Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մի՛ վախեցեք ճշմարիտ խոսքը բարձրաձայնելուց

Մի՛ վախեցեք ճշմարիտ խոսքը բարձրաձայնելուց
21.12.2012 | 11:46

Հոգեշնորհ տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան


Մի քանի տարի առաջ ԱԺ-ում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու շուրջ քննարկումները մեկնաբանելիս, պատասխանի իրավունքով հանդես եկա տ. Ղևոնդ քահանա Վարդանյանի հարցազրույցի կապակցությամբ («Իրավունք de facto», թիվ 16 (76))։ Քահանան հավատացնում էր, որ եկեղեցի-պետություն համագործակցության արդյունքում աղանդների հարցով վտանգը կանխարգելելի է, և անհանգստանալու կարիք չկա։
Հոդվածիս վերնագիրն էր` «Եկեղեցի-պետություն «համագործակցության» պտուղներն օր օրի աճող աղանդներն են» (ի պտղոյ անտի ծառն ճանաչի)։
Երեք ամիս առաջ գնացել էի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վերադարձիս թիվ 86 ավտոբուս բարձրացան 5 երիտասարդներ, բոլորն էլ` բարեկազմ, և հագուկապից պարզ էր` «դրանցից» են։ Հինգից մեկը շատ բարձրահասակ էր, ուստի նստեց վարորդի կողքի շարժիչի վրա` ճիշտ իմ կողքին։
Արդեն 25 տարի է` անգլերենի հետ առնչություն չունեմ, տարիքս էլ այն չէ, այնուամենայնիվ, անգլերենով փորձեցի իմանալ ինչ մարդիկ են և ինչ կազմակերպություն են ներկայացնում։ Մեծ եղավ զարմանքս, երբ երիտասարդը վարժ և գրագետ հայերենով պատասխանեց հարցիս, ասաց, որ Էրեբունու իրենց կենտրոնից գնում են Վրացական փողոցում գտնվող մյուս կենտրոն խորհրդակցության` մանրամասնելու հետագա անելիքները։
Նրա նշած հասցեն նախկինում 26 կոմիսարների շրջանի բանկն էր, մեր պատվական այրերն այն վաճառեցին «Եհովայի վկաներին», սա` մի ուրիշ աղանդի, որն էլ վաճառել էր այս նոր աղանդին։
Հետաքրքրվեցի` որտեղի՞ց են, ի՞նչ կազմակերպություն են, ի՞նչ մասնաճյուղեր ունեն Հայաստանում, մասնավորապես` Երևանում և, ամենակարևորը, այդքան մաքուր հայերենը որտե՞ղ է սովորել։ Զրուցակիցս պատմեց, որ իրենց կազմակերպությունն ամերիկյան է, իրենք ամերիկացիներ են, մասնաճյուղեր ունեն աշխարհի բոլոր երկրներում (եղբայրն այժմ նույն առաքելությամբ Կոլումբիայում է)։ Կազմակերպությանն անդամագրվածները Ամերիկայում սովորում են այն երկրի լեզուն, ուր պիտի գործուղվեն իրենց «միսիան» իրականացնելու համար. պարապմունքներն օրական 6-8 ժամ են, ունեն աուդիո և վիդեո համակարգչային տեխնիկական միջոցներ։
Իսկ ի՞նչ «միսիա» է դա։ Դա մորմոնների «միսիան» է, որն ունի մորմոնների գիրքը (յուրատեսակ Աստվածաշունչ), և մեր օրերի մարգարեների (երևի նկատի ունեն Մորմոնին) միջոցով Աստծու վերականգնած ճշմարտությունների մասին են քարոզում։
Մեր պատմությունը լի է անձնազոհությունների բազմաթիվ օրինակներով` հանուն մեր ճշմարիտ հավատի ու հայրենիքի (Արցախը մեզ օրինակ)։
Իսկ ով բացեց այն դուռը, որտեղից ազատ Հայաստան թափանցեցին աղանդավորական շարժումները (դրանք ոչ մեկն են, ոչ էլ երկուսը)։
Ներեցեք ինձ, հայր սուրբ, եթե ասեմ` Դուք վախենում եք նրանց անունները տալուց։ Նրանք երեկվա և այսօրվա մեր իշխանավորներն են, որոնց համար այդ «կանաչ» աղանդները (դրամաշնորհի տեսքով) ավելի կարևոր են, քան մեր հոգևոր արժեքները (այդ թվում` եկեղեցական)։
Մեղադրենք աղանդավորների՞ն։ Համաձայն եմ։
Բայց ինչո՞ւ մոռանալ մեր նախնյաց բարի ավանդույթը` ունենալ տաներեց քահանա, ով, յուրաքանչյուր ընտանիքի լավ բարեկամը լինելով և, տարին գոնե երկու անգամ Ս. Ծննդյան ու Ս. Հարության տոներին այցելելով և տնօրհնեք կատարելով, Աստծու շնորհը կներարկի մեզ` հեռու պահելով աղանդներից։
Ավելին, այսօր ամուսնալուծություններն ահագնացող չափերի են հասել։ Այստեղ ևս տաներեց քահանան ու երեցկինն ունեն իրենց լուրջ դերակատարումը ընտանեկան այս կամ այն վեճը հարթելու և ընտանիքը կայուն պահելու հարցում. նույնիսկ Դեր Զորի անապատում մեր քահանաները չէին մոռանում նախնյաց այդ ավանդույթը, իսկ այսօր մեր քահանաներին տեսնում ենք միայն հարսանիք-կնունք-թաղում արարողությունների ժամանակ, այն էլ` հաճախ ոչ պատշաճ ձևով։
Հայր սուրբ, Դուք շատ լավ գիտեք մեր եկեղեցու յոթ խորհուրդների մասին։ Խորհուրդներից մեկը «պսակ ամուսնությանն» է. չմանրամասնելով այս խորհրդի առանձին հարցեր, ասեմ միայն, որ այդ կարգը չի կարելի կատարել 6 կետից բաղկացած ցանկի օրերի ընթացքում (տե՛ս Գերաշնորհ Դերենիկ Փոլատյանի աշխատությունը)։ Մեր եկեղեցու արժանապատիվ հայրերը կատարո՞ւմ են այդ կանոնը. ո՛չ, չեն կատարում։
Մի հարց էլ, և վերջ. Դուք խոսում եք Քաղկեդոնի 4-րդ Տիեզերական ժողովի մասին։ Եթե քաղաքացին դավանաբանական հարցերին տեղյակ չէ, չգիտի` ինչ է խոսվել, և ինչ որոշումներ են ընդունվել առաջին 3 ժողովներում, հայերից ով է մասնակցել, և ինչ դիրքորոշում ենք մենք ունեցել, կհասկանա՞ արդյոք 4-րդ Տիեզերականի էությունը։
Հայր սուրբ, մի՛ վախեցեք ճշմարիտ խոսքը բարձրաձայնելուց, թող ուրիշները վախենան դրանք լսելուց, գուցե ամաչեն և Աստծո ողորմածությամբ մի երանելի օր խելքի գան։


Ձերդ հոգեշնորհության ներողամտության ակնկալիքով`
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ