Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայոց Երուսաղեմը իր նոր Պատրիարքին է սպասում

Հայոց Երուսաղեմը իր նոր Պատրիարքին է սպասում
21.12.2012 | 11:35

Մի քանի շաբաթ առաջ ննջեց Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանության պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը։ Ըստ կանոնակարգի, Միաբանական ընդհանուր ժողովն ընտրեց Արիս Շիրվանյանին որպես պատրիարքի փոխանորդ։ Իսկ վերջնական ընտրությունը, ըստ նույն ժողովի որոշման, տեղի է ունենալու 2013 թ. հունվարի 23-25-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ ինչո՞ւ հենց այդ օրերին. որովհետև Նոր տարին ու Սուրբ ծնունդը Երուսաղեմում սովորաբար զբոսաշրջիկների և ուխտավորների եռուզեռի ժամանակաշրջանն է լինում։ Իսկ Սուրբ ծնունդը մենք՝ հայերս, այնտեղ տոնում ենք հունվարի 19-ին։ Այնպես որ Սուրբ ծննդից հետո հուսով ենք, որ հայոց Երուսաղեմը իր նոր պատրիարքը կունենա՝ արժանի այդ մեծ ու պատասխանատու անվանը։ Սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն, այլ լուրջ հիմնավորված։ ՈՒստի հարկ է, որ ընթերցողը նախ ծանոթանա Երուսաղեմի հայոց պատրիարքության պատմության ակունքներին։

Բայց մինչ այդ տեղեկացնենք, որ պատրիարքական աթոռի թեկնածուներն առայսօր հինգն են՝ Տ. Արիս արք. Շիրվանյանը, Տ. Վիգեն արք. Այքազյանը, Տ. Նուրհան արք. Մանուկյանը (Միաբանության այժմյան լուսարարապետը), Տ. Խաժակ արք. Պարսամյանը, Տ. Բաբկեն ծայրագույն վարդապետ Անուշյանը։
Թերթի հետագա համարներում մենք դեռ կծանոթանանք այդ թեկնածուների կենսագրական տվյալներին, բայց այժմ կարդանք Երուսաղեմին առնչվող մեր հայոց պատմության անծանոթ էջերը։
Ինչպես հուշում է մագաղաթաբույր պատմությունը, հայերը Երուսաղեմում եղել են դեռ Քրիստոս Հիսուսի ժամանակներից, իսկ Տիրոջ երկինք համբարձվելուց հետո Նրա տնօրինական վայրերը ի սկզբանե պահպանվել են հենց մեր ազգի կողմից, հանձին Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի։ Նա իր ամուսնու մահից հետո՝ 42 թվականին, Կղոդիոս կայսրի ժամանակ, Միջագետքից Երուսաղեմ է գալիս, որովհետև ամուսնուն հաջորդած Սանատրուկ թագավորը նրան տիկնությունից հանել և Խառան` իր ծննդավայրն էր աքսորել: Հեղինեն, չհանդուրժելով տեղի հեթանոսական բարքերը, գալիս է Սուրբ երկիր և իր հարստությունը ի սպաս է դնում քրիստոնեավայել բարի գործերի համար, որոնցից ամենանշանակալիցը Ագաբոս մարգարեի ասած (Գործք 11.28) սովի ժամանակ տեղի ժողովրդի համար հաց հայթայթելն էր: Ավանդությունը տեղեկացնում է, որ նրա տունը Սիոնի վրա լինելով, մերձ է եղել Տիրամոր տանը, և նա հաճախ սուրբ Կույսին այցի է գնացել (երանի՜ նրա աչքերին, որ Տիրոջ օրհնյալ Մորն է տեսել և խոսել նրա հետ), ու հավատում ենք, որ միասին աղոթք են արել, և ինչու չէ, Տիրամայրը Որդուն խնդրել է նաև հայոց ազգը օրհնել և պահպանել թե՛ Հայաստան աշխարհում, թե՛ նաև Սուրբ երկրում (այլապես ուրիշ ինչ զորություն կարող էր այսքան դարեր մեր ազգը պահել այս Սուրբ քաղաքում, այսքան բարբարոս ու զորավոր աշխարհակալների օրոք):
Այնուհետև Հեղինե թագուհին սուրբ տնօրինաց վայրերում առաջին մատուռներն է կառուցել տալիս: Ճիշտ է, սկզբում անպաճույճ՝ քարերով առանձնացնելով սրբատեղիները, որով և փրկում է դրանք թե՛ հետագա ապականությունից, թե՛ իսպառ անհետանալուց և թե՛ հրեաների ու հեթանոսների կողմից անարգվելուց: Դրա մասին են վկայում հնախոսական գրքերը, մանավանդ Հաճնի սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի վանքում գտնված մի ձեռագրի մագաղաթյա էջերը, որտեղ Գրիգոր Վկայասերի ձեռքով ասորերենից թարգմանվել են հետևյալ տողերը. «Ամենաբարեպաշտ և գթասիրտ մեր թագուհին, հայոց և ասորիների թագավոր Աբգարի կինը` Հեղինեն, հրաժարվելով աշխարհի ամեն փառքից, գնաց Երուսաղեմ. Տիրոջ 42 թվականին, մայիս ամսվա սկզբին: Այդ ժամանակ Երուսաղեմում և կից սահմաններում սով էր, այդ պատճառով թագուհին Եգիպտոսից ու Կիպրոսից ցորեն գնելով առատապես բաշխեց բոլորին, առանց խտրություն դնելու հրեայի ու հեթանոսի միջև: Նրան հավատարմորեն օգնում էր իր զորական ծառան` Խուրանը: Սովը կոտրվելուց հետո թագուհին սկսեց զբաղվել սրբատեղերի մատուռների շինությամբ: Սկզբում դրանք սարքել էր տալիս մեծ-մեծ քարեր բրգաձև կիտելով, նախ Քրիստոսի շիրմին, հետո Ձիթենյաց լեռան վրա` Տիրոջ սուրբ ոտնատեղերում, ապա քարերով շրջափակեց Հիսուսի ծննդյան սուրբ այրը Բեթղեհեմում: Դրանից հետո Զեբեդեոսի որդի Հակոբոս առաքյալի շիրմին, որտեղից ստեպ-ստեպ այցի էր գնում Հիսուսի Մոր` սուրբ Կույսի վերնատունը, որը մերձ էր Սիոնին»: Եվ, ըստ Հովսեփիոս Փլաբիոս պատմիչի, երբ յոթ տարի մնալուց հետո Աստծո այդ բարեպաշտ աղախինը ննջում է, թաղվում է այստեղ` Երուսաղեմում: Մինչև անցյալ դարը այդ աստվածասեր կնոջ գերեզմանն անհայտ էր բոլորին, բայց երբ 1875 թ. ֆրանսիացիները մի հողակտոր գնեցին, ու քանի որ եվրոպացի նշանավոր գիտնական Սաուլոն գիտեր, որ այդ վայրում է թաղվել թագուհին, շուտով պեղումներ սկսեցին: Շատ չանցած հաստատվեց այդ կարծիքը, որովհետև հայտնաբերեցին երկու մեծ ջրամբար և սպիտակ քարե սնդուկի նմանվող մի գերեզման: Երբ զգուշությամբ բացում են այն, ապա, հուրախություն նրանց, կնոջ զարդարանքներով մի կմախք են գտնում, իսկ ներսից եբրայերեն փորագրված էր հետևյալ մակագրությունը. «Հեղինե թագուհի, կին հայոց Աբգար թագավորի»:
Ըստ հրեա պատմաբանների, այդ բարեպաշտ կինը, երբ Սուրբ երկիր է եկել, դրա բուն պատճառը իբր եղել է այն, որ նա Մովսիսական կրոնն է ընդունել: Այդպես են մտածել նաև կոմունիստական մտածելակերպ ունեցող մի քանի հայ գիտնականներ, որոնք իրենց առավել իմաստուն են համարել, քան Մովսես Խորենացին: Բայց մեր ունեցած պատմական փաստերն ու սթափ միտքն ասում են, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ ժամանակ Եդեսիայում գտնվող հրեաները, բացի ճարպիկ առևտրից ու արհեստներ բանեցնելուց, այլ ուշագրավ ոչինչ չեն ցուցաբերել, որպեսզի մարդիկ հոժարեին ու նրանց հավատին հարեին: Երբ Փլաբիոս պատմիչն ասում է, որ Հեղինեն հրեական կրոնն ընդունեց, պետք է հասկանալ քրիստոնեությունը, որովհետև այդ ժամանակվա մնացած հեթանոս ազգերի համար այն նույնպես հրեական կրոն էր համարվում, քանի որ առաջին քարոզիչները, նույնիսկ առաքյալներից շատերը, նորադարձներին պարտադրում էին թլպատվելու հրեական սովորության համաձայն, ինչը առաքելական ժողովից հետո արգելվեց (Գործք 15): Բայց մենք լավ գիտենք, որ Հեղինե թագուհին իր ամուսնու ճշմարիտ հավատին հարելով, հրաժարվել է հեթանոսությունից, և դրանից հետո նա կոչվում էր քույր և կին Աբգար թագավորի: Սա մի խոր իմաստ է տալիս այդ բարեպաշտ ամուսինների զարմանալի հավատքին, քանի որ քրիստոնեական կրոնի անաղարտության ու սրբության բարձրագույն աստիճանի հասնելու համար, երբեմնի ամուսինները միմյանց փոխհամաձայնությամբ հրաժարվում են հետագա ամուսնական սեռային հարաբերությունից և դառնում են եղբայր ու քույր: Ինչպես վարվեց Գրիգոր Լուսավորիչն իր կնոջ հետ, և հետագայում շատ բարեպաշտ քրիստոնյաներ: Եվ հենց այդպիսին են եղել Աբգար թագավորի և Հեղինե թագուհու հարաբերությունները: Նման հոգևոր սխրանքը, անշուշտ, բոլորին չի տրված, այլ նրանց, ովքեր այդ բանի համար կանչված են, քանզի կամենալն ու անելը Տիրոջ զորությամբ է:
Իսկ Սրբոց Հակոբյանց վանքի և տաճարի հիմնադրման ժամանակը սկսվում է առաջին քիստոնեական պետության արքայի` Տրդատի հրամանով, երբ այդ հողատարածքը նրա կողմից ձեռք է բերվել որպես հայոց ազգային կալվածք: Այս հիմքի վրա էլ ձևավորվում է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որի համառոտ պատմությունը հետևյալն է: Մինչ քաղկեդոնական պառակտիչ վեճերը Քրիստոսի եկեղեցին մի էր, և նրա չորս գլխավոր աթոռներից մեկը գտնվում էր Երուսաղեմում, որի առաջնորդը հույն էր: Բայց ահա 451 թ. Քաղկեդոնի չարաբաստիկ տիեզերական ժողովից հետո սկսվում են կրոնադավանաբանական հալածանքները, որովհետև հայերը Քրիստոսի Ծնունդն ու Հարությունը շարունակում էին տոնել եկեղեցու հայրերի դրած կանոնով, իսկ հույները՝ նոր ընդունված տոմարով: Նույնիսկ վեցերորդ դարում հայ նախարարները յոթ կենդինար, այսինքն՝ մոտ 5000 ոսկի են ուղարկում Բյուզանդիայի կայսրին՝ ի նշան հնազանդության, որպեսզի նա մի հրովարտակ գրի Երուսաղեմի հայրապետին, որ հայերին ու աղվաններին չնեղեն ու թույլ տան նախկինի պես կատարել եկեղեցական արարողությունները: Սա, իհարկե, թույլ միջոց էր հետզհետե սաստկացող միջեկեղեցական պառակտումների դեմ: Այդ պատճառով հայերը արաբների ամիրապետի օգնությամբ, որին ավելի սիրելի էին խաղաղասեր հայերը, քան վիճահարույց հույները, 637 թ. ձեռք են բերում թե՛ կալվածքների սեփականության անխախտ իրավունքներ, թե՛ անկախ պատրիարքություն ունենալու հրովարտակ, որոնք ուժի մեջ են մինչև այսօր, և հույս ունենք, որ կգործեն մինչև մեր բոլորի Տիրոջ` Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան օրը: Ի դեպ, նշենք, որ ասորիները, ղպտիները և հաբեշները (եթովպացիները), ի սկզբանե պատրիարքություն չեն ունեցել և միշտ հայոց պատրիարքության հովանու տակ են եղել: Որպես վերջին լրացում ասենք, որ Կիլիկիային մերձ լինելու պատճառով Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մինչև 13-րդ դարը բոլոր առումներով՝ հոգևոր, թե նյութական, կախում է ունեցել Ռուբինյան թագավորներից ու Սսի կաթողիկոսությունից: Բայց երբ Կիլիկիայի 0շին թագավորի հրամանով Կոստանդին կաթողիկոսը ս. Հակոբյանց միաբանությանը պարտադրում է քաղկեդոնական դավանանքին հարել, այդ ժամանակվա Սարգիս պատրիարքը, մերժելով մեր եկեղեցու դավանանքին հակադրվող այդ պարտադրանքը, 1311 թ. ստիպված դիմում է ամիրապետի օգնությանը, որից և ստանում է բոլորովին անկախ պատրիարքություն դառնալու հրամանը: Այս հանգամանքն է պատճառը, որ 1311 թվականը համարվում է Երուսաղեմի հայոց պատրիարքության առաջացման տարեթիվը:
ՈՒրեմն իմացի՛ր, թե ով ես դո՛ւ, ո՛վ հայորդի, և տե՛ս` ինչպիսի՜ արմատներից ես սերվել ու մինչև այժմ էլ սնվում և ինչպիսի՜ ժառանգություն ունես Քրիստոս Աստծո ծննդյան ու հարության երկրում:
Ով հայազն, այժմ մի կողմ թող մերօրյա խառը ժամանակներից վարակված հուսահատությունդ ու տրտունջներդ. ելի՛ր, կանգնի՛ր մեղքի թմբիրից և Տիրոջ Անունը կանչի՛ր, որովհետև Նրա համար, ինչպես համոզվեցիր, շատն ու քիչը միևնույն բանն են: Նա մեզնից «որակ» է պահանջում, այսինքն՝ հավատ, սուրբ երկյուղ, արդարություն, ներողամտություն և ողորմածություն:
Թող Տեր Հիսուսն օգնի այդ ամենին, որպեսզի մենք էլ հաղորդ լինենք Իր Սուրբ Հոգու զորությամբ. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ