Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Էսքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք»

«Էսքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք»
13.12.2012 | 15:38

Դիմակազերծություն, սուր հարցադրումներ և ճարահատյալ փախուստներ, ինքնաներկայացման միտում հետապնդող ելույթներ, կուլիսների հետևում սարքվող առճակատումներ, հաճոյախոսությունների և քծնանքի մրցավազք, անտոմս ներկայացում...

Պատառիկներ այն ամենից, ինչի ականատեսը եղանք ընթացիկ տարվա ԱԺ-ի գործունեությունից։ Դրանք և՛ հեղինակներ ունեն, և՛ հասցեատերեր։ ՀԱԿ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ո՞րն է ավելի բնորոշ. սուր հարցադրումների արվե՞ստը։ Բա դիմակազերծությո՞ւնը, բա...
Մնացածը` ճեպազրույցից։
-Ամիսներ, տարիներ շարունակ մենք Ազատության հրապարակում ունեցել ենք անխոնջ և էմոցիոնալ Նիկոլ Փաշինյան, որն այսօր ԱԺ-ում է փոքր-ինչ կերպարանափոխված վիճակով։
-Ո՞վ է ասում, որ ինձ մոտ փոփոխություն կա։
-Ինքս եմ նկատում։ Իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակահատվածում դարձել է բավականին զուսպ, ավելի խոհեմ, պահպանելով սուր և տեղին հումորը, ելույթ է ունենում առանց ավելորդ հուզականության, խանդավառության, իրողություններ, որոնք, օրինակ, անբաժան են Մարգարիտ Եսայանից, Համլետ Հարությունյանից, Հրանտ Բագրատյանից ու էլի մի քանիսից։
-Ձեր ընկալումը կամ ուրիշների ընկալումը պետք չէ ներկայացնել որպես օբյեկտիվ իրականություն։
-Իսկ ո՞վ այդպիսի ընդհանրացում արեց։ Կրկնում եմ` իմ սուբյեկտիվ կարծիքով Նիկոլ Փաշինյանն առաջվա նման էմոցիոնալ չէ, զուսպ է և հավասարակշիռ։ Ինչը ես համարում եմ պատգամավորի ճիշտ պահվածք։
-Էմոցիոնալի և ոչ էմոցիոնալի խնդիր չկա։ Կա ադեկվատության խնդիր` իրավիճակին։ Չէ՛, ոչ թե իրավիճակին, այլ միջավայրին, դահլիճին, ամբիոնին։ Հանրահավաքի ամբիոնը հանրահավաքի ամբիոն է, հանրահավաքի ոճը` հանրահավաքի։ Խորհրդարանը ուրիշ տեղ է, ասուլիսը` ուրիշ, լրագրողն էլ ուրիշ տեղ է, չէ՞։ Եվ, բնականաբար, ես չեմ կարող հանրահավաքում նույն կերպ խոսել և նույն կերպ Ձեզ հիմա հարցազրույց տալ, կամ հարց հնչեցնել ԱԺ-ում։ Խնդիրն իրականում ասելիքի մեջ է, իսկ իմ ասելիքը չի փոխվել, մնացել է նույնը, և տեխնիկական դետալները պետք չէ իրար խառնել։
-Եթե մարդը 4-5 և ավելի տարիներ խոսում է նույն բաների մասին ու նրան լսող չկա, մեղմ ասած, վատ է։ Էլ ավելի մտահոգիչ է, եթե անփոփոխ ասելիքը լսում է օր օրի հանգչող լսարանը, այն էլ` ականջի մի ծայրով։ Բայց այս մասին չէ, որ պիտի «քննարկումներ» անենք, ավելի լավ է կոնկրետանանք. չե՞ք կարծում, որ օրենսդիր Նիկոլ Փաշինյանը երթային կամ հրապարակային Նիկոլ Փաշինյանից տարբերվում է, և դա դրվատելի է։
-Ես հանրահավաքներում էլ եմ եղել շատ լուրջ և հավասարակշիռ ու երբեք էմոցիաների ազդեցության ներքո բան չեմ ասել, որոշումներ չեմ կայացրել։
-Փաստորեն, Ձեր մեջ երկու «ես» չկա։
-Իհարկե՛ չկա և չի եղել։ Դուք կարող եք իմ բոլոր ասածները, ելույթների տեքստերը հավաքել-համեմատել, և կտեսնեք, որ դրանք համարժեք են իրավիճակին։ Այսինքն, եթե ուզում են ինձ էմոցիոնալի պիտակ կպցնել, ասեմ, որ դա իրականության հետ կապ չունի։ Իմ ասելիքը և՛ լրագրության, և՛ քաղաքականության մեջ եղել է համարժեք ու կմնա այդպիսին։
-Ողջունում եմ նույնությունը և առաջարկում եմ էքսպերտիզացիայի ենթարկել երկրորդ դիտարկումը ևս. ՀԱԿ խմբակցությունում Նիկոլ Փաշինյանն առանձնանում է անկախականի մտածելակերպով, հարցադրումների քաջությամբ և վերլուծությամբ։
-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր տեղ առանձնանում է, որովհետև ինքն է ի սկզբանե այդպիսին։
-Իսկ գուցե ա՞յդ է պատճառը, որ հարազատ կուսակցությունում համախոհներ քիչ ունեք։
-Ես Հայաստանի Հանրապետությունում համախոհներ շատ ունեմ, այդ թվում` ՀԱԿ-ում և բոլոր տեղերում։
-Բոլոր տեղերում` չգիտեմ, բայց որ ՀԱԿ-ում լուրջ տարաձայնություններ ունեք, անժխտելի է։
-Նախ` տարաձայնություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Հա, այստեղ կա մի բան, որ իմ և՛ համաձայնությունները, և՛ անհամաձայնությունները հրապարակային են։ Քաղաքականությունն ինձ համար նույնպես հրապարակային երևույթ է։
-Եվ վերջում մի «շաբլոն» հարց. ՀԱԿ-ից սպասելիքներ ունենա՞նք։
-Էսքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք։
-Իսկ ի՞նչ սպասենք այլընտրանքայինների բրյուսելյան այցից (զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին- Վ. Մ.)։
-Ի՞նչ Բրյուսել։
-Էն Բրյուսելը, որի ճամփան մի քանի օր առաջ բռնեցին ԲՀԿ-ական պատվիրակները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։
-Իմ սպասելիքները Բրյուսելի հետ չեն կապված։
-Աշխարհը կապվում է Բրյուսելի հետ, իսկ Դուք տեսա՞ք, որ տարբերվում եք...
-Իմ սպասելիքները կապված են միայն Երևանի հետ։
-Այդ դեպքում տեղական նշանակության հարց. Լևոն Տեր-Պետրոսյանն ինչքա՞ն է լռելու, առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ։
-Էդ հարցին պատասխանել եմ` «Համբերել եք, մի քիչ էլ համբերեք»։


Ճեպազրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ

Դիտվել է՝ 3579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ