Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սա Հայաստանն է և վե՞րջ

Սա Հայաստանն է և վե՞րջ
07.01.2013 | 15:16

Օրերը մեկ-մեկ, հոգսերը` զույգ-զույգ, գալիս ու անց են կենում դառնալով ամփոփագիրը մեր կյանքի, արած ու չարած գործերի, փայփայած հույսերի ու չիրականացված երազանքների։ Սա մեր կյանքն է և վերջ։

Ամիսների դարսածալվածքում, մանավանդ ընթացիկ տարվա աշխարհաքաղաքական թոհուբոհի և չնահանջող տնտեսական, քաղաքական և բարոյական ճգնաժամի պայմաններում, օրենքի և իրականության անհամատեղելիությունն է, իշխանական խոստումների, համընդհանուր սպասելիքների ու մեր միամիտ ապրածի տարաձայնության կռիվը։ Սա մեր կռիվն է և վերջ։
Իրարից չտարբերվող օրերն ու ժամերը նորից ստիպում են լցվել դիմակայելու անվերջանալի՛ ցանկությամբ ու համբերությամբ։ Աշխարհիս դրվածքն է, թե մեր բաժին բախտը, չգիտեմ։ Բայց լսել եմ` «Հայաստանում բացվող ամեն նոր օրը պետք է տարբերվի նախորդից` լինելով ավելի լավը և վերջ»։
ՈՒ գիտեմ նաև, որ անցումային շրջանի անվտանգության մեջ կա մի ակնթարթ, որ գալիս է տարին մեկ անգամ, դեկտեմբերի 31-ին, նույն ժամին, նույն գիշեր-ցերեկվա հերթափոխի ընթացքում, ու բոլորը` նախագահ թե երկրապահ, օրենսդիր թե գործադիր, բարեգործ թե հանցագործ, դատավոր թե հանքափոր... գյումրեցի, թե լոռեցի, փոխվում, ձեռք են բերում նոր, բայց հնամաշ մասնագիտություն. հաշվո՜ւմ են ու հաշվո՜ւմ, հաշվում են իրենց արած-դրածը, վայելածն ու վատնածը, շահածն ու տանուլ տվածը, կուտակածն ու պարտքերը... Հաշվում են միևնույն դաշտում, տվյալ ժամանակի ու տարածության մեջ, որի արդյունքում «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կա` աշխարհն է շալակած տանում» և վերջ։
«Հարուստ երկրում աղքատներ չեն լինում, աղքատ երկրում` հարուստներ». նման միտք արտահայտած Կոնֆուցիուսը, հավանաբար, չի իմացել մեր մասին։ Իսկ թե իմացել է հայերիս ու Նոյի փրկության տեղը, պարզապես չի պատկերացրել, որ մեզ մոտ և՛ էն կա. և՛ էն։ Որ բնակչության 35 %-ը կարող է աղքատ լինել և միայն զրո ամբողջ իքս %-ը` ունևոր, որ 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացողն ու 240 հազարով կոստյում գնելու ցանկություն ունեցող օրենսդիրը նույն տրտնջոցն ունեն, որ առանց բիզնեսի կյանք չունեցող ազգի «էլիտար» խավն իրեն հավասարեցնում է մինչև 40 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող 47 հազար ՀՀ քաղաքացիների, խղճուկ կենսաթոշակ, նպաստ և դրանից օգնություն ակնկալող ժողովրդի հետ ու վերջ։
Եվ ո՞վ է ճիշտը` մեր իրական կյա՞նքը, թե՞ չին փիլիսոփան։ Կյանքը որքան դառը, նույնքան էլ քաղցր է, և մեզ հայ են ասում, որովհետև մեզ համար երկուսն էլ մեկ է։ Միևնույն է, մենք հայ ենք ու վերջ։
Մեզնից յուրաքանչյուրի մեջ մի Նապոլեոն կա նստած, և մենք այլևս նախկինը չենք, որ ուզենանք շարքային պաշտոնյա լինել, նախարար կամ վարչապետ դառնալ։ Մեր էգոն քայքայում է մեզ ներսից. Արտաշատի մարզում գյուղ ունենք, որ արդեն ՀՀ նախագահի երկու թեկնածու է տվել, որոնք ոչնչով չեն տարբերվում հանրապետության գլխավոր մարքսիստից, թիվ մեկ էպոսագետից, դպրոցի ջոկատավարից մինչև փոխտնօրենի աթոռը հազիվ ձգած սոցիալիստ, սուրճի մի բաժակ չլվացող ձայներ հավաքած քաղաքական որոշ գործիչներից։
Սա մեր ընտրությունն է ու վերջ։
«Մենք որպես պետություն կարողանում ենք ազատ մրցակցության, արտահայտվելու գրեթե կատարյալ ազատության կամ ազատ արտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել» ու...
Ախպերությամբ գյուղապետ ու թաղապետ են դառնում, լավ ախպերության դեպքում` քաղաքապետ կամ պատգամավոր։ Իսկ ավելի մեծ ախպերությամբ դուրս են գալիս կառավարման երթուղի, մտնում քաղաքական դաշտ և օրերից մի օր դառնում ախպերների իսկական ախպեր ու վերջ։ Պետք եղած դեպքում ախպերությունը կազմ ու պատրաստ է։ Ախպերավարի կարող են քվեարկել, բոյկոտել, օրախնդիր օրենքներ ընդունել, հարկ եղած ժամանակ օրենքները հարմարեցնել իրենց, պաշտոններ բաժանել, քավոր-սանիկություն խաղալ, խնամիանալ, բաժանվել... թիմային պայքար ծավալել և վերջ։
Եվ քանի որ հայ ենք ու սիրում ենք ամեն ինչում առաջինը լինել, չորով պնդում ենք` ախպերությունը սեռային խտրականություն չի սիրում։ Որտեղ տղամարդ, այնտեղ էլ կին ու մաքրամաքուր ախպերական հարաբերություններ։ Ախպերության թասիբը մեր մեջ այնքան է նստած, որ միջազգային ախպերության ցուցասրահում ոտնաչափ տեղ ունենալու համար «բազմաթիվ ուղղություններով խորքային քայլեր ենք կատարել, որոնք դեռ նոր պիտի իրենց պտուղները տան»։ Բայց «ցոգոլային» վիճակներ կան նկատելի։ Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում տարեվերջին ունեցանք 6-րդ կին փոխնախարարը (61-ից), ԱԺ-ում գրանցեցինք կանանց թվի մի փոքր աճ, և նույն տեմպերով առաջ գնալու դեպքում մեր իշխանությունները կկատարեն ստանձնած պարտավորությունները` կանանց մասնաբաժինը օրենսդիր մարմնում, նախարարների, փոխնախարարների և մարզպետների ընդհանուր թվաքանակում մինչև 2015 թ. հասցնել 25 %-ի և վերջ։
Ախպերությունը, իրոք, շատ լավ բան է և այնքան վարակիչ, որ չի հարցնում նաև սահմանագիծ, տարիք ու փորձ։ Կարող է ձևավորվել պահի, շահի, դավաճանության թելադրանքով, կարող է դուրս գալ աշխատանքային շրջանակներից, քո և քո երկրի առանցքից գնա՜լ ու գնա՜լ, հասնել եվրոպաներ, ռուսաստաններ` Եվրամիություն կամ Եվրասիական միություն։ Պետությունների ախպերության հիմնաքարը շահի քաղաքականությունն է կամ քաղաքականության շահը, և «ոչ մի ժողովուրդ և ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չեն ընկալվում որպես թշնամի», և վերջ։
Անձի դեպքում ելակետն այլ է։ Չկա մեկը, որ չձգվի դեպի փողը։ Ձգտում են բոլորը, բայց քչերն են ունենում։ Քչերն իրենց ունեցածը ավելացնում են, իսկ շատերը բազմապատկման փորձ անում, երբեմն` կորցնում։ Կորցնողները փոխանակ իրար հետ ախպերություն անեն, մեջք մեջքի տան վերականգնվելու համար, փորձում են կպնել ախպեր տղերքի ախպերությանը։ Սա բնավորություն է և վերջ։
Օլիգարխների ախպերությունը չթվա թե հեշտ ու խաղաղ է։ Սպասվածից բազմաշերտ է ու բարդ։ Բայց հենց որ առաջ է գալիս շահերի համընկնում, ամեն ինչ իր տեղն է ընկնում` ժամանակավոր, ճիշտն ու սխալն իրար խառնված։ Չհամընկնելու դեպքում ճաք է տալիս ու Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» հայտնի ստեղծագործության նման ամեն մեկն իրեն է ձգում և վերջ։ Էլ ավելի հանելուկային ու հեղհեղուկ է օլիգարխների և չինովնիկների ախպերությունը, քանզի հիմքում, լողացող հանգամանքներից բացի, ուրիշ ոչինչ չկա։ Հանգամանքների բերումով նրանց ինքնապաշտպանական ախպերությունը պարտադրված է, կյանքը` կարճ ու փոփոխական։ Ստեղծվում և ավարտվում է իշխանության ներսում, իշխանության հաղթանակով և վերջ։ Իսկ դու ասում ես. «Իմ խոսքը գործ է» ու...
Այլազան ու զարմանազան ախպերության շքերթում, ի հեճուկս մնացյալների, մտավորականության ախպերությունը իշխանությունների հետ դերասանության հիմքի վրա է կառուցվում։ Խաղում են գրեթե բոլորը։ Ամեն մեկն այնքանով, որքանով։ Հենց այստեղ էլ տարբերվում է պրոֆեսիոնալ արտիստների և չդերասանների ախպերությունը։ Այդուհանդերձ, կողմերի խախտված ախպերությունն արդեն այնքան է ակադեմիական, որ բեմահարթակներում ողջագուրվում են, իսկ հրաժեշտից հետո Շոպենի «Սգո քայլերգը» շվշվացնում և վերջ։ Ճիշտ է և այն, որ հայերիս համար դրսում թե ներսում միևնույն է, ախպերությունից լավ բան չկա։ Էս տարին էլ կգլորենք ախպերությունով, մյուսն էլ, հաջորդն էլ... Օրեր են, կմթնեն, անց կկենան, բայց դարձյալ կկանգնենք նույն երկընտրանքի առաջ. ո՞վ է մեր իսկական հարևանը, դաշնակիցը, ո՞վ է մեզ սիրում, հարգում սույն հարթության մեջ ախպերավարի, և ո՞վ` մեր պարզությունն ու նվիրվածությունը չի գնահատում ախպերականով։ Հայաստանում ախպերության ճգնաժամ չկա՛ և չի՛ կարող լինել։ Ճգնաժամով պայմանավորված աշպերություն... Ինչքան ուզես ներսում թե դրսում։ Դրսինը մի ուրիշ բան է և ամենքին չէ, որ տրված է։ Բայց որպես էլիտար ազգ, մեզ տրված է ավելին և՛ ախպերների ապերախտություն, և՛ ապերախտների ախպերություն։ ՈՒ մինչև հիմա գլուխ չենք հանում, թե ո՞ր ախպերությունն է ախպերականով ախպերություն, և որը` ճշտով ախպերություն։ Հենց այսպես էլ` գլուխ չհանած, գլխի և ոտքի տեղերը խառնած, շարունակում ենք հուսալ, հավատալ և վերջ։
Սա՛ ենք մենք, ու սա՛ է մեր երկիրը, որտեղ բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը, որտեղ ամեն ինչ մերն է ու կարծես մերը չէ այլև։ Հենց այսպես առաջ ենք մղվում` իրագործելով «Գույք` պարտքի դիմաց» գործընթացն ու համակերպվում մեր անկախ կախվածության հետ, քանի որ մեր իշաբեռ հոգուն այնքան անուշ է և վերջ։
Մենք էլ` նման մեր երկրին, տալիք-առնելիք ունենք մեծ աշխարհի հետ, հաշիվ ունենք մաքրելու և առաջին հերթին մեր սեփական «ես»-ի հետ ու վերջ։ ՈՒրեմն` Ամանորից հետո եկեք «հետևողականորեն մի կողմ նետենք ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում ու կենցաղավարության մեջ», քանզի «սկսում ենք վերջնախաղը։ Հաղթական վերջնախաղը և վե՛րջ»։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ