Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինքնաբզում

Ինքնաբզում
11.01.2013 | 12:00

«ՈՒ նորից անգործ մնացի: Գուցե, մտածում եմ, դերձակություն սովորեմ: Նկատել եմ` դերձակների տրամադրությունը միշտ լավ է»։
«Կոմպրոմիս», Սերգեյ ԴՈՎԼԱԹՈՎ

2012-ի դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան տուն հասցրի Ամանորի ներդրումս անխոճկոր և ձկնկիթազուրկ մեր սեղանին՝ մեկ տուփ մարգարին և չորս փշատ: Ես` ՀՀ զվարթուն քաղաքացի ՍԵԹ ՎՌԱՄՇԱՊՈՒՀԻ ԳՄՓՈՅԱՆՍ, չդիմակայելով ընտանիքիս ոչնչացնող քմծիծաղին, լոգարան մտա: ՈՒշի ուշով ինքնազննվեցի: Ըմպեցի 0,5 լիտր մանկական շամպուն, փրփրեցի և որոշեցի ինքնաբզվել, այսինքն` ինքնաառաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու: Վերջերս խիստ նկատելի է, որ հատկապես նախագահական գալիք ընտրարշավի մասնակիցների տրամադրությունն է անհասկանալի բարձր: Լրջախոհ-զուսպ է միայն գործող նախագահը: Սակայն նրա ծրագրերը հենց որ կյանքի են կոչվում, սկսվում են դրանց տապալման բուռն գործընթացները: Ընդ որում, նախագահի մտադրությունները խափանում են և՛ հակառակորդները, և՛ լոյալները, իսկ ավելի հաճախ` թիմակիցները: Ընդ որում, սրանց միջև պայքարը կենաց-մահու է:
Բնականաբար, լռել անկարող եմ, և ծրագիրս հուշագիր է, թե ինչու և ինչպես, այսինքն` ինչ ճանապարհով է հնարավոր երկրաշեն ծրագրերը կյանքի կոչել: Ես էսպես կանեի:
(Ի դեպ, կինս բնավ դեմ չէ, որ կարգվեմ երկրի նախագահ: Նախ, ասում է, իմ անձնական վարկանիշը մուտքում վեր կթռչի, և երկրորդ` դու (այսինքն ես` Սեթ Վռամշապուհի Գմփոյանս) կայուն աշխատավարձ կունենաս: Նրան լսեցի ուշի ուշով: Կյանքումս առաջին, կարծում եմ, նաև վերջին անգամ):


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵԹ ՎՌԱՄՇԱՊՈՒՀԻ ԳՄՓՈՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
(ազատ շարադրանք)
Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի երկիրը երկիր դառնա: (Մի հուզվեք, գրի առեք և փոխանցեք հարևանին): Ջեբկիրական ստոր կրքերը խեղդո՞ւմ են մեր վեհ երկիրը: Ահավասիկ Z բարձր իշխանավորը (թերի տարրական կրթությամբ) հայտարարագրում նշում է, թե էսպես ու էսպես, ունի ընդամենը խորհրդային արտադրության «Զապորոժեց», մեկ կարի մեքենա և սեփական կնոջը պատկանող քյաբաբնոց՝ հայրենի գյուղաքաղաքում: Սակայն փաստացի բնակվում է արաբական շեյխի երազանք դղյակում, ընդ որում, քաղաքամայրում և բացեիբաց: Գուցե դղյակը պիտի տեղազննել հեռադիտակի հակառակ ծայրից: Էս դեպքում դղյակը կդառնա փուչիկ ու պոնչիկ վաճառող կրպակ և կհամապատասխանի հայտարարագրին: Եվ ահավասիկ, որպես երկրի նախագահ և ԶՈՒ գլխավոր հրամանատար մի քանի հուժկու աքացիով այս տեսականուն նախ օտարում եմ իշխանապետական օթյակներից, այնուհետև ազգայնացնում եմ նրանց ողջ ունեցվածքը (բացառությամբ, իհարկե, «Զապորոժեցի», կարի մեքենայի և քյաբաբնոցի), հետո էլ նրանց կալանավորում և գործուղում եմ հանրօգուտ ծառայության: Զորօրինակ, հասարակական հիմունքներով աշխատելու որպես ինքնորոշված չոբանի խորհրդական կամ էլ, գուցե թե, մաքրելու կայարանամերձ արտաքնոցները: Ի դեպ, ազգադավ դղյակը տրամադրվելու է Կոզեռնի և Բուզանդի փողոցի իրենց տներից վտարված բնակիչներին։ Դղյակատերը այսուհետև աշխատելու է որպես այգեպան: ՈՒ եթե հաշվենք, որ ՀՀ-ում կա 1713 նման դղյակ ու ամրոց, դժվար չէ պատկերացնել, որ նախագահությանս առաջին կես տարում երկրում կլուծվեն բնապահպանական բոլոր խնդիրները:
Օրը ճաշ դառավ, սրբազան պահն է լիցքավորման, պահն է հորանջի և ինքնակեղեքման: Զապորոժեցատերը նախ լիաբերան հորանջում է` երկրացունց մի բառաչով օրհնելով նախորդ օրվա կերած-մարսածը պանդոկում, շոգեբաղնիքում և բարեգործական ճաշարանում: Հետո վրա է տալիս ինքնակեղեքումը, ինչպես վեներական հիվանդություն կամ որպես կիսաքաղց մանկության անգութ վերհուշ: Չէ որ կլանել-մարսելը «Զ»-ատերի գերագույն հաճույքն է այս կյանքում: Եվ ահավասիկ մեկել օրը չորս օրենք ընդունեց ԱԺ-ն, իսկ ինքը չմարսեց դրանց իմաստը, որ նպաստավոր էին յուր գործի համար: Անշուշտ, «Զ»-ատերերը թքած ունեն որևէ օրենքի, կարգի, որոշման վրա, պարզապես նրանց մարսողության գործընթացը խաթարումներ չի հանդուրժում: Եվ, ահավասիկ, սրանց ձեռքում են երկրի ողջ գույքը, կայքը, ապագան: Բայց չէ՞ որ «Զ»-ատերն ընդամենը հետևանք է, արտավիժում, մեր գլխիվայր քայլող տնտեսության հայելային անդրադարձը: Եվ ինչ անի նա, եթե յուրաքանչյուր օր ոչ պակաս 100 հազար եվրո է շահում: Գումարները պահ տա շվեյցարական բանկերին և հայրենիքում հայրենանվեր գործե՞ր ծավալի, զորօրինակ, հանապազօր հացը վաստակի գրբացությամբ կամ բեռնակրությամբ: Այսինքն` հալալ-զուլալ քրտինքով: Ներող եղեք, բայց անգամ չուկչիական էպոսում նման բաներ չի՛ք: Այսպիսով, պետական մենաշնորհ են հայտարարվում բոլոր ներկրումները՝ սկսած գազից, ավարտած շաքարավազով: (Գազի մենաշնորհատերերը այսուհետև կզբաղվեն գազի բալոնների լիցքավորմամբ, շաքարավազինը՝ շաքարաքլորի արտադրությամբ): Պետական են դառնալու հանքերը, լճերը, անտառներն ու արոտները: (Մասնավորեցման իմ ծրագրում համազգային մրցույթներ կհայտարարվեն միայն տրոլեյբուսային փոխադրումների ոլորտում¤: Անհապաղ վերագործարկվելու են գործարանները, ֆաբրիկաները և ներկատները:
Յուրաքանչյուր տոնավաճառ, բաժնետիրական հիմունքներով, մասնատվելու է տոնավաճառի մասնակիցների միջև, և հավաքարարներն ու նախկին սեփականատերերը կունենան միևնույն մասնաբաժինը: (Սեփականատերը, գուցե քիչ ավելի, որպես մխիթարանք)։ Անհապաղ վերանում են բոլոր կուսակցությունները: Կուսակցապետերին քավության աննախադեպ շանս է տրվում, նստում են Սևանի ափին ու փորձում են առանց կարթի ձուկ բռնել: (Խեցգետինը, որսագող Վարոյի նախորդ տարվա լողավարտիքն ու բնապահպան Արամազդի երկսեռության վկայականը հաշիվ չեն¤:
Յուրաքանչյուր գեներալ բնակվելու է զորանոցին կից, ուտելու է զինվորական կաթսայից և շրջագայելու է «Վիլիսով»: (Նրա ընտանիքը նույնպես):
Մայր ոստան Երևանում ապամոնտաժվելու են Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը շրջափակող քաղաքաշինական հրաբուխները և գլամուրային մյուս տխմարությունները:

Բայց մի՞թե վայրագություն չէ, երբ էլեկտրաէներգիայի ավելցուկի պայմաններում այն կրակի գնով վաճառում ենք սեփական ժողովրդին։ Դրա գինը նվազեցնելու եմ էապես։ Չէ՞ որ բանանը Մոզամբիկում շատ ավելի էժան է, քան, զորօրինակ, Ալյասկայում։
Ծրագրիս վերջին ակորդներն են, թռվռան և հնարամիտ: Բայց չէ՞ որ պաղպաղակին և շամպայնին նախորդում են հիմնարար գաստրոնոմիական գրոհները՝ քյուֆթայի և տժվժիկի տեսքով: Ահավասիկ.
-Ինչո՞ւ չես մտնում այս սենյակը, չես խնդրում քո հաշմանդամ դստեր համար:
-Ինձնից առաջ Դիկոբրազը մտել էր, խնդրել էր իր քաղցկեղով հիվանդ եղբոր համար…
-Եվ ի՞նչ….
-Հետո եղբայրը մեռավ…
-Իսկ Դիկոբրա՞զը…
-Իսկ Դիկոբրազը սկսեց հարստանալ… հետո իրեն կախեց:
Սա Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմից է: Բայց քանի որ մեր տեղական-հակացեղային դիկոբրազները կամովին երբեք չեն գնա ինքնախարազանման, ահա թե ինչեր եմ ձեռնարկելու:
. Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի հայոց աղբյուրների անապակ ջուրը խմելու անվճար: Օրը երեք թաս: ՀՀ քաղաքացիություն չունեցողները պիտի վճարեն: Քաղցրահամ աղբյուրների պղպջուն ավելցուկը պետության ձեռամբ վաճառվելու է Արաբական թերակղզում: Բյուջեն կեռապատկվի:
. Գյուղատնտեսության բարգավաճման նպատակով հայոց գետերի ջրերից գյուղաբնակները օգտվելու են անվճար: Հարևան երկրները (ուր հոսում են կենսաբեր հումուսով լիացած մեր ջրերը) պիտի վճարեն ջրի դիմաց: Եթե ոչ, ջուրը կկտրենք:
Բյուջեն կհնգապատկվի:
. Տրանսպորտային թմրամոլությանը վերջապես վերջ կտրվի: Նախ` երկու տարում մետրոպոլիտենը կհասնի Աջափնյակ, Ձիարշավարան և Նոր Նորքի 9-րդ զանգված: Այնուհետև վերացնելու եմ բոլոր երթուղային միկրոավտոբուսները, կազմաքանդելու եմ տաքսի ծառայությունները: Ի՜նչ հորիզոններ են բացվում: Հայոց գյուղերը մարզկենտրոնների հետ կապվելու են կարծրակող ջորիներից, թառլան նժույգներից և դդմագլուխ ավանակներից կազմված կառախմբերով (Ալափարս-Հրազդան ուղեգծում այսօր աշխատում է «Գյա, զարկ մեժդու գլազ» հատուկ նշանակության կառախումբը: ՈՒղեվճարը` բնամթերքով, սիլոսով կամ յոնջայով), (Արմավիր-Երևան ուղեգծում արագընթաց տրամվայն է: Նրանով երթևեկելը ոչ միայն առողջարար է, այլև կենսախինդ, ողջ ճանապարհին ձեզ անվճար կզվարճացնեն վագոնավարի կլայեկած ականջները: Վագոնավարը, ի դեպ, Արմավիրի նախկին քաղաքագլուխն է): Մի՞թե վատ է:
. Պետական մենաշնորհների հաշվին յոթնապատկվելու են բոմժապատման եզրին հայտնված նախկին «Զ»-ատերերի և ազնվասիրտ լրամրողների նպաստներն ու հոնորարները:
. Մշակույթն ու արվեստը հայտարարվում են ազգի հարատևման խթանիչներ: Այս ոլորտի գործիչները (բացառությամբ հատուկենտ քծնողների ու ապիկարների) ապահովվում են պատվո թոշակով, ազատ ստեղծագործում են, անկախ խմում և յուրաքանչյուր բացթողումս խոթում են աչքս:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Մոռացա նշանաբանս: Ահա այն. «Ինքնաբզվեցի, որ երկիրս դզեմ…»: Ի դեպ, եթե նախագահ չընտրվեմ, չեմ հուսալքվի և կդառնամ սերիալի դերասան։

Դիտվել է՝ 2039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ