Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկու չեմպիոնական մարտ

Երկու չեմպիոնական մարտ
18.12.2012 | 11:35

Համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտում ավարտվող տարին նշանավորվում է մեկը մյուսից գեղեցիկ մարտերի անցկացումով: Մարզասերը դեռևս չէր հասցրել շունչը տեղը բերել «Տասնամյակի մարտ» ճանաչված Պակեաո-Մարկես դիմակայությունից, երբ հնչեց Դոնեյր-Արսե ֆիլիպինամեքսիկական մեկ այլ հրաշալի մրցակցությության գոնգը: Սակայն եկեք այս մարտի հաշվով առանձնապես չշտապենք, որովհետև հանգստյան օրերը պարգևեցին նաև այլ չեմպիոնական մարտ:
Այո, այո, խոսքը վերաբերում է Արթուր Աբրահամի կողմից նույնպես Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցից ամռանը նվաճված WBO վարկածով չեմպիոնական գոտին պահպանելու մարտին: Ինչ խոսք, երկրորդ միջին քաշային կարգում երեսնամյա Մեհդի Բուադլան այն բռնցքամարտիկը չէր, ով չեմպիոնական գոտու համար պայքարում կարող էր լրջորեն անհանգստացնել Արթուր Աբրահամին, սակայն եթե տիտղոսային մարտի ելնելու ուժ կարողացել էր գտնել իր մեջ, ինքնին քիչ բան չի նշանակում:
Ինչպես և գուշակել էին մասնագետները, մարտը վաղաժամ ավարտ ունեցավ: Նախատեսված տասներկուսի փոխարեն այն շարունակվեց ութ ռաունդ, Արթուր Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Հանդիպման ելքը սկզբունքորեն այսպիսին էլ պիտի լիներ՝ պայմանով, որ հայազգի մարզիկը լիներ պահանջվող մարզավիճակում: Շնորհավորենք երեսուներկուամյա Արթուր Աբրահամին՝ չեմպիոնական գոտին պատվով պաշտպանելու առիթով, մաղթենք երկար կյանք բռնցքամարտի Օլիմպոսում:
Մասնագետների, ասենք նաև բռնցքամարտի սիրահարների շրջանում հարկավ շատ ավելի լարվածությամբ էր սպասվում սուպերթեթևագույն քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտու համար ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյր-մեքսիկացի Խորխե Արսե դիմակայությունը, որովհետև արդեն գրեթե օրակարգային հարց է դարձել՝ ո՞վ է այն ուժը, որ կարող է կանգնեցնել ֆիլիպինցու անպարտ մարտերի շարանը: Հիշեցնենք, որ ֆիլիպինցին, սկսած 2007 թվից, երբ հաղթեց մեր Վիկ Դարչինյանին ու նվաճեց չեմպիոնական տիտղոսը, չգիտի պարտություն ասված բանը:
Միանգամից ասենք, որ Դոնեյրը գերազանց մարտ անցկացրեց՝ արդեն իսկ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով պրոֆեսիոնալ ռինգում մեծ ճանապարհ անցած Խոսե Արսեին (սա, ի դեպ, նոկաուտով ավարտած նրա քսաներորդ մարտն էր մինչ այժմ անցկացրած երեսունմեկից): Այս հաղթանակով նա ինչ-որ չափով մեղմեց նաև Մարկեսից Պակեաոյի կրած պարտության ծանր զգացողությունը:
Թեպետ ընդամենը WBC վարկածով արծաթե գոտու համար էր Կառլոս Մոլինա-Ամիր Խան դիմակայությունը, սակայն իր մարզական, հոգեբանական նշանակությամբ այն շատ ավելին էր չեմպիոնական շատուշատ մարտերից նախ և առաջ այն կտրվածքով, որ տրվելու էր պատասխան՝ արդյո՞ք Ամիր Խանը, ով ժամանակակից պրոֆեսիոնալ բռնցքամարտի խոշոր անհատականություններից մեկն է, հաղթահարել է անցած տարի այս ժամանակ Լամոնտ Պիտերսոնից IBF վարկածով չեմպիոնական գոտու կորստի ու հատկապես ընթացիկ տարվա հուլիսին WBC ու WBA գոտիների տիրակալ, ամերիկացի Դենի Գարսիայից նոկաուտով տանուլ տված պարտությունների ծանր տպավորությունները: Պակիստանյան արմատներ ունեցող բրիտանացի Ամիր Խանը մարտը շահեց վստահ (տասներորդ ռաունդից հետո Մոլինայի մարտավկաները հրաժարվեցին մարտը շարունակելուց)՝ ապացուցելով, որ կա ու մնում է միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի էլիտայի ներկայացուցիչ, ու որ չեմպիոնական գոտիների համար մարտերում իր ասելիքը դեռևս ավարտված չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ