Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ճշմարտության էությունը

Ճշմարտության էությունը
06.01.2013 | 19:35

Հիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է: Պիղատոսը նրան ասաց «Ինչ է ճշմարտությունը» (Հովհ. 18. 37-38)

Մարդու կյանքի կարևորագույն արժեքներից մեկը ճշմարտությունն է և այդ ճշմարտության էության ընկալումը: Կան բազմաթիվ ըմբռնումներ ճշմարտության վերաբերյալ: Այդուհանդերձ մարդու համար այս հասկացության վերջնական բացահայտումը միշտ էլ խորհուրդ է մնում. մարդն իր կյանքի ընթացքում միշտ փնտրում է ճշմարտությունը` հասկանալու համար դրա իսկությունը, որը երբեմն արտահայտվում է նրա համար` իբրև հարաբերական հասկացություն, երբեմն բացարձակ հասկացություն: Մասնավորաբար փիլիսոփայությունը փորձում է սահմանել ճշմարտության էությունը: Ճշմարտության վերաբերյալ սահմանումները շատ են: Այդուհանդերձ դրանք իմացաբանության կատեգորիայի սահմաններից այն կողմ չեն անցնում: Ինչպես օրինակ. «Նախ, ճշմարտությունը գիտելիքի համապատասխանությունն է իրականությանը: Այստեղ ճշմարտությունը բնորոշվում է որպես մի գիտելիք, որը համընկնում է իր օբյեկտին: Ներկայիս հայ փիլիսոփաների մեծ մասը նշում են, որ ճշմարտությունը գիտելիքի, ասել է, թե մտքի հատկություն է: Բայց հարկ է նշել, որ ճշմարտությունը ունի արտաքին և ներքին հատկանիշ: Առաջինը գոյութենաբանական իրողությունն է, երկրորդը` իմացական: Եթե անցնում ենք փիլիսոփայության պատմության էջերով, ապա նկատում ենք, որ փիլիսոփաները հիմնականում խոսել են ճշմարտության իմացական սահմանումների մասին: Այդուհանդերձ ճշմարտության էությունը խորությամբ ընկալելու համար անհրաժեշտ է հասկանալ նրա գոյութենաբանական իմաստը: Եվ դրա վառ արտացոլումը մենք կարող ենք տեսնել քրիստոնեության մեջ, ուր Հիսուս ներկայացնում է իրեն իբրև բացարձակ Ճշմարտություն: Ճշմարտությունը գոյութենաբանական իմաստով չի կարող լինել ճշմարտություն, եթե այն հարաբերական է, քանի որ այն արտահայտում իր առկայությունն ու լինելիությունը իրականության մեջ անկախ մեր ընկալման ճշմարիտ, թե սխալ գիտելիքի իմացությունից տվյալ իրողության նկատմամբ: Փիլիսոփաները հարցադրում են կատարում, որ լինելիությունը, գոյը կամ կեցությունը չի կարող լինել ճշմարտություն, քանի որ, օրինակ` առարկան չի կարող լինել ճիշտ կամ սխալ: Անշուշտ առարկան չի կարող լինել ճիշտ կամ սխալ, քանի որ այն չունի բանականություն և ազատ կամք, որոնց պատճառով իր արարքների համար պատասխանատու լինի և բարոյական գնահատական ունենա ճիշտ կամ սխալ լինելու համար: Այստեղ մենք խոսում ենք ճշմարիտ հասկացության մասին, որն արտահայտված է իմացության կատեգորիայում: Սակայն առարկան ճշմարտություն է գոյութենաբանական իմաստով, քանի որ այն կա տվյալ պահին կամ եղել է որևէ ձևով ու կերպով արտահայտված իրականության մեջ, և մենք չենք կարող այն ժխտել, հատկապես, եթե այն տեսնում ենք ու զգում ենք ու իմացության արտացոլմամբ այն ճշմարիտ համարում: Հատկապես աթեիստ փիլիսոփաները հաճախակի անտեսում են ճշմարտության գոյութենաբանական հասկացությունը և ճշմարտությունը համարում միայն իմացական ընկալումը: Այս մոտեցումը գալիս է հողեղեն մտածելակերպի աշխարհայացքից: Ի՞նչպես կարող է փիլիսոփան, մասնավորաբար մատերիալիստ ու աթեիստ փիլիսոփան հասկանանալ ու ըմբռնել ճշմարտության գոյութենաբանական սահմանումը, երբ Հիսուս ասում է, որ ինքն է Ճշմարտությունը: Մատերիալիստ փիլիսոփայի համար այս ամենը տարօրինակ ու անհեթեթ է, քանի որ նրա համար ճշմարտությունը սոսկ իմացաբանություն և գիտելիք է : Ահա այստեղ է, որ փիլիսոփայության մեջ հաճախ շփոթվում են ճշմարտության գոյեղեն և իմացաբանական հասկացությունները: Գիտելիքը, իմացությունը վերաբերում են մտահայեցողական ճշմարտություն հասկացությանը ու դատողությանը: Սակայն ցանկալի է, որ հստակորեն տարբերակվեն այս երկու հասկացությունները, քանի որ բացի մարդկային մտահայեցողական ճշմարտությունից գոյություն ունի ինքնակա լինելիությունը, գոյը, կեցությունը, որը չի ժխտվում որևէ կերպ գոյաբանական իմաստով` իբրև իրական գոյություն, անկախ մեր ընկալումներից: Պատահական չէր, երբ Աստված խոսում էր Մովսեսի հետ, Իրեն հայտնեց Աստված, որ Է (Ելք. 3.14): Այստեղ Արարիչը իրեն ներկայացնում է որպես Բացարձակ ինքնակա Գոյ, որն է Կյանքը և Ճշմարտությունը: Այլ հարց է, երբ հաճախ մարդկային բանականությունը ի վիճակի չէ ամբողջապես ճանաչել գոյութենաբանական ճշմարտությունը և ճշմարտության ամբողջական էությունը համարել ու ընկալել հարաբերականորեն` այն դիտարկելով միայն իր իմացաբանության սահմաններում, համարելով ճշմարիտ կամ սխալ: Այդուհանդերձ անկախ մարդու մտահայեցողական ճանաչումից ու իմացությունից և պատկերացումներից ճշմարտության ամբողջական էությունը բացարձակ է և ինքն իրեն չի հակասում` ինքն իր գոյությամբ ու լինելությամբ վկայվելով իբրև կեցություն ու գոյ, այսինքն` ճշմարտություն: Այն կա և գոյություն ունի անկախ մարդու ճշմարտության հարաբերական ու հակասական իմացաբանություններից: Այստեղ է, որ մարդկային անցողիկ ու հարաբերական դատողությունները, գիտելիքը խառնում ու շփոթում են` ճշմարտության գոյութենաբանական էությունը նույնացնելով ճշմարտության մտահայեղոցական հասկացության հետ: Երբ ճշմարտություն հասկացությունը ընկալում ենք իբրև լինելիության, գոյի սահմանում, հասկանում ենք, թե ինչու է Հիսուս Քրիստոս իրեն անվանում Ճշմարտություն: Բացարձակ Լինելիությունը և Կյանքը, դա Աստված է, այսինքն` ճշմարտությունը, որից այն կողմ ոչինչ չկա և լինել չի կարող: ՈՒստի, Հիսուս Քրիստոս խոսելով ճշմարտության մասին միշտ ասում էր, որ ճշմարիտ, ճշմարիտ է ասում, որ ինքն է Ճշմարտությունը: Աթեիստ փիլիսոփան երբևէ չի կարող հասկանալ այս ամենը, քանի որ նա ձգտում է տեսնել այն, ինչը նյութականն է ու ժամանակավոր, անցողիկը, ինչպես Պիղատոսի համար անհասկանալի էր Հիսուսի խոսքերը ճշմարտությամ մասին: Ուստի, ճշմարտության հասկացությունների միջոցով աթիստ փիլիսոփան ինքն իրեն է հակասում ու ժխտում,. քանի որ ճշմարտությունը հարաբերական չի լինում: Եթե այն հարաբերական է, ուրեմն այն ճշմարտություն չէ, այլ գիտելիք, որը կարող է լինել ճշմարիտ կամ սխալ: Մենք` քրիստոնյաներս, Հիսուս Քրիստոսին համարելով Ճշմարտություն, այս ամենը ընկալում ենք ոչ թե սոսկ իմացաբանական ընկալմամբ, այլ իրական հաղորդակցության մեջ լինելով Աստծո հետ այնքան իրական, որքան ներկայիս կյանքն է մեզ համար իրական: Փիլիսոփան չի կարող այս ամենը հասկանալ, եթե սահմանավոր նյութական ընկալումներից դուրս չգա և հոգեղեն աչքերով չնայի իրականությանը և կյանքին, որտեղ լիովին կհասկանա մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոս Փրկչի, խոսքերը “Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը”/Հովհ. 14.6/:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 8162

Մեկնաբանություններ