հանքային հումքի առումով Չինաստանի գերակա խնդիրն ուրանի հանքերի մենաշնորհային շահագործումն է դարձել: ՈՒրանի պաշարներ ունեն տարածաշրջանի, ըստ էության, բոլոր երկրները: Տվյալ իրավիճակում ԱՄՆ-ն ավելի շահագրգռված է այդ տարածաշրջանում Թուրքիայի ներկայության մեծացմամբ: Նախ, դրանով իսկ Թուրքիան դուրս է մղվում Մերձավոր Արևելքից, և որոշ փոխհատուցում է ստանում Կենտրոնական Ասիայում: Երկրորդ, Թուրքիան ինչ-որ չափով կդառնար Չինաստանի ու Ռուսաստանի զսպման գործոն: Դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ ԱՄՆ-ն ամենևին էլ շահագրգռված չէ տարածաշրջանում Թուրքիայի չափազանց շատ ուժեղացմամբ, նախ և առաջ գաղափարախոսական նպատակների, գերակա ազդեցության գոտու ստեղծման, ինչպես նաև պանթյուրքիզմի դոկտրինի շրջանակներում: Այսինքն, ինչպես Մերձավոր Արևելքում, Թուրքիան ԱՄՆ-ի ծրագրերում դիտարկվում է գործառական իմաստով:
Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունը չի կարող հաջողությամբ ու բազմակողմանիորեն իրագործվել` առանց ԱՄՆ-ի լիակատար նյութական և քաղաքական աջակցության: Թուրքիան միջոցներ չունի էական օգնություն ցուցաբերելու այդ պետություններին, որոնց անվտանգությունը ենթադրում է պետական սահմանի պաշտպանության և անվտանգության հատուկ ուժեր: Թուրքիան վստահ չէ, որ Կենտրոնական Ասիայի պետություններին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու ոլորտում նշանակալի ծախսերը կուղեկցվեն իր քաղաքական և տնտեսական ազդեցության մեծացմամբ:
Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի շահագրգռության բացակայությունը և այդ տարածաշրջանում նրա շարունակվող սահմանափակ ներկայությունը նպաստավոր պայմաններ չեն ստեղծում Թուրքիայի համար: Այդուամենայնիվ, կարելի է որոշակի կանխատեսումներ անել Կենտրոնական Ասիայում թուրքական ռազմական ներկայության առումով: Գնահատականներն ԱՄՆ-ի ռազմաքաղաքական վերլուծաբաններինն են:
Հաշվի առնելով Թուրքիայում առկա տնտեսական և քաղաքական պայմանները, Կենտրոնական Ասիայում միահեծան տիրապետության հաստատման` Թուրքիայի գաղափարի պաշտպանության բացակայությունը, այդ երկիրը կարող է սահմանափակվել միայն զինվորական կրթական ոլորտում օգնության ցուցաբերմամբ: Սակայն ռազմական համագործակցության այդ ուղղությունն էլ կարող է հանգեցնել Կենտրոնական Ասիայում թուրք զինվորականների ազդեցության ուժեղացմանը: Աֆղանստանի գործողությանը Թուրքիայի մասնակցությունը նկատելիորեն բարձրացրեց նրա հեղինակությունը և գրավչությունը այդ պետությունների աչքում: Այս կապակցությամբ, Թուրքիան ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է իբրև աշխարհական պետության և հասարակության օրինակ Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի պետությունների համար, ինչն ավելի կարևոր է ԱՄՆ-ի համար, քան նրա ռազմական ներկայության մեծացումը կենտրոնասիական տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ, վերջին ժամանակներս Թուրքիան ամերիկյան շահերին չի համապատասխանում անգամ քարոզչական առումով, այսինքն, որպես քաղաքական մոդել Կենտրոնական Ասիայի համար:
Թուրքիայի հետ սերտ համագործակցությանը զուգընթաց, ԱՄՆ-ը շատ լրջորեն է վերաբերվում Թուրքիայի քաղաքականության վերահսկողությանը: Այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են պետդեպը, Պենտագոնն ու ԿՀՎ-ն, միանգամայն որոշակի դրվածք ունեն Թուրքիայի նկատմամբ վերահսկողության իրականացման խնդրում: Այդ վերահսկողությունը ենթադրում է թուրքական քաղաքականության մշտական շտկում, նախ և առաջ տարածաշրջաններում: ԱՄՆ-ը, շարունակելով շեշտը դնել Թուրքիայի զինվորական վերնախավի վրա, միաժամանակ հասկանում է, որ թուրք զինվորականներին բնորոշ են արտքաղաքական մեծ հավակնությունները և անսպասելի ու անկանխատեսելի քայլերը:
Թուրքիայի քաղաքականությունը, այդ թվում` ռազմական քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում, չի կարող չճշգրտվել` կախված այդ տարածաշրջաններում և հատկապես Հարավային Կովկասում եվրոպական քաղաքականության ամբողջ համալիրից: Թեև Եվրոպական ընկերակցությունը Հարավային Կովկասում, առավել ևս Կենտրոնական Ասիայում կառավարման գործառական համակարգ չունի, եվրոպացիները հարաճուն ազդեցություն են գործում Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող գործընթացների վրա: Սակայն, բացի ամերիկացիներից, Եվրոպայի առաջատար երկրներն էլ ոչ մի շահագրգռություն չունեն Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ներկայության մեծացման գործում: Թուրքիան հանդես է գալիս իբրև Եվրոպայի պետությունների ակնհայտ մրցակից այդ տարածաշրջանում, ու եթե անգամ այդ մրցակցությունը պայմանավորված չի կարող լինել Թուրքիայի իրական տնտեսական հնարավորություններով, այդ պարագայում էլ նա ցանկալի չէ իբրև ներդրող և Կենտրոնական Ասիայի պետությունների տնտեսական գործընկեր: Կենտրոնական Ասիայում եվրոպական երկրների արմատավորման առաջատար Գերմանիան, ինչպես նաև Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, ապա նաև հեռավորարևելյան պետություններից Ճապոնիան ու Կորեան կա՛մ արդեն տնօրինում են, կա՛մ լուրջ քայլեր են անում հանածո հումքի աղբյուրներից օգտվելու ուղղությամբ: Միաժամանակ կասկած չկա, որ Կենտրոնական Ասիա Թուրքիայի ներթափանցման գլխավոր հակառակորդը Չինաստանն է, որն այդ շրջանը համարում է իր գերակա շահերի գոտի: Շատ կարճ ժամանակամիջոցում իրենով անելով այդ տարածաշրջանի նավթի ու գազի աղբյուրները, Չինաստանը ձգտում է վերահսկողության տակ առնել մետաղահանքերը: Ո՛չ Եվրոպան, ո՛չ Չինաստանը չեն ուզում այդ կողմերում տեսնել Թուրքիային, առավել ևս նրա ռազմական ներկայությունը միանգամայն անընդունելի է նրանց համար: Այստեղ ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի և Չինաստանի շահերն օրինաչափորեն համընկնում են, և ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե դիրքերն ու կարծիքները կփոխվեն: ՈՒ թեև թուրքական տնտեսության ծավալները խոշոր են, սակայն նրա կառուցվածքը թույլ չի տալիս անդամակցելու որևէ լուրջ տնտեսական ընկերախմբի (կլաստերի): Առավել ևս, որ Չինաստանն ու Իրանը Կենտրոնական Ասիայի շուկային առաջարկել են ավելի էժան ու ոչ պակաս որակյալ արտադրանք, և Թուրքիան հայտնվել է այդ մրցակիցների շրջափակման մեջ, էլ չենք խոսում զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների մասին, որոնք մատակարարում են բարձր տեխնոլոգիաներ և հանքային հումքի մեծ պահանջարկ ունեն:
Երևի Անկարան հասկանում է, որ Կենտրոնական Ասիա թափանցումն անհնար է առանց ռազմական ներկայության, և որ Թուրքիան անհիմն է տարածաշրջանում «խաղաղ արշավի» և «կանաչ ճանապարհի» հույսեր փայփայել, որ նրա առջև պիտի բացեին այդ ժողովուրդներն ու պետությունները: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն նրան շատ հաջող ներքաշեցին աֆղանական գործողության մեջ, դրանով իսկ «կողոպտելով» այդ երկրում, մինչդեռ այդ երկրի իսկական հետաքրքրություններն ավելի հյուսիս էին` Կենտրոնական Ասիայում: Թեև թուրքական զորախմբի գործառույթները և գործողության գոտին այդ երկրում սահմանափակ են, սակայն Թուրքիայի մասնակցությունը նրան չբերեց ո՛չ հեղինակություն, ո՛չ ըմբռնում: Միաժամանակ, նա ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Կենտրոնական Ասիայում ընդունակ չէ տեղաբաշխելու ստվարաթիվ զորախմբեր և հաջող գործողություններ իրականացնելու առանց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցության: Թուրքիան շրջափակված է եղել և հիմա էլ շրջափակված է Արևելյան Միջերկրականի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմատեխնիկական հզորության հետագա զարգացումը Թուրքիային հույսեր չի ներշնչում ստանալու արդիական սպառազինություն, առավել ևս` հեռագնա փոխադրական ավիացիա, առանց որի անհնար է տարածաշրջաններում գործողություններ իրականացնելու համակարգ կառուցել: Ներկայումս Կենտրոնական Ասիայում որևէ հակամարտություն չկա և չի նշմարվում, ինչը կարողանար առիթ հանդիսանալ կամ, ավելի ճիշտ, պայմանավորել Թուրքիայի ռազմական ներկայությունը: ՀԱՊԿ-ի առկայությունը, որն ընդգրկում է տարածաշրջանի հինգ պետություններից չորսը, Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների խոշորագույն զորախմբի ներկայությունը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ավիացիոն բազավորումը լիովին ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը: Բացի այդ, Չինաստանը, վաղ թե ուշ, կհայտարարի տարածաշրջանի համար իր պատասխանատվության մասին:
Կենտրոնական Ասիան ավելի ու ավելի է ինտեգրվում ուժի համաշխարհային կենտրոնների շահերի համակարգին, և ուրիշ ոչ մի պետության, անգամ տարածաշրջանային մակրոտերության չի հաջողվի այդ տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական լուրջ դիրքեր հաստատել: Վաղուց արդեն ամուր պատնեշ է կառուցվել այդ ուղղությամբ Թուրքիայի ճանապարհին, և այդ տարածաշրջանի պետությունների հետ նրա հարաբերությունները տեղայնացվել են իբրև պետությունների սովորական հարաբերություններ, առանց դուրս գալու ազգային-լեզվական ընդհանրության շրջանակներից:
Վերջին ժամանակներս Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքական գրականության մեջ ավելի ու ավելի են նյութեր նկատվում, որոնցում հարցեր են առաջադրվում Թուրքիայի հետ տարածաշրջանի երկրների մշակութային ու ազգային ընդհանրության մասին պնդումների վերաբերյալ: Սակայն Կենտրոնական Ասիայում Թուրքիայի մոդան անցել է` առանց խոր ավանդույթ ստեղծելու:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ