Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանում տեղի կունենա Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը

Երևանում տեղի կունենա Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը
10.01.2013 | 19:41

2015 թվականի մայիսին Երևանում է կայանալու Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որին ընդառաջ 2012 թ. Բուխարեստում Հայաստանին է հանձնվել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի քարտուղարությունը։
Համաձայն Բոլոնիայում ընդունված կանոնակարգի՝ երկիրը, որը հյուրընկալելու է հաջորդ նախարարական գագաթնաժողովը, ստանձնում է նաև Բոլոնիայի գործընթացի համակարգման պարտականությունները։ 2012 թ. հունիսի 27-30-նա Երևանում տեղի ունեցավ Բոլոնիայի քարտուղարության պաշտոնական ստանձնման արարողությունը, որին մասնակցում էին նախկին՝ ռումինական քարտուղարության անդամները, Կիպրոսը և Բոսնիա-Հերցեգովինան՝ որպես Բոլոնիայում համանախագահող երկրներ։ Պաշտոնական արարողությանը հաջորդեցին երկօրյա համակողմանի քննարկումներ՝ պարտականությունների շրջանակների, փաստաթղթերի և հաշվետվությունները կազմելու կարգերի, կայքերի (թվով՝ երեք) շահագործման վերաբերյալ։ Լրացուցիչ քննարկվեցին բազմաթիվ այլ հարցեր՝ Բոլոնիայի գործընթացին անդամակցած 47 երկրների և 12 միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվեցին ռումինական փորձառության հիմնական մարտահրավերները։ Նախարարական գագաթնաժողովների ժամանակ գնահատվում են նախորդ տարիների աշխատանքները բարձրագույն կրթական տարածքում, ինչպես նաև պլանավորվում են հետագա աշխատանքները։
Բոլոնիայի քարտուղարության հայաստանյան անձնակազմում ներգրավված է 9 մասնագետ։ Այն իր գործունեությունը պաշտոնապես ծավալել է հուլիսի 1-ից։ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խումբն ունի չորս աշխատանքային խումբ, ինչպես նաև երեք աշխատանքային ցանց և երկու ենթախումբ։
Ի՞նչ կտան Հայաստանին Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովի անցկացումն ու քարտուղարության ստանձնումը։ Կրթության ոլորտի մասնագետները նշում են, որ այս գործընթացը նախ և առաջ շփումների նոր հարթակ է Հայաստանի համար, երկրորդ՝ համագործակցության նոր մակարդակ եվրոպական 47 երկրի, ինչպես նաև Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի և նման կառույցների հետ: Հայաստանի կրթության ոլորտի համար նշված գործընթացը կլինի նաև մեծ փորձառություն. այն նաև մեծ խթան կհանդիսանա հայաստանյան բարձրագույն համակարգի բարեփոխումների համար։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ.- Թեմայի շուրջ Բոլոնիայի քարտուղարության բաժնի պետ Գայանե Հարությունյանի հետ զրույցը կարդացե՛ք «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ