Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Վկան՝ բազմերանգ ծաղիկները»

«Վկան՝ բազմերանգ ծաղիկները»
10.02.2017 | 12:29

ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ (Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ)

-Երևանի քաղաքապետերից յուրաքանչյուրն իր ձեռագիրն ու հետքն է թողնում քաղաքի վրա: Վերացնում են փողոցային առևտուրը, ձևավորում են քաղաքը և այլն: Չգիտեմ` դրական ինչ-որ բան ավելանո՞ւմ է քաղաքում, թե՞ ոչ, բայց դժգոհությունների պակաս երբեք չենք ունենում:
-Դժգոհություն չկա այնտեղ, որտեղ չկա աշխատանք:
-Խոսենք քաղաքի «եռագույնի» մասին:
-Ես կասեի, որ ներկայիս քաղաքապետը Երևանը դարձրեց ոչ թե եռագույն, այլ բազմագույն, ընդ որում` վառ գույներով լեցուն քաղաք: Երևանը վերջապես գտնում է իր ուրախ, առույգ, ծիծաղկոտ դեմքը. վկան՝ բազմերանգ ծաղիկները, շենքերը, որ լվացվեցին, թարմացան և այլն: Իհարկե, դեռ անելիք ունենք:
-Քաղաքում հեծանվուղու կառուցումը ինքնանպատակ չէ՞ր: Պակասեցի՞ն մեքենաները: Շահագործվո՞ւմ է սպասվածի պես ճանապարհային նոր միջոցը:
-Հեծանվուղին կառուցվեց աշնանը, և մարդիկ չհասցրին վարժվել, օգտագործել: Բայց ժամանակը ցույց կտա, որ ինքնանպատակ չէր: Դրանում պետք է մեզ օգնեն նաև այն կառույցները, որոնց միջնորդությամբ բացվել է հեծանվուղին` բնապահպանական, մարզական և այլ:
-Մաշտոցի այգին կրպակներից ազատելը ձեռքբերո՞ւմ եք համարում:
-Ձեռքբերում համարում եմ Երևանում ևս մի գեղեցիկ հանգստի գոտու` Մաշտոցի այգու ի հայտ գալը: Կրպակներ այսպես թե այնպես չէին լինելու: Հարցն այն է, թե երբ կդադարեր դրանց գոյությունը, բայց այգին մնալու էր այգի, ինչի մասին բազմիցս հայտարարվել է:
-Մեր մեծերի կավե արձաններն այժմ որտե՞ղ են «ապաստանում»:
-Տեղ կգտնեն թանգարաններում կամ կծառայեն այլ նպատակի:
-Դրանց շուրջ շատ աղմուկ բարձրացավ. անորակ են, սիրուն չեն, արվեստով չեն արված: Ճշմարտության տարր կա՞ր:
-Ճաշակին ընկեր չկա:
-Երևանի «նոր բնակիչները»` հրեղեն ձիեր և այլն, միտում ունեն քաղաքի տոնական տեսքն ընդգծելու: Կարծես մեր քաղաքացիները սրանցով էլ հիացած չեն:
-Նորից համաձայն չեմ, ես կմատնանշեմ բազմաթիվ քաղաքացիների, ովքեր գոհ են, ուրախ են, լուսանկարվում են, ու նորից կկրկնեմ իմ նախորդ պատասխանը` ճաշակին ընկեր չկա:
-Քաղաքն ավելի շատ արտաքի՞ն, թե՞ ներքին ձևավորման կարիք ունի:
-Թե՛ մեկի, թե՛ մյուսի: Երկուսի ուղղությամբ էլ քաղաքապետարանն աշխատում է:
-Քաղաքը լուսավորվում է, բայց ծայրամասերի բնակիչները բողոքում են մթից: Անցումները նույնպես անլույս են:
-Կարող եմ վստահաբար պնդել, որ մայրաքաղաքում չլուսավորված փողոցներ գրեթե չունենք, երրորդական փողոցներն անգամ լուսավորվում են որոշակի ժամերի: Եթե տեխնիկական ինչ-ինչ խնդիրներ են առաջանում, բոլոր վարչական շրջաններում կան թեժ գծեր, մեր բնակիչները կարող են ահազանգել: Ինչ վերաբերում է գետնանցումներին, պետք է ասեմ, որ պարբերաբար վերականգնվում են և՛ լապտերները, և՛ հոսանքագծերը:
Բայց եկեք խոստովանենք, որ ինքներս հեռու ենք այն աստիճանի քաղաքակիրթ լինելուց, որ մեր հանրային սեփականությունը մեր ձեռքով չփչացնենք:
-Հենց քաղաքապետարանին շատ մոտ գտնվող անցումը հայտնի է գարշահոտությամբ, սա թափառաշրջիկների, առհասարակ, անցորդների անդաստիարակությա՞ն, թե՞ զուգարանների պակասի հետևանք է:
-Երկուսն էլ: Բայց զուգարանի պակասը չի նշանակում ամեն տեղ հոգալ բնական կարիքները, կարծում եմ` մարդկանց դաստիարակության պակասը ավելի շատ է:
-Անցյալ տարի, կարծեմ, թափառաշրջիկներին կացարան տրամադրվեց տոների առիթով:
-Միջազգային կառույցների օգնությամբ գործող կացարան կար, քաղաքապետարանը համագործակցեց, և բավական թվով թափառող մարդիկ տեղավորվեցին այդ կացարանում: Սկզբում մեկ ամսով էր, հետո երկարաձգվեց օժանդակության ժամկետը:
-Ամեն դեպքում ժամանակավոր էր:
-Կացարանն էր ժամանակավոր: Կառույցը քաղաքապետարանին չի պատկանում: Ավելին ասեմ, մեր համապատասխան ստորաբաժանման ջանքերով նրանցից ոմանք աշխատանքի տեղավորվեցին և ազատվեցին թափառաշրջիկի կենսակերպից:
-Չե՞ք կարծում, որ քաղաքն ավելի սիրուն կլինի, եթե չլինեն աղբանոցը փորփրող մարդիկ, դրսում գիշերող անտուններ, ու շատ լինեն ժպտացող մարդիկ:
-Իհարկե, կարծում եմ, մենք հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք:
-Քարուքանդ ասֆալտ, ջրագոյացություններ: Անձրևի ժամանակ հաճախ կարելի է հանդիպել նման երևույթների: Այս խնդիրներն առավել առաջնային չե՞ն, քան ժամանակավոր արձանների տեղադրումը, շենքերի ներկումը և այլն:
-Առաջնային են բոլոր խնդիրները, ինչին առնչվում են մեր քաղաքացիները և մեր հյուրերը: Այլ բան են հնարավորությունները, աշխատանքի տեմպերը, այս պահի համար լուծում պահանջող խնդիրները:
-Խնդիրներից շեղվենք: Քաղաքի ո՞ր հատվածներն են ապահովված ինտերնետ ծածկույթով, և որքանո՞վ են դրանք հուսալի:
-Այն այգիները, սրճարանները, հասարակական տրանսպորտային միջոցները, որտեղ կա Wi Fi ինտերնետ կապի տարբերանշանը, և կարծում եմ` կապն այնպիսին է, ինչպիսին է քաղաքի ընդհանուր համացանցի վիճակը:
-Կարապի լճի սահադաշտը մինչև ե՞րբ է գործելու: Երևանցիներին գրավում է սառցե ժամանցը:
-Միանշանակ գրավում է. օրվա բոլոր ժամերին սահադաշտը բազմամարդ է: Կգործի այնքան ժամանակ, ինչքան թույլ կտան եղանակային պայմանները: 6 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում պարզապես հնարավոր չէ շահագործել:
-Ի՞նչ ընթացքի մեջ է Ձյունանուշների ու Ձմեռ պապերի ստուգատեսը:
-Նախատեսվում է, որ քաղաքում կաշխատեն 12 Ձմեռ պապ ու Ձյունանուշ:
-Փողոցների մաքրությունը երաշխավորվո՞ւմ է:
-Հնարավորինս: Երևանի փողոցներն այսօր անհամեմատ ավելի մաքուր են, քան մի քանի տարի առաջ:
-Ի՞նչ կմաղթեք մեր քաղաքացիներին:
-Բարձր տրամադրություն, համբերություն, հավատ ու սեր:


Ճեպազրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ