Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բյուջեն պետք է ծառայի պետությանն ու հանրությանը

Բյուջեն պետք է ծառայի պետությանն ու հանրությանը
08.12.2012 | 14:11

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ

-2013 թ. պետական բյուջեի նախագիծն այդքան վա՞տն էր, որ ՀՅԴ-ն դեմ քվեարկեց:
-Պետական բյուջեն և սոցիալ-տնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուն: Այսինքն` ձևաչափի մեջ պետք է դիտարկել պետական բյուջեն, որը ամբողջական կամ մասնակի դրսևորումն է վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության: Եթե նայում ենք այս ձևաչափով, պիտի փորձենք հասկանալ, թե որո՞նք են մեր առաջ ծառացած մարտահրավերները և արդյո՞ք օրինագիծը նպաստում է այդ մարտահրավերները դիմագրավելուն:
-Եվ որո՞նք են Ձեր գնահատմամբ մեր մարտահրավերները:
-Առաջին խոշոր մարտահրավերը մենք համարում ենք աշխատատեղերի բացակայությունը, որի հետևանքը դառնում են Հայաստանը սոցիալ-տնտեսական պատճառներով զանգվածաբար լքողները, այս գործոնը ազդում է ժողովրդագրական վիճակի վրա, բերում է անվստահություն ապագայի հանդեպ: Երկրորդ խոշոր մարտահրավերը ժողովրդագրական վատթարացող վիճակն է` ծնունդների նվազում, հիվանդությունների և մահացության աճ: Երրորդ խոշոր մարտահրավերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգերն են, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցման ծրագրերը, առանց որոնց հնարավոր չէ ունենալ ու պահպանել հաղթողի կեցվածքն ու կերպարը: Մեկ այլ կարևոր մարտահրավեր վերաբերում է պետական հաստատությունների ու ընդհանրապես արդարադատության համակարգի նկատմամբ վստահությանը, որը պարզապես խաթարված է: Վաղվա օրվա անորոշությունը մեծապես կախված է նաև այդ վստահությունից: Հաջորդ խնդիրը տնտեսության ստվերայնության չափազանց բարձր աստիճանն է և ոչ մրցունակ տնտեսական կառուցվածքը, որը պատճառ է տնտեսական կառուցվածքային քաղաքականության բացակայության: Տնտեսությունը չի դիտարկվում մեկ ամբողջություն, որը պետք է մրցունակություն ապահովի թե միջազգային ոլորտում, թե հատկապես ներքին կյանքում: Մարտահրավերներից մեկն էլ արտաքին պարտքն է, որովհետև յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա իր թե ներկա, թե ապագա սերունդների համար ստեղծել բավարար բազա: Բայց երբ այդ բազան հիմնվում է անընդհատ մեծացող արտաքին պարտքի վրա` առանց հիմնարար արդյունքների, ստացվում է, որ հաջորդ սերունդները պատասխանատվություն են կրում իրենց նախորդած սերունդների գործողությունների համար: Դա կարող է արդարացվել միայն մեկ դեպքում, եթե արտաքին պարտքը արդյունավետ հատուցում է բերում, տնտեսության աշխուժացում, սոցիալական պայմանների բարելավում: Գնահատեք` բյուջեն և վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը նպաստու՞մ են այդ մարտահրավերների թեկուզ մասնակի հաղթահարմանը: Բյուջեն` լինելով պետության հիմնական ֆինանսական հոսքերն ամրագրող գործիք և ամբողջ հանրության սեփականություն` պետք է ծառայի այդ հանրության և պետության վիճակի բարելավմանը: Այդ տեսակետից ոչ մի հարցի վերաբերյալ մենք չունենք դրական պատասխան: Հանձնաժողովում երկշաբաթյա քննարկումների, խորհրդարանում քննարկումների ժամանակ կառավարությունից այդպես էլ չկարողացանք հստակ պատասխան ստանալ` ի վերջո որքա՞ն աշխատատեղ է կանխատեսվում ստեղծել վարվող քաղաքականության արդյունքում: Մեր հաշվարկներով` 1000 աշխատատեղը չի գերազանցվի: Ընդորում` մի մասը պետական հատվածում ստեղծվող աշխատատեղեր են, մնացածը ենթադրվում է, որ կստեղծվեն մասնավոր հատվածում: Արդյո՞ք սա ցանկալի ցուցանիշ է: Բացահայտորեն ոչ:
-Ինչքա՞ն է գործազրկությունը Հայաստանում:
-Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 250-300000 գործազուրկներ կան ոչ գյուղատնտեսության ոլորտում: Եթե խոսում ենք նման ծավալի գործազրկության մասին, 1000 աշխատատեղը վիճա՞կ է փոխելու: Երբ վարչապետը բարձրաձայնում է, որ մինչև 2025 թվականը 250000 աշխատատեղ է ստեղծվելու, նշանակում է, որ տեմպի ու իրավիճակի ընկալման առումով մեր կառավարությունը պրոբլեմ ունի: Մինչև 2025 թ. որևէ գործազուրկ չի կարող սպասել, նա կամ կլքի հանրապետությունը, կամ եթե նույնիսկ այլ երկրում աշխատանք գտնի, հետո վերադառնա, բազմաթիվ այլ խնդիրներ է ունենալու: ժողովրդագրական իրավիճակի տեսակետից նույնիսկ բյուջեի նախագիծը կանխատեսում է, որ հաջորդ տարի ունենալու ենք ծնելիության նվազում և մահացության աճ: Փաստորեն կառավարությունն ինքը բյուջետային փաթեթով խոստովանում է, որ ժողովրդագրական վիճակը ճգնաժամային է, բայց վիճակը փոխելու քայլ չկա: Բացառությամբ անվճար ծննդօգնության ծրագրի, մենք այլ ծրագիր չունենք, այդ թվում երկրորդային չբերության հաղթահարման, մանկամահացության նվազման, առողջության բարելավման, տնային պայմանների բարելավման, երիտասարդ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման: Այդ պայմաններում կարո՞ղ ենք համարել, որ բյուջեն նպաստում է ժողովրդագրական վիճակի բարելավմանը: Ակնհայտորեն` ոչ: Անդրադառնանք տնտեսության կառուցվածքին` կառավարությունը ի՞նչ մրցունակ ճյուղեր է ուզում ստեղծել: Լավագույն օրինակը պետք է լիներ նոր արդյունաբերական քաղաքականությունը, որի մասին կառավարությունը բարձրաձայնում է, բայց որին հատկացված է 300 միլիոն դրամ` ընդամենը մեկ գրասենյակի պահպանման ծախս: Եթե կառավարությունը կարծում է, որ 300 միլիոն դրամով հնարավոր է Հայաստանի արդյունաբերությունը խոր թմբիրից հանել, միամտություն է, եթե ոչ ձևական քայլ: Մենք առաջարկել ենք այդ ծրագրին հատկացնել 2 միլիարդ դրամ և ամրագրել կոնկրետ ճյուղերն ու ուղղությունները` գինեգործություն, կոնյակագործություն, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, ոլորտներ, որոնց գործարկումը նաև աշխատատեղեր է ստեղծում: Կառավարությունը, սակայն, արդյունաբերական քաղաքականության համատեքստում չի դիտարկում աշխատատեղերի ստեղծման հարցը, այլ` ֆիզիկական ծավալի մեծացումը, աշխատանքի արտադրողականության բարձրացման տարբերակով են գնում` սահմանափակ քանակի մարդկանց համար տնտեսություն ստեղծելով: 2009-ից հետո, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամը ուղիղ հարվածեց շինարարության ոլորտին, կառավարությունը գնաց շինարարությունը արհեստականորեն սահմանափակելու տարբերակով` կրճատեց ոլորտի պետական հատկացումները և հայտարարեց, որ փուչիկ լինելով` շինարարությունը վնաս է բերում տնտեսությանը, բայց փոխարենը չստեղծվեցին այլ ճյուղեր և շինարարության ոլորտը Հայաստանի համար շարունակում է մնալ գլխավոր ճյուղերից մեկը: Զարմանալի է, որ կառավարությունն իր քաղաքականության մեջ դա չի զգացնում` շինարարության ոլորտն էլ է զանգվածային աշխատատեղեր ստեղծում, բացի այդ խոսքը միայն բնակարանաշինության մասին չէ, այլև` արտադրական ենթակառուցվածքների, ճանապարաշինության: Նույն վիճակն է պետական անվտանգության համակարգում: Մենք առաջարկում ենք 10 միլիարդ դրամ հատկացնել Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցման ծրագրին, նույնիսկ եթե գումարը կրճատվի, ծրագրի անվանումը մտնի պետական բյուջեի ծախսային ծրագիր, որը հնարավորություն կտա նաև այլ աղբյուրներից այս ծրագիրը ֆինանսավորել: Սա նաև հնարավորություն կտար այդ գաղափարի շուրջ համախմբել համահայկական ներուժը` վերաբնակեցման ակտիվ ծրագիր ունենալով իր ենթակառուցվածքներով: Կառավարությունը սա էլ մերժեց` հիմնավորելով, որ Հայաստանը միջպետական վարկ է տալիս ԼՂՀ-ին, իրենք կարող են այդ հատկացումն անել:
-Դուք այդ տեսակետին համաձայն չե՞ք:
-Մենք դա համարում ենք անթույլատրելի. միջպետական վարկը չափազանց փոքր գումար է` 39 միլիարդ դրամ, մեր գնահատմամբ 30 միլիարդը ԼՂՀ-ն ապահովում է ՀՀ պետական բյուջեի մուտք և մնում է ընդամենը 9 միլիարդ դրամ, որը, համաձայնեք, փոքր գումար է այդ նպատակի համար: Իդեպ, պաշտոնական տեսակետով ԼՂՀ-ն միայն 20 միլիարդ դրամի մուտք է ապահովում ՀՀ բյուջե: 20-21-րդ դարերում մի հաղթանակ ենք ունեցել, 20 միլիարդ դրամով այդ հաղթանակը պահպանելն ու սերունդ դաստիարակելը հնարավոր չէ: Այս ամենից ելնելով` մենք համարում ենք, որ 2013 պետական բյուջեի նախագիծը համահունչ չէ մեր երկրի մարտահրավերները հաղթահարելուն: Ռեսուրսներ կան, սակայն անհրաժեշտ է համահայկական ներուժի համատեղում և մեր առաջին հիմնարար առաջարկը նոր, կայուն զարգացման ծրագրի ստեղծումն էր` բոլոր կարևոր ուժերի ներգրավումով: Գուցե իդեալիստական է հնչում, բայց ավելի լավ է լինել երազող ու իրականությունը տեսնող, քան ընդհանրապես անտեսել այդ մոտեցումն ու մտածել, որ ամենախելոքները նեղ իշխանական հատվածում են կուտակված: Հայաստանի զարգացումը հնարավոր է մեր բոլոր ռեսուրսների ճիշտ և միաժամանակյա համատեղմամբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ