Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Դոնքիշոտներ, ովքեր պայքարում են այլասերման «հողմաղացների» դեմ»

«Դոնքիշոտներ, ովքեր պայքարում են այլասերման «հողմաղացների» դեմ»
14.12.2012 | 12:03

Թեպետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքում շարունակվում են վերանորոգման աշխատանքները, սակայն երաժշտական կյանքը կանգ չի առել։ Թատրոնի ղեկավարության հորդորով և աջակցությամբ, նվագախմբի և երգիչների «մարտունակությունը» պահպանելու նպատակով, կազմվում են անսամբլային տարբեր խմբեր, որոնք հանդես են գալիս համերգներով` կատարելով տարբեր ժանրերի գործեր։
Այս միջոցառումներին մեծապես նպաստում է ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի գործունեությունը։ «Համերգ ճեմասրահում» կոչվող համերգաշարում նա նախաձեռնել է մի շարք, որը սկսվել է հոկտեմբեր ամսին, կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջը և կեզրափակվի Սուրբ ծննդյանը նվիրված համերգով։ Եթե նախորդ համերգներն ընդգրկում էին «բարոկկո» շրջանի գործիքային և վոկալ երաժշտություն, ապա խնդրո առարկա համերգը նվիրված էր հոգևոր երաժշտությանը։ Համերգաշարի հերթական երեկոյի հյուրն էր «Օշական» համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը, որն օպերայի երգիչ-երաժիշտների միացյալ ուժերով ներկայացրեց ուշագրավ մի ծրագիր։ Մինչ այդ որոշ գործեր Գ. Առաքելյանը կատարել էր փարիզյան, քվեբեկյան և այլ համբավավոր փառատոներում (ֆրանսահայ պրոդյուսեր Ռոժե Փիրանյանի աջակցությամբ)։
Որպես կոմպոզիտոր, Առաքելյանը կարծես միտում ունի համապատասխանեցնելու հայ և եվրոպական դասական երաժշտության զարգացման փուլերը, ձգտելով երևակայության ուժով, փորձառությամբ շարունակել նախնյաց «ընդհատված» երգը։ Պատմական մի ընթացք, որը պիտի ձևավորեր հայկական երաժշտության «ռենեսանսը», հայոց «բարոկկոն» և այլ ուղղություններ (Գ. Առաքելյանը նույնիսկ իր նվագարանը վերանվանել է հայկական վիոլա)։ Դրան հասնելու նպատակով կոմպոզիտորը հայ միջնադարյան երաժշտությանը «պատվաստում» է եվրոպական արվեստում բյուրեղացված ժանրային, ոճական բնորոշ առանձնահատկություններ։ Տեղին է հիշել Կոմիտասի նամակը Արշակ Չոպանյանին. «Երեկույթի գաղափարն ինձ այնպես է ոգևորել... ժողովրդական երաժշտությունը ցույց տալ արդի գեղարվեստական միջոցներով բազմաձայնած» (Կոմիտաս, Երկերի ժողովածու, հ. 6, Ե., 1982, էջ 153)։ Եվ կոմիտասյան այս հիմնարար սկզբունքը մինչ օրս կյանքի է կոչում նորանոր մշակումներ, գումարվելով ավելի հին և ավելի նոր նվաճումներին, հարստացնում կոմպոզիտորների նորանոր սերունդների արվեստը։ Սրանում համոզվեցինք հիշյալ համերգում, որը պատշաճ մակարդակով վարում էր ու մեկնաբանում երաժշտագետ Մերի Առաքելյանը։ Երեկոն բացվեց Աշոտ Պատրիկ Բագրատունու (7-րդ դ.) «Զորս ըստ պատկերի քում ստեղծեր» շարականով։ Գ. Առաքելյանի մշակումը հիշեցրեց մեկ գործիքով (հաճախ վիոլայով) նվագակցվող եվրոպական հնագույն երգերը։ Տվյալ դեպքում Առաքելյանն իր հայկական վիոլայով նվագակցում էր Արմինե Սեյրանյանին (սոպրանո)` պարուրելով ու «ոսկեզօծելով» շարականի ճախրող մեղեդին։ Նույն ոգով նա նվագակցեց Մաշտոցի «Բազում են Քո գթութիւնդ բազմամեղ անձին իմոյ» ապաշխարության շարականը, որն աղոթքային շշուկով երգեց Արեն Ավետյանը (տենոր)։ Իսկ Սոֆյա Սայադյանի կատարած սրտառուչ տաղում («Ո՞Ւր ես, մայր իմ») ասես միախառնվել էին խաչված Որդու և ողբացող մոր տառապանքները։ Այս երգերում հավերժող ժամանակը խորհրդանշող վիոլայի դամի «պաստառի» վրա երգիչներն իրենց սրտի զարկերով իրենց նախշերն էին ասեղնագործում։ Սրա հետ մեկտեղ վիոլան արձագանքում էր մեղեդու առանձին ելևէջներին, ասես, կիսելով ողբը, մխիթարում։ Հիշյալ երեք երգերը Գ. Առաքելյանը միավորել էր մեկ ամբողջության մեջ։ Նույնը և Գրիգոր Նարեկացու «Ահեղ ձայնս» տաղը և կաթողիկոս Գրիգորիս Աղթամարցու (16-րդ դ.) խոսքերով գրված տողերիս հեղինակի երգը («Յամեն առաւօտ և լոյս)»։
Նման ցիկլերը հիշեցնում են ոչ միայն Կոմիտասի երգաշարերը, այլև եվրոպացի կոմպոզիտորների բազմամաս աղոթերգությունները, սաղմոսների հիման վրա գրված կամերային և մեծակերտ երկերը։ Գ. Առաքելյանը միավորել և կամերային նվագախմբի համար փոխադրել է նաև Կոմիտասի մշակած «Ով զարմանալի», «Այսօր ձայնն Հայրական» և «Քրիստոս ի մէջ մէր յայտնեցավ» երգերը, գործիքավորել է նաև «Յիշեսցուք ի գիշերի» երգը, ասես, արձագանքելով եվրոպական նույնաբնույթ ժանրերին։
Եվս մեկ հայկական ու եվրոպական զուգահեռ։
Կոմիտասի «Եղիցի անուն Տեառն օրհնեալ» և «Աշխարհ ամենայն» երգերը մաեստրո Առաքելյանը փոխադրել էր վոկալ քառյակի և իր հայկական վիոլայի համար, ընդ որում` վիոլան, տաճարի զարդագոտու պես, պարուրում էր, փնջում երգի չորս ձայները։ Հենց այսպես է շարադրված և Տիգրան Մանսուրյանի «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարը (ըստ Ներսես Շնորհալու), որը հնչել և ձայնագրվել է աշխարհահռչակ «Հիլիարդ» վոկալ անսամբլի և ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի կատարմամբ։
Իսկ սրանից առաջ «Հիլիարդը» ձայնագրել էր միջնադարյան հոգևոր երգեր, որոնք նվագակցվում էին չեխ սաքսոֆոնահար Յան Գարբարեկի իմպրովիզացիաներով։ Բացառիկ օրինակ է նաև Սեբաստիան Բախի խորալներով շաղախված «Չակոնան», որը կատարում են ջութակահար Քրիստոֆ Պոպենը և «Հիլիարդ» անսամբլը։ Երգի և մենանվագի նման երկխոսության հանճարեղ նմուշներ են կերտել դեռ Հայնրիխ Շյուտցը, Բախը, Հենդելը և այլ մեծեր։ Անթիվ օրինակներից նշենք միայն մի բնորոշ նմուշ` Բախի թիվ 68 կանտատի սոպրանոյի արիան («ՈՒրախացի՛ր, ցնծա՛, երգի՛ր, հավատավոր իմ սիրտ. քո Հիսուսը քեզ հետ է»), որը նվագակցվում է պիկկոլո թավջութակով և բասով... Հիշյալ համերգի միակ աշխարհիկ գործը Բաղդասար Դպիրի «Ի ննջմանէդ արքայական» երգն էր, որը «արքայավայել» հնչեց Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո) և Գրիգոր Առաքելյանի (վիոլա) կատարմամբ։
Երեկոյին Գ. Առաքելյանը, բացի մշակումներից, ներկայացրեց նաև իր սեփական ստեղծագործությունը. «Հինգերորդ դարի պատկերներ»` հիմնված Մաշտոցի «Ողորմեա ինձ, Աստուած» և Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» շարականի վրա։ Այս և հաջորդ գործում առավել շողշողացին փողայինների հնչերանգները, որոնք հնչում էին մերթ խորալային կերտվածքով` հանց երգեհոն, մերթ հատու և խրոխտ, մերթ միմյանց էին փոխանցում մեղեդիների «կոհակները»։ Դրանք էին հրեշտակաձայն ֆլեյտան (Ելենա Սարգսյան), նրբագեղ հոբոյը (Տիգրան Վարդանյան), «ի խորոց սրտի» ֆագոտը (Վիգեն Հարությունյան) և հովվերգական գալարափողերը (Արմեն Կարագյան, Արշավիր Իսահակյան)։
Համերգի վերջում վոկալ քառյակը և կամերային նվագախումբը կատարեցին «Աստուած մեծ» շարականը Գ. Առաքելյանի մշակմամբ։ (Այս և նվագախմբային մյուս գործերում կոմպոզիտորը հանդես եկավ իբրև դիրիժոր)։ Օպերային արվեստում հղկված Արծվիկ Դեմուրչյանի և Լուսինե Օրդուխանյանի պատկերավոր երգեցողությունը ներդաշնակվում էր քառյակի արական ձայների և նվագախմբի հետ, ստեղծելով օրգանական մի միաձույլ։ Եվ նրանք, ինչպես կասեր Նարեկացին, «հոգևորական հնչմամբ» երգում էին ու ասում. «Աստուած մեծ և սքանչելագործ անուն»...
Միջնադարյան երգեր մշակելիս հայ կոմպոզիտորները ցուցաբերում են, հիմնականում, երկու մոտեցում։ Ոմանք ասես ղեկավարվում են ավետարանական պատգամով. «Երբ աղօթես, մտիր քո սենյակը, փակի՛ր քո դռները եւ ծածուկ աղօթիր քո Հօրը»։ Մյուսները` սաղմոսի խոսքերով, «Ականջ դիր իմ խոսքին, Տէր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս (Սաղմոս 5, 2)։
Շշուկ և աղաղակ` կամերային (սենեկային), ներանձնական երաժշտություն և սիմֆոնիկ, որոտընդոստ, երկինք հասնող հնչյունաբույրի հրավառություն։ Առաջինի տիպիկ օրինակն է Գրիգոր Նարեկացու «Հաւիկ» տաղի` Տիգրան Մանսուրյանի գողտրիկ մշակումը ալտի և վիբրաֆոնի համար, երկրորդի` Էդգար Հովհաննիսյանի թիվ 1 սիմֆոնիան, հիմնված նույն տաղի մեղեդու վրա։ Մանսուրյանն ասես արձագանքել է տաղում հնչող հավիկի «ողորմուկ» ձայնին, մինչդեռ Հովհաննիսյանի սիմֆոնիայի տիեզերահունչ ակորդները, փողայինների գոչյունը «Գաբրիէլեան փողոյն նման աննման» են, փող, որ ամբողջ ուժով պիտի հնչի Ահեղ դատաստանի օրը։ Կարելի է ասել, որ հիշյալ համերգն իր դինամիկայով վերը նշված բևեռների մի արտացոլք էր, որ սկսվեց ներանձնական, ծածուկ աղոթքով և ավարտվեց երկնահունչ ընդհանրական աղոթքով ու փառաբանությամբ։
Համերգին հատուկ շուք հաղորդեց հոգևորականների ներկայությունը։ Բեմ հրավիրվեց հայր Կոմիտասը։ Նա բարձր գնահատեց համերգը, ասաց, որ նման արվեստը պետք է ներկայացվեր ավելի մեծ լսարանում։ Գ. Առաքելյանի պես արվեստագետներին, ովքեր հոգևորը հակադրում են անճաշակության հեղեղին, բնորոշեց որպես դոնքիշոտների, ովքեր պայքարում են այլասերման «հողմաղացների» դեմ։ Իսկ կատարված երաժշտությունը բնութագրեց որպես դրախտ...


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ