«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Հասարակությունը գնում է ոչ թե պայքարից հրաժարվողի, այլ պայքարողի հետևից»

«Հասարակությունը գնում է ոչ թե պայքարից հրաժարվողի, այլ պայքարողի հետևից»
15.01.2013 | 01:38

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ:


-Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը` հաշվի առնելով, որ երկիրը գնում է նախագահական ընտրությունների:
-Պետությունը գնում է նախագահական ընտրությունների, և ներքաղաքական իրավիճակի գնահատականը պետք է տրվի համեմատության մեջ: Եթե համեմատենք 2008-ի նախագահական ընտրությունների նախօրեի հետ, այն ժամանակ մրցապայքարը սկսվեց շատ ավելի վաղ` 6-7 ամիս առաջ, և միանգամից ստեղծվեց այլ մթնոլորտ: Եթե հիշում եք, այն ժամանակ տեղի չունեցավ ծրագրերի ու գաղափարների պայքար, պայքարը ռեսուրսների մեջ էր և մրցակցության, թե ով ում ավելի կվարկաբեկի:
-Թույլ տվեք չհամաձայնել` այն ժամանակ կար ընդդիմադիր ուժեղ թեկնածու:
-Կար ընդդիմադիր ուժեղ թեկնածու, բայց դա չհարուցեց գաղափարների կամ ծրագրերի պայքար: Հիշում եք` դուք մոնղոլ-թաթարներ եք, մենք գալիս ենք ավազակապետությունը վերացնելու, դուք վատն եք, մենք լավն եք: Ո՞րն է այստեղ ծրագիրը, ո՞րն է գաղափարը: Իսկ ուժեղ ընդդիմադիր թեկնածու, այո, կար: Հիմա հաճախ հենց այդ հարցն է բարձրացվում` լուրջ թեկնածուներ չկան: Բայց ովքե՞ր են լուրջ թեկնածուները, որ չկան: Պարզ է, չէ՞, որ եթե լուրջ թեկնածուներ գոյություն ունենային, կառաջադրեին իրենց թեկնածությունը` ի թիվս մյուս առաջադրվածների:
-Չե՞ք կարծում, որ այս ընտրությունների առանձնահատկությունը նաև այն է, որ, ի տարբերություն նախորդների, ընտրությունը, փաստորեն, ընտրություններից առաջ ավարտվել է:
-Ո՛չ: Ես իրատես եմ, գիտեմ մեր կուսակցության ներուժը, գիտեմ մեր թեկնածուի անցած տարիների գործունեությունը, կարող եմ համեմատել և եզրակացնել, որ, այո, մենք հաղթելու ենք, բայց դա չի նշանակում, որ ընտրությունների ելքը որոշված է, և մենք այլևս անելիք չունենք: Մենք պետք է շատ լուրջ աշխատենք, և շատ լուրջ ենք վերաբերվում ընտրություններին: Շատ հարգանքով ենք վերաբերվում մեր թեկնածուի` գործող նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր մրցակիցներին:
-Նոր գաղափարներ բերո՞ւմ են նոր մրցակիցները:
-Եթե համեմատում եք նախորդ ընտրությունների հետ և ուզում եք պարզել` կա՞ հիմա գաղափարական պայքար, ապա` այո, կա: Այս ընտրություններում ծրագրերի ու գաղափարների պայքար լինելու է, որովհետև և՛ Հրանտ Բագրատյանը, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ Պարույր Հայրիկյանը, և՛ մյուս թեկնածուները, որ հասարակությանը սակավ հայտնի են, ունեն հստակ տեսակետներ ու ծրագրեր: 2013-ին նախագահական ընտրություններում լինելու է ծրագրերի, ոչ թե անձերի պայքար: Ընտրությունների գնացող բոլոր թեկնածուների գործիքակազմը խոսքն է, ծրագրերն են, տեսակետները:
-Քաղաքական պայքար կստացվի՞:
-Պայքարը քաղաքական է, ծրագրային և գաղափարական, բնական է, որ ընտրությունների մասնակիցների գործիքակազմը լինելու է միայն քաղաքական` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից: Մենք տեսնելու ենք ծրագրերի ներկայացում, քննարկում ու համեմատություն, որը միանշանակ դրական է` ռեսուրսների պայքարի համեմատությամբ, որին քանիցս ականատես ենք եղել, որի միջով անցել ենք: Ես բացարձակապես համաձայն չեմ, որ լուրջ մրցակիցներ չկան, կան գաղափարական լուրջ պայքարի ունակ մրցակիցներ, և դա ամենակարևորն է:
-Կարծում եք, որ այս ընտրություններում չե՞ն օգտագործվի վարչահրամայական մեթոդները:
-Նկատի ունեք իշխանակա՞ն ռեսուրսները: Բնական է, որ ցանկացած իշխանություն ունի որոշակի ռեսուրսներ, այդպես է բոլոր երկրներում: Բայց մի մոռացեք, որ ընդդիմադիր թեկնածուներն էլ ունեն իրենց ռեսուրսները, որ չունի իշխանությունը` օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներով իշխանությունից դժգոհ մարդիկ: Օրինակ` իշխանությունը պետք է պատասխան տա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համար, որն իր իրավասություններից դուրս է, և ամբողջ աշխարհում տնտեսական վիճակը գլոբալ առումով է փոխվել: Ընդդիմադիր թեկնածուները չունեն այդ պատասխանատվությունը, բայց ունեն լիուլի քննադատելու հնարավորություն:
-ԿԸՀ գրանցման հայտ ներկայացրած թեկնածուներից ո՞ւմ եք առավել հավանական համարում պատմական երկրորդ տեղի համար:
-Հրանտ Բագրատյանին: Նա շատ ավելի ակտիվ է, ունի իր հայեցակարգը, որոշակի տեսակետները, քաղաքական հարուստ փորձ, տնտեսագիտական գիտելիքների մասին արդեն չեմ ասում: Իհարկե, այդ հարցի սպառիչ պատասխանը կտան ընտրապայքարն ու ընտրությունները, առավել ևս, որ որևէ թեկնածուի շանսերը գնահատելն իմ խնդիրը չէ:
-Չե՞ք կարծում, որ ընտրությունների ժամանակ կարող են մասնակցության խնդիրներ առաջանալ: Ոչ միայն այն պատճառով, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ընտրապայքարից դուրս եկան: Ե՛վ նրանց, և՛ որոշակի դժգոհություններ ունեցող ընտրախավը ի՞նչ դրդապատճառներ ունի ընտրությունների գնալու, եթե իր համակրանքը վայելող կուսակցությունները չունեն թեկնածուներ, եթե ինքը չունի իր թեկնածուն:
-Այո, գործնականում կա որոշակի ընտրազանգված, որ այսօր, այսպես ասենք, ազատ է: Իհարկե, այդ ընտրազանգվածի ձայների համար յուրաքանչյուր թեկնածու պայքարում է, դա շատ բնական է: Ընդունեք նաև, որ եթե այս կամ այն թեկնածուն չի մասնակցում ընտրություններին, դա աշխարհի վերջը չէ: Ընտրողը միշտ էլ կգտնի իր համար ընդունելի թեկնածուին: Բոյկոտի կոչն անիրական ու անհեռանկար եմ համարում, որովհետև քաղաքական դաշտում արդյունքներ միշտ էլ տվել է ակտիվ քաղաքական պայքարը: Տարբեր տարիներին խորհրդարանում քաղաքական ուժերը դիմել են բոյկոտի ռազմավարությանը և ի՞նչ են ստացել: Որևէ քաղաքական ուժ կամ անհատ բոյկոտով հաջողության չի հասել: Քաղաքականությունը սիրում է ակտիվ պայքար ու ակտիվ պայքարողներին: Հասարակությունն էլ, որպես կանոն, գնում է ոչ թե պայքարից հրաժարվողի, այլ պայքարողի հետևից:
-Եթե այդպիսին է մինչև փետրվարի 18-ի Հայաստանը, ինչպիսի՞ն է լինելու փետրվարի 19-ի Հայաստանը: Հետընտրական ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:
-Թերևս այսօրվա հարցերի հարցը դա է` ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրություններից առաջ և ընտրություններից հետո: Մեր պետության համար եզակի հնարավորություն է ստեղծվել իրականացնելու օրինական ընտրություններ, ծրագրերի պայքարի ընտրություններ: Մենք պարտավոր ենք այնպիսի ընտրություններ անցկացնել, որ և՛ հասարակությունը արդյունքներին հավատա, և՛ միջազգային հանրությունը:
-Ի՞նչ պիտի անեք, որ մարդիկ հավատան նախ իրենք իրենց, հետո` իրենց ընտրած նախագահին: Արդյո՞ք դա չի նշանակում, որ որոշակի թվով մարդիկ այլևս չպետք է պաշտոնավարեն:
-Վերականգնել հասարակության հավատն ընտրական գործընթացների նկատմամբ հնարավոր է, պահանջում է քայլեր, որոնք պետք է արվեն: Բայց ընտրությունների խնդրին մի խառնեք պաշտոնյաների վարքականոնների ու պաշտոնավարման խնդիրները:
-Ինչո՞ւ: Ընտրական գործընթացների անմիջական արդյունքներից մեկը, գոնե ըստ Սահմանադրության, նոր կառավարության ձևավորումն է, հետևաբար, իշխանական բուրգի փոփոխությունը: Քաղաքական էլիտայի փոփոխությունն է խնդիրը, որովհետև եթե մենք հասարակության հավատը վերականգնելու խնդիր ունենք, փոփոխություններ են պետք: Բայց մարդիկ, որ փոփոխությունների արդյունքում կորցնելու են դեմքը, դիրքը, կայքը, կխոչընդոտեն այդ փոփոխություններին:
-Միշտ էլ փոփոխություններից շատերն են խոսում թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում, և շատ քչերն են մտածում, որ այդ փոփոխությունները վերաբերում են նաև իրենց: Բնականաբար, ընտրություններից հետո շատերն են ցանկանում, որ պահպանվեն պետական կառավարման այն համակարգը և այն մեխանիզմները, որոնք կան հիմա, որտեղ իրենք իրենց տեղն ունեն: Բայց պետության առաջ ծառացած մարտահրավերները և հասարակության ակնկալիքները այլ լուծումներ են պահանջում: Ընդհանրապես բոլոր երկրներում էլ պաշտոնավարող նախագահի երկրորդ ժամկետը համեմատաբար պայմանականություններից ձերբազատված ընթացք է ունենում, որը բարեփոխումներ իրականացնելու համար բարենպաստ է ավելի: Հասարակության ակնկալիքը դա է լինելու այս ժամկետում` բարեփոխումներ սոցիալական, իրավական, իշխանության արդյունավետության, բարոյահոգեբանական մթնոլորտի փոխման առումով: Առավել ևս, որ անցած հինգ տարիներին այդ ուղղությամբ հսկայական քայլեր են արվել: Հանրապետության նախագահը ձերբազատված է բազմաթիվ պայմանականություններից, և այդ ուղղությամբ որոշակի քայլեր են արվելու:
-Դուք լավատե՞ս եք, թե՞ իրատես:
-Ես և՛ լավատես եմ, և՛ իրատես` ունենալով իրական հիմքեր: Մեր պետության համար կենսական անհրաժեշտություն են բարեփոխումները, որոնց շրջագծում է և հասարակության սպասումների արդարացումը: Ես համոզված եմ, որ նախագահը դա անելու է` ինչքան էլ բարդ լինի, ցավոտ, միևնույն է, յուրաքանչյուր բարեփոխում միշտ էլ ունենում է տարբեր գնահատականներ, դժգոհներ գտնվում են, դիմադրողներ ու տրտնջացողներ` նույնպես: Բարեփոխումներն ուղղակի այլընտրանք չունեն, մեր երկրի համար արդեն օբյեկտիվ անհրաժեշտություն են:
-Գոնե հայտարարությունների մակարդակում իշխանությունն ընդունում է, որ իրեն պետք է ուժեղ ընդդիմություն: Հայաստանում այսօր ուժեղ ընդդիմություն չկա, բայց կա իշխանությունների քաղաքականությունից, իր ապրուստից, իշխող մթնոլորտից դժգոհ որոշակի զանգված, որ պահանջում է առաջնորդին` իր ցանկությունները գաղափարավորող ու ձևակերպող: Ընտրություններից հետո Ազատության հրապարակը մնալու է թափո՞ւր, թե՞ նոր առաջնորդներ են ի հայտ գալու:
-Սուրբ տեղը թափուր չի մնում: Հինգ տարի ընդդիմությունը պայքարում էր ոչ այնքան իշխանության գալու համար, որքան ընդդիմադիր դաշտում միակը լինելու: Ընդդիմադիր դաշտում պայքարը շատ ավելի դաժան էր` առաջնորդների, նրանց ամբիցիաների մակարդակով, միակն ու անկրկնելին օծվելու համար: Առաջնորդներ ու լիդերներ չեն ծնվում, դառնում են, բնականաբար, նոր իրավիճակում օբյեկտիվորեն նոր առաջնորդներ են ի հայտ գալու, գուցե և նոր կուսակցություններ: Գնահատեք, որ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել, և քաղաքական դաշտը ձերբազատվել է քաղաքական գործընթացները ոչ քաղաքական գործիքակազմով իրականացնողներից: Հիմա քաղաքական գործընթացները բուն քաղաքական հունի մեջ են:
-Ձեր ասածից ելնելով` 2018-ին ի՞նչ Հայաստան ենք ունենալու: Ցանկացած իշխանություն, եթե նույնիսկ խնդիրը միայն ինքնապահպանությունն է, պարտավոր է մտածել իրավահաջորդի մասին: Նախադրյալներ կա՞ն, որ իրադարձությունները կզարգանան հենց քաղաքական հունով:
-Այո, այլընտրանքի բացակայությունը, երբ մենք զգացինք, թե ինչ ավերածություններ կարող են լինել ոչ քաղաքական գործիքակազմի օգտագործման հետևանքով, հիմք է տալիս հավատալու, որ հինգ տարի հետո ունենալու ենք որակապես այլ պետություն ու այլ երկիր: Ես դրան հավատում եմ:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ