Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանը պատրա՞ստ է հոգ տանելու եթե ոչ 100, ապա առնվազն 30 մլն մարդու մասին

Ռուսաստանը պատրա՞ստ է հոգ տանելու եթե  ոչ 100, ապա առնվազն 30 մլն մարդու մասին
25.12.2012 | 12:56

Միառժամանակ առաջ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հանդես եկավ Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությամբ, որը ենթադրում է պետությունների քաղաքական միավորում` Ռուսաստանի անվերապահ առաջատար դիրքով։ Այդ նախաձեռնությունը շատ զգույշ ու չափավոր արձագանք առաջացրեց «հասցեատերերի»` ԱՊՀ անդամ երկրների շրջանում և արժանացավ Արևմտյան ընկերակցության, նախ և առաջ ԱՄՆ-ի, միանգամայն կտրուկ վերաբերմունքին։ Այդ նախագծի նպատակները կարող են տարբեր լինել. Ռուսաստանի ներքին խնդիրների լուծում, միջազգային հարաբերություններում քաղաքական «սակարկության» գործոններ, ազգային անվտանգության խնդիրների լուծում, էներգամատակարարման և այլ աշխարհատնտեսական խնդիրների լուծում, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ազդեցության ուժեղացման կանխում և, հնարավոր է, ուրիշ շատ բաներ, որոնք լիովին չեն իմաստավորել նախագծի հեղինակները։ Այդ նախագծի մշակմանը չեն մասնակցել եվրասիական հղացման «փորձառու» ջատագովները, այն հեղինակել են միայն Ռուսաստանի նախագահի աշխատակազմի «քարթու» պաշտոնյաները, որոնք կարող էին նույն հաջողությամբ «խզբզել» միանգամայն այլ կարգի և աշխարհաքաղաքական ուղղության նախագիծ։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուս հասարակությունը փորձեց «մոգոնել» քանդված պետության այլընտրանք, և 90-ականների սկզբին շատ մտահղացումներ եղան, այդ թվում` եվրասիականը։ Պետք է ասել, որ այդ գաղափարի ծագումից անմիջապես հետո ի հայտ եկան դրա բազմաթիվ հակառակորդներ, որոնք ուզում էին իրենք հանդես գալ արտքաղաքական և քաղաքական-պետական աղյուսակի այլընտրանքի առաջադրմամբ։ Եվրասիականության դեմ խիստ կտրական հանդես եկան տարբեր քաղաքական խմբեր` երդվյալ կոմունիստներ, միապետականներ, կենտրոնամետներ, իմպերիալիստներ, պետական և էթնիկ ազգայնականներ, չափավոր ատլանտականներ ու եվրոպականներ, և իհարկե` ազատական շրջանակներ։ Եվրասիական գաղափարի հետ ծնունդ առան այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «բյուզանդականն» ու «նորդականը» («հյուսիսայինը»), որոնք այդպես էլ իշխանական շրջանակներից ոչ ոք չպաշտպանեց։ «Բյուզանդական նախագիծը» ենթադրում էր ակտիվ միջամտություն Արևելամիջերկրական, Սև ծով-կովկասյան և Բալկանյան տարածաշրջաններում և առճակատում Թուրքիայի հետ, ինչը ռուսական վերնախավին ամենևին ձեռնտու չէր։ «Նորդական նախագիծը» ենթադրում է Ռուսաստանի կոշտ ինքնամեկուսացում, որը պետք է կենտրոնանար դեպի Արկտիկա կողմնորոշման վրա և չմիջամտեր հարավային տարածաշրջանների գործերին։ Դա նշանակում էր Ռուսաստանի կողմից մեծ տերության կարգավիճակի կորուստ` հարուստ վերնախավով ու միջին խավով, բայց կայսերապետական հավակնություններից լիովին հրաժարված։ Ռուսական վերնախավը բավական արագ մերժեց այդ հեռանկարը, քանի որ զրկվեց այն ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունից, որ ուներ Ռուսաստանը։ Բացի այդ, Ռուսաստանի ազգային շահերի գլխին մեծ սպառնալիք էր կախվել, իսկ դրան կարող էր գնալ միայն ամերիկամետ, ազատական վերնախավը, որն արդեն իշխանության ղեկին չէր։
Եվրասիական նախագիծը ժամանակակից Ռուսաստանում ամենասկզբում ձևավորվել է իբրև առավելապես ձախ գաղափար։ Ըստ էության, ստեղծվել էր ինչ-որ շինծու էկլեկտիկա` թեև փիլիսոփայական և գաղափարախոսական շրջանակներով լավ եզրազարդված։ 2000-ականներին, երբ հասկանալի դարձավ, որ, այսպես կոչված, շուկայական-իրավական գաղափարը, որպես այդպիսին, չի կարող բազային պայման դառնալ ռուսական պետության վերակերտման և ամրապնդման համար, եվրասիականության ջատագովներին սկսեցին կամաց-կամաց, որպես ռեզերվ, ներգրավել քաղնախագծողների «կորպուսի» մեջ։ Դրա հետ մեկտեղ, այդ ջատագովներն ինքնըստինքյան այնքան էլ հիմար չեն, որ չհասկանան, որ նորեվրասիական նախագծի, որպես դոկտրինի, փոխարեն առաջարկվում է միանգամայն բովանդակազուրկ, դատարկ մի զառանցանք, որը պահանջարկված է քաղաքական-գաղափարախոսական ճգնաժամ ապրող Մոսկվայի քաղգործիչների կողմից և Ռուսաստանը նետում է «կապիտալի սկզբնական կուտակման շրջանի» հորձանուտ։ Եթե քաղաքական և աշխարհաքաղաքական դոկտրիններն իդեալականացնելու հատուկ ձգտում չկա, ապա պետք է հասկանալ, որ պատմական այն բարդ իրադրությունում, որի մեջ հայտնվել են Ռուսաստանը և նախկին խորհրդային տարածության առանց բացառության բոլոր պետությունները, եվրասիականությունը չէր կարող պահանջարկ ունենալ ռուսական հանրության, նրա վերնախավերի, այդ թվում` զինվորական շրջանակներում։ Ընդ որում, այն պետությունները, որոնք ենթադրվում էր զրկել պետական ինքնիշխանություններից և մտցնել Եվրասիական միության մեջ, դույզն-ինչ հիմք չունեն պաշտպանելու այդ դոկտրինը, քանի որ ամենևին հասկանալի չէ, թե «ինչ նրանք կստանան» այդ դեպքում։ Հազիվ թե ռուսական քաղաքական խավին ու ռուսական հանրությանը հրապուրեր լրացուցիչ 100 մլն մարդու կերակրելու հեռանկարն այն պարագայում, երբ սեփական միլիոնավոր քաղաքացիներ ոչ ոքի պետք չեն։ ՈՒ հասկանալի չէ, թե էլ ինչի է ձգտում Ռուսաստանը, երբ գոյություն ունեն ԱՊՀ-ն, Մաքսային միությունն ու ՀԱՊԿ-ը։ Առաջ անցնելով իրադարձություններից, պետք է ասել, որ ինչ էլ իրենից կոնկրետ ներկայացնի Եվրասիական միությունը, նրան սպասում է ԱՊՀ-ի ճակատագիրը (լավագույն դեպքում)` Արևմտյան ընկերակցության հնարավոր ուժեղ ճնշման պայմաններում։
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են քաղաքական ամեն ջանք գործադրելու եվրասիական նախագծի խափանման համար ու դրա համար դիմում են հնարավոր բոլոր աշխարհաքաղաքական լծակներին։ Թուրքիայի ու ԱՄՆ-ի, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ու Եվրասիական միության միջև առճակատման սաստկացման պայմաններում Արևմտյան ընկերակցությունն ընդունակ է մշակելու նոր, կամ, ավելի ճիշտ դեպի Եվրասիա Թուրքիայի նվաճողամտությունն արթնացնելու փոքր-ինչ մոռացված պանթյուրքական դոկտրինը, ինչը, այլ նպատակներից բացի, կնպաստի նրան Մերձավոր Արևելքից շեղելու նպատակին։ Թուրքիան շատ է խրված Մերձավոր Արևելքի իրադարձությունների մեջ` իր արևմտյան գործընկերներից չստանալով ոչինչ` ո՛չ իր ազգային անվտանգության մեծացման առումով, ո՛չ էլ տարածաշրջաններում նոր դիրքերի ձեռքբերման։ Թուրքիայի և Ռուսաստանի գժտեցումն Արևմուտքի քաղնախագծողների վաղեմի երազանքն է, և եվրասիական նախագծի առաջադրումը կարող է առիթ ու պատճառ դառնալ այդ երկու պետությունների գժտության։ Թուրքիան առանց այդ էլ չի կարող հանդուրժել Ռուսաստանի չափից ավելի ուժեղացումը Կենտրոնական Ասիայում, այսինքն, ըստ էության, Ռուսաստանի կողմից այդ տարածաշրջանի լրիվ կլանումը։
Որքա՞ն է Հայաստանին ձեռնտու Թուրքիայի և Ռուսաստանի առճակատման ուժեղացումը, ինչը, անտարակույս, կհանգեցնի նրանց միջև քաղաքական նոր «սակարկության», իսկ Հայաստանը նման դեպքերում միշտ կորուստներ է ունենում։ Իհարկե, այդ իրավիճակում Հայաստանի դերն Արևմուտքի համար նկատելիորեն կմեծանա, բայց դա միայն իդեալական սցենարի դեպքում, իսկ իրականում այժմ ոչ ոք չի կարող այս կամ այն կոնֆլիկտային իրավիճակի սցենար կամ ելք ասել։ Այսպես թե այնպես, եվրասիական նախագծի իրականացումը կարող է այս կամ այն նոր կոնֆլիկտներն առաջ բերել Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, որոնք կհրահրվեն Ռուսաստանի ծրագրերի իրականացման ճանապարհին խոչընդոտներ հարուցելու նպատակով։ Պետք է ասել, որ Կենտրոնական Ասիայում հասունանում է զինված մեծ հակամարտություն և ամեն կերպ մեկնաբանվում փորձագիտական տարբեր կենտրոնների կողմից, ինչն ամենևին պատահական չէ։ Ռուսաստանին վաղուց կցանկանային շեղել իր ներկա ծրագրերից, և նա մեծ դժվարությամբ է դիմադրում ու ձգտում է իրեն հեռու պահել հնարավոր կոնֆլիկտային սցենարներից։ Հեռանկարում Ռուսաստանը կա՛մ պետք է բավարարվի իրադարձությունների հայեցողի դերով, օրինակ` Կենտրոնական Ասիայում ջրի հետ կապված կոնֆլիկտները, կա՛մ էլ միանա իր համար միանգամայն անհույս ու անմիտ սպանդին։
Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը չի կարող չհանգեցնել Կենտրոնական Ասիայում լարվածության սրմանը, ընդ որում, այդ բացասական միտումները բացահայտորեն առաջ կընկնեն տարածաշրջանն ինտեգրելու Ռուսաստանի փորձերից։ Այդ կոնֆլիկտային իրավիճակի բնույթը որոշակի հասցե կունենա ու արտաքին բողոքարկման պայմաններ և կհանգեցնի այն բանին, որ տարածաշրջանի պետությունները «հայացքներն ուղղեն» ոչ թե Ռուսաստանին, այլ եվրատլանտյան ընկերակցությանը։ Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, իհարկե, ոչ այնքան Ռուսաստանին ուղղված նպատակներ ունի, որքան Չինաստանին, բայց այդ գործընթացների հետևանքով Ռուսաստանը կմեկուսանա տարածաշրջանից։ Դա սկսել են հասկանալ նաև Ղազախստանի ղեկավարները, առանց որի մասնակցության անհնար է եվրասիական նախագիծ պատկերացնել։ Նույն իրավիճակում է նաև Ղրղզստանը, որն ավելի խոցելի է, քան Ղազախստանը, բայց գտնվում է այլընտրանքային երաշխիքի «բևեռների» փնտրտուքում։ Տաջիկստանն առաջին «կամուրջն» ու միջնորդն էր ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների կարգավորման գործում և, այսպես թե այնպես, ինքնուրույն գոյատևման հնարավորության հույսեր էր փայփայում, ինչը, անշուշտ, նրան հեռացնում է Ռուսաստանից։
Տաջիկստանը Ռուսաստանից կտրված պետություն է, և, ինչպես ՈՒզբեկստանում, այստեղ էլ եվրասիական ոչինչ չկա: Այսինքն, Ռուսաստանին ցույց կտրվի, որ ինքը պատրաստ չէ և ընդունակ էլ չէ որոշելու և մասնակցելու Կենտրոնական Ասիայի, չի բացառվում նաև Հարավային Կովկասի խնդիրներին, ու դրանով եվրասիական նախագիծը հաջողությամբ կխափանվի:
Լարվածությունը Հարավային Կովկասում կարող է սրվել, և դա, կարծես, արդեն տեղի է ունենում: Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները լիովին խաթարված են, ընդ որում վերջինս ավելի ու ավելի է Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված ռազմավարության ծավալման հենահրապարակ դառնում: Դրան մասնակցում են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերներն ու Իսրայելը: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, սակայն նպատակներից մեկը Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի լիակատար վերացումն է և Կասպից ծովում դրանց թուլացումը: Միաժամանակ, Թուրքիային ուզում են ներքաշել Ադրբեջանի խնդիրների մեջ, բայց միայն բացասական ու ապակառուցողական առումով: Դա չի կարող չհանգեցնել լարվածության սրմանը Թուրքիայի և Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այդ հեռանկարը խիստ աննպաստ է Հայաստանի համար, որը մեկ անգամ ևս կհամոզվի, որ անհրաժեշտ է հենվել ուժի երկու «բևեռի» վրա:
ՈՒնի՞, արդյոք, նորեվրասիական նախագիծը հեռանկար առհասարակ, և ո՞րն է դրա առաջադրման իմաստը` իբրև աշխարհաքաղաքական և քաղաքական դոկտրին: Հարկ է լավ հասկանալ, որ եվրասիականությունը, որպես այդպիսին, ենթադրում է իշխանության միասնական կենտրոն, ընդ որում, պետական-քաղաքական կառուցվածքի բավական պահպանողական համակարգով, այսինքն, նկատի է առնվում «կայսերապետական ունիվերսալիզմը» և ոչ թե կեղծ հանրապետական տիպի կիսամիջոցները: Կայսրության կազմի մեջ մտած երկրները կարող են ունենալ ինքնավարության միայն շատ ձևական կարգավիճակ տեղական ինքնակառավարման մակարդակով, և ոչ մի պետական ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող: Մնացած բոլոր պատրանքները, վաղ թե ուշ, կհանգեցնեն այդ աշխարհաքաղաքական կազմավորման փլուզմանը: Նման պետության մեջ ժողովրդավարական սկզբունքները կարող են բացառապես ավանդական տիպի լինել` ուժեղ ավտորիտար եղանակներով ու ոճով: Հազիվ թե ռուսական հանրությունն ընդունի ու համաձայնի նման սկզբունքների, եթե նույնիսկ «եզրային» երկրներն ընդունեն վարքագծի այդ կանոնները: Բայց դա միայն այն դեպքում, եթե այդ երկրներն առհասարակ մտնեն ծրագրվող միության մեջ: Եվրասիան միշտ ենթադրել ու ենթադրում է տարածքների բռնանվաճում, ինչպես նաև սահմանների արմատական վերաձևում: Եվրասիական միությունը ենթադրում է ՈՒկրաինայի տրոհում, որը բաղկացած է տիպիկ եվրոպական նկարագիր ունեցող մասից, որը վերջին երկու տասնամյակում հասել է Կիևին և ներառում է նաև անտառատափաստանային ՈՒկրաինայի մեծ մասը, ինչպես նաև «դասական» եվրասիական տարածաշրջաններից: Նույնիսկ Ղրիմը, որը սովորաբար համարվում է խիստ արևելահակ տարածաշրջան, իրականում Եվրասիայի ծայրագույն արևմտյան միջնաբերդն է: Եվրասիական սոցիալ-մշակութային տարածության տեսակետից շատ խնդրահարույց է Բելառուսը, բայց նա միությանը կարող էր մասնակցել իբրև ոչ տիպական տարր: Բաղձալի անկախության հասած Ղազախստանը հազիվ թե մոտ գա Եվրասիական միությանը, բացի այդ, նա Ռուսաստանի հետ համագործակցությունից «պոկել» է հնարավոր ամեն ինչ: Եթե Ռուսաստանը ձգտում է կլանել Ղազախստանը, ապա պետք է կա՛մ նրան զրկել ինքնիշխանությունից, կա՛մ բաժանել երկու մասի, որոնցից մեկում գերակշռեին սլավոնները (դրանք Արևմտյան և Հյուսիսային Ղազախստանի տնտեսական առումով ավելի արժեքավոր տարածքներն են): Վրաստանը բաժանման առաջին փուլն արդեն տեսել է և միանգամայն հիմնավորված սպասում է Ռուսաստանի նվաճողականության հաջորդ փուլի արձանագրմանը: Ռուսաստանն արդեն ստեղծել է Ադրբեջանի տրոհման ամբողջ երեք օրինական տարբերակ (լեզգիական, ավարական և թալիշական), ինչը նպատակ է հետապնդում կա՛մ «սրբագրելու» Ադրբեջանի աշխարհառազմավարական նշանակությունը, կա՛մ միավորելու աշխարհաքաղաքական կարևոր կետերը:
Պարզվել է, որ Հայաստանը շատ անհուսալի գործընկեր է, և նրան «պատժելու» լավագույն եղանակը ղարաբաղյան երկրորդ պատերազմն է, որը միշտ մնում է ռուսական արտաքին քաղաքականության ռեզերվում: Մեր կարծիքով, այդ բոլոր խնդիրները Ռուսաստանի համար լիովին լուծելի են, բայց այդ խնդիրներն իմաստ ունեն միայն դրանց համատեղ լուծման, կամ, գոնե, դրանք ընդհանուր ծրագրի մեջ ներառելու դեպքում: Հարցն այն է, թե այսօրվա Ռուսաստանն ընդունակ կամ շահագրգռվա՞ծ է, արդյոք, այդ ծրագրերի իրականացմամբ: Ձեռք բերվածի դիմաց հարկավոր է վճարել և բավական թանկ, զորեղացնելով բանակը, պատրաստ լինելով հոգ տանելու եթե ոչ 100, ապա առնվազն 30 մլն մարդու մասին, նրանց հասցնելու իր սոցիալական ստանդարտների մակարդակին:
Ռուսաստանը պատմականորեն արժեքավոր շատ ժամանակ է կորցրել, չկարողանալով ճիշտ կողմնորոշվել աշխարհաքաղաքական գերակայությունների հարցում և գիտակցաբար հանգելով ներքաղաքական և արտքաղաքական խնդիրների զուգորդմանը: Հիմա Ռուսաստանը պետք է ձգտի հասնելու գործընթացների ու ժամանակի հետևից, ջանալով վերհիշել ավանդական շահերն ու վերադարձնել կորցրած դիրքերը: Դրա հետ մեկտեղ, հենց հիմա է Ռուսաստանը հայտնվել խիստ շահեկան վիճակում, երբ, հնարավորություն ունենալով նախկին խորհրդային տարածությունում կառավարելու շատ գործընթացներ, լիակատար պատասխանատվություն չի կրում որպես այդ երկրների առաջատար գործընկեր: Շատ խելամիտ կլիներ ամրապնդել իր գործընկերների ինքնիշխանությունը, ինչպես վարվում է ԱՄՆ-ը աշխարհաքաղաքական դիմակայության «առաջին շարքի» պետությունների հարցում: Ռուսաստանի հետ համագործակցությամբ շահագրգռված ինքնիշխան պետությունը հենց ավելի հուսալի գործընկեր կլիներ: Սակայն Ռուսաստանի քաղաքական վերնախավը, այդ թվում նաև` քաղնախագծողները, հոգեբանական անկում են ապրում, և ցանկացած անհաջողություն նրանց հիստերիայի ու խուճապի մեջ է գցում: Այս ամենը բխում է քաղաքական փորձի բացակայությունից, իշխանության կառույցների հետ պրոֆեսիոնալ համագործակցության կարողության պակասից, ոչ պիտանիության, անլիարժեքության ահավոր զգացողությունից: Նախկին ԽՍՀՄ-ի երկրների վերնախավերի ու հասարակությունների սխալն այն է, որ նրանց համար անհասկանալի էր, թե ԽՍՀՄ-ի փլուզումն ինչ հարված է եղել ռուսական հանրության համար, քանի որ 90-ականների սկզբներին ռուսները դա ընդունեցին համեմատաբար հանգիստ, ինչը պետության արագ վերականգնման հույսով էր պայմանավորված: Դա տեղի չունեցավ, և «ժամանակագրություն» դարձավ ռուս մտածող հանրության և քաղգործիչների մի մասի համար: Միանգամայն հնարավոր է ենթադրել, որ նորեվրասիական նախագծի առաջադրման և ձախողման փորձը ավելի կառուցողական կդառնա ռուսական քաղաքականության համար:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ