Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տիտղոսային ընդդիմության համար այս ընտրությունը Հայաստանի վերջն է»

«Տիտղոսային ընդդիմության համար այս ընտրությունը Հայաստանի վերջն է»
22.12.2012 | 14:55

Համագումարային շաբաթվա «աշխարհի վերջին» օրը «Հանրապետություն» կուսակցությանն էր, որը մեկտեղել էր ընդդիմադիր դաշտի այն հատվածը, որը բավականին դժգոհություններ ունի ՀԱԿ-ի գործողություններից: Այնտեղ էին Դավիթ Շահնազարյանը, Արարատ Զուրաբյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հրանտ Բագրատյանը: Այս առումով ակնհայտ երևում էր, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, այլևս գոյություն չունի: Հրավիրյալների թվում էին նաև ՆԺԿ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարները: Հարցին, թե ինչու ՀՀՇ-ին չեն հրավիրել, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշեց, որ ում նպատակահարմար են գտել հրավիրել են ու նրանց անհարմար դրության մեջ չդնելուն համար են նաև այդպես վարվել: «Համագումարի ելույթներում, ում ես կարող է քննադատեմ, նրանց չեմ հրավիրում, որովհետև քննադատությունից հետո պիտի հնարավորություն տաս հակադարձելու: Այս դեպքում համագումարը կվերածվի բանավեճի: Այստեղ ողբերգություն, չարություն չկա»,-նշեց «Հանրապետության» ղեկավարը:
Արդեն դահլիճում իր ելույթի ժամանակ Արամ Սարգսյանը ոչ միայն տողատակերում, այլև իրավիճակի ուղղակի մեղավորներ համարեց և իշխանությանը, և ընդդիմությանը: «Ճանապարհ դեպի լույս» վերնագրված ելույթում քաղաքական գործիչը նշեց, որ մենք «լույսի գոյությանը» չենք հավատում, այսինքն «Աստծո ներկայությանը մեր կյանքում»: «Քաղաքական դաշտի դեգրադացիան ակնհայտ է: Հակառակ այն իրողության, որ քաղաքական դաշտի ոչ մի խնդիր լուծված չէ, անելիքներից ոչ մեկն էլ արվածների սյունակում չես գրանցի: Սա հետևանք է ոչ թե գաղափարների ու գործողությունների պակասի, այլ գաղափարների արժեզրկման ու գործողությունների իմաստազրկման»,- փաստեց Սարգսյանը` սրա հիմնական մեղավոր համարելով իշխանությանը: Վերլուծելով իշխանության սխալներն ու բացթողումները, բանախոսը շեշտեց. «Խոսում են օլիգոպոլիաների ու մոնոպոլիաների անթույլատրելիությունից, բայց մասնակցում են ու ուրախանում նրանց հարսանիքներին ու խրախճանքներին: Հոկտեմբերի 27-ը պետության դեմ ուղղված ահաբեկչական ակտ որակելով, տեռորիզմի դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որոնք ամենաքիչը հանցավոր անգործություն են ցուցաբերել, պաշտոնների բարձրացում և շքանշաններ են նվիրում: Քաղաքականության կոռեկտության ու բարոյականության կոչեր անելով, նախկինում իրենց կողմից դավաճան ու դատարկություն անվանվածներին ներգրավում են բարձր պաշտոններում ու սեփական խմբակցությունում, դեռ ավելին, այցելում են նրանց գրքերի շնորհանդեսներին»:
Ստեղծված իրավիճակի հաջորդ պատասխանատուն, ըստ Սարգսյանի, ընդդիմությունն է: «Ընտրություններում պետք է հաղթես մինչև քվեարկություն, իսկ քվեարկության պիտի գնաս արդեն իսկ քաղաքական հաղթանակդ ամրագրելու: Բայց ընդդիմությունը երբեմն, իրենից անկախ, ներքաշվում է իշխանությունների կազմակերպված ինտրիգների դաշտ, մոռանում ժողովրդին ու իր խնդրի լուծումը տեսնում իշխանություններից մաս պոկելու մեջ»,-նկատեց Սարգսյանը` ԲՀԿ-ին սատարելու ՀԱԿ-ի քաղաքականությունը խստիվ դատապարտելով, ներկա իրավիճակի պատասխանատուն համարելով նաև ԲՀԿ-ին: Հետո հիշեցրեց ժամանակին Տեր-Պետրոսյանի կանխատեսումը՝ ԲՀԿ-ի առնչությամբ. «Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ, ԲՀԿ-ն հրաժարվեց նախկինում իր ստորագրած հուշագրից, բայց շահե՞ց արդյոք ժողովուրդը, ընդդիմությունը, քաղաքական դաշտը: Անկասկած` ոչ: Ավելի դեգրադացվեց` ապացուցելով, որ ընդդիմությունն էլ իշխանափոխության ու իշխանության հասնելու ճանապարհին, մեծ հաշվով, տաբուներ չունի»: Այս ամենում Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցությանն էլ է մեղավոր համարում:
Ելույթում Արամ Սարգսյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում չի առաջադրվում: Այս ընտրություններով, Սարգսյանի կարծիքով, իշխանությունները փակում են այս էպոխան` վստահեցնելով, որ փետրվարի տասնիննից հետո բոլոր ընտրական գործընթացներին մասնակցելու են: «Իշխաանության համար այս ընտրությունները հերթական վերարտադրման ակցիա է, «այլընտրանք» ինքնանվանմած միավորման համար այս ընտրությունները լաբիրինթոս է, որտեղից անվնաս ու շահած դուրս գալու ձև չեն գտնում: Տիտղոսային ընդդիմության համար այս ընտրությունը Հայաստանի վերջն է, մինչդեռ Հայաստանն ու հայրենիքը հավերժ են»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ