«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ո՞վ ասաց, որ աքսիոմները պետք չէ ապացուցել. ոչինչ հավերժական չէ

Ո՞վ ասաց, որ աքսիոմները պետք չէ ապացուցել. ոչինչ հավերժական չէ
04.12.2012 | 00:45

Եթե Հայաստանի քաղաքական ուժերը չեն շտապում հիշել, որ փետրվարին երկրում նախագահական ընտրություններ են, կամ այնքան են շտապում, որ մոռանում են իրենց անելիքները, Ռուսաստանը և Եվրոպան, ինչպես ճշտապահ ժամապահներ, գիտեն տեղի, ժամանակի, իրադարձության համադրման կարևորությունն իրենց նպատակների համար:

Անցյալ շաբաթ Հայաստանում էր Նիկոլայ Ռիժկովը: Ճիշտ ժամանակին հրավիրվել էր ԱԺ և ՌԴ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: 21-րդը: ՈՒ երբ Հայաստանում է Նիկոլայ Ռիժկովը, հայ-ռուսական բարեկամությունը հավերժ է, հենց նա էլ չխոստացավ, բայց ասաց, որ ՌԴ նախագահը Հայաստան 2013-ի սկզբին կգա: Դիվանագիտության մեջ սկիզբն այնքան տարողունակ հասկացություն է, որ Պուտինը կարող է Հայաստան գալ և մինչև փետրվար, և փետրվարից հետո, ու դա կլինի, միևնույն է, տարեսկիզբ: Իհարկե, ժամկետային քաղաքական տարբեր իմաստավորումներ կունենա նրա այցը, եթե ընդհանրապես Վլադիմիր Վլադիմիրովիչը գա Հայաստան: Եթե չգա էլ, հայերս իմաստ կգտնենք նրա չգալու մեջ: Ռուսաստանը զբաղված է ինքն իրենով ու իր հարավկովկասյան տարածաշրջանային շահերի պաշտպանությանը հատկացնում է ճիշտ այնքան ժամանակ և ուշադրություն, որքան պետք է իրեն:
Անցյալ շաբաթ Հայաստանում էին բարձրաստիճան եվրոպացիներ: Առիթը ԵԺԿ արևելյան գործընկերության համաժողովն էր, որի անցկացումը Երևանում, նախընտրական նոյեմբերին արդեն իսկ խոսուն փաստ է Եվրոպայի դիրքորոշումների մասին: Եվրահանձնաժողովի նախագահն ու ԵԺԿ-ի նախագահը Երևան էին եկել հավաստելու, որ ևս հինգ տարի պատրաստ են աշխատելու Սերժ Սարգսյանի հետ և այնքան են պատրաստ, որ արդեն դեկտեմբերին անցագրերի վերացման հարցը կլուծվի, «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանին, ժողովրդավարության զարգացման համար, կտրվի ֆինանսական, խորհրդատվական և այլ աջակցություն: Եվրոպան հիշում է Հայաստանի տեղը, հիացած է հայ մշակույթով և պատրաստ է Հայաստանի հեռանկարը հստակեցնելուն նպաստելու: «Եթե»-ների մասին չխոսենք, որովհետև շատ հայտնի «եթե»-ներ են, առավել քան հայտնի է, թե Եվրոպան երբ և ինչպես է վերաբերվում իր իսկ պայմաններին:
Փաստ է, որ Հայաստանի նախագահական ընտրություններն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, և այդ աշխարհաքաղաքականը չի սկսվում ու չի ավարտվում միայն տարածաշրջանային հակամարտությունների խնդրով: Խաղաղությունն ու անվտանգությունը ինքնանպատակ չեն, այլ զարգացման պայմաններ են, որ անհրաժեշտ են տնտեսական ծրագրերի համար:
Սովորաբար Հայաստանի քաղաքական ուժերի գործունեությունը դիտվել ու դիտվում է առանձին: Առավել ևս նախընտրական ժամանակամիջոցներում, երբ նրանց կողմնորոշումները սկսում են անձնավորվել, որոշակի դաշինքների ու դասավորությունների հիմքում դրվում են սեփական քաղաքական նախապատվություններն ու շահերը: Հարկավ, ներկայացված իբրև համաժողովրդական շահ: Բայց այդպե՞ս է արդյոք: Գուցե յուրաքանչյուր առանձին վերցրած քաղաքական ուժի գործունեությունն ավելի հասկանալի ու կանխատեսելի կդառնա, երբ դիտարկվի ոչ թե արած ու չարած հայտարարությունների, ինքնորոշումների ու կողմնորոշումների հարթության մեջ, այլ բոլորի միասնության: Միապետություններից ժողովրդավարություն ու ժողովրդավարության տարբեր մոդելների ընտրություն անցած ճանապարհին մարդկությունը հնարել է ոչ միայն փաստարկների ժանրը, այլև հակափաստարկների: Քաղաքականության մեջ, և այդպես եղել է միշտ, կարևոր են ոչ միայն հրապարակային դրսևորումները, այլև (և ավելի) չերևացող ու չհայտնիացող հարթությունը, որի վրա քաղաքական ուժերը բոլորովին այլ դասավորություն, նպատակ ու խնդիրներ ունեն:

Այս մասին գերադասում են լռել, կամ խոսում են ասեկոսեների մակարդակով, որովհետև երբ այս մասին սկսում են բացահայտ խոսել, ուրեմն այդ դասավորությունը սպառել է իրեն, իրագործել է նպատակը կամ ձախողել և այլևս չի կարող որևէ խնդիր լուծել: Ցանկացած իշխանության մշտապես պետք է ընդդիմություն, համենայն դեպս, այդպես է մտահղացված ժողովրդավարության մոդելը` իբրև ժողովրդապետության ապահովման միջոց, երբ տարբեր քաղաքական ուժեր միմյանց հերթագայելու հնարավորություն ունեն` ընտրությունների ժամանակ մեծամասնություն ստանալու միջոցով: Բայց սա ոչ միայն հնարավորություն է, սա, ըստ էության, պարտավորություն է, որ ենթադրում է նաև համագործակցություն, որովհետև երկուսով էլ լուծում են նույն խնդիրը` պետության կայացում ու կենսապահովում: Այսինքն` իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց հետո սերտորեն շաղկապված են ոչ միայն տեսակետների ու գաղափարների տարբերությամբ, այլև ընդհանրական նպատակներով: Բացի ամեն ինչից, սա նաև նշանակում է, որ իշխանությունը հնարավորություն է ստանում ստեղծելու իր համար հարմար ու շահեկան ընդդիմություն` միանգամայն կառավարելի ու անվտանգ` հակառակ հրապարակային ելույթների շանթ ու որոտի` իբրև քննադատություն: Այս կարգի ընդդիմությունն ամեն ինչ կասի, բայց երբեք ոչինչ չի անի իշխանության դեմ, որովհետև ոչ միայն ֆինանսավորվում է իշխանության ձեռքից, այլև այլ առաքելություն չունի` մտահղացված, ձևավորված ու կառուցված է իբրև մոդելի բաղկացուցիչ, պետական կառավարման մաս, որ իր չափով ու իր խոսափողով բարձրաձայնում է արտաքին ու ներքին քաղաքականության այն հատվածները, որոնք պետք են իշխանությանը, բայց իշխանության ասելիքը չեն ու ոչ էլ անելիքը: Սա բարդ ու դժվար կառուցված բուրգ է, որի ներքինն ու արտաքինը միանգամայն հակասում են միմյանց, ավելին, որտեղ մի սխալ տեղակայված քար կարող է կառույցը ոչնչացնել: Տեսականում, իհարկե, ամեն ինչ հեշտ ու հանգիստ դասավորվում է և խճաքարերով ցանկացած խճանկար հնարավոր է հավաքել, բայց երբ սկսվում է մոդելի գործնական կյանքը, մարդկային գործոնը միշտ իր վտանգներն է բերում: Պարզապես որևէ պարագայում հնարավոր չէ հարյուր տոկոսով ծրագրել ու մոդելավորել մարդու (քաղաքական ուժերի դեպքում` հարյուրավոր մարդկանց) գործունեությունը: Այնուամենայնիվ, ռիսկը փոխհատուցվում է, որովհետև ցանկացած իշխանություն ունենալով կառավարելի ընդդիմություն, ապահովում է իր թիկունքը: Իսկ կառավարելիության սանդղակը ապահովության համար հավաքվում է ոչ միայն ֆինանսական բաղադրիչով, հին ու փորձված մեթոդ կա` կարկանդակի ու մտրակի: Եթե կարկանդակի պարագան հնարավորինս քողարկվողն է, մտրակի պարագան ամենալուրջ մտածվածն է` սկսած տարբեր ծառայությունների հավաքած անհայտ ու պայթուցիկ տեղեկատվությամբ թղթապանակներից մինչև արդարադատության համակարգ ու պատժիչ գործողություններ: Ոչինչ այնքան չի բարձրացնում ընդդիմության վարկանիշը, որքան իշխանությունների հալածանքները:
Շտապեմ հավելել, որ որևէ երկրում ամեն ինչ այդքան հաշտ, հեշտ ու պարզ չէ: Միշտ գտնվում են մարդիկ, որ մնում են անկառավարելի, որ համաձայն չեն գծակարգերում տեղավորվելուն ու ամբողջ կյանքում տեղաշարժվելուն Ա կետից մինչև Բ կետը, Բ կետից մինչև առավելագույնը Դ-ն, նրանց հաջողվում է որոշակի ժամանակի մեջ կազմաքանդել կամ ձևափոխել մոդելները: Եթե նրանք են գալիս իշխանության, կարճ ժամանակում ստեղծում են իրենց փաստարկների ու հակափաստարկների համակարգը: Պետության կառավարումը չափազանց լուրջ, վտանգավոր ու դժվար գործ է, որ հնարավոր լինի անակնկալների ու անկանխատեսելի մարդկանց կամ իրավիճակների տեղ թողնել: Հենց այդ պատճառով էլ անմահ է Ռիշելիեների տոհմը. որքան էլ անշնորհակալ է նրանց գործը, նրանք ստվերում ավելին ունեն, քան գահակալները, նրանք փոխում են անունները, բայց ոչ գործը:
Իսկ ժողովո՞ւրդը: Հարցը օրինական է և միանգամայն տեղին: Որևէ իշխանության տևականության նվազագույն պայմանը գոյության այնպիսի պայմանների ստեղծումն է, երբ առանձին մարդկանցից բաղկացած ժողովուրդն ուղղակի կուշտ է, ապահովված է աշխատանքով, կարող է սովորել և հանգստանալ, զբաղված է իր հոգսերով, ունի պաշտպանված իրավունքներ և ազատություններ, ինքնարտահայտման ու կարիերային առաջընթացի հնարավորություններ: Ապրում է ինքը, և երաշխավորված է, որ իրենից մի քիչ ավելի լավ կապրեն իր զավակները: ՈՒրիշ ի՞նչ է պետք:
Դուք դեռ ուզում եք հարցնել, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում:
Կամ` ինչո՞ւ իշխանության համար անհրաժեշտություն են իր օլիգարխները, ինչո՞ւ նրանց թիվը չի պակասում, ինչո՞ւ նրանք միշտ ունեն արտոնություններ, երբեմն` միայն պարտավորություններ, մասնավորապես` հարկեր մուծելու պետական գանձարան: Ինչպե՞ս է պատահում, որ ընտրությունների ժամանակ ու ընտրություններից հետո նրանք երբեմն հայտնվում են բանտում ու կորցնում են իրենց ունեցվածքը, ո՞ր դեպքերում են վերականգնում նախկին հզորությունը, ի՞նչ գնով և ինչո՞ւ: Գուցե ձեզ հետաքրքրում են լրատվամիջոցնե՞րը և հեռահաղորդակցության ա՞յլ միջոցները: Գծակարգը նույնն է: Տարբերությունները պայմանավորված են մասնագիտական բթությամբ կամ վարպետությամբ: Նաև այն հանգամանքով, որ լճացած իշխանությունների պարագայում իշխանական տարբեր թևերի տարակարծությունները հարկադրում են իրենց հակասությունների հաղթահարման կամ հակառակորդին ոչնչացնելու գործընթացում օգտագործել նաև լրատվամիջոցները, և այդ ժամանակ լրատվամիջոցները դառնում են հատկապես ընդդիմադիրոտ: Գուցե ձեզ հետաքրքրում է, թե նման գծակարգն ինչպե՞ս է հնարավոր գործարկել: Շատ պարզ` բոլորովին պարտադիր չէ, որ որևէ գործ անող իմանա, թե որն է իր արած գործի բուն նպատակը: Կուսակցությունների շարքային անդամները բնավ անհրաժեշտ չէ, որ իմանան, թե որն է իրենց կուսակցության բուն խնդիրը: Նրանք կուսակցության միջոցով ստանում են որոշակի արտոնություններ և ուրեմն` պարտավոր են իրականացնել կուսակցության քաղաքականությունը: Կուսակցական կարգապահությունը բոլորի համար է` մտածիր ինչ ուզում ես, հրապարակիր կուսակցական տեսակետը: Չե՞ս ուզում, դուռը բաց է: Միշտ ունես ընտրություն` ոչինչ չունենալ, կամ ունենալ որոշակի գնով: Քո տեղը թափուր չի մնա:
Հայաստանի երրորդ Հանրապետության անցած ճանապարհին անգամ հպանցիկ հետահայացը բազում ապացույցներ է բերում: Որտե՞ղ են և ի՞նչ են անում տասնյակ կուսակցությունները, ինչո՞ւ կազմաքանդվեցին և գործնականում հեռացան քաղաքական ասպարեզից, ևս մի տասնյակ կուսակցություններ ի՞նչ շրջադարձեր ապրեցին ընտրություններից հետո ու քաղաքական դաշտի ո՞ր հատվածում են (իրենց ղեկավարները կամ շարքային կուսակցականները, որ անցած 20 տարիներին հասցրել են մի քանի կուսակցության անդամագրվել ու հեռանալ ավելի լավ կյանքի հետևից): Ինչո՞ւ չի կայանում բազմակուսակցական համակարգը: Ընդհանրապես` ի՞նչ խնդիրներ են առաջադրվում կուսակցություններին, ու մինչև ե՞րբ են իշխանական կուսակցությունները կատարելու աշխատանքի տեղավորման գրասենյակների պարտականություններ: Մի մտածեք, սա ընդհանրական գծակարգ է բոլոր պետությունների համար, պարզապես որոշ դեպքերում արդարությունն է գործողությունների առանցքը, որոշ դեպքերում արդարության մասին մոռանում են: Մենթալիտետի խնդիր է, մեկ էլ` գիտակցության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Դուք դեռ ուզո՞ւմ եք իմանալ` ինչո՞ւ ԲՀԿ-ն այլընտրանք է և պատրաստվում է ընդդիմություն դառնալո՞ւ, ի՞նչ ու ինչո՞ւ կատարվեց ՀԱԿ-ի հետ, որ ինքնավերացման ճանապարհին ընդամենը զիգզագներ է անում, ի՞նչ նպատակներ ունի և ինչպե՞ս է իրագործում ՀՀԿ-ն: Քաղաքական դաշտը ի՞նչ դասավորություն կունենա մինչև ընտրություններ և հետո, ու ի՞նչ պիտի անեք ինքներդ: Կամ նորից կարդացեք, ինչ արդեն կարդացել եք, կամ մոռացեք իսպառ և սպասեք մինչև կկվի ձեն ածելը:

Դիտվել է՝ 3124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ