Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սամվել Խալաթյան. Սա դեռ Հայաստանի վերջը չի

Սամվել Խալաթյան. Սա դեռ Հայաստանի վերջը չի
13.01.2013 | 16:18

(Նամակներ՝ հղված գավառական քաղաքից-2)

Մեծարգո նախագահ, երկիրը քաղաքական հեղեղի է պատրաստվում, իսկ Ձեզնից դեռ ոչ մի լուր չունենք: Գոնե իմանայինք՝ մոնումենտի կողքին կառուցվելիք տապանը կտեղավորի՞ բոլոր անմեղներիս և թե՝ ո՞ր քաղաքական ուժից մի-մի զույգ վերցնենք, որ շարունակենք մեր ապահով նավարկությունը՝ ժողովրդավարական ծովում: Իմ հարևան պայծառատես Գուգուշ Բախտիբեկյանը սոցիոլոգիական հաշվարկներ է կատարել և գտել, որ ջուրն իր առվով է գնալու: Ջրի գնալը գիտենք, բա տակի մնացող ավազը՞:
Չգիտեմ, Դուք զգացի՞ք, որ վերջին օրերին մեր երկրում երկու մեծ ցնցում եղավ և այն աստիճանի, որ հայացքս հառեցի առաստաղից կախված լուսամփոփին՝ նրա տատանումով բալերի ուժգնությունը որոշելու համար:
Առաջին անգամ հայոց բնահողը ցնցվեց հենց այն պահին, երբ կարդում էի Հրանտ Բագրատյանի 100 քայլը…,,: Լուսամփոփն այնպես ճոճվեց, որ լույսերը հանգան, մնացինք ցրտի ու մթի մեջ: Ու մինչև որ «լույսի մարդուն,, լուր կտայինք, որ գա , խափանումը վերացնի, վերարկուով անկողին մտած, ցրտից սրթսրթացող թոռներիս ես հավատացրի, թե պատահածը գեշ երազ է, կարթնանան, անցած կլինի:
Երեխաներն ինձ հավատացին, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ այդ «100 քայլին,, , քանի որ պարոն Բագրատյանը, երբ վարչապետ էր, միայն ճախրում էր և այնքան վերևից էր ճախրում, որ Հայաստանի հասարակ մահկանացուներս նրա աչքին մժեղ էինք երևում և արժանանում ոտնատակ լինելու բախտին: Տնաշենը ե՞րբ հասցրեց քայլել սովորել:
Հետաքրքիրն այն է, որ նախկին վարչապետը facebook-ի իր էջում նախապես ծանուցել էր՝ «Վերը նշված տնտեսական ծրագիրը ես համարում եմ այն ձեռնոցը, ինչը նետում եմ իշխանությանը,,:
Արդյո՞ք ինձ կմեղադրեք այն բանում, եթե տառապանքիս փորձից ելնելով մտածեմ, որ կրկնվելիք բորանի դեպքում Բագրատյանը, դարձյալ, միայն իշխանություններին է ձեռնոց-թաթման տալու:
Իմացա նաև, որ դիմելով ,,ֆեյսբուքահայությանը,, , նա խնդրել էր, թե՝ առաջարկություններ արեք նախընտրական կարգախոսիս ընտրության հարցում և, ի թիվս ստացված առաջարկությունների, հավանել էր նաև ,,Սա դեռ Հայաստանի վերջը չի,, կարգախոսը:
Ես լիովին համաձայն եմ դրան, միայն թե այդ կարգախոսը պետք է զետեղել ոչ թե սկզբում, այլ ,,100 քայլի,, վերջում, որպեսզի այդ երազահանը կարդացած-այսահարվածը գոնե մխիթարվի՝ ,,Սա դեռ Հայաստանի վերջը չի,,:
Որպեսզի գործը դրան չհասնի, նախագահի ընտրություններում թեկնածուի մեծ փորձ ունեցող իմ լավագույն ընկերներից Արամ Հարությունյանը օրեր առաջ առաջարկել էր, որ նախագահի բոլոր թեկնածուները, բացի Սերժ Սարգսյանից, հանեն իրենց թեկնածությունը: Բա չասե՞ս՝ այ Արամ ջան, մարգարիտներդ շաղ մի տուր կամ գոնե հեղինակային իրավունքի արտոնագիր հանիր, որ Անդրեաս Ղուկասյանը չօգտագործի միտքդ՝ իր Բաց նամակում:
Երևի գուշակեցիք, որ երկրորդ հուժկու ցնցումը հենց այդ Բաց նամակի պատճառով եղավ, բայց, զարմանալիորեն, լուսամփոփը չճոճվեց, միայն իմ հարևան Գուգուշի բերանը բաց մնաց ու չէր փակվում: Պարզվեց, որ Գուգուշի բերանը բաց է մնացել, երբ նամակում կարդացել է՝ ,,…մեզ վրա է դրված երկրի քաղաքական ապագան որոշելու պատասխանատվությունը,,: Հարևանս մինչև օրս չէր իմացել այն պարզ ճշմարտությունը, որ եթե ութ միլիոն դրամ ընտրագրավ ես դնում, անմիջապես ավելորդ են դառնում երկրի իշխանությունների քաղաքական, իրավական, դիվանագիտական և մյուս բոլոր գործառույթներն ու միայն նախագահի թեկնածուներն են որոշում երկրի քաղաքական ապագան:
Աղետյալ Գուգուշին տարանք բժշկի և քանի որ Ձեր շնորհիվ աղետի հետևանքների վերացման ուղղությամբ մեծ փորձ ունեինք, բերանը փակեցին, հետ եկանք: Նա շարունակեց Նամակի ընթերցումը, ու հանկարծ բերանն էլի բացվեց, չի փակվում: Դու մի ասա, հասել է նամակի այն մտքին, որտեղ բոլոր թեկնածուներին հորդորվում է ինքնաբացարկ տալ, հավատալով, որ ,,…նախագահի մյուս թեկնածուները ևս, ճիշտ գնահատելով իրավիճակը, ազգային շահը կգերադասեն անձնական շահից,, : Հարևանս մինչև օրս չէր իմացել նաև, որ, ըստ Ղուկասյանի, նախագահի թեկնածու են առաջադրվում և մրցակցում անձնական շահի համար, և լավ է, որ գտնվել է մեկը, ով որոշել է ազգային շահի մասին մտածելով՝ չմրցակցել:
Գուգուշին դարձյալ տարանք բժշկի, և պարզվեց, որ ազգային շահը գերադասելու պատճառաբանությամբ բերանը բացող-չփակողներին պետպատվերային բուժում չի հասնում: Ութ միլիոն մուծեցինք, բերանը փակեցինք, հետ եկանք: Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, երրորդ անգամ նույն օրն ընկավ՝ ,,Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար,,-ից: Նա ոչ մի կերպ չի կարողանում ըմբռնել չպայքարելը՝ անիմաստ պայքար համարելու էությունը: Ես նրան չեմ մեղադրում, որովհետև ինքս էլ զարմանքից չեմ կարող փակել բերանս ու չասել , որ պարոն Ղուկասյանը, ցանկանալով նախաձեռնել քաղաքացիական համընդհանուր շարժում, դրա առաջնորդ է տեսնում մերօրյա ,,տրոյկային,,՝ չհայտնելով, թե այդ պայքարում ո՞րն է լինելու իր անձնական դերն ու տեղը: Ուրեմն սա կամ ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել է, կամ հավակնություն է՝ ,,գորշ կարդինալի,, թիկնոց վերցնելու:
Ինչպես սպասվում էր, այդ դարակազմիկ ,,Բաց նամակի,, դեմ առաջինն ընդվզեց պարոն Բագրատյանը՝ ինչի՞ չպետք է նախագահ դառնամ, ցույց տվեք մեկ ուրիշին, որ ինձնից խելոք է: Ղուկասյանին՝ շախ ու մատ:
Դրանից հետո նախկին վարչապետը հայելու առջև արդեն 100 քայլով ճեմում էր՝ անդրադարձում տեսնելով երկրի ապագա նախագահին, երբ վրա հասավ ԱԺԴ նախագահ Ա.Սադոյանի գնահատականը՝ ,,Շոկային թերապիայի հայր Բագրատյանը հասցրեց երկիրը խավարի, ցրտի և նա հիմա եթե առանց ապաշխարելու հայտարարում է ինչ-որ բաների մասին, կրկնում է իմ մտքերը,,:
-Ուու՜խ,- հրճվեցին Բագրատյանի հակառակորդները , իսկ ես տխրեցի: Ախր Փոքր զատիկից հետո տնօրհնեք է սկսվել: Եթե հանկարծ մի քահանա գնա Բագրատյանի տուն, ու նախկին վարչապետը, առիթն օգտագործելով, ապաշխարի, նրա մեղքերին թողությու՞ն է տրվելու…Չէ՜, չեմ հավատում , թե Արարիչը նման փորձության կենթարկի իր հավատացյալ հոտին: Ասված է՝ ,,Փորձանքը մի անգամ է գալիս,,: Հաստատ՝ սա դեռ Հայաստանի վերջը չի:

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ