Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հինգ հարց եք տվել և մնում եք ինձ պարտք 500 դոլար»

«Հինգ հարց եք տվել և մնում եք ինձ պարտք 500 դոլար»
17.12.2012 | 19:34

ՀՀԿ-ի արտահերթ համագումարը կազմակերպական առումով անթերի էր։ Նրանք, որոնց մատն այստեղ խառն էր, գոհունակության ժպիտը դեմքներին «ֆռֆռում», ուղղորդում էին ցանկացածի։ Սպասվող անձնակազմից առավել բարձր տրամադրությամբ մարզահամերգային դահլիճ մտավ Կոտայքի մարզպետը։ Ճեմասրահում մի «կրուգ» տալուց հետո Կովալենկո Շահգալդյանը «խարսխվեց» հոգեհարազատ շրջապատի կենտրոնում` նախապատվությունը տալով ձեռքսեղմումային բարևին և գրկախառնությանը։ Երբ հերթը հասավ ինձ, մի պահ հապաղեց, բայց չկորցնելով ոգևորության «դոզան», կատակի տվեց. «Այսօր իմ հարցազրույցը փողով է»։ Հարցրի` ի՞նչ արժե հարցը։ «Ձեր դեպքում` յուրաքանչյուրը 100 դոլար»։ Հարցիս արժեքն արժևորելու համար համաձայնեցի` առաջադրելով մի պայման». «Իսկ «հավանության» չարժանացած հարցերիս համար Դուք եք վճարելու»։

-Էտենց հարց չկա, որ ինձ դուր չգա, և էհենց հարց չկա, որին ես չպատասխանեմ։
-Այդ դեպքում հիշեցնեմ Ձեր ծննդյան օրվա հետ կապված մի դեպք։ Լրագրողներից մեկի` թե «Ինչպե՞ս եք կարողանում ռեստորաններում հաշիվներ փակել» հետաքրքրությանն ի պատասխան, ընդհանրացրել էիք. «Էս երկրում առանց բիզնեսի մարդ չի կարող տուն-տեղ պահել»։
-Ես այդպես չեմ մեկնաբանել։
-Իսկ ի՞նչ եք պատասխանել։
-Ասել եմ, որ իմ ընտանիքը բիզնես ունի, և այն բավարարում է նորմալ պայմաններն ապահովելու համար։
-Նման հնարավորություն ազգի «էլիտան» ունի, իսկ բնակչության 35 %-ը, այսինքն` շուրջ 1 մլն մարդ, աղքատ է։ ՈՒզում եմ Ձեր օգնությամբ հասկանալ` ժողովրդի մեծ մասն ապրո՞ւմ է, թե՞ գոյությունն է քարշ տալիս։
-Ի՞նչ է եղել, ապրում են, ստանում են ընտանեկան նպաստներ, կենսաթոշակներ` 30, 40, 50, 60 հազար դրամի չափով, արտերկրից հարազատներն օգնություններ են ուղարկում, հայերն անպայման միջոց են գտնում ապրելու։
-Փաստորեն, համագումարյան էս պայծառ օրով էլ անհանգստանալու առիթներ չկան, և չնեղվենք բիզնես չունեցողների համար, ովքեր գրեթե Ձեզ հավասար ապրում, վայելում են։
-Հավասար ապրում էին միայն Սովետական Միության ժամանակ։ Հիմա ամեն մարդ ապրում է իր հնարավորությունների չափով։ Հնենց չի, որ աշխարհի ցանկացած երկրում բոլորը բիզնեսներն ունեն։
-Անհավասար պայմանների «շնորհիվ» Դուք և Ձեզ նման արտոնյալներն ունեն, ապրում են, իսկ ժողովրդի մեծ մասը չունի, բայց համաձայն Ձեր բացահայտումների, ունի օր մթնեցնելու տարբերակներ, ինչը Դուք նորմալ եք համարում։
-Ես ասում եմ, մարդիկ ունեն աշխատանք, նպաստներ, թոշակներ, ստանում են այլ կարգի աջակցություններ և ապրում են այնպես, ինչպես ապրում են։
-Պարոն Շահգալդյան, եթե աշխատանքի բերումով այլոց հետ ճեպազրույցներ չունենայի, Ձեր տրամադրությունն, անշուշտ, կփոխեի, բայց...
-Ոչ մի բայց, հինգ հարց եք տվել և մնում եք ինձ պարտք 500 դոլար։ (Խմբակային լիաթոք ծիծաղ)։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ.- Որպեսզի ոմանք լուրջ չընդունեն, հավանաբար, անհրաժեշտություն կա հիշեցնելու, որ տարիներ առաջ վճարովի հարցազրույցի մասին օրենսդրական նախաձեռնություն էր հեղինակել Վիկտոր Դալլաքյանը, ինչը լրագրողների բոյկոտի արդյունքում նետվեց աղբանոց։

Դիտվել է՝ 3536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ