Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեզ այսօր, առավել քան երբևէ, հարկավոր է սառնասիրտ, հավասարակշիռ և կշռադատված ընտրություն»

«Մեզ այսօր, առավել քան երբևէ, հարկավոր է սառնասիրտ, հավասարակշիռ և կշռադատված ընտրություն»
07.12.2012 | 00:38

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով` ի՞նչ է կատարվում հիմա քաղաքական դաշտում:
-Քաղաքական դաշտում բնականոն, նորմալ գործընթացներ են նախագահական ընտրություններից առաջ: Քաղաքական այն ուժերը, որ արդեն կողմնորոշված են, հայտարարում են իրենց թեկնածուի մասին, այն ուժերը, որ կողմնորոշված չեն` թեկնածու ունենալո՞ւ են, չե՞ն ունենալու, որոնումների և սպասումների մեջ են:
-Եթե համեմատում ենք նախագահական նախորդ ընտրությունների նախօրեի հետ, ուժերը գրեթե նույնն են, նոր քաղաքական ուժ կամ քաղաքական նոր դեմքեր չկան: Ի՞նչ են փնտրում և ի՞նչ են սպասում հին ուժերը նախագահական նոր ընտրություններից:
-Համաձայն եմ, որ ուժերը գրեթե նույնն են, բայց այդ նույն ուժերը նույն լիցքերը չունեն, ինչ ունեին 2007-2008-ին: Բազում քաղաքական ուժեր ուղղակի ուժասպառ են եղել, այլևս չունեն այն հենարանը, որ ունեին 2008-ի նախագահական ընտրություններից առաջ, ցաքուցրիվ են արել իրենց քաղաքական կապիտալը և նոր քաղաքական կապիտալի որոնումների մեջ են, սպառել են հասարակության վստահության լիմիտը և այժմ վստահության և հավատի նոր ափեր են փնտրում: Իսկ ավելի կայուն, համախմբված և ամրակուռ քաղաքական ուժերը գիտեն, թե ինչ են ուզում, և անում են իրենց գործը:
-Ձեր կարծիքով` անորոշությունն ինչքա՞ն է տևելու. մյուս կուսակցությունները սպասում են ԲՀԿ-ի որոշմանը, ԲՀԿ-ն էլ չի որոշում:
-Ես կարծում եմ` արդեն իսկ որոշակիություն կա: Անկախ այն բանից, թե ո՛ր քաղաքական ուժը ինչ որոշում կկայացնի, ո՛ր հավանական կամ անհավանական թեկնածուն կառաջադրվի, մեզ համար միևնույն է, մենք գնում ենք մեր ճանապարհով, և, եթե մյուս քաղաքական ուժերը որոշակիության, թե անորոշության մեջ են, իրենց խնդիրն է:
-Լեգիտիմության ապահովման համար ընտրությունները նաև մրցակցային չպիտի՞ լինեն:
-Ընտրությունները կլինեն մրցակցային: Շուտով բոլոր ջրերը կզուլալվեն, կառաջադրվեն թեկնածուները, ու Դուք կստանաք Ձեր հարցի պատասխանը: Փետրվարի 19-ին արդեն մենք կունենանք լեգիտիմ ընտրված նախագահ:
-Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտն ուժերը կենտրոնացրել է իր ներսի խմորումների հաղթահարման վրա և այնքան ջանք է գործադրում, որ մոռացել է ընտրողին:
-Համամիտ չեմ, որովհետև այդ խմորումներն ու ջանքերը հենց ուղղված են հնարավորինս շատ ընտրողներ ունենալուն: Իրենց քաղաքական նախկին կապիտալը` վստահությունը, հնարավորությունները վերականգնելու համար որոշ քաղաքական ուժեր այսօր հարկադրված են ավելի ակտիվ, ըստ իս` թատերականացված ընդդիմադիր գործունեություն ծավալելու և աշխատում են հենց ընտրողի վրա, մեր քաղաքական բեմահարթակն այսօր նման է մեկից ավելի դերասանի թատրոնի, իսկ հանդիսատեսի համար միևնույն է` հանդիսատեսը, ընտրողը, ընտրության բացվող օրվա մեջ կկատարի իր ընտրությունը, անկախ նրանից, որ քաղաքական ուժը որքան շնորհքով կամ ապաշնորհ է խաղում:
-ՈՒշ չէ՞ ընտրություններից երկու ամիս առաջ ընտրող վերադարձնելու փորձը:
-Ժամանակը ցույց կտա, բայց ակնհայտորեն անցած հինգ տարիներին ոմանք այնքան շռայլ են փոշիացրել իրենց վստահության լիմիտը, որ ես իրենց ուղղակի չեմ նախանձում:
-Անցած տարիներին ի՞նչ սխալներ արեց ՀԱԿ-ը, որ համաժողովրդական վստահության մթնոլորտից մնաց համաժողովրդական հիասթափությունը:
-Կարծում եմ, ՀԱԿ-ը ստեղծվեց ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով, և պատճառներից մեկը, որ այսօր փոշիացվել է ՀԱԿ-ի հիմնական կապիտալը, հենց դա է:
-Հետընտրական ի՞նչ իրավիճակ եք կանխատեսում:
-Ես Վանգան չեմ, որ կանխատեսեմ, ես ընդամենը իմ ցանկությունը կարող եմ հայտնել` հանդարտ, նորմալ, առանց արյունահեղության, առանց բռնության, առանց առճակատման, առանց «իրար միս ուտելու»:
-Տրակտորախա՞ռը:
-Ենթադրում եմ, թե ինչ եք ակնարկում, բայց երեկ կարդացի, որ տվել են նկարվելու համար և հիմա հետ են վերցնում… Համոզված եմ, ընտրողն իր ընտրությունը կկատարի խղճի մտոք, կարծում եմ, ճիշտ ընտրություն կլինի, որովհետև նորից փորձությունների գնալու իրավունք չունենք, և մեզ այսօր, առավել քան երբևէ, հարկավոր է սառնասիրտ, հավասարակշիռ և կշռադատված ընտրություն:
-Ձեր կարծիքով` հաղթանա՞կ է ՀԱԿ-ի համար, որ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծվելիք նոր հանձնաժողովի հարցը անորոշ ժամանակով հետաձգվում է:
-Իրենք կարող են ավելի ճիշտ գնահատական տալ իրենց հաղթանակներին, ընդհանրապես` հաղթանակն ու պարտությունը հոգեբանական շատ բարդ վիճակներ են ենթադրում, և շատերի համար դժվար է տանել այդ բեռը: Այս դեպքում ՀԱԿ-ը ճիշտ կողմնորոշվեց, անսալով ՀՀԿ-ի ձայնին: Կարծում եմ, այդ կառույցում գտնվող որոշ քաղաքական ուժերի փորձառությունը հուշեց, որ այդպես վարվելն է ճիշտ: Եթե հարցը քննարկելու կարիք կա, իսկ ես կարծում եմ, որ կա, չպետք է քաղաքականացվի և նախագահական ընտրություններից հետո կարող է ավելի հանգիստ պայմաններում կրկին զբաղվել դրանով:
-Դուք երկրորդ նախագահի գործոնը մեծ քաղաքականության մեջ սպառվա՞ծ եք համարում:
-Մեծ քաղաքականության մեջ պետությունը երբևէ ղեկավարած բոլոր նախագահների գործոններն էլ մնում են չսպառված` և՛ առաջին նախագահը, և՛ երկրորդ նախագահը, և՛ այսօր գործող նախագահն իրենց անփոխարինելի տեղն ու դերն ունեն պետության կենսագրության մեջ, և բնական է, որ ուղղակի, թե անուղղակի նրանք ներգործում են քաղաքականության վրա: Հատկապես այդ գործոններն ակտիվանում են համապետական ընտրությունների ժամանակ: Տարօրինակ կլիներ, եթե այսպես չլիներ, որովհետև նրանք եղել են երկրի ստեղծման ու կայացման ակունքներում, ներքին ու արտաքին քաղաքականության պատասխանատուն, նրանք բոլորը միասին գիտեն ամեն ինչ:
-Դուք վերջերս Մոնթրոյում մասնակցել եք Ֆրանկոֆոնիայի եվրոպական տարածաշրջանային վեհաժողովին, ի՞նչ տպավորություններ մնացին:
-Հարուստ տպավորություններով եմ վերադարձել, 2010 թ. Երևանում տեղի էր ունեցել այդ կառույցի հերթական նիստը, և կազմակերպության անդամները հաճույքով էին հիշում մեր երկրում անցկացրած օրերը, հայերիս սրտաբացությունը, ջերմությունը: Ի պատիվ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` պիտի ասեմ, որ 2010-ի վեհաժողովը բարձր մակարդակով էր կազմակերպված, և դա ինձ իրավունք տվեց ֆրանկոֆոն երկրների եվրոպական տարածաշրջանային կառույցի ղեկավար Ժան Պոլ Վալի հետ հանդիպման ժամանակ առաջարկել ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 2014 թ. նախատեսված գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Բանավոր առաջարկն ընդունվեց, բայց կան քննարկման որոշ խնդիրներ: Այսօր այդ մասին տեղեկացրի նաև ԱԺ նախագահին, պարոն Աբրահամյանը ևս սկզբունքորեն համաձայն է:
-Իսկ ի՞նչ է դա տալու Հայաստանին:
-Առաջին հերթին` նոր և կարևոր շփումներ, կապեր ֆրանսալեզու հանրության հետ, որ բավականին մեծաթիվ է աշխարհում, հավելեք մշակութային հարուստ շերտի առկայությունը, որ հասու կարող է դառնալ հայալեզու հանրությանը: Նման համաժողովներում պաշտոնական ու ոչ պաշտոնական շփումների ժամանակ տասնյակ հարցեր են քննարկվում` աշխարհաքաղաքական օրակարգում ընդգրկված, ներկայացվում են մեր տեսակետները, սովորաբար, մարդկային հարթության վրա ազգային հարցերն ավելի ընկալելի են դառնում: Դու հնարավորություն ես ստանում քո երկրին վերաբերող ու քո ժողովրդին հուզող հարցերն ավելի հասկանալի դարձնելու:
-Ձեր կարծիքով` աշխարհը վերջապես դադարե՞լ է Հայաստանն իբրև հեռու մի երկիր ընկալելուց, որտեղ 88-ին երկրաշարժ է եղել, և որն ունի ղարաբաղյան հակամարտություն, ու` վերջ:
-Անշուշտ, մեզ դրսում ընկալում են դեպի ժողովրդավարություն գնացող և եվրոպական արժեհամակարգ որդեգրած երկիր, բարձր է գնահատվում Հայաստանի մշակույթը, կրթական համակարգը: Մի մոռացեք, որ մասնավորապես ֆրանկոֆոն հարթության վրա Հայաստանը մեծ հնարավորություններով երկիր է` մենք ֆրանսերենի խորացված ուսումնասիրմամբ դպրոցներ ունենք, ֆրանսիական համալսարան և սերտ մշակութային կապեր Ֆրանսիայի հետ: Աշխարհը կլոր է, և մենք չենք կարող մի անկյուն քաշված, մեկուսացած գոյատևել ու զարգանալ: Մենք պիտի կարողանանք հնարավորինս շատ շփվել, ներկայացնել մեր ունեցածը և ծանոթանալ ուրիշների ժառանգությանը, գիտելիքներին, փորձին: Այս իրողության մեջ ես համոզվեցի` հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի կազմում մասնակցելով նաև Ֆրանսիայի Սենատի պատգամավորների հետ հանդիպմանը, ղարաբաղյան հարցին նվիրված կլոր սեղանին: Ֆրանսիայի Սենատում կա նաև ֆրանս-ադրբեջանական պատգամավորական բարեկամության խումբ, որի համանախագահը Մեհրիբան Ալիևան է: Ադրբեջանի առաջին տիկինը կարողացել է ֆրանսիացի որոշ պատգամավորների յուրային դարձնել, ինչի մասին խոսում էին նաև ֆրանսիացիները: Այս իրողությանը, իհարկե, չարժե լուրջ ուշադրություն դարձնել, թեպետ, անգամ այս դեպքում ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը շատ ջերմությամբ է վերաբերվում հայերին, լավ ծանոթ է հայկական խնդիրներին և կանգնած է մեր կողքին:
-Ֆրանսիայում նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնակալությունից հետո արտաքին քաղաքականությունը փոխվե՞լ է:
-Հայաստանի մասով արտաքին քաղաքական փոփոխություններ Ֆրանսիայում քիչ հավանական են: Նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Ֆրանսիայում և հանդիպեց նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Երկու նախագահների հանդիպումը հաստատեց, որ բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ` ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը նորից պատրաստվում է շրջանառության մեջ դնելու, այսօր Ֆրանսիայի իշխանության մեջ գտնվող մարդիկ նույնքան գիտեն ու գնահատում են ֆրանս-հայկական կապերը, որքան նախկինում էր:
-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսուա Օլանդը` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահ, ասաց` ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարումն արագացնելու համար: Դա բարի ցանկությո՞ւն է, թե՞ հեռագնա նշանակություն ունի:
-Տեղյակ չլինելով հանդիպման մանրամասներին` կարող եմ ենթադրել, որ բարի ցանկությունն ամրագրված է հեռագնա նշանակությամբ, որովհետև Ղարաբաղի խնդրի լուծումը բոլորիս ցանկությունն է` խաղաղ, առանց ուժի կիրառման, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ցավոք, Ադրբեջանը շեշտը դնում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, մինչդեռ Հայաստանում և ընդհանրապես միջազգային հանրության համար կարևորվում է երեք սկզբունքների հավասարազոր կիրառումը: Հատկապես ռամիլսաֆարովյան պատմությունից հետո, նույնիսկ իր նավթադոլարների ու խավիարային քաղաքականության գործադրումով, Ադրբեջանի վարած քաղաքականությունը դիմակազերծվել է և ուժը կորցրել:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ