Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կեղծ «տեղեկատվական պայքարն» ու հայտնի «բոչկա գլորողները»

Կեղծ «տեղեկատվական պայքարն» ու հայտնի «բոչկա գլորողները»
21.12.2012 | 00:48

«Իրատես de facto»-ի էջերում բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ հայաստանյան քաղաքական գործընթացներում զգալի դերակատարություն է տրված արտաքին գործոններին: Քաղաքական ուժերն ու հասարակությունը զգայուն վարքագիծ են ցուցաբերում աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումների հարցում: Այս երևույթը պատահական բնույթ չի կրում, այն ավելի շատ օբյեկտիվ պատճառներ ունի: Խնդիրն այն է, որ հայ ժողովրդի քաղաքական պատմությունն ու վարքագիծը զգալիորեն միահյուսված են եղել պատմական տարբեր ժամանակահատվածներում գոյություն ունեցած աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումների և դրանցից բխող գործողություններին:

Դարեր շարունակ շրջապատված լինելով իսլամական կրոնաքաղաքական գործոնի վրա հիմնված պետականություն ունեցող ժողովուրդներով՝ հայերը ստիպված են եղել դաշնակիցներ փնտրել հարավկովկասյան, ինչու չէ, նաև մերձավորարևելյան տարածաշրջաններից դուրս: Միջնադարում մեր տարածաշրջանում ագրեսիվ նկրտումներ ունեցող քաղաքական իսլամին դիմագրավելու համար հայկական քաղաքական շրջանակները դաշնակից էին համարում քրիստոնեական Բյուզանդիային, սակայն 1453-ին Կոստանդնուպոլսի անկումից հետո, երբ տարածաշրջանում բացարձակ գերակա դիրք գրավեց Օսմանյան կայսրությունը, փրկիչ-դաշնակից սկսեց համարվել ֆրանկների կայսրությունը՝ Ֆրանսիան, որը հանդես էր գալիս արևմտյան քրիստոնեության լոկոմոտիվի դերում: Արդեն 18-րդ դարի կեսերից հայկական քաղաքական միտքը դաշնակցի փնտրտուքների սլաքն արևմուտքից տեղափոխեց հյուսիս, քանզի ի հայտ էր եկել քրիստոնեական նոր գերտերություն՝ Ռուսական կայսրությունը, որը հանդես էր գալիս ոչ միայն արևելյան քրիստոնեության ջահակրի դերում, այլև հավակնություններ ուներ Օսմանյան կայսրության տարածքների և թուրքական լծի ներքո բնակվող քրիստոնյա ժողովուրդների ազատագրության հարցերում:
300 տարուց ավելի հայկական քաղաքական միտքը մեծ մասամբ միտված է եղել դեպի հյուսիս` հայ ժողովրդի ապագան կապելով ռուսական պետության հետ դաշնակցային հարաբերություններ ունենալու անհրաժեշտության հետ: Երբեմն հայկական շրջանակները չեն գիտակցել նաև այն պարզ իրողությունը, որ Ռուսաստանը գերտերություն է, կայսերական և մեծապետական շահերով, երկիր է, որի պետական շահը վեր է ամեն ինչից: 1918-1920-ին Հայաստանի առաջին Հանրապետության դաշնակցական ղեկավարությունը փորձեց դաշնակից որոնելու գործընթացը հյուսիսից տեղափոխել նորից դեպի արևմուտք, սակայն սխալ հաշվարկների պատճառով ոչ միայն կորցրեց իշխանությունը, այլև թուրքական զավթիչներին զիջեց Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը:
Խնդիր չունենալով ամբողջական տեսքով ներկայացնելու հայ քաղաքական շրջանակների դաշնակցի որոնման պատմական դեգերումները՝ պետք է նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի քաղաքական ուժերը շարունակեցին աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունների ճշգրտման և դաշնակից ընտրելու գործելաոճը: 1990-ականների սկզբներին իշխանության գլուխ հայտնված ՀՀՇ-ն ինչ-որ տեղ ստիպված էր ռազմաքաղաքական հարաբերություններ վերահաստատել կայսերական Ռուսաստանի իրավահաջորդի՝ ՌԴ-ի հետ, քանզի առկա էին Ադրբեջանի հետ ունեցած «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» հարաբերություններն ու Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը շարունակող Թուրքիան: Հետագայում այդ հարաբերությունները միայն ռազմաքաղաքականից վերածվեցին նաև լուրջ տնտեսական հարաբերությունների: Կարելի է ասել, Հայաստանում ռուսական ռազմական և տնտեսական ներկայությունը գերակա դիրք է զբաղեցնում՝ համեմատության եզրեր չունենալով եվրատլանտյան ներկայության հետ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ազգային շահերը պահանջում են, որ երկրի արտաքին քաղաքականությունը լինի հավասարակշռված և սուր հակադրվածությամբ հանդես չգա այլ աշխարհաքաղաքական բևեռների հետ: Բնականաբար, անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության կայացման գործի համար ժամանակ էր անհրաժեշտ, քանզի նորաստեղծ պետությունները, որպես կանոն, կանգնում են պետական ինստիտուտների ստեղծման և կայացման հետ կապված խնդիրների առջև: Ինչևէ, 2008-ին նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը, ով պետական կառավարման բազմամյա փորձ ուներ, կարողացավ բեկում մտցնել արտաքին քաղաքականության ոլորտում: ՌԴ-ի հետ զարգացնելով ռազմավարական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանը խորացրեց և նոր, նախկինից էականորեն տարբերվող հունի մեջ դրեց նաև Արևմուտքի հետ հարաբերությունները:
ՈՒշագրավ է, որ եվրոպական կառույցների հետ հարաբերությունների նոր էջը բացելուն զգալի նպաստեց նաև 2008-ին վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, որը ոչ միայն երկար տարիներ ղեկավարել է Կենտրոնական բանկը, այլև ինտելեկտուալ քաղաքականության կողմնակցի և օրինակելի արժեքային համակարգ կրողի համբավ ունի: ՈՒշագրավ է նաև այն հանգամանքը, որ վարչապետ Սարգսյանի քաղաքական հակառակորդները լրատվական շրջանառության մեջ դրեցին այն «տեսակետը», թե Տիգրան Սարգսյանը, բարելավելով Արևմուտքի հետ հարաբերությունները, դեմ է գնում ռուսական շահերին՝ հարուցելով Կրեմլի դժգոհությունը և նրանից շուտափույթ ազատվելու ռուսական պահանջը: Ինչ խոսք, վարչապետի պաշտոնը նախագահի պաշտոնից հետո դեֆակտո երկրորդն է Հայաստանում, ինչի պատճառով էլ բազմաթիվ գործիչներ` իշխանության և ընդդիմադիր ճամբարներից, ձգտում են հայտնվել այդ պաշտոնում՝ փորձելով տեղեկատվական պայքարի միջոցով թուլացնել Տիգրան Սարգսյանի դիրքերը:
Այդ է պատճառը, որ տևական ժամանակ է, ինչ տարբեր լրատվամիջոցներ պտտում են վարչապետ Սարգսյանի` «հակառուսական ճամբարի անդամ» հանդիսանալու մասին «տեղեկությունը»: Եվ սա այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանը կրթություն է ստացել ՌԴ-ում՝ ինչ-որ տեղ լինելով ռուսաստանյան իշխող «պետերբուրգյան թիմի» անդամ: Բավական է մատնանշել միայն այն փաստը, որ ՀՀ վարչապետը անձնական սերտ հարաբերություններ ունի ՌԴ մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ: Այդ հարաբերությունների զգալի մասը ձեռք է բերվել ոչ միայն պաշտոնական հարաբերությունների, այլև ուսանողական տարիներին: Համացանցում անգամ հայտնվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամ, ՌԴ տնտեսական զարկերակը հանդիսացող «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Տիգրան Սարգսյանի ուսանողական տարիների համատեղ լուսանկարները:
Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի հարաբերությունները ռուսական իշխանական շրջանակների հետ չեն սահմանափակվում միայն անձնական հարաբերությունների տիրույթով: Կասկածից վեր է, որ ՀՀ վարչապետը, հանդիսանալով տնտեսության կառավարման գլխավոր պատասխանատուներից մեկը, գիտակցում է, որ ռուսական կապիտալը Հայաստանում լուրջ ներկայացվածություն ունի, և անհնար է պատկերացնել ռուսական շահի ոտնահարումը մեր երկրում: Հենց Տիգրան Սարգսյանն է նախագահի հանձնարարությամբ բազմաթիվ հանդիպումներ ունեցել ՌԴ ներկայիս նախագահ, նախկին վարչապետ Վլադիմիր Պուտինի և ներկայիս վարչապետ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ հասնելով մի շարք քաղաքական և տնտեսական համաձայնությունների ու պայմանավորվածությունների: Կարո՞ղ էր արդյոք «հակառուսական ճամբարի» անդամը նման գործունեություն ծավալել, և ինչքա՞ն է տրամաբանական հայ-ռուսական տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացման գործում լրջագույն ավանդ ունեցող գործչի վրա մամուլով հակառուսականության թեմատիկայով «բոչկա գլորելը»:
(շարունակելի)

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ