«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Նրա հանգիստը փառավոր պիտի լինի»

«Նրա հանգիստը  փառավոր պիտի լինի»
30.11.2012 | 11:51

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ
Քրիստոնեական աշխարհի լրատվամիջոցները տագնապի շեփորներ հնչեցրին վերջերս, որ իբր Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարին հատկացվող ջրերը հրեաներն ուզում են կտրել և իսպառ ջրազրկել մեր այդ սրբավայրը, քանի որ ինը միլիոն շեքել (որ մոտավորապես չորսից հինգ միլիոն դոլար է անում) պարտք ունեն Տաճարի միաբանները։
Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ հանկարծ հայտնաբերվեց, որ այդ ահռելի պարտքը քրիստոնյաները չեն մուծել Երուսաղեմի ջրամատակարարման հիմնարկին։ Իսկ ջրից զրկել Սուրբ Հարության հսկայական Տաճարը, կնշանակեր Հին քաղաքի սրտում անբուժելի վերք բացել, քանի որ ամեն օր այդ վայրն են մտնում ու դուրս գալիս աշխարհի բոլոր երկրներից սուրբ Երկիր այցելող միլիոնավոր զբոսաշրջիկներ։ Միլիոնավոր թիվը հենց այնպես չգրեցի, որովհետև, իսկապես, Իսրայել այցելողների թիվը տարեկան յոթից ութ միլիոնի է հասնում։ Եվ այդ ահռելի թվով զբոսաշրջիկների այցելությունից Իսրայելի պետության ստացած եկամուտն ինքներդ հաշվեք, թեկուզ այդ թիվը բազմապատկելով 200 դոլարով, ինչքան որ հնարավոր է ծախսել։
ՈՒ որպես համեմատություն, ասենք, Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ընդամենը ութից ինը հարյուր հազար է։ Ինչևէ, տարիներ առաջ Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշել էր սուրբ Հարության Տաճարի ջրամատակարարումը քաղաքային բյուջեի հաշվին ապահովել, քանի որ այդտեղ մտնողների հաշվին է Երուսաղեմն ապրում։ Բայց, ինչպես երևում է, հրեաները թերևս փողի պակասություն են զգում (ինչը խիստ կասկածելի է, քանի որ աշխարհի ֆինանսների գերակշռող մասը հրեական գերհարուստների ձեռքում է)։
Ըստ իս, այդ ամենը հրեական հերթական խաղերն են քրիստոնյաների վրա ճնշում բանեցնելու նպատակով։
Այս նախաբանն ընդունենք որպես պատճառ, որպեսզի ընթերցողը հանգամանալից կարդա քրիստոնեական աշխարհի սիրտը համարվող Սուրբ Հարության Տաճարի մասին, որտեղ և գտնվում է Հիսուսի սուրբ Գերեզմանը, ու հենց այդ պատճառով սուրբ Հարության Տաճար անունը գրվեց մեծատառով, որի մասին այժմ պատշաճ մանրամասնությամբ կխոսենք, որ ամենապրպտուն հայորդու միտքը լիանա մեր Տիրոջ Հարության տաճարի սրբատեղերի նկարագրությամբ։
Նախ ուշադիր նայենք Տաճարի ներքին դասավորության գծագրին, որից հետո մտնենք ամեն քրիստոնյայի հոգու երազանքը հանդիսացող այս օրհնյալ սրբավայրը:

ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Երուսաղեմի հին քաղաքամասի եռուզեռի, շուկայական անթիվ ու խայտաբղետ ապրանքներով լեցուն կրպակների միջով անցնելիս, բոլորովին չես էլ կարողանում պատկերացնել, թե այսպիսի միջավայրում որտե՞ղ կարող է լինել այդ օրհնյալ սրբավայրը: Բայց հենց որ շուկայի ծայրամասից տեսնես մի անշուք ու ցածրիկ դուռ, որով մարդիկ մեղուների նման ելումուտ են անում, իմացիր, որ ա՛յդ է դեպի սրբավայր տանող բակի մուտքը: Իսկ երբ այդ դռնով մտնես ու մի քանի աստիճանով իջնես, դիմացդ մի ընդարձակ գավիթ կբացվի: Դա հենց Տաճարի բակն է, որտեղ նախկինում եղել է կամարակապ, գեղեցիկ ու բարձր սյուներով մի դահլիճ, որը մի քանի դար առաջ կործանվել է երկրաշարժից՝ որպես հուշ թողնելով մարմարյա խոյակների ջարդված հիմքերը: Եվ որպեսզի ընթերցողը հեշտությամբ ընկալի հետագա բացատրությունները, նախ ծանոթանանք մի քանի պատմական կարևոր տեղեկությունների: Սույն հրապարակման վերտառությունը փաստում է Հիսուսի մասին, որը Եսայի մարգարեն ասել է կատարվելիքից շուրջ յոթ հարյուր տարի առաջ:
Մեր Տերը ծնվել է անասունների մսուրում, ապրել ու մեծացել աղքատ հյուսնի ընտանիքում, բայց խաչվելուց հետո դրվել է մեծահարուստի՝ Հովսեփ Արիմաթացու համար փորված գերեզմանում: ՈՒ քանի որ մարգարեություն կար, որ Նրա հանգիստը, այսինքն` Գերեզմանը, պիտի փառավոր լինի, ուրեմն պիտի լիներ այդպես: Եվ Սուրբ Հարության տաճարի կառույցը սկսվել է մեր Տիրոջ սուրբ Գերեզմանամատուռից, քանի որ Հիսուսի պատանած մարմինը դրվեց նախապես փորված անձավի մեջ, բայց այժմ դրա հետքն էլ չի երևում այստեղ, որովհետև առաջին ճարտարապետները հատել և հեռացրել են անձավի ամբողջ վերին մասը՝ թողնելով միայն Տիրոջ պառկած տեղը, որի վրա էլ հունական ոճով կառուցվել է առաջին մատուռը: Դրա շինարարությունը 326 թ. սկսվել է Կոնստանդին կայսեր նախաձեռնությամբ, որը հրամայել էր քանդել այդ տեղում կառուցված Աֆրոդիտեի մեհյանը:
335 թ. Մակար Երուսաղեմացի պատրիարքի օծմամբ սկսվեցին այդ քրիստոնեական ամենակարևոր սրբատեղիի պաշտամունքները: Հետագայում Տաճարը գնալով ընդարձակվեց և հետզհետե ստացավ ներկայիս տեսքը: Տաճարը զանազան դարերում ենթարկվել է ավերածությունների ու կողոպուտների, բայց դրանց մեջ ամենաեղեռնականը 965 թ. կատարվածը եղավ, երբ արաբները Կիլիկիայում լիակատար պարտություն կրելով Բյուզանդիայի կայսր Փոկասից, քրիստոնյաների դեմ ունեցած վրեժխնդրությունից վառված, ներխուժում են սուրբ Տաճար, սպանում այնտեղ գտնվող պատրիարքին ու միաբաններին, հրդեհում գլխավոր մուտքի փայտյա դարպասները, որին կուլ է գնում նաև Գերեզմանամատուռի կիպարիսի փայտից կերտված հոյակապ գմբեթը: Իսկ ամենակործանարար ավերումը եղավ 1009 թ. Եգիպտոսի Ֆաթիմյաններից, Հաքիմ խալիֆի ժամանակներում, որովհետև նրա օրոք գլուխ բարձրացրեց իսլամական ամենածայրահեղական աղանդներից մեկը: Ծայր առան քրիստոնյաների անողոք հալածանքները, սկսեցին քանդել եկեղեցիները, ինչից զերծ չմնաց նաև Սուրբ Հարության տաճարը: Քանդվեց այն ամենը, ինչ կարող Էր քանդել բարբարոս մարդը. համարյա մինչև հիմքերը ավերված Տաճարից չմնաց և ոչինչ:
Անցան տարիներ: Հաքիմ խալիֆի ահից փորձ անգամ չէր արվում Տաճարի վերականգնման համար, բայց ինչքան էլ զարմանալի թվա, վերականգնողական առաջին գործերը սկսվեցին հենց այդ արյունարբու խալիֆի մոր` բարեպաշտ քրիստոնեուհի Մարիայի նախաձեռնությամբ՝ կարծես իբրև քավություն որդու կատարած մեղքերի ու հանցանքների համար: Իսկ հիմնական վերականգնման աշխատանքները կատարվեցին Կոնստանդին Մոնոմաքոս կայսեր օրոք, և Տաճարը վերստին հառնեց 1042 թ.:
Այս պատմական անցքերի մասին գրում եմ, որ ընթերցողը մտովի մասնակցի քրիստոնեական հավատի հարատևման համար մղվող բարի պատերազմին և աղոթակից լինի դրա զինվորներին, որովհետև այն դեռ չի դադարել, այլ հակառակը, քանի գնում դառնում է ավելի բազմահնար ու կատաղի, ինչում կհամոզվեք ինքներդ, երբ կարդաք բաներ, որոնք լավ կլիներ, որ բնավ չլինեին:
Անցնենք առաջ, բայց և զգուշացնեմ, որովհետև դեռ Տաճարի գավթից սկսած անսովոր բաների պիտի հանդիպենք, ու ջանանք ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա, որովհետև այս վայրը լուռ, բայց անտեսանելի ու խիստ լարված հոգևոր պատերազմի ասպարեզ է թե՛ այլադավան, թե՛ նույնադավան եկեղեցիների միջև: ՈՒ քիչ հետո կկարդաք ամենքիս Տիրոջը անսահման վիշտ պատճառող այդ ցավալի վիճակի մասին:
Մինչ Տաճարի դարերի կնիքն ու հետքերը կրող փայտե դռնով ներս մտնելը, նայենք աջ, որտեղ հայի աչքին ու հոգուն հարազատ, շատ ծանոթ մի խաչանիշ գեղեցկազարդ դուռ կա, վրան մեսրոպյան տառերով գրված. «Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցի», իսկ վերևում՝ երեք կամարաձև պատուհաններ, նույնպես զարդարված խաղողի ու նռան հայկական զարդանախշերով: Այո՛, այդպես է. գավթում գտնվող երեք փոքրիկ խորաններով գողտրիկ եկեղեցին մերն է, մեր սեփականությունը, որն անհիշելի ժամանակներից էլ պատկանել է մեր ազգին: Գիտակներն ասում են, թե այն նախնյաց եկեղեցու խորանն է հանդիսացել, որի սուրբ սեղանի մեջ կա Քրիստոսի Չարչարանաց սյունից մի բեկոր: Եվ, ըստ ավանդության, սա այն տեղն է, որտեղ կանգնած է եղել Հովհաննես ավետարանիչը, երբ մեր Տերը Գողգոթայի Խաչի վրա մարդկության փրկագործությունն էր ավարտում:
Այս խորանի դուռը տարին երկու անգամ է բացվում. առաջին անգամ՝ չորս ավետարանիչների, երկրորդ անգամ՝ Հովհաննես ավետարանչի տոների կատարման ժամանակ: Այդ օրերին մեզ իրավունք է տրվում բացօթյա պատարագ մատուցելու հենց Տաճարի գավթում: Ասեմ, որ ուրիշ ոչ մի ազգ իրավունք չունի նման բան անելու և այդ բացառիկ պատիվը միայն մեզ է վերապահված: Եթե այդ օրը այստեղ ներկա լինեք, ապա կտեսնեք գավիթը՝ ծածկված նախշազարդ գորգերով, որոնց վրա հայոց զավակները շարականներով, սաղմոսներով և աղոթքներով բարձրաձայն օրհնում ու փառաբանում են Բարձրյալ Աստծուն, իսկ աշխարհի զորավոր ու տկար ազգերը մեր շուրջը կանգնած, կամ աստիճաններին նստած, դիտում ու ըմբոշխնում են մեր սուրբ հայրերի՝ երկնքից աղոթքներով իջեցրած հոգեպարար շարականների երաժշտությունը։
Բայց ավա՜ղ, բացի ծառայող հայորդիներից, հազիվ ազգակից մեկ-երկու հոգի կարող է տեսնես ու՝ վերջ: Տեղացի, առանց այդ էլ նոսրացած հայերն այս քաղաքի բազում օրհնություններից հագեցել, սառել ու ձանձրացել են: Նման հոգեվիճակն այս քաղաքի ամենամեծ գայթակղությունն է: Եվ չզարմանանք, որպես թե արտառոց մի բան է եղել. հիշենք մեր Էջմիածինը, նրա աստվածակերտ Տաճարը, և գնանք հաշվենք, թե բազմահազար բնակիչ ունեցող այդ քաղաքից քանի՞ հոգի է մասնակցում կիրակնօրյա սուրբ պատարագին: Եվ չզարմանանք, որ այդպիսի հոգևոր վիճակի մեջ էլ են լինում իրենց քրիստոնյա համարող շատերը: Եվ ինչպես Գրիգոր Տաթևացին է նկատել, որ շատ բարիքների առատությունից տրտմություն է առաջ գալիս, այդպես էլ սրբավայրերի առատություն ունեցող վայրերում հագեցում, անտարբերություն ու ձանձրույթ են առաջանում: Այս բանն ինքս զգացի իմ մեջ, երբ առաջին ոգևորությունն ու թարմ տպավորությունները սկսեցին հետզհետե բթանալ ու սառչել, մինչդեռ տեսածներս այնքան էլ շատ չէին: Եվ ինչպես ամենահամադամ կերակուրից ես շատ ուտելով հագենում զզվելու աստիճանի (որի դեմ միակ միջոցը ժուժկալությունն ու պահքն է), նույնպես էլ այստեղ է պետք չափավորություն պահել տեսածներիդ և լսածներիդ հանդեպ: ՈՒ ես որոշեցի Տիրոջ սուրբ Գերեզման այցելել միայն չորեքշաբթի և ուրբաթ կամ կիրակի օրերին, ինչն ինձ օգնեց հաղթահարելու հետզհետե հոգիս սողոսկող անտարբերության սառնությունը:
Իսկ այժմ խաչի կնիքը դրոշմենք մեզ վրա ու մտնենք Սուրբ Հարության տաճարից ներս: ՈՒղիղ դիմացդ կտեսնես 20 դարերի խորքից քեզ նայող Հիսուսի պատանատեղին, որը մի մարդահասակ երկարությամբ և մոտ մի մետր լայնությամբ վարդագույն մարմարաքար է՝ ամբողջովին ճաքճքած հնությունից: Վրան կախված են ութ մշտավառ, մեծ կանթեղներ, որոնք պատկանում են չորս ազգերի՝ հայերին, հույներին, լատիններին և ղպտիներին, ինչը հաստատում են դրանցից կախված մետաղյա թիթեղների վրայի պատկանելության գրերը: Մոտենանք և այդ քարի առջև շատ ուխտավորների հետ կատարենք առաջին խոնարհությունը այս Տաճարում, որովհետև խաչից իջեցնելուց հետո հենց այդտեղ են դրել մեր Տիրոջ խոշտանգված ու անշնչացած մարմինը:
ՈՒխտավորները սովորություն են դարձրել այստեղ այցելելիս հետներն անուշահոտ յուղեր ու օծանելիքներ բերել և շաղ տալ այս քարի վրա, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուսին պատանելիս չհասցրին օծել: ՈՒ եթե կռանալու լինեք պատանատեղին համբուրելու, իսկույն կզգաք այդ բազմերանգ բուրմունքը: Շատերն էլ, բուրումնավետ օծանելիքներով թրջելով պատանաքարը, իրենց թաշկինակները քսում են նրան, որ հետո տանեն իրենց հիվանդների վրա դնեն բժշկության համար, այն բանի օրինակով, որ Պետրոսի թաշկինակով շատերն էին բժշկվում: Սրբատեղի աջ և ձախ կողմերում երեք զույգ բարձր աշտանակներ են կանգնած, որոնք հավասարապես պատկանում են երեք ազգերի` հայերին, հույներին և լատիններին: Իսկ դիմացի պատի վրա մի հսկայական խճանկար կա, որը պատկերում է Հիսուսին խաչից իջեցնելու պահը: Իսկ Գողգոթան, որտեղից ներքև են բերել մեր Տիրոջ մարմինը, գտնվում է պատանատեղից աջ, ուր կարելի է բարձրանալ կամարաձև մի մուտքի միջով: Դրա միջով մենք էլ բարձրանանք Գողգոթա:


(շարունակելի)

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ