Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կամենում եմ բարին, բայց գործում չարը

Կամենում եմ բարին, բայց գործում չարը
06.01.2013 | 19:37

Պողոս առաքյալի գրած նամակներից Հռոմեացիներին ուղղված նամակը ամենից ծավալուն նամակն է: Ինչպես մնացյալ նամակներն այն ունի տարբեր բաժինններ` ողջույնի շնորհակալության և այլն: Սակայն գլխավոր մասը վարդապետական բաժինն Է, ուր առաքյալը նաև անդրադառնում է մարդու մեղանչական բնությանը և մեղքից ազատվելու մարդկային ինքնուրույն ջանքերի անկարողությանը: Հռոմեացիներին ուղղված նամակի 7-րդ գլխում Պողոս առաքյալը բացատրում է օրենքի դերը մարդու կյանքում, քրիստոնյայի ազատագրումը հրեական օրենքից, ինչպես նաև անդրադառնում է քրիստոնյայի ներսում առկա հոգևոր պայքարին մեղքի դեմ: Առաքյալն իր անձնական փորձառությամբ բացատրում է մարդու ներքին պայքարը մեղանչական բնության դեմ: Ինչպես մնացյալ հրեաները, Սբ. Պողոսը նույնպես ցանկանում էր բարի հրեա լինել` ունենալով Աստծո բարեհաճությունը: Բայց անկարող էր, քանի որ մարդկային բոլոր ճիգերը արդար դառնալու համար ձախողվում էին, որովհետև մեղանչական բնությունը մարդուն անկարող էր դարձնում կրոնական օրենքի բոլոր գործերը պահել ու Աստծո առաջ արդար լինել: Առաքելական դարաշրջանում նույնպես բազմաթիվ մարդիկ փնտրում էին Աստծուն և փորձում հաճելի լինել Նրան: Գիտակցում ու խոստովանում էին իրենց մեղքերը, փորձում իրենց անձնական զորությամբ այլևս մեղք չգործել, բայց չէին գտնում իրենց հոգևոր ներքին խաղաղությունը, քանի որ օրենքը ամեն քայլի բացահայտում էր մարդու նորանոր սխալներն ու մեղքերը: Ինչքան մարդը ճանաչում էր կրոնական պատվիրանները, այնքան ավելի էր տեսնում աննշան, աննկատ մեղքերը, որոնք ամեն քայլի իրեն անհանգստացնում էին: Քրիստոնյայի համար այս փորձառությունը ընթանում է «նոր անձի» և «հին անձի» միջև, հոգևոր բնության և մեր մեղանչական բնության միջև: Չնայած մենք հավատում ենք Քրիստոսին և մեր «հին անձը» խաչվում է (Հռոմ. 6.6), բայց տակավին թվում է, թե մեր «հին մարդն» ամբողջովին մեռած չէ: Ժամանակ առ ժամանակ մենք մեղք ենք գործում (Ա Հովհ. 1.8):

Հռոմեացիների նամակի 7-րդ գլխի 14-րդ համարը բացահայտում է մարդու ինքնուրույն պայքարը մեղքի դեմ, որն ավարտվում է անարդյունավետ: Սբ. Պողոսն ասում է` գիտենք, որ օրենքը հոգևոր է, քանի որ Աստված հաստատեց օրենքը մարդկանց մեջ, որպեսզի մարդը կարողանա կարգավորել իր կյանքը և հաճելի լինել Աստծուն: Թեև օրենքը չծառայեց մարդուն փրկելու համար, այլ բացահայտեց մարդու մեղքերը և դարձավ մարդու համար դապարտության օրենք և ոչ թե փրկության, որովհետև բարի գործեր անելու փոխարեն մարդը հաճախ մեղսալի գործեր է կատարում, որոնք մեզ մահվան էին տանում: Իսկ որտեղ օրենք չկա, այնտեղ օրնազանցություն էլ չկա (Հռոմ. 4.15): Այդտեղ չի երևում մեղքը. օրենքը այն չի բացահայտում, սակայն մարդու կյանքն էլ ներդաշնակված ու համակարգված չի լինում և մարդուն կրկին տանում է դեպի կործանում: 7-րդ գլխի 10-րդ տան մեջ Սբ. Պողոսն ասում է. «ԵՎ նույն այն պատվիրանը, որ կյանքի համար էր, իմ մահվան պատճառ եղավ, որովհետև մեղքը պատվիրանով առիթ գտավ, խաբեց ինձ, դրանով էլ սպանեց»: Այս տան մեջ առաքյալի հիշատակած փորձառությունը և Ծննդոց 3.1-6 նկարագրված Ադամի և Եվայի փորձությունը նույնն է, որտեղ առաջին մարդիկ լսեցին օձին և խաբվեցին: Սակայն մեղքի պատճառով ինչպես նշում է Սբ. Պողոսը, եկեք չպարսավենք օրենքը, պատվիրանը: Օրենքն Աստծուց է տրված. այն սուրբ. արդար և բարի է: Ավելի ճիշտ մենք պետք է պարսավենք «օձին», այսինքն` մեր սրտերում առկա մեղքը: Օրենքը չարին պատեհ առիթ է տալիս մարդուն դատապարտելու, սակայն օրենքը չէ, որ չար գործ է անում, այլ մեր արարքներն են չար կամ բարի : Մենք երբեք չպետք է բողոքենք Աստծուն` մեր սրտում առկա չարի համար: (Հակ. 1.13-15): Օրենքը բարի է և հոգևոր և այն մահ չբերեց, որովհետև մեղքն է, որ մահ է բերում: Աստծո սուրբ օրենքով ի հայտ է գալիս մեղքի իսկական բնույթը` մեղանչական էությունը: Սբ. Պողոսն ասում է, օրենքը հոգևոր է, իսկ ինքը մարմնավոր`մեղքին վաճառված: Այստեղ առաքյալը մարմնավոր ասելով խոսում է իր «հին անձի մասին», որոշ աստվածաշնչյան թարգմանություններում մարմնավոր բառն այստեղ թարգմանված է «ոչ հոգևոր» բառով: Ըստ էության դա նույնն է, ինչ «հին անձը», որը մեղքի հսկողության ներքո է: Բոլոր մարդիկ ծննդյան պահից մարմնավոր են, այսինքն` մեղքի ծառաներ են, քանի դեռ իրենց սրտի դռները չեն բացել Սուրբ Հոգու առջև: Երբ մենք հավատում ենք Քրիստոսին, մեր «հին անձը» խաչվում է, որպեսզի այլևս մեղքին չծառայենք (Հռոմ. 6.6): Սբ.Պողոսի առաքյալի այն խոսքը` վաճառված մեղքին, նշանակում է քանի դեռ մեղքին ենթակա ենք, նրա իշխանության ներքո ենք: Որոշ աստվածաբաններ կարծում են, որ առաքյալն այստեղ խոսում է այն օրերի մասին, երբ քրիստոնյա չէր, քանի որ ճշմարիտ քրիստոնյան չի կարող իրեն մեղքի ծառա անվանել (Հռոմ. 6.18): Առաքելական ժամանակաշրջանում ծառաները կենդանիների նման գնվում և վաճառվում էին: Նրանք այն մարդու սեփականությունն էին, ով գնել էր իրենց: Այսպիսով, Սբ. Պողոսի ունեցած փորձառությունը նման է որևէ տիրոջ վաճառված ծառային, և այդ տերը մեղքն է: Ինչպես առաքյալը գրում է այս տան մեջ, մենք գիտենք, թե որն է բարին, և դա ենք ուզում անել: Բայց գալիս է մեղքը, և մենք բարու փոխարեն չարիք ենք գործում: Դրանից հետո հակադրության մեջ ենք հայտնվում ինքներս մեզ հետ: Մենք չենք հասկանում մեր իսկ վարքագիծը: Տեղի է ունենում պայքար, որը շարունակվում է մեր մտքում, մեր մեղանչական էության և հոգևոր նոր անձի միջև (Գաղ. 5.16-17): Երբ մարդը մեղք է գործում նրա հոգևոր մարդը չէ, որ մեղք է գործում: Այդ նրա հին մարմնավոր անձն է մեղանչում, որը գտնվում է նրա մեղանչական էության հսկողության ներքո: Կարծես մարդու մեջ կա երկու օրենք` երկու մարդ, որոնք պայքարում են իրար դեմ: Բարին գործելու իղձն առկա է մարդու ներքին էության կամ մարդու մեջ, սակայն մեղանչական էությունը խանգարում է բարի մտադրությունները իրականացնելու համար: Առաքյալը նշում է, որ իր ներքին մարդը զորություն չունի հաղթելու մեղանչական իր էությանը: Մարմինը ավելի շատ հնազանդվում է մեղանչական էությանը, քան ներքին մարդուն: ՈՒստի, մարդու մեջ առկա է բարու և չարի պայքարը: Աստծո համար մեր ներքին մարդը «դրսի մարդուց»` արտաքին տեսքից և վարքագծից ավելի կարևոր է (Հռոմ. 2.28-29): Մարդը դրսի երևույթին է նայում, իսկ Աստված` սրտին: (Ա Թագ. 16.7): Բարու և չարի պայքարը մարդու ներաշխարհում Սբ. Պողոսը ներկայացնում է նաև Աստծո օրենք կամ մտքի օրենք և մեղքի օրենք արտահայտություններով (Հռոմ. 7.21-23): Մտքի օրենք ասելով Սբ. Պողոսը խոսում է մարդու հոգու վերահսկողության տակ գտնվող միտքը: Մեր միտքը կարող է լինել կամ մեր մեղանչական էության կամ մեր հոգու հսկողության ներքո: Երբ մեր միտքը մեր հոգու հսկողության տակ է, այն ներկայացնում է մեր հոգու կողմը, մեր հոգևոր էությունը: Այսպիսի միտքն ունակ է վերափոխվելու կամ նորոգվելու` լինելով Սուրբ Հոգու հսկողության ներքո: (Հռոմ 12.2) Միայն մեր մտքի նորոգությամբ նորոգվելով կարող ենք Աստծուն հաճելի և ընդունելի լինել: Մեր հոգևոր անձը աճում է մեր մտքի նորոգությամբ: Միտք բառով Սբ. Պողոսը նկատի ունի մեր ներքին միտքը կամ սիրտը, որտեղից և մեր բոլոր մտքերն ու ցանկություններն ու նպատակներն են առաջանում: Մեր մտքից են առաջանում մեր «հին անձի» բոլոր մեղավոր մտքերն ու ցանկությունները: Ինչպիսին մեր միտքն է, այնպիսին էլ կլինեն մեր բոլոր մտքերն ու գործերը: Այսպիսով, երբ մենք քրիստոնյա ենք դառնում, առաջին հերթին մեր միտքը պիտի փոխվի: Գործնականում Աստված է առաջատար դեր գրավում մեր մտքերի նորոգության գործում: Մեր ուժով չենք կարող մեր «հին մեղանչական անձին» «արդար դարձնել»: Չնայած Աստված է ստեղծում մեր «նոր հոգևոր անձը», բայց մենք պետք է «հագնենք» այն (Եփես. 4.24): Այսինքն` մենք պետք է «հագնենք» նոր մտքեր, նոր ցանկություններ, նոր նպատակներ, նոր գործեր, որոնք Աստծո կամքով են` բարի, հաճելի և կատարյալ: Սբ. Պողոսը 23-րդ տան մեջ գրում է. «Իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ այլ օրենք, որը պայքարում է իմ մտքի օրենքին հակառակ և ինձ գերի է դարձրել մեղքի օրենքին, որ կա իմ մարմնի անդամների մեջ»: Այսպիսով մեզանից յուրաքանչյուրի մեջ կան այս երկու օրենքները կամ սկզբունքները կամ օրինաչափությունները` մեր «մտքի օրենքը», այսինքն` մեր ներքին մարդու օրենքը և «մեղքի օրենքը», այսինքն` մեր մեղանչական էության օրենքը: «Մեղքի օրենքը», ինչպես առաքյալը նշում է, գործում է մարմնի անդամների մեջ` աչքեր, ձեռքեր, ոտքեր և այլն` ստիպելով չարիք գործել: Մեղքի օրենքն աշխատում է մարդուն գերի կամ ծառա դարձնել: ՈՒստի 24-րդ տան մեջ առաքյալն ասում է. «Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում»: Մարմին ասելով առաքյալը նկատի ունի մեղանչական մեր բնությունը, որովհետև մարմինը ինքնին չար կամ մեղավոր չէ: Մեղանչելու ցանկությունն առաջանում է, ոչ թե մեր ֆիզիկական մարմնից, այլ մեր մեղանչական էությունից: Ավարտելով 7-րդ գլուխը Սբ. Պողոսը նշում է իր հարցի պատասխանը. «Բայց գոհություն Աստծու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»: Մեզ փրկողը Հիսուս Քրիստոսն է: Նա կփրկի յուրաքանչյուր մարդու, ով հավատով դիմել է Նրան: Քրիստոսն է, որ մեր մեջ առկա մեղքի օրենքին հաղթելու զորություն է տալիս: Քրիստոսով, այսինքն` Քրիստոսի զորությամբ, որը տրվում է մեզ Սուրբ Հոգով, մենք կարող ենք մեր ներսում հաղթել «մեղքի օրենքին»: Այսպիսով Սբ. Պողոսը 7-րդ գլխում նկարագրում է այն ներքին պայքարը, որի փորձառությունը բոլորս էլ ունենում ենք: Իսկ 8-րդ գլխում նա ցույց է տալիս այդ պայքարում հաղթանակի հասնելու ճանապարհը, հաղթանակ` մեղքի հանդեպ: Այդ ճանապարհը Հոգու հետ ներդաշնակ ապրելը (Հռոմ.8.5) և Հոգով առաջնորդվելն է (Հռոմ.8.14): Եթե մենք Հոգով ապրենք, մեղավոր մարմնի ցանկությունները չենք կատարի (Գաղ. 5.16):
ՈՒստի, քննենք մեր անձերը և մի կողմ թողնենք մեր «հին անձը» և Սուրբ Հոգու առաջնորդությամբ առաջնորդվենք մեր «նոր անձով»:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ