«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ես սկզբունքային բանավեճ ունեմ ճշմարիտ պատմաբանների հետ

Ես սկզբունքային բանավեճ ունեմ  ճշմարիտ պատմաբանների հետ
04.12.2012 | 00:02

Բոլոր ժամանակների տարաբնույթ հոսանքներին համընթաց փռփռացող մեկի ամբարտավանությունը ցուցադրելու համար անհրաժեշտ էր ի մի բերել նրա անցած «փառավոր» ճանապարհի գոնե որոշ դրվագներ: Այդ պատճառով ուշացումով եմ արձագանքում Հրանտ Աբրահամյանի` «Իրատես de facto»-ի 2012 թ. թիվ 69-ում տեղ գտած նյութին:
Այո, ամոթ է վերջապես, երբ արտագրություններով 24 գրքի և 120 հոդվածի տեր դարձած, դոկտորի ու պրոֆեսորի կոչումների հասած պատմաբանը տեղեկություն չունի մեր հայրենիքի տարածքների մասին։
428 թվականից Արցախը և ՈՒտիքն իր մեջ ընդգրկած Աղվանից աշխարհը սույն պրոֆեսորը կիսում է երկու մասի` Հայոց Աղվանք և Բուն Աղվանք` ժխտելով վերջինիս հայի հայրենիք լինելը, առանց պատկերացնելու, թե գիտական ինչ անհրաժեշտությամբ շրջանառվեց Բուն Աղվանք հասկացությունը: Ոչ թե հայ ժողովրդի մեղքով, այլ պատմական ճակատագրի բերումով է, որ նրա Կապանը պարսկական նվաճողները թարգմանեցին Դարբանդ (փակ դուռ), թուրքերը աղավաղեցին` դարձնելով Դերբենդ, նույնանման աղավաղումներով մեր Կապաղակը դարձրին Գաբալա, մեր Քարհատը` Դաշքեսան, Արտաշատը` Դավալու:
Ստում է այս դոկտոր, պրոֆեսորը, թե լավ գիտե, որ Վաչագան Բարեպաշտը ծնվել է Բուն Աղվանքում և ոչ թե մեր ծննդավայր Գիշի գյուղում: Բագրատ ՈՒլուբաբյանը նման բան չի գրել, որ ինքն էլ նկարի: Թող ընթերցողը հույս չունենա, որ նրա հսկայածավալ արտագրություններում կգտնի սեփական գլխի արտադրանք մեկ միտք:
Այո՛, ես սկզբունքային բանավեճ ունեմ մեր ճշմարիտ, կայացած, վաստակի տեր պատմաբանների հետ, նրանց վերաբերվում եմ հարգանքով ու հարազատի զգացողությամբ: Երբ ծանոթացա Հ. Սվազյանի «Աղվանից աշխարհի պատմություն» գրքին, մամուլում հատուկ արձագանքեցի. «Հրապարակի վրա է ամբողջական ու ավարտուն մի ուսումնասիրություն, որը ներկայացնում է Աղվանից աշխարհի հազարամյա մի ժամանակաշրջանի պատմական տեղաշարժերի, քաղաքական հեղաբեկումների լիակատար ու համարյա անթերի պատկերը: Եթե գիրքը մի թերություն ունի, դա հրատարակության տարեթվի բացակայությունն է»: Բայց դա չխանգարեց շարունակելու Աղվանից աշխարհի ազգային պատկանելության մասին մեր սկսած բանավեճը, որ շատ ջանքեր է պահանջելու, որպեսզի պատմական ճշմարտությունը մտնի իր իրավունքների մեջ: Իմ նախորդ ելույթը նույնպես պատմական իրողությունների ճշմարիտ ընթացքը ցուցադրելու միտումն ուներ, որին մղում տվողը պարոնի մի հայտարարությունն էր: Իմ բանավեճը պատմաբանների հետ է, ոչ թե պատմաբան կոչվածների:
Մեր ժամանակի հերոս Հրանտ Աբրահամյան, քո 24 գրքից քանի՞սն ես թխել չաղ-չաղ գումարներ վաստակելու համար: Որպես շարժման ակունքներում կանգնած անձ` գիտենք, որ շարժման ելման կետում երեք պատվիրակություն է Ղարաբաղից հասել Կրեմլ, վերջինն էլ այնտեղից վերադարձել է Միխայլովի խոստացած «կարմիր հույսերով», և մենք չենք հասկացել, որ այդ «կարմիրը» արյան գույնն է: Ախր ո՞նց մոգոնեցիր չորրորդ պատվիրակությունը, գրքի տեսքով հերոսացրիր տիրոջը: Դրա համար ինչքա՞ն գումար ես վաստակել։ Նման վաստակի ակնկալիքով մեկին էլ դարձնում էիր Շուշին ազատագրող` տիրոջը կանգնեցնելով անհարմար վիճակի առաջ, և իրականության այդքան լկտի նենգափոխման առաջացրած բուռն աղմուկի պարտադրանքով կյանքում մի անգամ ստիպված եղար «Գոլոս Արմենիի» էջերում մեղայական տեղադրել: ՈՒրիշ քանի՞ գիրք ես գրել նման նպատակով:
Հարգարժան ընթերցող, ես չեմ անդրադառնա «պատմաբանի» արտագրածներին: Ձեզ ենք տրամադրում ընդամենը մեկ նախադասություն, իսկ դուք էլ գտեք տոննաների ծանրություն կշռելու ունակ մի կշեռք` որոշելու նրա պատմա-ԲԱՆության քաշը:
Ահա այն: «Արցախը Ք.ա. 4-րդ դարի սկզբին կարևոր դեր է խաղացել Արևելյան Հայաստանում և Անդրկովկասում, մանավանդ Աղվանքում քրիստոնեություն տարածելու գործում» (էջ 9): Այստեղ արտառոցն ու զավեշտականը միայն այն չէ, որ Քրիստոսի ծննդից 400 տարի առաջ Արցախը ոչ միայն քրիստոնյա ու քրիստոնեություն տարածող է եղել, այլև Անդրկովկասը ռուսական տիրապետության տակ անցնելու հետևանքով շրջանառության մեջ մտած Արևելյան և Արևմտյան Հայաստան հասկացությունները 2300 տարով թռցնում է հետ: Դե, հարգելի ընթերցող, նրա ԲԱՆ-ության քաշը որոշեցեք: Իմաստ էլ չունի նրա այդ ԲԱՆ-ությանը մեր անդրադառնալը, քանի որ ուրիշներն արդեն նրա վրայից հանել են դոկտորա-պրոֆեսորական փիլոններն ու մերկացրած պառկեցրել արևի տակ… Ահա ոչ լրիվ ցանկը այդ մերկացումների. Հարությունյան Մ. Ա. «Այդպես չեն գրում պատմությունը» «Ազատ Արցախ», 2008 թ. N 65, նույնի` «Երբ կեղծիքն է պատմաբանի զենքը», («Ա. Ա.», 20 օգոստոսի 2008 թ., նույնի` «Վերստին Շուշիի ազատագրման պատմության հիմնահարցերի մասին» («Կաճառ» տարեգիրք N 1, 2008 թ.) նույնի` «Հայաստան-Արցախ. պատմության և արդիականության զուգահեռներում» հոդվածների ժողովածու (2009 թ.) Հրաչիկ Հարությունյանի` Շուշին ազատագրողին «հայտնաբերած» մեր պատմաբանին ջախջախող ելույթը «Գոլոս Արմենիի» էջերում և այլն:
Ցավով պետք է արձանագրենք, որ հետխորհրդային հայ իրականություն մուտք գործած վտանգավոր չարիքներից մեկն էլ աջ ու ձախ ճարակող մարդկային ու քաղաքացիական բարոյականության կորուստն է, որ դարձել է շատ շատերի կենսակերպը: Խառնակ ու անկառավարելի մեր օրերում շատերն են ոտնահարում ամեն մի սրբություն, միայն թե կարողանան իրենց անձնական շահերն ըստ ամենայնի ապահովել` սկսած նյութականից մինչև գաղափարախոսականը: Այդպիսիներն անմիջապես որոշում են, թե տվյալ պահին քամին ինչ ուղղությամբ է ընթանում, և հաջողությամբ նույն ուղղությամբ էլ սավառնում են, դառնում «առաջամարտիկներ», ազգային հերոսների կեցվածք ընդունում: Այդպիսիներից մեկն էլ այս «պատմաբանն» է։

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ