Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Կարող ես ապրել առանց մի ոտքի, մի երիկամի կամ թոքի, առանց սրտի հնարավոր չէ»

«Կարող ես ապրել առանց մի ոտքի, մի երիկամի կամ թոքի,  առանց սրտի հնարավոր չէ»
21.12.2012 | 11:40

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 2003-ին 2010-ին, Արտյոմ Քուշկյանի նախաձեռնությամբ, վերանորոգվել, վերակահավորվել և վերազինվել է նոր սարքավորումներով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու ՎԱՀԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցը սրտանոթային վիրահատության ժամանակակից մեթոդների, Հայաստանում դրանց կիրառելիության, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի կանոնների մասին է:
Վահե Գասպարյանը 1993-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանը, կլինիկական օրդինատուրան սրտանոթային մասնագիտութամբ անցել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, վերապատրաստվել է ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներից մեկում` Նյու Յորքի «Westchester» բժշկական կենտրոնում: Աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, 1996-98 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես զինծառայության լեյտենանտ: Այնուհետև Ֆրանսիայում վերապատրաստվել է փականային վիրաբուժության հիմնադիր պրոֆեսոր Ալեն Կարպանտիեի մոտ: 2000-2003 թթ. աշխատել է Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցում, որից հետո` 2003-ից, գլխավորել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը: Կատարել է մոտ 300 վիրահատություն, հիմնականում` աորտո-կորոնար շունտավորում:

-Խոսքը բա՞ց, թե՞ փակ վիրահատության մասին է:
-Փակ վիրահատությունը կիրառվում է բնածին արատների դեպքում: Մենք զբաղվում ենք մեծահասակների վիրաբուժությամբ: Իրականացնում ենք բաց` կրծքավանդակը հատելով, մեծ մասամբ` արյան արհեստական շրջանառության պայմաններում կատարվող վիրահատություններ: Հիմնականում դա աորտո-կորոնար շունտավորում կոչվող վիրահատությունն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում և նպատակ ունի տարբեր տեսակի շունտերի միջոցով` զարկերակային, երակային, նոր ճանապարհ ստեղծելու արյան համար:
Ձեռքբերովի արատների դեպքում կատարվում են փականների պլաստիկ և պրոթեզավորման վիրահատություններ:
Մեծ և տարածուն սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդների դեպքում, որոնք ունեն սրտի լայնացում, կիրառվում է սրտի փորոքի պլաստիկ վիրահատություն` նպատակ ունենալով վերականգնելու սրտի նորմալ չափսերը (Դօռի վիրահատությունը), հետևաբար նաև կծկողականությունը, և հիվանդին ազատել սրտային անբավարարվածության կլինիկայից: Կատարվում են նաև սրտի տարբեր տեսակի ուռուցքների վիրահատություններ և այլն:
-Որո՞նք են վիրաբուժական միջամտության ժամանակակից մեթոդները, և ե՞րբ են դրանք թափանցել Հայաստան:
-ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ մենք, ըստ հնարավորության, դրանք կիրառում ենք Հայաստանում: Որպես օրինակ, մեզ մոտ հաջողությամբ ներդրվել է ամբողջային զարկերակային կորոնար շունտավորումը երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ Y գրաֆտի տեսքով:
Տվյալ վիրահատության առանձնահատկությունն այն է, որ մենք խուսափում ենք երակային շունտերից, դրվում է միայն զարկերակային, իսկ զարկերակային շունտերի մեջ ներքին կրծքային զարկերակը լավագույնն է հեռակա արդյունքների առումով: Մանավանդ երիտասարդ հիվանդների դեպքում, ովքեր դեռ երկար տարիների կյանք ունեն, նախընտրելի են զարկերակային շունտերը, ինչը հնարավորություն կտա հետագայում խուսափելու կրկնակի վիրահատությունից:
Մյուս օրինակը փորոքի պլաստիկան է, այսպես կոչված, Դօռի վիրահատությունը, որ ներդրվել է 2004-ին Երևան այցելած հայազգի սրտային վիրաբույժ Արման Էքերյանի շնորհիվ և մեր կենտրոնի ջանքերով:
Նախ ասեմ, որ սրտի հետինֆարկտային անևրիզմայով` սրտի լայնացմամբ տառապող հիվանդները ծանր կոնտինգենտ են, որովհետև արտահայտված սրտային անբավարարվածության փուլում են գտնվում և առանց որևէ ակտիվ վիրաբուժական միջամտության դատապարտված են: Ըստ վիճակագրության` նրանց երեք տարվա կյանքը կազմում է 30 տոկոս, այն դեպքում, երբ Դօռի վիրահատությունից հետո 5 տարի ապրելու շանսերը բարձրանում են մինչև 80 տոկոս: Իր արդյունքներով այս վիրահատությունը համարժեք է սրտի փոխպատվաստմանը: Իսկ դա շատ կարևոր է մանավանդ մեր երկրի համար, որտեղ փոխպատվաստում չի արվում, և չեմ կարծում, թե մոտ ապագայում կկիրառվի:
-Սրտի փոխպատվաստման մասին շատ բան չգիտենք: Մի փոքր մանրամասնեք:
-Փոխպատվաստումն ինքնին տեխնիկապես բարդ վիրահատություն չէ: Բարդությունն ավելի շատ ֆինանսական, սոցիալական և կազմակերպական հարցերում է: Հիվանդը հայտնվում է «սպասողների» ցուցակում ու շատ դեպքերում այդպես էլ մահանում է` սպասելով: Հեշտ չէ դոնորական սիրտ ձեռք բերելը, համատեղելիությունը որոշելը, օրենքն ընդունելը: Էլ չասենք, որ բավական թանկ արժեն վիրահատությունը, հետվիրահատական խնամքը և այլն:
Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրներում, սկսած ԱՄՆ-ից, վերը նշված պատճառներով, փոխպատվաստումը գնալով անկում է ապրում:
-Իսկ եթե, այնուամենայնիվ, բոլոր այդ բարդությունները հաղթահարվեն, կարո՞ղ ենք խոսել փոխպատվաստման արդյունավետության մասին:
-Արդյունավետություն, այո, կա, փոխպատվաստված սրտով հիվանդները փրկվում են: Տերմինալ փուլում գտնվող հիվանդը, որին մնացել է ամիսների կյանք, դառնում է գրեթե լիարժեք մարդ:
-Լավ մասնագետ լինելու համար պարտադի՞ր պայման է արտասահմանում վերապատրաստվելը:
-Անպայման: Երանի հետագայում մեզ մոտ այնպիսի դպրոց լինի, որ նորություններ սովորելու համար այլևս հարկ չլինի գնալ արտասահման: Թեև, ես կարծում եմ, իդեալական երկիր չկա ոչ մի առումով, միշտ դու կողքինից սովորելու բան ունես:
-Հայաստանյան վիրաբույժներից կարո՞ղ են ինչ-որ բան սովորել:
-Իհարկե, այն առումով, որ մենք տեսնում ենք պաթոլոգիաներ, որոնք արտասահմանում արդեն քիչ են հանդիպում: Օրինակ, ռևմատիկ արատները մեզանում շատ են, նրանց մոտ գրեթե չկան:
-Մենք միշտ «լավ արդյունքները» դրսի հետ ենք կապում: Հնարավորության դեպքում հիվանդները գերադասում են վիրահատվել արտասահմանում:
-Եթե տվյալ վիրահատությունն արդյունավետությամբ կատարվում է մեր երկրում, ինչո՞ւ գնալ ուրիշ երկիր, ավելի շատ վճարել ու բուժվել, իսկ եթե` ոչ, իհարկե, միակ ելքը մնում է դուրս գալը:
-Հարցն էլ հենց դա է, սրտանոթային հիվանդությունների բուժման հիմնական մեթոդներն այստեղ կիրառվո՞ւմ են: Սովորաբար ասվում է, որ մենք մոտ 50 տարով հետ ենք մնում համաշխարհային բժշկության զարգացման տեմպից:
-Կարող ենք արձանագրել և հպարտությամբ ասել, որ սրտաբանության բնագավառում Հայաստանի բժշկությունը մեծ առաջընթաց է ապրել, և շատ քիչ բաներ կան, որոնց մեր սրտաբանները չեն տիրապետում:
-Միքայելյանը համարվում էր առաջատար վիրաբույժ: Կա՞ն էլի անուններ, որ կառանձնացնեիք:
-Միքայելյանն առաջինն էր, որ սրտային վիրաբուժություն ներդրեց Հայաստանում: Պետք է դա միշտ հիշել ու երախտիք պահպանել այդ մարդու հանդեպ, ով հեռավոր 1974-ին հիմնեց սրտի վիրաբուժության ինստիտուտ, որը հետագայում կոչվեց նրա անունով:
Այն, որ այսօր ունենք սրտային վիրաբույժներ Հայաստանում, առաջին հերթին Միքայելյանի շնորհիվ է: 1993-ից Հայաստանում է և առայսօր աշխատում է Հրայր Հովակիմյանը: Նա իր հերթին նոր շունչ հաղորդեց Հայաստանի սրտային վիրաբուժությանը: Ես հպարտությամբ պետք է ասեմ, որ Հրայր Հովակիմյանն իմ առաջին ուսուցիչն է:
-Թա՞նկ է սրտի վիրահատությունն առհասարակ:
-Հայաստանում սրտի վիրահատությունն ամենաէժանն է, եթե համեմատենք այլ երկրների հետ: Օրինակ, աորտո-կորոնար շունտավորումը մեզ մոտ արժե մոտ 6000 դոլար, ԱՄՆ-ում` 60 հազար, Եվրոպայում` 20-30 հազար և այլն: Հայաստանի բնակչության համար 6000 դոլարն էլ շատ մեծ գումար է, սակայն ավելի էժան հնարավոր չէ, որովհետև վիրահատության ինքնարժեքը շատ բարձր է: Վիրահատության ժամանակ կիրառվող նյութերը, պարագաները, դեղորայքը, ներարկիչները, արյան արհեստական շրջանառության պարագաները, փականները, բոլորը թանկարժեք, բարձրորակ, արտասահմանյան նյութեր են: Ցածր գինը մեզ հաջողվում է ապահովել միայն ու միայն եկամուտների և վճարվող աշխատավարձերի խիստ կրճատման շնորհիվ:
-Տարեկան քանի՞ վիրահատություն է կատարվում Հայաստանում:
-Մոտ 1000:
-Սրտանոթային հիվանդությունները տարածվածությամբ և մահացությամբ առաջին տեղն են զբաղեցնում ամբողջ աշխարհում, նաև մեր երկրում: Որքան գիտեմ, նկատվում է նաև հիվանդության երիտասարդացում, ինչո՞վ է պայմանավորված:
-Մեր ամենաերիտասարդ հիվանդը, որին կատարել ենք աորտո-կորոնար շունտավորում, 32 տարեկան է: Երիտասարդացումը, առաջին հերթին, պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ, նաև այն բոլոր գործոններով, որոնք առկա են իշեմիկ հիվանդությունների դեպքում` գիրություն, սթրեսներ, նստակյաց կյանք, ծխամոլություն: Բոլոր նշվածները մեր ժողովրդի մեջ խիստ արտահայտված են, երիտասարդ տարիքից ծխում են, սպորտով չեն զբաղվում:
-Ինչպե՞ս պետք է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները:
-Բոլոր վերը նշած ռիսկի գործոնները բացառել, ապրել առողջ կյանքով, զբաղվել սպորտով, պահպանել դիետա` գոնե 40 տարեկանից հետո, չծխել, ոգելից խմիչքներ օգտագործել չափավոր` առիթից առիթ:
-Կլինիկական ո՞ր նշանների դեպքում պետք է դիմել սրտաբանի: Երբեմն շատ անսպասելի է վրա հասնում մահը: Կա կարծիք, որ առողջ մարդիկ ավելի հաճախ են մահանում ինֆարկտից:
-Հաճախ է այդպես լինում, մանավանդ` ցողունային ախտահարումների դեպքում: Մարդը առողջ չէ, պարզապես ուշադիր չի եղել, նշաններն անտեսել է, և քանի որ մահը վրա է գալիս հանկարծակի, ասում են` առողջ էր, հանկարծ մահացավ:
Առաջին իսկ նշանների դեպքում` լինի դա սեղմող ցավ կրծոսկրի, հետկրծոսկրի շրջանում, ռիթմի խանգարում` սրտխփոցից սկսած մինչև ավելի կոպիտ արտահայտված ռիթմի խանգարումներ, հևոց, պետք է անպայման դիմել մասնագետի:
-Այս դեպքում հարկ է խոսել պրոֆիլակտիկայի կարևորության մասին:
-Խորհրդային Միության տարիներին Եվգենի Չազովը շեշտը դրեց պրոֆիլակտիկ բժշկության վրա: Այդ տարիներին երկրում կտրուկ նվազեց ինֆարկտների տոկոսը: Նույն հաջողությանը հասել են զարգացած երկրները` խիստ պայքար տանելով ծխելու դեմ, գիրության: Կանխարգելման միջոցառումներ կիրառելու համար անհրաժեշտ են պետական քաղաքականություն, բնակչության գիտակցության բարձրացում ու կամք:
-Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը: Հավանաբար, հեշտ չէ գործ ունենալ մարդու սրտի հետ:
-Սիրեցի այդ մասնագիտությունը և հասկացա, որ իմ կոչումն է: Իհարկե, դժվար, պատասխանատու աշխատանք է: Վիրահատությունը գերլարում է պահանջում` ֆիզիկական և հոգևոր: Բայց հետաքրքիր է հենց նրանով, որ դժվար է, ու երբ տեսնում ես առողջացած հիվանդին, մոռանում ես այն չարչարանքը, որ ունեցել ես:
-Սիրտն ընկալվում է որպես հոգու տեղակայման օրգան: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Ես աթեիստ եմ: Հուզական պահեր ապրելիս ունենում ենք սրտխփոց, դա ֆիզիոլոգորեն բացատրվող երևույթ է: Գերլարումը` թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական, պահանջում է ավելորդ արյան մատակարարում դեպի աշխատող օրգաններ, ինչն էլ պահանջում է սրտի արագ աշխատանք: Արդյունքում ունենում ենք սրտխփոց և նույնացնում հոգին ու սիրտը:
-Պատահում է, որ ոչ մի դրական արդյունքի հույս չկա, բայց հիվանդը կազդուրվում է, ընդհուպ` վերակենդանանում, և հակառակը: Չե՞ք կարծում, որ ամեն դեպքում գործ ունեք առեղծվածային օրգանի հետ:
-Ընդհանրապես` հրաշքներ չկան, եթե որևէ բան դեռևս չենք հասկանում, չի նշանակում, որ գործ ունենք գերբնական ուժերի հետ:
-Դրական էմոցիաները, սակայն, օգտակար են սրտին:
-Սիրտը պարզապես մի օրգան է, որ կապված է կյանքի հետ: Չկա սիրտ, չկա կյանք: Կարող ես ապրել առանց մի ոտքի, մի երիկամի կամ թոքի, առանց սրտի հնարավոր չէ: Սրտից է կախված կյանքը` թե՛ լինել-չլինելու, թե՛ որակի առումով:
Դրական սթրեսներն օգտակար են, որովհետև օրգանիզմը տոնուսի մեջ են պահում, չափավոր սթրեսների ժամանակ խոլեստերինը, ճարպերը լուծվում, քայքայվում են: Արտահայտված կամ բացասական սթրեսները վնասակար են:
-Ի՞նչ կասեք մեր ընթերցողին զրույցի վերջում:
-Կցանկանայի, որ ապրեին առողջ կյանքով և լավատես լինեին, որովհետև լավատեսությամբ և ժպիտով ապրելը միայն ու միայն օգտակար է օրգանիզմին:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 11419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ