Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ն օգտագործում է «հայկական գործոնը» Թուրքիայի հետ երկխոսությունում

ԱՄՆ-ն օգտագործում է «հայկական գործոնը» Թուրքիայի հետ երկխոսությունում
04.12.2012 | 00:12

Ամերիկացիները միշտ մեծ ափսոսանքով են նայել Ադրբեջանում Թուրքիայի ունեցած ազդեցությանը։ Նավթի ու գազի այդքան կարևոր աղբյուրը, ինչպես նաև տարանցիկ երկիրը, չպետք է գտնվեր Թուրքիայի ուժեղ ազդեցության տակ։ Թեև Արևմտյան ընկերակցությունը խոսքով ողջունում էր Եվրասիայի մահմեդական երկրներում Թուրքիայի աշխարհիկ քաղաքական օրինակի տարածումը, այդուամենայնիվ, այդ երկիրը դիտարկվում էր իբրև ասիական, ու նրա չափազանց մեծ ազդեցությունն Ադրբեջանի վրա անցանկալի էր։ Ամերիկացիներն ու եվրոպացիներն ուզում էին Ադրբեջանը տեսնել որպես ուժեղ արևմտահակ երկիր, որտեղ իսլամը ձևական նշանակություն ունենար։ Ադրբեջանը դիտարկվում է խիստ իրանահակ, թեկուզ և թուրքախոս երկիր, որն ունի աթեիզմի երկար պատմություն, աշխարհիկ խորհրդային հասարակության խոր ավանդույթ` համեմատաբար ոչ մեծաթիվ բնակչությամբ, ինչը հնարավորություն կտա առանց մեծ դժվարությունների այդ երկիրն ինտեգրել եվրոպական քաղաքական, սոցիալական ու տնտեսական տարածությանը։ Հենց միայն այդ գործոնից ելնելով էլ Արևմուտքը չի ձգտել աջակցել Ադրբեջանն իրենով անելու Թուրքիայի ջանքերին։
Արևմուտքում միշտ էլ երկյուղներ են եղել, որ Թուրքիան կփորձի կցել Ադրբեջանը և այն վերածել ձևական, ենթակա պետական կազմավորման, ուր ամերիկացիների և առաջատար եվրոպական պետությունների դիրքերը կսահմանվեին Անկարայից։ Կենտրոնական Ասիայի և Կովկասի պետությունների անկախության պաշտպանության անհրաժեշտության ամերիկյան թեզիսը նշանակում է ոչ միայն անկախություն Ռուսաստանից, այլև այլ տերություններից, նախ և առաջ Թուրքիայից։ Այս կապակցությամբ, Արևմուտքն աջակցում էր Ադրբեջանում կառավարող Հ. Ալիևի վարչակազմին, որը չէր ձգտում երկիրը ենթարկել Թուրքիային, այլ նրան դիտարկում էր միայն իբրև բարեկամ, դաշնակից երկիր։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական և արտքաղաքական խոշոր օգնություն ցուցաբերելու Թուրքիայի խնդիրը, ներառյալ ՆԱՏՕ-ի շրջանակներում լուծվող խնդիրները, ամեն կերպ հավանություն ու աջակցություն են ստացել ԱՄՆ-ի կողմից։ Հարկ է նշել, որ ռազմական ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությանն ԱՄՆ-ում դրական են վերաբերվել` դարձյալ ելնելով անվտանգության խնդիրների լուծման անհրաժեշտությունից, նկատի ունենալով Իրանից բխող իրական սպառնալիքը։
ԱՄՆ-ը, առանց Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունն անհրաժեշտ չափով ծավալելու, Թուրքիայի միջոցով լուծել է էներգամատակարարման ուղիների անվտանգության ապահովման խնդիրների մի մասը։ ԱՄՆ-ը բնավ ցույց չի տվել, թե ինքը երկյուղներ ունի թուրք-ադրբեջանական համագործակցությունից, բայց բավական քննադատաբար է վերաբերվել Ադրբեջանի ներքաղաքական անցուդարձին Թուրքիայի միջամտությանը։ ԱՄՆ-ն իր դիրքորոշումն արտահայտեց այն իրադարձությունների առնչությամբ, երբ Թուրքիան ձգտում էր աջակցել «Մուսաֆաթ» կուսակցությանը` իբրև ավելի թուրքամետ ուժի, փորձեր էր անում իշխանությունից հեռացնելու Ալիևների կլանը։ ԱՄՆ-ը, Ռուսաստանի հետ մեկտեղ, վճռորոշ դեր խաղաց 1992-93 թթ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիայի զսպման գործում։ Ամերիկացի փորձագետները համարում են, որ ԱՄՆ-ի խնդիրներից մեկն է Ադրբեջանին Թուրքիայի ռազմական աջակցությունը պահել ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, թեև դա չի հաջողվում։ ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության մեծացմամբ, և առաջին հերթին պաշտպանական ոլորտում։ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ադրբեջանում որոշումներն ընդունվեն ինքնուրույն` ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի առնչությամբ։
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կարևոր խնդիրներից մեկը եղել է այն, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից, որի կապակցությամբ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը դարձավ տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնային քաղաքական նախաձեռնություններից մեկը։ Կարգավորման խնդիրներին զուգընթաց, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր քաղաքականության ծավալման տարբեր փուլերում ձգտել է լուծել հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը, ներառյալ Մեղրիի «միջանցքի» բացումը։ Ամերիկա-թուրքական հարաբերությունների` 2003 թ. ծագած ճգնաժամից շատ չանցած, ԱՄՆ-ը զգալիորեն փոխեց իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առումով։ Փաստորեն, ԱՄՆ-ը չի պնդում, հակառակը, երբեք հետաքրքրություն չի դրսևորում Մեղրիի «միջանցքի» բացման հարցում։ Հայ-թուրքական խնդիրների լուծման միջոցով Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակից դուրս բերելու հնարավորություն չգտնելով, ԱՄՆ-ը ձեռնամուխ եղավ նոր մոտեցումների իրականացմանը, ուժեղացնելով Հայաստանին, նրան ցուցաբերելով քաղաքական ու տնտեսական աջակցություն։ ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, օգտագործում է «հայկական գործոնը» Թուրքիայի հետ երկխոսությունում։ ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է, Ռուսաստանին զուգընթաց, Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Սակայն այսօրվա դրությամբ Ադրբեջանին ցուցաբերել է Հայաստանին ցուցաբերվածի հետ անհամադրելի ռազմական օգնություն։ Այդուամենայնիվ, «Հազարամյակի մարտահրավերներ» նախագծի շրջանակներում Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած 235 մլն դոլար ծավալի տնտեսական օգնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա տնտեսական, նաև ռազմական կարողության ուժեղացում, այն պայմաններում, երբ Ադրբեջանն էապես մեծացնում է իր ռազմական բյուջեն։ Բացի այդ, Հայաստանին ԱՄՆ-ի ամենամյա օգնությունը կրկնակի գերազանցում է Ադրբեջանին ցուցաբերվող օգնությանը։ Թուրքիան հասկանում է, որ ԱՄՆ-ը մոտեցումներ է մշակել 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի լուծման ուղղությամբ։ ԱՄՆ-ի նախագահը 1915 թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն ճանաչելու հրամանագիրը կստորագրի այն բանից հետո, երբ դա ընկալվի ԱՄՆ-ի քաղաքական հասարակության կողմից, ներառյալ առանձին նահանգները, խոշոր ոչ կառավարական կազմակերպությունները, համալսարանական աշխարհը, Կոնգրեսը։ Մինչ այդ իրադարձությունը Թուրքիան պետք է լուծի իր խնդիրները Հայաստանի հետ, նախ և առաջ, նրան հարկադրի ճանաչելու 1921 թ. սահմանները։
Այդ քաղաքականությունը ենթադրում է ստեղծել տարածաշրջանային հաղորդուղիների նոր ուրվապատկեր, տնտեսական նոր հարաբերություններ, զինված ուժերի նոր տեղաբաշխում, որի հետևանքով նա պետք է դառնա Թուրքիայի լռին արբանյակ կամ առհասարակ դադարի գոյություն ունենալուց որպես պետություն և ազգ։ ԱՄՆ-ը հասկացել է, որ Թուրքիան չի կարող գործընկեր լինել շահագրգիռ պետություններից և ոչ մեկի համար, առավել ևս փոքր պետությունների համար։ ԱՄՆ-ի այս նոր դիրքորոշումը մեծ մասամբ բացատրվում է ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ։ Միաժամանակ, եթե ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար, ապա նա առաջին հերթին Հայաստանի անվտանգության ապահովման խնդիր պետք է ունենա։ Բայց այդ խնդրի լուծումը չի կարող իրականանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ ԱՄՆ-ը պետք է կա՛մ ընդունի Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի ռազմավարական գործընկերությունը, կա՛մ Հայաստանը վերածի «երկրորդ Իսրայելի», նրան տրամադրելով ամենաարդիական սպառազինություններն ու անվտանգության երաշխիքներ։
Ղարաբաղյան հարցը Թուրքիայի համար ռազմական ոչ մի նշանակություն չունի, տրվում է միայն հուզական գնահատական` կապված Ադրբեջանի շահերի ոտնահարման, նրա հասարակության վիրավորվածության, Թուրքիայում արմատական դիրքերից հանդես եկող որոշ շրջանակների արձագանքի հետ։ Թուրքիայի համար նշանակություն ունեն միայն արտքաղաքական խնդիրները, որոնք կապված են իր անվտանգության ու տնտեսական հաջող զարգացման հետ։ Թուրքիան միշտ վախեցել է, որ կներքաշվի ղարաբաղյան հակամարտության մեջ ու դրանով իսկ առճակատման մեջ կմտնի ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ։ Թուրքիան խնդիր ունի ընդունվելու Եվրամիություն, ռազմավարական բնույթի երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, դառնալու էներգահաղորդուղիների միջազգային հանգույց, նոր դիրքեր գրավելու Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի շուկաներում, հասնելու տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի։ Թուրքիայի կարևորագույն խնդիրներից մեկը զինված ուժերի արդիականացումն է, սկզբունքորեն նոր զինատեսակների ընդունումը սպառազինության, ինչը կախված է ԱՄՆ-ի, եվրոպական առաջատար պետությունների և Իսրայելի հետ հարաբերություններից։ Կասկած չկա, որ Անկարայում վախենում են կիպրական ու քրդական խնդիրներին ղարաբաղյանն էլ ավելացնելուց։ Թուրքիան վախենում է նաև, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նոր նախաձեռնությունները կհանգեցնեն այն բանին, որ ինքն ավելի մեծ կախման մեջ կընկնի նրանց ազդեցությունից և քաղաքական սակարկության առարկա կդառնա ռուս-ամերիկյան երկխոսությունում։ Թուրքիան բավական համոզիչ ցույց է տվել, որ ինքն ընդունակ է ռազմական ներխուժում կատարելու այն շրջանները, որտեղից իր անվտանգությանն իրական վտանգ է սպառնում։ Կասկածից վեր է, որ ղարաբաղյան հակամարտության գոտին, որը գտնվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի կոշտ վերահսկողության ներքո, սպառնալիք չի ներկայացնում Թուրքիայի շահերի համար։ Այդուամենայնիվ, դա չի նշանակում, թե Թուրքիան ծրագրեր չունի` կապված ղարաբաղյան խնդրի հետ։
Թուրքիան ղարաբաղյան հարցի առթիվ իր սկզբունքային դիրքորոշումը մշակել է դեռևս 90-ականների վերջին։ Ս. Դեմիրելն այդ դիրքորոշումը Հ. Ալիևին ներկայացրեց 1998-ի գարնանը` Անկարայի «Գյուլխանա» հիվանդանոցում նրա գտնվելու ժամանակ։ Իրատեսական դիրքորոշում ունեցող երկու փորձառու քաղգործիչները լիովին հասկացան միմյանց. Ս. Դեմիրելը պարզաբանեց Հ. Ալիևին, որ արմատական եղանակները, այդ թվում` ռազմական միջոցներով Հայաստանին հարկադրելը, միանգամայն անընդունելի են և ոչ մի օգուտ չեն տա, ինչը հաստատում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի վերաբերմունքը 1992 թ. հակամարտությանը միջամտելու Թուրքիայի մտադրության առթիվ։ Հայաստանին Թուրքիայի օդային հարվածի նախօրեին ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բրենթ Սքրոուֆթը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ և բացատրեց նրան, որ «չի կարող Թուրքիային զերծ պահել ռուսական հրթիռների հարվածից»։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը կասկած չունի, որ Հայաստանի դեմ ցամաքային ռազմական գործողության դեպքում ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Հայաստանի սահմանագլխին կուտակված թուրքական զինտեխնիկային։ Սրանք ոչ թե դատարկ խոսքեր են, այլ հիմնավոր։ Արդյունքում Թուրքիան հազիվ թե ցանկալի նպատակին հասնի, փոխարենը կհայտնվի մեկ այլ, ավելի բարդ արտքաղաքական վիճակում, ըստ էության` մեկուսացման մեջ։
Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն էլ հիմքեր չի տալիս այդ կարգի ռազմական գործողության համար։ Նման քայլը, թերևս, պաշտպանություն գտնի միայն արմատական և մյուս ազգայնական շրջանակներում, բայց հազիվ թե պաշտպանություն գտնի հասարակության առավել ծանրակշիռ շրջանակների ու խմբերի կողմից։ Թուրքիան, չնայած ներքին և արտաքին քաղաքականության նոր միտումներին, մնում է հավատարիմ իր ռազմավարությանը, առանձնանալով արտաքին քաղաքականության հետևողականությամբ ու հաջորդափոխությամբ։
Կասկած չկա, որ բացառելով ռազմական եղանակները, Ս. Դեմիրելը նկատի ուներ այն, ինչը Թուրքիային կներկայացներ որպես լուրջ պետություն` պատմական հեռանկարում ընդունակ լուծելու նաև այդպիսի խնդիրներ։ Թուրք քաղգործիչները կասկած չունեն, որ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ապագան կապված է թուրքական մեծապետականության հետ և այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և եվրոպական առաջատար պետությունների ազդեցության թուլացման հետ։ Եթե նույնիսկ Թուրքիան նախաձեռնություն չունի մոտ ապագայում ղարաբաղյան հարցի լուծման գործում, ապա նա, իհարկե, նկատի ունի հարևան շրջաններում տիրապետության ավելի հետագա ծրագրեր։ Բայց բանն այն է, որ Թուրքիան ենթադրում է այդ խնդիրը և առհասարակ Հայաստանի ճակատագիրը լուծել ավելի մոտ հեռանկարում։ Թուրքիան Կովկասում, մյուս տարածաշրջաններում իր երկարաժամկետ քաղաքականությունը կառուցում է, հաշվի առնելով այդ երկրների տնտեսական, մշակութային-սոցիալական, քաղաքական կողմնորոշումն իր նկատմամբ, թեև դեռևս չունի այնպիսի կարողություն, որն անհրաժեշտ է տարածաշրջանային մեծապետության դերին հավակնելու համար։ Թուրքիան հասկանում է, որ չի կարող այդ դերին հավակնել, քանի դեռ տարածաշրջանային հիմնական հաղորդուղիները չեն անցնում իր տարածքով։
Աշխարհատնտեսությունը Թուրքիայի քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչ մասն է, որից կախված է ազդեցության տարածաշրջանային մրցավազքում առաջնության նվաճումը։ Այդ մրցավազքում Թուրքիայի գլխավոր մրցակիցներն են Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ը, որոնք հանդես են գալիս որպես Եվրոպայում և այլ տարածաշրջաններում տիրապետող ուժի հավակնորդներ։ Թուրքական ռազմավարության ծավալման հնարավոր սխեմաներից ոչ մեկում Հայաստանը չի կարող գործընկեր լինել, նա լավագույն դեպքում ոչ պիտանի տարր է տարածաշրջանային քաղաքական կյանքում։ Ղարաբաղյան խնդրի «կարգավորման» հերթական փուլի (2008-2009 թթ.) շրջանում Թուրքիան լիովին զգաց այդ հարցի լուծման այս կամ այն վարկածում ներգրավվելու վտանգը։ Ավելին, ոչ միայն ղարաբաղյան խնդիրը, այլև թուրք-հայկական հարաբերություններն են Թուրքիայի կողմից ընկալվում իբրև իրեն ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի քաղաքականությանը «կապելու» խիստ վտանգավոր հեռանկարի մեջ ներգրավելու ասպարեզ, և դեռ Եվրամիության մասնակցությամբ։ Թե՛ Հայաստանը, թե՛ ղարաբաղյան թեման Թուրքիայի համար արտաքին կախումը մեծացնելու նույն ճանապարհն են։ Թուրքիան Հայաստանն ընկալում է նույն կերպ, ինչպես հարյուր տարի առաջ, երբ «հայկական գործոնն» առիթ էր իր գործերին այն նույն տերությունների միջամտության համար, որոնք հիմա էլ են փորձում շահ քաղել Անկարայի վարքագծից։
Միաժամանակ, Թուրքիան չի կարող Ադրբեջանի ռազմական պարտություն թույլ տալ, որովհետև դրանով նա կարող է կորցնել իր հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում։ Լինելով պատերազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունների զսպիչ գործոններից մեկը, Թուրքիան մեծ ուշադրություն է նվիրում նրա պաշտպանունակության ամրապնդմանը, սակայն այդ ջանքերը, ավելի շուտ, ուղղված են ոչ թե Ադրբեջանի վերջնական ռազմական հաջողության ապահովմանը, այլ նրա բացահայտ ռազմական պարտություն թույլ չտալուն, ինչպես նաև այն բանին, որ ինքը հնարավորություն ունենա անմիջականորեն չմիջամտելու հնարավոր ռազմական բախմանը։ Թուրքիայի այդ դիրքորոշումն ու խնդիրները լիովին ներդաշնակում են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հանդեպ նրա ունեցած պարտավորություններին, և առհասարակ` նրա արևմտյան գործընկերների կողմից ընկալվում են իբրև թույլատրելի։ Մինչդեռ ԱՄՆ-ը սպառազինությունների միանգամայն անսքող մրցավազք է նախաձեռնում Հարավային Կովկասում, նկատի ունենալով Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանունակության ուժեղացումը, ինչպես նաև Հայաստանին ազդանշաններ հաղորդելով հնարավոր, ավելի լայն ռազմական համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ուժեղացման այս կամ այն միջոցառման պայմաններում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունն ընկալվում է միանգամայն «ներդաշնակ» ու բնական։
1997-98 թթ. ընթացքում շատ կարևոր շփումներ տեղի ունեցան Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարների միջև, որոնց արդյունքում մշակվեցին երկու երկրների հարաբերությունների սկզբունքները։ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են հետագայում համադաշնություն ստեղծելու մտադրության մասին, պայմանով, որ երկու պետությունները մնան որպես միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ, սակայն միավորեն ջանքերը տնտեսական, քաղաքական և ռազմական համակարգերի զարգացման ասպարեզում։
Հենց սկզբից ԱՄՆ-ը ոգևորությամբ չի վերաբերվել այդ մտադրությանը։ ԱՄՆ-ը շահագրգռված է Կովկաս-կասպյան ավազանում Թուրքիայի ազդեցության որոշ սահմանափակմամբ։ ԱՄՆ-ը կարծում է, որ Թուրքիան շատ հնարավորություններ ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման համար` առանց համադաշնության ստեղծման էլ։ Սակայն ԱՄՆ-ի հնարավորություններն անսահման չեն։ Նա հասկանում էր, որ Ադրբեջանը Թուրքիայի համար ուրիշ նշանակություն ունի, քան Կենտրոնական Ասիան։ Առայժմ փորձագիտական ընկերակցությունում և միջազգային հասարակական կարծիքում պահպանվում են այն պատրանքները, թե Թուրքիայի ու Ադրբեջանի թուրքերը նույն ազգն են` նույն լեզվով, նույն արժեքներով ու փոխձգողությամբ։ Դրա համար էլ ԱՄՆ-ը չի ձգտել ձախողել այդ ծրագրերը։ Համադաշնության կազմում ադրբեջանական վերնախավը կկորցնի իր ազդեցությունն ու նշանակությունը սեփական երկրում։ ԱՄՆ-ը շահագրգռված է տարածաշրջանում շատ սուբյեկտների առկայությամբ և ոչ թե մեծ հավակնություններ ունեցող միասնական «նոր» կայսրությամբ։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ