Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հաշմանդամներին անվճար դեղորայք տրամադրելու շուրջ

Հաշմանդամներին անվճար դեղորայք տրամադրելու շուրջ
07.01.2013 | 15:13

Երկար տարիներ մոտիկից ծանոթ լինելով և երբեմն էլ մասնակցելով հաշմանդամներին և դիսպանսեր հիվանդներին պետության կողմից անվճար դեղորայք տրամադրելու գործին (աշխատել եմ որպես ամբուլատորիայի վարիչ, տնօրեն, ընտանեկան բժիշկ), գրեթե միշտ հանդիպել եմ այդ խավի դժգոհությանը` պատճառաբանելով, որ իրենք հաճախ չեն ստանում այն դեղորայքը, որը ստացել են հիվանդանոցում` բուժման ընթացքում, կամ որոշ դեղորայք տրամադրվում է ընդհատումներով, ոչ լրիվ ծավալով և այլն։ Իհարկե, կարելի է հակառակվել հիվանդներին` բերելով մեր փաստարկները, բայց հիվանդը մնում է հիվանդ։ Այսպես, պետք է իմանալ, որ ստացիոնարում տալիս են ավելի ակտիվ դեղորայք` հիվանդին սուր վիճակից դուրս բերելու համար, իսկ դեղորայքի տևական ընդունումն այլ բան է։ Շարունակական և բոլոր անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը որոշ դժվարություն ներկայացնում է։ Ինչպես վկայում են լրատվամիջոցները, քիչ են ֆինանսները։ Սակայն փակագծերում նշեմ, որ եթե դա այդպես է, ապա ինչու են գյուղական շատ ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, ԱԱՊԿ և այլ բուժհիմնարկներ «պահակ» անվան ներքո ավելորդ հաստիք պահում, կամ ինչու են ծառայողական մեքենաներ պահում, իբր թե կանչ են սպասարկում, իրականում ավելի շատ օգտվում են տնօրենները (թեկուզ և գազով են աշխատեցնում)։ Տնօրեն աշխատածս տարիներին մարզում կամ Երևանում հաշվետվություն ներկայացնելիս դեղորայք ստանալու համար կամ հատուկ հրավերների դեպքում մենք օգտվում էինք հասարակական տրանսպորտից մեր իսկ գումարով, իսկ ամսվա վերջում պետությունը հաշվում և վերադարձնում էր մեր գումարը, որն ամսվա կտրվածքով հազիվ 5-7 հազար դրամ էր կազմում, սակայն մենք չէինք դժգոհում, քանի որ տնօրեն աշխատելու ցանկություն ունեցողների պակաս չկար և հիմա էլ չկա։ Մյուսը` ներկա պահին շատ են հիվանդները, հիվանդությունները և դրանց զուգահեռ նաև հաշմանդամների քանակը։ Բնակչության մեջ նաև տիրում է մի երևույթ` ամեն գնով ձեռք բերել հաշմանդամության կարգ, որպեսզի թոշակի մի քանի հազար դրամով ոչ թե գնել դեղորայք, այլ լուծել որոշ սոցիալական խնդիրներ (լույսի, գազի, ջրի ծախսերը հոգալու ակնկալիքով)։ Մեծացել է դիաբետիկների, ՍԻՀ տառապողների, ինֆարկտի և ինսուլտի, երիկամային անբավարարվածությամբ, տուբերկուլյոզով հիվանդների և քանակը։ ՈՒստի անհրաժեշտ է դառնում, որ դեղորայքի անվճար տրամադրումն իրականացվի դիֆերենցված ձևով` ըստ հիվանդությունների։ Այսպես, եթե որոշ վիճակների ժամանակ (ինսուլինկախյալ դիաբետ, Էպիլեպսիա, բարդացած պարբերական հիվանդություն, խպիպի որոշ ձևեր, հորմոնալ որոշ վիճակներ և այլն) դեղորայքային ապահովումը պետք է լինի խիստ շարունակական, խստագույնս հաշվարկված, ապա այլ վիճակների դեպքում դեղորայք ստանալն ավելի դյուրին է, և պետք է ղեկավարվել միայն վերևից իջեցված անվանումներով, և հիվանդները պետք է դրանք ձեռք բերեն միայն դեղատներից` ընտանեկան բժշկի դեղատոմսով, երբեմն էլ բերելով նաև իրենց մասնակցությունը։ Անթույլատրելի է համարվում միանգամից մի քանի հարյուր հազար դրամի դեղորայքի ձեռքբերումը և պահեստավորումը բուժհիմնարկում` հետագայում մաս-մաս «բաժանելու համար», որի դեպքում էլ գոյանում են պետական պարտքեր։ Սույնով համոզված եմ, որ դեղը կստանա հենց հիվանդը, և կբացառվի «մեղր վաճառողը միշտ լիզում է մատը» սկզբունքը։ Կարելի է մտածել նաև այլ տարբերակներ` տնտեսելու պետական միջոցները` միաժամանակ չբացառելով դեղորայքի անվճար տրամադրումը վերը նշված հանգամանքներում։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ընտ. բժիշկ, Երևան

Դիտվել է՝ 5101

Մեկնաբանություններ