Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Կլինի՞ ազատական գաղափարախոսություն կրող թեկնածու

Կլինի՞ ազատական գաղափարախոսություն կրող թեկնածու
25.12.2012 | 00:15

Հրանտ Բագրատյանն ազնվորեն արեց այն ամենը, ինչ կարող էր ստեղծված իրավիճակում: Դեկտեմբերի 24-ին «Ազատություն» կուսակցությունը առաջադրեց նրա թեկնածությունը, բայց ինքը` Բագրատյանը, դեռ վերջնական որոշում չի ընդունել և այդ որոշումը պայմանավորում է Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումով: Ընդունեք, որ քաղաքական էտիկետի նորմերն անխաթար են մնում: Իր անդամությունը ՀԱԿ-ին առժամանակ կասեցրած Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները հրաշալի են: Այսինքն` անձնական տարակարծությունները, եթե կան, առաջին նախագահի անձին չեն առնչվում: Գոնե արտաքուստ: Նախկին վարչապետը, իհարկե, տեղյակ է ու տիրապետում է իրավիճակի բոլոր նրբություններին` նա գիտի, որ նախագահի թեկնածուի իր շանսերը տեսական ու պայմանական են, համենայն դեպս 2013 թվականին Հրանտ Բագրատյան անուն-ազգանունով նախագահ Հայաստանի Հանրապետությունը չի ունենա: Իր առաջադրման նպատակը նա բնավ էլ հաղթելը չի համարում, այլ պարտադիր է համարում ազատական գաղափարախոսություն կրող թեկնածուի առաջադրումը: Բացի այդ, և միանգամայն իրավացիորեն, ցանկանում է գործընթացներն արագացնել ու որոշակիացնել, և այս կետում Հրանտ Բագրատյանի հետ ողջ հասարակությունն է, որ իր բազմազանության մեջ ունի թե ընդդիմադիր, թե իշխանական կողմնորոշումներ, բայց ունի որոշակիության հիմնարար պահանջ:

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ի՞նչ որոշում կընդունի ՀԱԿ-ը. կնախընտրի՞ բոյկոտի տարբերակը, թե՞ կորոշի սատարել Հրանտ Բագրատյանի թեկնածությանը: Քաղաքական ու քաղաքագիտական վերլուծության տեսակետից տրամաբանականը բոյկոտն է, որովհետև ՀԱԿ ղեկավարը չի հայտարարել, որ դադարեցնում է «ավազակապետության» դեմ պայքարը: Առավելևս ԲՀԿ-ի որոշումից հետո, երբ պայքարը կասեցնելու կռվանները պակասել են: Բայց պայքարի պասիվ ու ակտիվ տարբերակների ընտրության մեջ առավել պրագմատիկը, այնուամենայնիվ, մնում է ակտիվ տարբերակը, և այդ դեպքում Հրանտ Բագրատյանը գտնված թեկնածու է: Իվերջո, ՀԱԿ-ի բոլոր անդամները կարող են փետրվարի 18-ին իրենց տնային ինքնակալանքի ենթարկել ու բոյկոտել ինչ ուզում են, բայց դա չի նշանակում, որ նրանց կոչով ընտրությունները կբոյկոտի հասարակության ընդդիմադիր հատվածը` սա խնդիր է, որ պետք չէ շրջանցել: Պատահական չէ, որ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի աջակցությունը ցանկալի է համարում: Միասնական ընդդիմադիր թեկնածու դառնալ նրան, իհարկե, չի հաջողվի` Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իր առաջադրման հաստատակամության մասին երգով-պարով հայտարարել է, «Ժառանգությունից» բացի սեփական թեկնածուն ընտրություններում կարող է ունենալ ՀՅԴ-ն, թեպետ հավաստիացնում էր, որ դա խելամիտ քայլ չէ: Այնուամենայնիվ, հիմնավորում կարող է դառնալ սեփական նախագահն ունենալու ցանկությունը, մարդ, որ կապահովի նախագահականից խորհրդարանական կառավարման անցումը: Առավելևս, որ ՀՅԴ դրույթների հայտնի փաթեթի 7 կետերից այդ մեկ կետը գործող նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է: Իսկ Ազատ դեմոկրատների աջակցությունն ունենալը առանձնապես մեծ քաղաքական կշիռ ու ազդեցություն նախկին վարչապետին չի ավելացնի, եթե Ազատ դեմոկրատները հրաժարվեն էլ հասարակությանը քաղաքական նոր մշակույթին ընտելացնելու ցանկությունից ու Անուշ Սեդրակյանին չկարողանան համոզել նախագահի կին թեկնածու լինել: Թեպետ ինքնարտահայտման ու ազատական գաղափարների քարոզման գործընթացում աջակցության կարիք Հրանտ Բագրատյանը հազիվ թե ունենա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ



Դիտվել է՝ 2335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ