Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԻՏՁՄ-ն առաջարկում է գնումների գործընթացի բարեփոխման փաթեթ

ԻՏՁՄ-ն առաջարկում է գնումների գործընթացի բարեփոխման փաթեթ
13.12.2012 | 14:24

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իրականացրել է «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագիրը։ ՈՒսումնասիրել են գնումների գործընթացը, այդտեղ առկա ռիսկերը և առաջարկությունների ու բարեփոխումների փաթեթը ներկայացրել կառավարությանը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշում է, որ իրենց առաջարկած բարեփոխումները ծախսատար չեն, սակայն ընդունվելու և կիրառվելու դեպքում կարող են էապես բարձրացնել գնումների գործընթացի արդյունավետությունը, կտրուկ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Կարեն Վարդանյանն ընդգծում է, որ ԻՏՁՄ 2011-2013 թթ. ռազմավարությամբ կարևորվել են տեխնոլոգիական ոլորտում գնումների խնդիրները, և 8 ամիս առաջ ձեռնամուխ են եղել այդ խնդրի լուծմանը՝ իրականացնելով համապատասխան ուսումնասիրություններ։
Անդրադառնալով գնումների ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներին՝ Կ. Վարդանյանը նշում է, որ գնումներ կատարելիս պետք է առաջնորդվել առանձին չափաբաժիններով ձեռքբերման սկզբունքով, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու մատակարարների թիվը և կխրախուսի փոքր և միջին ձեռնարկատերերի մասնակցությունը գնումների գործընթացին։ Բացի այդ, կապահովի որակյալ ապրանք` ծառայություն-խելամիտ գին սկզբունքով։
Ըստ Կ. Վարդանյանի՝ պետք է սահմանվեն համատեղ հայտերի ներկայացման և համատեղ հայտերով մասնակցության պայմանները։ Այսօր համատեղ մասնակցության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պետք է բավարարի մրցույթի հայտարարությամբ մասնակիցների նկատմամբ սահմանված նվազագույն պահանջները։ Արդյունքում` շատ մասնակիցներ դիմում են «ուժեղ» կամ «հաղթանակ» ապահովող գործընկերոջ (շատ դեպքերում՝ օտարերկրյա)՝ ձևական մասնակցության համար։ Նման գործարքներն անհարկի բարձրացնում են պայմանագրի արժեքը։ ԻՏՁՄ-ն առաջարկում է կոնսորցիումով մասնակցության տարբերակ, ինչը կխթանի մրցույթներին ավելի շատ ընկերությունների մասնակցությունը։ Գործընկերների հետ մրցույթներին մասնակցությունն ընկերությանը հնարավորություն է տալիս բավարարելու մասնակցի նկատմամբ սահմանված պահանջները, ինչպես նաև գործընկերոջ շնորհիվ ամրապնդելու դիրքերը մրցակիցների նկատմամբ։ Ըստ այդմ, անհրաժեշտ է գնումների գործընթացում սահմանել մրցույթներին համատեղ մասնակցության պայմաններ, որտեղ կգնահատվեն կողմերի համատեղ հնարավորությունները։
Գնումների գործընթացում այսօր քիչ տեղ է տրվում մրցույթի առաջարկությունների որակական գնահատականներին՝ խնդիրը դիտարկելով հիմնականում գնի տեսակետից։ Դա հանգեցնում է նրան, որ հաճախ մրցույթներում հաղթում են անորակ առաջարկություններով հանդես եկողները։ ԻՏՁՄ-ն առաջարկել է մեխանիզմներ, որպեսզի առաջին հերթին ստուգվեն որակական չափանիշները, նոր միայն դիտարկվի գնային խնդիրը, կամ կիրառվի համապատասխան բանաձև, որը կգնահատի թե՛ որակը, թե՛ գնային առաջարկը։
Պետական գնումները հիմնավորվում և սահմանվում են պետական բյուջետային գործընթացի շրջանակներում՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերով։ ԻՏՁՄ-ն առաջարկում է նախօրոք հրապարակել առաջիկա մեկ տարվա նախատեսվող մրցույթները, որպեսզի ընկերությունները ծրագրեն իրենց անելիքներն ու ավելի լավ նախապատրաստվեն գնումների գործընթացին։
Կ. Վարդանյանն առանձնացնում է նաև էլեկտրոնային գնումների համակարգը և նշում, որ այն շտկման ու լիակատար գործարկման կարիք ունի։ Ըստ նրա՝ էլեկտրոնային գնումների համակարգը նման է հայտարարությունների տախտակի, ինչը չի համապատասխանում առաջատար փորձին։ Էլեկտրոնային գնումների համակարգը պետք է ամբողջությամբ վերափոխվի։
Խնդիրներ կան նաև պետական գնումների բողոքարկման համակարգում։ Մրցույթների հիմնական պատասխանատուն ֆինանսների նախարարությունն է, համակարգում է նաև բողոքարկման գործընթացը, ինչը կարող է առաջացնել շահերի բախում։ ԻՏՁՄ-ն կարծում է, որ բողոքարկման խորհուրդը պետք է հնարավորինս անկախ լինի, որը փոխկապակցված չլինի կարգավորող և իրականացնող մարմինների հետ։ Կ. Վարդանյանը նշում է, որ բողոքարկման խնդիրների կառավարումը կարելի է հանձնել, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։
Գնումների գործընթացում պետք է բարելավվի տեխնիկական առաջադրանքների որակը, հին լուծումները պետք է փոխարինվեն նորերով՝ այս խնդրի լուծման համար ծրագրի արժեքի որոշակի տոկոսի հաշվին ներառելով փորձագետների։
Առաջարկների թվում են նաև գնահատող հանձնաժողովների պրոֆեսիոնալիզմի բարձրացումը, մրցույթների հայտարարությունների հասանելիության բարձրացումը, գնահատման ժամկետների անհարկի հետաձգումների, առանց հիմնավորման մրցույթները չեղյալ հայտարարելու բացառումը։
Վերջին շրջանում հանրապետության նախագահի կտրուկ հայտարարությունները գնումների գործընթացի վերաբերյալ նույնպես ենթադրում են, որ ոլորտը բարեփոխելու անհրաժեշտություն կա։ Կիսելով նախագահի անհանգստությունը, այնուամենայնիվ, ԻՏՁՄ գործադիր տնօրենը հույսը ոչ թե նման հայտարարությունների վրա է դնում, այլ սեփական ուժերի։ «Մենք պետք է հետևողականորեն այս հարցերը բարձրացնենք, մինչև դրանք լուծում ստանան։ Երբ նախագահը ձեռքը խփում է սեղանին, շատերը ցույց են տալիս, թե վախեցել են, բայց հետո հարցն այնքան է ձգձգվում, որ անգամ մոռացվում է, թե երբ էր նախագահը ձեռքը սեղանին խփել։ Այդ իսկ պատճառով ես ավելի շատ կողմնակից եմ, որ մենք հետևողական լինենք, որպեսզի խնդիրը լուծվի»,- նշեց Կ. Վարդանյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ