Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Անիծյալ կայսրության դեմ պայքարը կարող է լիովին շահութաբեր լինել»

«Անիծյալ կայսրության դեմ պայքարը կարող է լիովին շահութաբեր լինել»
07.12.2012 | 00:13

Նոր դարագլուխը, ամենայն հավանականությամբ, սկսել է թելադրել նաև նոր աշխարհայեցողական դիրքորոշումներ և մարդկային համակեցության սուր խնդիրների լուծման նոր մոտեցումներ։ Այսպես, դեռ վերջերս միանգամայն անսասան էին թվում 20-րդ դարի այնպիսի քաղաքական կանոններ, ինչպիսիք են` «Քաղաքականությունը խտացված տնտեսություն է» կամ «Քաղաքականությունը տնտեսության շարունակությունն է` այլ միջոցներով» (որոշ փորձագետներ ավելացնում են ևս մեկ թեզիս` «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է»)։ Սակայն կյանքը կտրուկ փոխվում է, նոր պահանջներն ու պայմանները սկսել են վերաձևել նաև նախկին շատ կանոններ։ Բերենք մի քանի օրինակ միայն։

Բոլորս շատ լավ գիտենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վերջին տարիներին, մեղմ ասած, այնքան էլ «բարիդրացիական», առավել ևս «ռազմավարական» չեն։ Էրդողանի հարձակումներից հետո երկու տարի առաջ Դավոսում ծայր առած վատ փոխհարաբերությունները, կարծես, ոչ միայն չեն մեղմանում, չնայած Վաշինգտոնի բոլոր հորդորներին, այլև ավելի են վատանում և տարածվում երկու երկրների բնակչության փոխադարձ վերաբերմունքի վրա։ Ահա և Գազայի վերջին իրադարձությունները, որոնք «արդարամիտ» թուրք վարչապետն անվանում է, ոչ ավելի, ոչ պակաս, «ցեղասպանություն», և որոնց պատճառով թուրքական «գթասիրտ» արտգործնախարարը «չի կարողանում զսպել արցունքները», միայն վատացրին ընդհանուր մթնոլորտը։ Դիմելով պաղեստինցիներին, նրանք «հանդիսավոր երդվում են». «Ձեր ցավը 75-միլիոնանոց Թուրքիայի ցավն է։ Մենք ձեզ փորձանքի մեջ չենք թողնի և Պաղեստինի ժողովրդի կողքին կլինենք, քանի դեռ նա ազատություն չի ստացել»։ Սակայն տնտեսական թվերը համառ բան են ու միանգամայն այլ բան են ասում։
Պարզվում է, ո՛չ սերը պաղեստինցիների և առհասարակ արաբների նկատմամբ, ո՛չ «ազատության տորմիղի» հիշարժան ուղերթի ժամանակ թուրքերի մահվան համար վիրավորանքը չեն խանգարում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Այսպես, վերջին ժամանակներս Թուրքիան իսրայելական ապրանքներ ներմուծող երկրների շարքում ութերորդ տեղից բարձրացել է վեցերորդ, իսկ այդ երկրի իսրայելական արտահանության ծավալը 2011 թ. աճել է 40 տոկոսով։ Եվ այս ամենը` երկու պետությունների միջև եղած քաղաքական վատ հարաբերությունների պայմաններում։ Եթե 2001 թ., երբ երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների բարձրակետն էր, առևտրի ծավալը կազմում էր 1,2 մլրդ դոլար, ապա դրանց անկման շրջանում, օրինակ` 2010-ին, այն, որքան էլ տարօրինակ լինի, գրեթե եռապատկվել էր, հասնելով 3,5 մլրդ դոլարի։ Նշվում է, որ Թուրքիա կատարվող արտահանության աճի տեմպերն ամենաարագն են իսրայելական ապրանքներ ներմուծողների առաջին տասնյակում։ Ավելին, դրանք ունեն ամենամյա կայուն աճի միտում։ Թեև հաղորդվում է իսրայելական ռազմարդյունաբերության համար կատարվող մատակարարումների զգալի կրճատման և նույնիսկ դադարեցման մասին, այդուամենայնիվ, թուրքական ընկերություններն ակտիվորեն իսրայելական քիմիական և նավթավերամշակման արդյունաբերության արտադրանք են գնում։ Թուրքիա առաքվող իսրայելական արտադրանքի մեջ կարևոր տեղ են գրավում պլաստմասսան, ռետինե իրերը, սարքավորումները, մետաղը, հանքանյութերը, թուղթն ու ստվարաթուղթը, տեքստիլը, գյուղմթերքները և այլ ապրանքներ։ Կարևոր է նաև, որ այդ ապրանքների մեծ մասը նախատեսված է արդյունաբերական օգտագործման համար։ Ի դեպ, Թուրքիայից Իսրայել արտահանումը 2011 թ. կրճատվել էր գրեթե 15 տոկոսով, սակայն ասել, թե այստեղ խառն է «քաղաքականության մատը», իհարկե, սխալ կլինի։ Այնպես որ, ամեն մեկն իր գործն է անում` դիվանագետները վիճում են, առևտրականները` առնում-ծախում։
Շատ հնարավոր է, որ որոշ ընթերցողներ, հատկապես նրանք, ովքեր հակված են բոլոր իրադարձություններում «համաշխարհային դավադրություններ» տեսնելու, մտածեն, թե Անկարայի և Երուսաղեմի ներկա վատ քաղաքական հարաբերությունները լավ սարքված ներկայացում են` արաբական աշխարհում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու համար։ Սակայն մենք կանդրադառնանք երկու այլ երկրների` ԱՄՆ-ի ու Վենեսուելայի ոչ պակաս հետաքրքիր հարաբերություններին, որոնք դժվար է դիտարկել «գաղտնաբանության» տեսանկյունից։
Եթե Չավեսն իր կուրսն անվանել է «21-րդ դարի սոցիալիզմ», ապա շատ նման է, որ Վաշինգտոնն իր հերթին նրա վարչակարգի նկատմամբ «որդեգրել» է «21-րդ դարի իրատեսության» քաղաքականություն։ Լրատվամիջոցներում նշվում է, որ անգամ Վենեսուելայի և Իրանի միջև հարաբերությունների ցուցադրական ամրապնդումից հետո, այն բանից հետո, երբ հաղորդումներ երևացին, թե Վենեսուելայում կարող են տեղադրվել Ամերիկայի վրա ուղղված իրանական հրթիռակայաններ, Բարաք Օբաման նախընտրական հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ «Չավեսը սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար»։ Այսինքն, շատ հավանական է, որ մինչև վերջերս այդ «ոխերիմ թշնամիների» նոր փոխհարաբերությունների իմաստն այն է, որ գաղափարական ոչ մի տարբերություն հիմա չի խանգարում բնականոն առևտրական հարաբերությունների պահպանմանը։ Եվ իրոք, ինչպես վկայում են տնտեսական թվերը, այժմ Վենեսուելան ԱՄՆ նավթի հինգերորդ մատակարարն է։ Անցած տարի Ամերիկան ՈՒգո Չավեսի կառավարությունից գնել է օրական մինչև 984 հազար տակառ, ինչը կազմում էր Վենեսուելայի կողմից արտահանվող նավթի 50 տոկոսը։ Ընդսմին, ԱՄՆ-ը վենեսուելական նավթ ներմուծող երկրներից միակն է, որը հրաժարվում է «կենդանի փող» վճարելուց։ Եվ այդ նավթը մատակարարվում է անխափան ու ժամանակին` անկախ վենեսուելական առաջնորդի «հակաիմպերիալիստական» քարոզչությունից։ Ինչպես գրում է իսպանական «Պաիսը», «անիծյալ կայսրության դեմ պայքարը կարող է լիովին շահութաբեր լինել»։ Բացի այդ, քաղաքական դիմակայությունը Վենեսուելային բնավ չի խանգարում ԱՄՆ-ի տարածքում ունենալու նաև խոշոր սեփականություն` նավթային ընկերության տեսքով, որը զբաղված է նավթի ու նավթամթերքների փոխադրմամբ, դրանց վերամշակմամբ, ամերիկյան նահանգների մեծ մասում սփռված լցակայանների ցանցի միջոցով բենզինի և յուղերի վաճառքով (հաղորդվում է, որ Վաշինգտոնից եկող գլխավոր ավտոմայրուղում ընկերությունն անգամ բենզինի վաճառքի մենաշնորհատերն է)։ Հավանական է, անցած դարի վերջին ամերիկացիները շատ էին ուզում իշխանությունից հեռացնել «անհնազանդ Չավեսին», ինչպես ժամանակին վարվում էին Կաստրոյի, Նորիեգայի և ուրիշ «լատինական բռնապետների» նկատմամբ։ Բայց հիմա, ամենայն հավանականությամբ, այլ ժամանակներ են, այլ բարքեր` ԱՄՆ-ը բացահայտորեն հաշվի է նստում այն հանգամանքի հետ, որ ՈՒգո Չավեսը Վենեսուելայի ամենասիրված առաջնորդն է և չի դիմում ապակայունացման։ Իսկ «բոցաշունչ սոցիալիստն» իր հերթին, իրականում շատ իրատես քաղգործիչ է, որի համար խոսքը` խոսք է, իսկ ԱՄՆ-ի շուկան կորցնելը` աղետ։ Այնպես որ, ինչպես ասում են, «ոչ մի ավելորդ բան, միայն բիզնես»։
Նման օրինակներ հիմա աշխարհում կարելի է տեսնել նաև ուրիշ շատ «անհաշտ հակառակորդների» փոխհարաբերություններում։ Եվ դա մեկ անգամ ևս հաստատում է այն վարկածը, որ արդի աշխարհում քաղաքականությունից տնտեսության կախման մասին թեզը, ըստ էության, լիովին ժամանակավրեպ է։ Երկրների և, վերջին հաշվով, քաղգործիչների համար շատ ավելի ձեռնտու է փողն ու ջանքերը ծախսել առևտրի վրա, քան իրական դիմակայության, առավել ևս մարտական գործողությունների ու դրանց հետևանքների վերացման։ Թուրքիան, օրինակ, վերջերս Ատլանտյան խորհրդի էներգետիկ և տնտեսական համաժողովում (խորհուրդը ՆԱՏՕ-ի ուղեղային կենտրոնն է) հայտարարեց. «Բալկաններ, Կովկաս, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա. մենք կարծում ենք, որ այդ տարածքում պետք է ազատ բնակչություն ապրի, և մեծ նշանակություն ենք տալիս ապրանքների, կապիտալի ու էներգակիրների ազատ շարժին։ Անհրաժեշտ է ապահովել ավելի սերտ տնտեսական ու սոցիալական ինտեգրում։ Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է», և հավաստիացրեց, որ ինքն «այդ երկրներից շատերին ոգևորել է» նման մոտեցումներով։ Ճիշտ է, միաժամանակ, ամենևին հասկանալի չէ, թե ինչպես պետք է այդ բարի մտադրություններին ներդաշնակի Հայաստանի շրջափակման Անկարայի դիրքորոշումը։ Ատավիզմո՞վ, թուրք քաղգործիչների համար սովորական դարձած ստահոդ մոտեցումներո՞վ, թե՞ ոչ ձեռնտու, բայց «կրտսեր եղբորը» մատուցվող հարկադիր տուրքով։ Բայց, չնայած դրան, ժամանակը, փաստացի հարևանությունը, տնտեսությունը, ընդհանուր միտումներն ու ակնհայտ շահը, այնուամենայնիվ, ամեն ինչ տեղը կդնեն և Թուրքիային կստիպեն հրաժարվել Բաքվի հետ ցնորական համերաշխությունից։ Ինչը, երևի, դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի ասել Բաքվի` ատելության բորբոսով պատված և պարտված նվաստի հոգեբանությամբ տառապող «մեծ քաղգործիչների» առնչությամբ։
Եվ վերջում վերհիշեմ մի շատ հատկանշական օրինակ իմ անձնական կյանքից։ Դեռ 1996-ին Թեհրանում կայացած իսլամական խորհրդաժողովում ես, հիշատակելով փորձագետների հետևությունները նավթի ու գազի ուղեգծերն Ադրբեջանից Հայաստանով անցկացնելու շահավետության մասին, միամտորեն հարցրի Ադրբեջանի արտաքին գործերի այն ժամանակվա նախարար Հասան Հասանովին. «Միգուցե արժե արդեն դեն նետել քաղաքական տարաձայնություններն ու սկսել շահավետ տնտեսական համագործակցությո՞ւնը»։ Մոռանալով, որ ինքը դիվանագետի կարգավիճակ ունի, թեև կյանքում բիզնեսմեն էր` մութ գործերով (1998-ին նա ազատվեց նախարարի պաշտոնից` Բաքվում «Եվրոպա» հյուրանոցի շինարարության և շահագործման կազմակերպման ընթացքում երկրի արտգործնախարարության թույլ տված անօրինականությունների համար), Հասանովը, կատաղությունից այլայլված դեմքով, չվիճեց շահավետության շուրջ, նա սոսկ ատամների արանքից գռմռաց «ազգային հպարտության», 20 տոկոս տարածքի կորստյան և «հայկական խորամանկության» մասին։ Այնպես որ, արդեն այն ժամանակ նշմարվող համաշխարհային միտումները, համաձայն որոնց, վերջին հաշվով «տնտեսությունը հաղթում է քաղաքականությանը», առանց կասկածի ստվերի, բնորոշ պաթոսով դեն էին նետվել մեկընդմիշտ։ Ժամանակ է անցել, աշխարհը, ինչպես տեսնում ենք, փոխվել է, բայց քիչ բան է փոխվել Ապշերոնի «ճահիճներում»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ