Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը

Իսկ ո՞ւմ համար է  դատարկվում  Հայաստանը
11.01.2013 | 11:47

1967-ին, երբ տարածքային առումով մի բուռ Իսրայելը հաղթեց բազմերկիր արաբական աշխարհին և իր տարածքն ընդլայնեց 3,5 անգամ, բրիտանացի ականավոր պատմաբան և փիլիսոփա, Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի տնօրեն (ի դեպ, մեր ժողովրդի լավ բարեկամը) Առնոլդ Թոյնբին տարօրինակ մի հայտարարություն արեց. «Չնայած հաղթանակին, Իսրայելը երկար չի գոյատևի: Հանրակցությունը անբնական է, խորթ… Պստլիկ պետություն օտար երկրամասերի վրա, որոնք մերժում են նրան: Ինչպես որ նրա շուրջը բնակվող բազմաքանակ ժողովուրդները»: Թոյնբին Իսրայելին տալիս էր ընդամենը 60-70 տարվա կյանք:

Հետագայում մեկ անգամ չէ, որ արվել են նման մռայլ կանխատեսումներ: Սակայն Իսրայելի մոտալուտ կործանման վերաբերյալ խոսակցությունները նոր թափ ստացան, երբ աշնանն այդ մասին բավականին կտրուկ արտահայտվեց աշխարհի ամենահեղինակավոր հրեաներից մեկը` ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը. «10 տարի հետո Իսրայելը չի լինի»: Իր պիտակումներում ու տենչանքներում այդքան կոնկրետ չի եղել նույնիսկ մեր ժամանակների ամենաանսանձ հրեատյացը` Իրանի ներկայիս ղեկավար Մահմուդ Ահմադինեժադը:
Քիսինջերի խոսքերի ազդեցությունը շատ ավելի ուժեղ էր ու արձագանքալից առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն, ասենք, պատմաբան-տեսաբան Թոյնբիի, առաջինը, հայերս կասեինք, հին գայլ է գործնական քաղաքականության ասպարեզում` հայտնի ձախ-լիբերալ, գլոբալիստ, նոր աշխարհակարգի, այսպես կոչված, Համաշխարհային կառավարության սյուներից մեկը: Կրակին յուղ լցրեց ԱՄՆ-ի 16 հատուկ ծառայությունների 82-էջանոց վերլուծական նյութը, որի անվանումն արդեն առավել քան պերճախոս է. «Պատրաստվել Մերձավոր Արևելքին` առանց Իսրայելի»: Ճիշտ է, ամերիկացի հետախույզներն Իսրայելի կյանքը երկարաձգում են երկու տասնամյակով:
Ռուսաստանում այս թեման շահագրգիռ մեկնաբանությունների առարկա դարձավ հատկապես ռուս նացիոնալիստների շրջանում, որոնք երբեք չեն թաքցրել իրենց հակահրեական դիրքորոշումները և անցյալ դարի իրենց բոլոր պատմական ձախողումների մեջ (կայսրության անկում, Հոկտեմբերյան հեղաշրջում, ԽՍՀՄ-ի փլուզում և այլն) մեղադրում են հենց նրանց: Ըստ էության, ռուս նացիոնալիստներն ընդունում են նշված կանխատեսումների հավանականությունը:
Թեման չի կարող հրատապ չլինել նաև Հայաստանի, հայերիս համար: Երկու պետությունները թերևս ընդհանուր շահեր չունեն, սակայն պատմական ճակատագրի նմանություն կարող է նկատվել, եթե ոչինչ չփոխվի:
Եվ այսպես, ինչո՞ւ է նման հոռետեսություն նկատվում մի պետության ապագայի հանդեպ, որն ունի գերզարգացած (գիտատար) էկոնոմիկա, տարածաշրջանային հզոր բանակ` միջուկային զենքով, աշխարհասփյուռ շոշափուկներով հետախուզություն, մի ժողովրդի հանդեպ, որը հենվելով մոլորակով մեկ տարածված քաղաքական-տնտեսական-ֆինանսական եզակի կարողությամբ առանձնացող ազգային համայնքների վրա, հավակնում է, և ոչ առանց հաջողության, աշխարհի տիրակալի դերին: Եվ վերջապես, ինչո՞ւ պիտի կործանվի այդ երկիրը, երբ նրա մերձավորագույն դաշնակիցն ու հովանավորը այդ նույն հողագնդի հզորագույն գերտերությունն է` ԱՄՆ-ը:
Սակայն պարզվում է, և այդ մասին առաջին հերթին խոսում են իսրայելցիները, ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն իրականում այդքան էլ վարդագույն չեն, և այդքան էլ ամենակարող չէ ԱՄՆ-ում գործող հրեական լոբբին: Եվ հենց այստեղ պետք է փնտրել հիշյալ անողոք կանխատեսումների առանցքային հենքը:
Փոխվում է Մերձավոր Արևելքի քաղաքական դեմքը: Ամերիկացիները, համագործակցելով իսլամիստների հետ, «կառավարելի քաոսի» միջոցով նրանց համար ճանապարհ են հարթում դեպի բարձրագույն իշխանություն: Մասնագետների գնահատմամբ, 2030 թվականին մուսուլմանները մոլորակում կկազմեն 2,2 միլիարդ, և նրանց թվաքանակը կրկնակի արագ կաճի ոչ մուսուլմանների համեմատ: Ահա և ամերիկացիները ձգտում են նորմալացնել իրենց հարաբերությունները մուսուլմանական աշխարհի հետ, հասնել այն բանին, որ ԱՄՆ-ը նրանց համար չդիտվի որպես համար մեկ թշնամի, ինչն այսօր նկատվում է գերազանցապես նրա հովանավորյալ Իսրայելի առկայությամբ ու վերջինիս ջանքերի շնորհիվ: Ամերիկյան անգլո-սաքսոնական վերնախավը հոգնել է Իսրայելի հավակնոտ, հնարավորինս անկախ քաղաքականությունից, որի իրականացումն ամերիկյան գործոնի չարաշահումով բնավ էլ չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին: Այդ անկախության վկայություններից չէ՞ այն իրողությունը, որ ԱՄՆ-ն առայսօր ռազմական բազա չունի Իսրայելում, և այդ այն դեպքում, երբ այդպիսիք կան արաբական մի շարք երկրներում: Արդ, ինչու ամերիկյան վարչակարգը շահագրգռված պիտի լինի մի պետության գոյությամբ, որն առավելագույնս խուսափելով ԱՄՆ-ի ազդեցությունից, լայնորեն դրսևորում է աշխարհաքաղաքական սեփական նկրտումներ:
Մերձավորարևելյան մուսուլմանական պետությունների հետ հարաբերությունների կարգավորման դեպքում շեշտակի նվազում է Իսրայելի տարածաշրջանային «ժանդարմի» դերը: Եվ ինչ կարող է անել այդ պետությունը բացարձակ թշնամական շրջապատում: Եթե վերջին իսրայելա-պաղեստինյան հակամարտության ժամանակ հատուկենտ հրթիռներ հասան իսրայելական խոշոր քաղաքներ, ապա պարզ է, որ իսլամացված պետությունների աջակցությամբ պաղեստինցիները ձեռք կբերեն արդիական ռազմական տեխնիկա:
Բայց ո՞ւր կորավ լեգենդ դարձած հրեական լոբբին: Ամերիկյան հետախուզական հանրակցության եզրակացությամբ, ԱՄՆ-ի հրեական շատ կազմակերպություններում սկսում է գերակշռել «նախ ամերիկացի, նոր միայն հրեա» մտայնությունը. մարդիկ ավելի շատ մտածում են իրենց բարեկեցության մասին: Իսրայելում նույնիսկ առանձնակի երջանկություն չապրեցին, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար նշանակվեց ծագումով հրեա Ջոն Քերին: Ի վերջո, ինչ կարող է անել նա Օբամայի ձեռքի տակ, որը չի թաքցնում իր անհամակիր վերաբերմունքը իսրայելական աջերի ու մասնավորապես «ծայրահեղական» Նեթանյահուի նկատմամբ: Վերջինիս օգտին չի խոսում նաև այն փաստը, որ նա այդպես էլ չկարողացավ միավորել ամերիկացի հրեաներին ընդդեմ Օբամայի` ի նպաստ «իր վաղեմի բարեկամ» Միթ Ռոմնիի:
Ինքնին հասկանալի է, որ Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության գլխավոր դրդապատճառների կողքին երևան են գալիս նաև առաջին հայացքից ոչ այնքան կարևոր իրադարձություններ, որոնք նույնպես նպաստում են իսրայելամերժ տրամադրությունների ուժեղացմանը ԱՄՆ-ում: Ասենք, ավելի ու ավելի մեծ թվով փորձագետներ են հանգում այն մտքին, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունը կազմակերպել են ոչ թե իսլամիստները, այլ Իսրայելը (Մոսսադը) և նրա կողմնակիցները, նպատակ ունենալով սրելու ԱՄՆ-ի հարաբերությունները իսլամական աշխարհի հետ և «արյամբ» շաղկապելու ամերիկա-իսրայելական «անխախտ» բարեկամությունը:
Ահա և, չզգալով Իսրայելի անհրաժեշտությունը որպես «անխորտակելի ականակրի արաբական անապատում», ավելին, հոգնելով նրա արդեն ապակայունացնող, խանգարիչ դերից, ԱՄՆ-ը (Արևմուտքը) կփորձի, ռուս քաղաքագետներից մեկի արտահայտությամբ, ապամոնտաժել այդ պետությունը: Բայց ինչպե՞ս: Արտագաղթի միջոցով: ՈՒշադրություն դարձրեք այս երևույթի վրա` արտագաղթ: Ապրելով ավելի ու ավելի թշնամացող (ատելության աստիճանի) շրջապատում, իսրայելցիներն արդեն այսօր մեծագույն անհանգստություն են ապրում իրենց կյանքի, ընտանիքի անվտանգության, ապագայի համար: Ամերիկյան հետախուզությունների հավաստմամբ, իրենց բնակության վայրերից իսրայելցիների արտագաղթման գործընթացն արդեն անշրջելի է դարձել: Կես միլիոն իսրայելցիներ արդեն գրպանում ունեն ամերիկյան անձնագրեր: Նույնիսկ իսրայելաբնակ եթովպացի գունամորթ հրեաները, մյուս աֆրիկացի հրեաները տրամադրված են վերադառնալու Սև մայր ցամաք: Հետդարձով են համակված Ռուսաստանից, ԱՊՀ մյուս երկրներից գաղթած միլիոնից ավելի իսրայելցիներ: Նույն մտահոգություններն ունեն Եվրոպայից եկածները:
Եվս մի կարևոր հանգամանք. Իսրայելում բնակչության աճը նվազագույնն է պաղեստինցիների բազմացման համեմատ: Չմոռանանք, որ այդ երկրում բնակվում են նաև մոտ 1,5 միլիոն «սեփական» արաբներ, որոնց ևս, բնականաբար, բնորոշ են բազմանդամ ընտանիքները: Աղետալի հետևանքներով ժողովրդագրական այս վիճակին է հաճախակի անդրադառնում իսրայելական «Հրեական լուրեր» շուրջօրյա ռուսալեզու հեռուստաալիքը: Նրա հաշվարկով` չի բացառվում, որ մեկ սերունդ հետո հրեաները փոքրամասնություն կկազմեն իրենց նոսրացող երկրում:
Իսկ հիմա շեղվենք զուտ հրեական իրողություններից ու կանգ առնենք ներհայաստանյան մի իրադարձության վրա: Նորերս Հայաստանի իշխող կուսակցությունը մեծ շուքով անցկացրեց իր համագումարը: Տրագիկոմիկական աղերսներ էին դրսևորում, հատկապես խորհրդային մեր սերնդի համար, անմոռանալի բրեժնևյան ժամանակների հետ: Ցնծում էր հայոց քաղաքական էլիտան, որ երջանիկ հեռանկար է բացվում ևս մեկ ժամկետ վայելելու երանելի իշխանությունը: Եվ ինքնասիրահար ժպիտների, պերճախոսությունների, «բուռն երկարատև ծափահարությունների» ու «հոտնկայսումների» շռայլ մթնոլորտում նույնիսկ չշոշափվեց հայաստանցիների արտագաղթի թեման, որի կասեցումը, թվում է, պիտի լիներ կառավարող վերնախավի գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը:
Արտագաղթ և վե՞րջ: Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ