Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գողգոթա

Գողգոթա
02.12.2012 | 13:40

(սկիզբը` այստեղ)

Ամենքի պես ես էլ, մինչև ավետարանական Գողգոթան տեսնելս, պատկերացրել եմ առանձին կանգնած մի բլուր, բայց իրականում այն ընդամենը Սուրբ Հարության տաճարի սրահներից մեկն է, որը, ինչպես ասացինք, բաղկացած է երկու մասնաբաժիններից: Աջ կողմինը լատիններինն է և կոչվում է «Տարածման տեղ», որը հարդարված է նրանց յուրահատուկ շքեղ ոճի զարդարանքներով, իսկ ամբողջ կամարաձև առաստաղը պատված է այնպիսի բարձրարվեստ խճանկարներով, որ, երևի, շատ քչերը տեսած կլինեն: Միայն համեմատության համար ասեմ, որ սովորական խճանկարների մեկ առանձին խիճը, այսինքն՝ գունավոր սալիկի մեկ հատիկի նվազագույն չափը սովորաբար լինում է մոտ մեկ սանտիմետր, բայց այստեղ դրանք չեն գերազանցում և կես սանտիմետրը, և ամբողջ այդ պատկերը հեռվից դիտելիս կարծես վարպետի վրձնած գործ լինի:
Սրահի դիմացի պատը նույնպես մեծ խճանկարով է ծածկված, որտեղ պատկերված է Հիսուսին խաչին գամելու պահը: Ճիշտ դրա կողքին, կաթոլիկ եղբայրների սիրած ոճով, կամարաձև մի ապակեպատ պահարանի մեջ Տիրամոր կիսանդրին է դրված, որի սրտառուչ արտահայտությունն այնքան բնական է կերտված, որ դիտողին կենդանի դեմք է թվում: Հուզիչ են մանավանդ արցունքոտ աչքերը և սիրտը խրված սուրը, որը խորհրդանշում է նրա տանջանքներն ու ցավը Որդու խաչելության ժամանակ, ինչի մասին մարգարեացել էր Սիմեոն ծերունին՝ ասելով. «Քո հոգու միջով սուր պիտի անցնի» (Ղուկ. 2.35): Եվ զգացմունքային հավատի տեր քրիստոնյաները երբեմն չդիմանալով այդ սրտաշարժ տեսարանի ազդեցությանը, իրենց մատներից կամ պարանոցներից հանում են թանկագին քարերով զարդերն ու մատանիները և ընծայաբերում Տիրամորը՝ ի նշան երախտագիտության:
Երբեմն դրանք այնքան շատ են լինում, որ պահարանը հիշեցնում է թագուհու զարդատուփ՝ թանկագին ադամանդներով ու այլ մեծարժեք զարդերով լեցուն: Տեղի Տաճարի միաբանները ստիպված շուտ-շուտ ազատում են սրբաքանդակն ու պահարանը, որ հաջորդ նվիրատվությունների համար տեղ բացվի: Սույն «գործելաձևը» խորթ չէ այստեղ մնացած եկեղեցիներին նույնպես, որոնք նման ձևով ուխտավորներին նվիրատվության հնարավորություն են տալիս: Իսկ այդ սրահին անմիջապես կից Խաչի բարձրացման դահլիճն է, որը նույնպես հարդարված է ամենաճոխ զարդարանքներով, բայց արդեն բյուզանդական ոճի պատկերներով ու գեղեցիկ, գույնզգույն կանթեղներով: Այն տեղը, ուր Հիսուսի Խաչի ոտքն է խրված եղել չի երևում, բայց այցելուն կարող է ծնկի գալ դրա մոտ և ձեռքը մտցնել Խաչի ժայռափոր ոտքատեղի մեջ և շոշափելով «տեսնել»: Իսկ Գողգոթայի բուն ժայռն ամփոփված է հաստ ապակեպատ պահարան հիշեցնող ծածկի ներքո, որովհետև դարերով բազում ուխտավորներ փափագել են այդ վայրից մի մասունք-հուշաբեկոր պոկել-տանել իրենց հետ:
Գողգոթա անվանը Կյուրեղ Երուսաղեմցին մի քանի խորհրդանշական բացատրություններ է տալիս, որոնցից մեկն այն է, որ վայրը կոչվում է նաև Գանգի տեղ, որովհետև, ինչպես ասել ենք, ըստ ավանդության ճիշտ այս տեղում է թաղված եղել Ադամ նախահոր գանգը, որի վրա հոսեց մեր Տիրոջ փրկարար արյունը: Իսկ Եփրեմ Խուրի Ասորին կարծում է, որ Ադամը թաղված է երկրի կենտրոնում և, ըստ նրանց, Գողգոթան է այդ կենտրոնը: Առավել ևս՝ շատերի համար այս տեղը համայն տիեզերքի կենտրոնն է: Հետևում Հիսուսի և Նրա խաչելության պատկերը հիշեցնող բնականին հավասար չափսերով փայտյա խաչն է, վրան Տիրոջ պատկերը նկարված, կողքերին սուրբ Աստվածածնի և Հովհաննես ավետարանչի արծաթե գեղակերտ դրոշմաքանդակներն են կանգնեցված: Ըստ Ավետարանի խոսքի, Տիրոջ խաչելության ժամանակ բոլոր առաքյալները փախել էին, և մոտիկներից միայն Տիրամայրն ու Հովհաննեսն էին մնացել: Եվ Հովսեփ Արիմաթացին Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը, և հրաման ստանալով, գալիս է այստեղ, որ խաչափայտից մարմինն իջեցնի, բայց սարսափազդու տեսարանից սահմկռած՝ կանգ է առնում, որովհետև Տիրոջ անշնչացած մարմնից փայլակներ էին դուրս գալիս: Նա սկսում է աղոթել. «Սուրբ Աստված, սուրբ և հզոր, որ խաչեցար վասն մեր, ողորմյա մեզ»: Երեք անգամ աղոթելուց հետո հանկարծ հրաշքով Հիսուսի մարմինն իջնում է Հովսեփ Արիմաթացու ձեռքերի մեջ: Այս ավանդության վրա մեր շարականագիրները հորինել են մի գեղեցիկ շարական, որը երգվում է մինչ այսօր միայն մեր եկեղեցիներում, ու որի համար բազում դարեր մյուս եկեղեցիներից նախատվել ենք, թե ինչո՛ւ ենք այդ շարականը երգում. Աստված ինչպես կարող է խաչվել և մեռնել: Այս տողերը գրելիս հիշեցի, որ տարիներ առաջ ուղղափառ եկեղեցու մի քահանա զրույցի ժամանակ նորից այս հարցը բարձրացրեց, հայերիս հանդիմանելով դավանաբանական «սխալի» համար: Իմ մեջ հանկարծ միտք ծագեց նրան հարցնելու. «Հիսուսն արդյոք խաչի վրա եղած ժամանակ իր հետ խաչված ավազակին դրախտի՞ խոստում տվեց», նա պատասխանեց, որ այո՛, այդպես է:
Այդ դեպքում, ասացի ես, Էլ ո՞վ, Աստծուց բացի, մարդուն կարող էր դրախտի խոստում տալ, այն էլ չարագործ մի ավազակի, և ստախոս դուրս չգալու:
Նա անակնկալի գալով նման անսպասելի հարցադրմից, լուռ մնաց: Բայց սա՝ ի միջի այլոց, որպես խոսքի մի վրձնահարված սուրբ Գողգոթայի նկարագրության առնչությամբ:
Իսկ Գողգոթայի վերաբերյալ հարկ է, որ իմանանք` սկզբում այն հայերիս է պատկանել։ Իսկ դրա վերաբերյալ պատմական տեղեկությունը հետևյալն է։

(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ

Դիտվել է՝ 7056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ