Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք աշխատում ենք միմյանց դեմ»

«Անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք աշխատում ենք միմյանց դեմ»
15.01.2013 | 11:36

«...կռիվ» էր ընկել։ Բայց ոչ մեծն լոռեցու «Գիքորը» պատմվածքի տարբերակով։ Պատճառը զոր էր, հզոր էր։ Մերօրյա հայերենով ասած` մի ուրիշ ձև, հնչեղությունը` նախադեպը չունեցող։ Բա մասնակիցնե՞րը, դեպքի վա՞յրը... Միանգամից ասեմ` չեք հավատա։ Աստիճանաբար ներկայացնելու դեպքում սպասումից մարդու սիրտ կճաքի։
Նախընտրելին, այնուամենայնիվ, շառից-փորձանքից հեռու մնալն է։ ՈՒրեմն, եթե կգտնվեն անձինք, այդ թվում` լեզվակռվի, լեզվաբանավեճի կամ, ինչպես ոմանք են հասցրել որակավորել, «մասնագիտական տարաձայնության» հիմնական դերակատարներ, իսկ իմ պատկերացմամբ` նաև պապանձվածությունն ու զարմանքը «սպունգարած» ականատեսներ, ովքեր ցանկություն և համարձակություն կունենան դատախազների հայտնի խորհրդակցության վերաբերյալ կարծիքներ հայտնելու, «Իրատես de facto»-ն պատրաստ է հրապարակելու ցանկացած տեսակետ, որքան էլ դրանք լինեն հայկական սերիալների նման անվերջանալի, անկապ կամ շաղկապված։ Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի. ո՛չ սևը կդառնա սպիտակ, ո՛չ էլ 2012-ի վերջերին տեղի ունեցածն այլևս կարելի է ցնցուղահարել։
Իսկ ի՞նչ էր կատարվել, ինչո՞ւ էր չոփը գերան դարձել, կամ ո՞վ էր շահագրգռված, որ ասեղը պարտակվեր խոտի դեզի մեջ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մի հրապարակումից ամբողջությամբ քաղելը դյուրին չէ, բայց որ մեզանում ինչ-որ բան դեռևս այն չէ, անվիճելի ճշմարտություն է։

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
Հավանաբար Երևան քաղաքի դատախազությունում, որտեղ տեղի էր ունեցել համայնքի դատախազների տարեվերջյան խորհրդակցությունը, և, իհարկե, միայն այն բանից հետո, երբ հանրապետության նախագահը օր առաջ, իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած հանդիպման ժամանակ, մի լա՜վ ձգել էր համակարգի թույլ օղակները, և հանդուրժողաբար տեղ թողել անհրաժեշտ հետևությունների համար։ Դե, սրանք էլ, լինելով խորհրդային տարիների ծնունդ, որպեսզի վերադասին ցույց տան իրենց ուշիմությունը` թե տեսեք, մենք հավատացել ու փոխվում ենք, կամ էլ` փոխվում ենք, որ հավատանք, հավաքվել են հարազատ տանիքի տակ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեսիջները տեղայնացնելու նպատակով։ Ասել է` քննարկել, վեր հանել թերությունները, և ոլորտի աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար քայլեր ձեռնարկել։
Թե ինչպես է անցել օրակարգային քննարկումը Երևանի դատախազի նախագահությամբ, ովքե՞ր և ինչպիսի՞ առաջարկություններով են հանդես եկել, մեր խնդիրը չէ։ Բայց մի մեջբերում կանենք, որպեսզի փոքրիշատե պատկերացում կազմենք, թե որտեղից են ծնունդ առնում «մասնագիտական տարաձայնության» նախադրյալները։
Խմբագրությունում ստացված նամակներից մեկը բովանդակում է. «Ես առաջին անգամ էի մասնակցում նման խորհրդակցության և պետք է նկատեմ, որ քաղաքի դատախազից սովորելու ոչինչ չունեմ։ Չեմ պատրաստվում նաև բազմակողմանի «քննության» ենթարկելու նրա արտահայտչաձևը, բայց հակիրճ ասած` գռեհիկ էր։ Կարծես ոչ թե օրենքի մարդ էր խոսում, այլ... Իսկ երբ մի հարցի շուրջ դատախազներից մեկն ասաց, որ «ավելորդ խոսակցություններից խուսափելու համար լավ կլինի քրեական գործերի ընթացքի մասին զեկուցենք գլխավոր դատախազի տեղակալներից Արամ Թամազյանին կամ Արմեն Դանիելյանին»,- առաջարկություն անողի խոսքն օդում կախված մնաց, քանի որ Երևանի դատախազը «պայթեց» տեղում. «Ի՞նչ է, ես պիտի գործը զեկուցեմ էդ... նա ո՞վ է որ...»։
...Եվ նիստին ներկա դատախազ կոչվածներից ոչ մեկը ձայն չհանեց։ Բոլորը լռեցին»։

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ` ՄԱՆՐԻՑ ԴԵՊԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ
Այդ պահին բոլորը լռել են, բայց, ինչպես պարզվում է, չանցած 10 րոպե, խոսք ու զրույցը ղշի թևով գնացե՜լ, հասել է «դիվանբաշուն»։ Մնացածը` մանրից դեպի խոշորացումը, ձեռքի գործ է, ինչը և կատարվել է 3 օր անց. արդեն ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։ Մեզ հասած տեղեկություններն ուշագրավ են և ոչ իրարամերժ։ ՈՒղղակի անհավատալի են` շաղախված հարցականներով, հասկանալի զգուշավորությամբ, ինչու չէ` վախվորածությամբ...
Մի դեպքում անհավատալի, անհասկանալի են կատարվածի մասնագիտական դիտարկում-գնահատությունները, մյուսում` տեղի ունեցածի նկարագրությունն ու բարձրաձայնելը։
Սողանցքեր չթողնելու համար անհրաժեշտություն էր քաջատեղյակ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներին հանդիպելը։ Մեկ շաբաթից ավելի տևած փնտրտուքներս իրականացան կիսով չափ. Երևանի դատախազն արձակուրդում էր, վերադառնալու էր Ամանորի նախօրյակին։ Վերադարձավ։ Պարոն Հրաչյա Բադալյանի ընդունարանից, սակայն, 2 օր շարունակ նույն արտահայտությունը լսեցի` տեղում չէ։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը և Արմեն Դանիելյանը մինչ օրս մնացին անհասանելի։ Ի տարբերություն նրանց, մյուս տեղակալը` Մնացական Սարգսյանը, «բռնվեց» տեղում, հեշտությամբ, փոխված աշխատաոճով. նա ընդունելության ոչ օրեր ուներ, ոչ էլ ժամեր։ Կես խոսքից հասկացանք միմյանց և փորձեցինք հստակեցնել, թե ինչ սև կատու էր անցել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի և Երևանի դատախազ, գեներալ Հրաչյա Բադալյանի միջև, ո՞րն էր տարաձայնության «էպիկենտրոնն» իր փափուկ հետևանքներով ու ոչ պակաս ավարտով, ինչի արդյունքում Բադալյանը նախ արժանացել էր Աղվան Հովսեփյանի բանավոր դիտողությանը, այնուհետև հարցը քննարկվել էր ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովում և որոշում կայացվել` հայտարարել նկատողություն։

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՀԱՐԹԵՑՆՈՂ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
-Պարոն Սարգսյան, Դուք, որպես գլխավոր դատախազի տեղակալ և էթիկայի հանձնաժողովի նախագահ, կասե՞ք, թե իրականում ինչ է տեղի ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստում։
-Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Երկրի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո մեզ կարգադրություն էր իջեցվել` վերանայել համակարգի գործունեությունը, ինչի մասին սկզբում հանդես եկանք գլխավոր դատախազի երեք տեղակալներս` ամեն մեկս մեր ոլորտի շրջանակներում։ Քննարկեցինք, թե ինչպես պետք է մեր աշխատանքները հետագայում կառուցենք, որպեսզի թերությունները վերացնենք և մեր գործունեությունն ավելի արդյունավետ դարձնենք։ Բացասական երևույթներ չլինեն, լինեն միայն դրական աշխատանքներ, որովհետև մենք գործ ունենք կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ։
-Գիտե՞ք, մեզ հետաքրքրում է ոչ թե խորհրդակցության ընդհանուր նկարագիրը, այլ կոնկրետ մի հարց. ի՞նչ է ասել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, որ հունից հանել է քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանին։
-Երևանի դատախազը նույնպես բերեց օրինակներ, ինչպես և մենք, թե ինչ աշխատանքներ են կատարվել, որտե՞ղ ունենք դրական կողմեր, որտեղ` բացասական, որտե՞ղ են ձգձգվում քրեական գործերի նախաքննությունները, ի՞նչն է պատճառը. փորձաքննություններ, քննիչների անփորձ լինելը, դատախազների, ենթադրենք բացթողումները, որ ժամկետների երկարացում չեն լինում։ Գլխավոր դատախազը մասնակիորեն նշեց, որ Հրաչյա Բադալյանի թվարկած օրինակները ճիշտ են։ Այնուհետև ելույթ ունեցավ պարոն Անդրանիկ Միրզոյանը։ Նա նույնպես նշեց, թե իրենք ինչ են կատարում, ինչպես են աշխատում։ Հատուկ քննչական ծառայության պետի արտահայտածը եղել է հետևյալը. «Ի տարբերություն Երևան քաղաքի դատախազության աշխատաոճի, մենք ոչ թե սպասում ենք, որպեսզի ձգձգվեն գործերը և նոր միջամտություն կատարենք, այլ մեր աշխատաոճն այնպիսին է, որ նկատվող թերությունները մենք վերացնում ենք տեղում»։
Հրաչյա Բադալյանը, որ այդ պահին նստած էր, տեղից միջամտեց. «Դուք մի՛ խոսեք Երևանի դատախազության աշխատաոճի մասին, Դուք ներկայացրեք Ձեր աշխատաոճը»։ Միրզոյանը պատասխանեց. «Երբ Դուք ելույթ էիք ունենում, ես չէի խանգարում, ոչ էլ միջամտում էի, թույլ տվեք ավարտեմ խոսքս»։ Քաղաքի դատախազն էլի էդպիսի մի քանի բառեր ասաց, թե Դուք Ձեր աշխատանքները ներկայացրեք... Եվ արդեն նախագահությունից գլխավոր դատախազը դիտողություն արեց` վերջացրեք։
-ՈՒ վե՞րջ:
-Դրանից հետո, ես կարող եմ ասել, որ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։
Միրզոյանն իր ելույթն ավարտեց, նստեց։ Էդ ժամանակ Բադալյանը նորից խոսեց, թե «բա դու մենակ քո գործերի մասին խոսիր»։ ՈՒ սրանով ավարտվեց։ Բայց քանի որ նա դա արեց տեղից, գլխավոր դատախազի դիտողությունից հետո, ուստի պարոն Հովսեփյանի հանձնարարությամբ հարուցվեց կարգապահական վարույթ, որպեսզի ճշտվի, տեսնվի, թե ինչո՛ւ խանգարվեց, ի՛նչ եղավ և այլն, և այլն։
-Համաձայն Ձեր «համոզիչ» մեկնաբանության, յուրաքանչյուր անտեղյակ մեկը կարող է ենթադրել, որ, իրոք, արտառոց ոչինչ չի եղել։ Ես, որ այդպիսիներից չեմ, թույլ տվեք բոլորովին այլ «դաշտից» եզրակացնել. ստացվում է, որ գլխավոր դատախազի դիտողությունը կամ տեղ չի հասել, չի լսվել, կամ չի հարգվել։
-Աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում լինում են դեպքեր, երբ մարդն իր կարծիքն է հայտնում, պարզապես... ես չեմ համարի, որ Հրաչյա Բադալյանը չի հարգել գլխավոր դատախազին։ Ձեր հարցադրումը, կներեք, չեմ ուզում ուղղել, բայց, համենայն դեպս, ավելի կկոռեկտացնեի, որովհետև մեզ մոտ էդպիսի բան չկա։ Աղվան Հովսեփյանը տասնյակ տարի աշխատում է որպես գլխավոր դատախազ և տեղակալ` 1998 թվականից։ Չի եղել այնպիսի բան, որ դիտողությունները չհարգվեն։ Ես կարծում եմ, Բադալյանի, էսպես ասած, տված գնահատականը, որ դու ինչ գործ ունես Երևանի դատախազության հետ, նա դա պետք է աներ հետո։ Ռեպլիկի կարգով կարող էր ասել. ես խնդրում եմ, որ յուրաքանչյուր ելույթ ունեցող խոսի իր իրավասությունների և լիազորությունների շրջանակում, չքննադատելով մի այլ մարմնի, որը ո՛չ իր ենթակայության տակ է, ո՛չ էլ իր ստորադասն է։
-Փաստորեն, կիրթ, գրագետ և կարճատև երկխոսություն, գուցե և մենախոսություն է տեղի ունեցել, առանց վիճաբանության։ Անվայել, ավելորդ արտահայտություններ չեն հնչել, որոշակի ժամանակով չի խաթարվել նիստի բնականոն ընթացքը։ Եվ միայն տեղից, առանց թույլտվության, մի երկու նախադասությամբ կարծիք հայտնելու համար քաղաքի դատախազի վարքագիծը «մտել» է էթիկայի հանձնաժողով, «որակավորումով» դուրս եկել և ամրապնդվել հրամանով։ Ի դեպ, դատախազի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերից ընտրվել է ամենամեղմը։
-Եթե պարոն Բադալյանը թույլ տար ավելորդություններ, ավելի խիստ պատժի կարժանանար։
-Որքան գիտեմ, էթիկայի հանձնաժողովի նիստին նա չի մասնակցել։ Ինչո՞ւ։
-Այո, չի մասնակցել։ Հանձնաժողովի կանոնադրության համաձայն, ցանկացած աշխատակից իրավունք ունի մասնակցելու, նա պարտավոր չէ։
-ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հրաչյա Բադալյանը պատշաճ ծանուցվել է ու չի՞ մասնակցել նիստին...
-Այո։ Տեղեկացվել է և նա մեզ պատասխանել է. «Քանի որ ծանոթացել եմ արձանագրությունների հետ և գրել եմ, որ իմ արած դիտողությունները տեղին էին, ուստի գտնում եմ, որ ես ճիշտ եմ»։ Մենք էլ գտանք, որ ինքը սխալ է ու նկատողություն ստացավ։ Այսպիսով, կարծում եմ, Ձեզ բավարարեցի։

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ. ԴԱՏԱԽԱԶԸ «ԳՏՆՈՒՄ» Է, ՈՐ ԲԱՎԱՐԱՐԵՑ, ԻՍԿ ԵՍ` ՈՉ
Այլ կերպ չէր էլ լինի, և լավ է, որ ամեն մեկս մնանք մեր կարծիքին։ Դա մեր իրավունքն է, այնպես, ինչպես մտածել ու գործել են թեկուզ Հրաչյա Բադալյանը կամ Անդրանիկ Միրզոյանը, որը գործի բերումով (և ոչ միայն), հակառակ գլխավոր դատախազի տեղակալի, կաշկանդված չէ քննադատելու նաև այլ կառույցների, դիտարկելու այս կամ այն օրենքի «առողջական վիճակը»` գործո՞ւմ է, թե՞ մեռած է։
Բավարարված եմ այնքանով, որ պարոն Մնացական Սարգսյանը միակ հասանելին էր. հանդիպեցինք անմիջապես և բաժանվեցինք բարեկամաբար, բայց... Անիմաստ համարեցի շարունակել զրույցը, քանի որ ոչ սևը կդառնար սպիտակ, ոչ էլ նրա դեմքն ու դիրքը թույլ կտային «բացվելու»։
Ծածկադմփոցը հնուց եկող բարի սովորույթ է։ Եվ Մնացական Սարգսյանը միակը չէ, որ հարկադրված էր ընտրել խուսանավելու տարբերակը։ Այս ճանապարհով գնացին դատախազության մամլո խոսնակը և այլք, որոնց հետ այս օրերին անմիջական կամ on line շփումներ ունեցա։
Հետաքրքիր է, մեր զրույցները որքանո՞վ կդառնային պրոֆեսիոնալ, համակարգի պատասխանատու անձանց խոսքն ի՞նչ արժեք կունենար, եթե նախապես տեղեկացնեի, որ իրենց տեսակետ-մեկնաբանությունների և ձեռքիս տակ եղած փաստաթղթերի բովանդակության միջև, կոռեկտ ասած, անհամապատասխանություն է։ Այն ջրի երես հանելու համար ես կարող էի, չէ՞, կիսադատախազական, կիսաքննչական և կիսալրագրողական հարցեր հնչեցնել։ Օրինակ.
1. Ինչո՞ւ է Հրաչյա Բադալյանի հարցը քննարկվել էթիկայի հանձնաժողովում, երբ նա, առանց ձայն խնդրելու, ընդամենը մաքուր հայերենով միջամտություններ է արել։ Չէ՞ որ համաձայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի թիվ 47 հոդվածի, կարգապահական տույժերից դիտողությունը և նկատողությունը նշանակվում են ուղղակիորեն, գլխավոր դատախազի կողմից։
2. Ինչո՞վ է պայմանավորված թիվ 275 հրամանի կոշտ և ազդու բովանդակային մասի և էթիկայի հանձնաժողովի եզրակացության անհամապատասխանությունը։ Քանի որ հարցը ներկայացվել է հանձնաժողով, ապա համաձայն նույն հոդվածի մեկ այլ կետի, կարող էր այլ ընթացք ստանալ։ Եվ կամ` ինչո՞ւ է անտեսվել 47 հոդվածի 7-րդ կետը։
3. Մի՞թե էթիկայի հանձնաժողովն այնքան ծանրաբեռնված է եղել, որ քաղաքի դատախազի նկատողության հարցը որոշվել է 21 օրվա ընթացքում։
Իսկ ավելի կարճ` կարող էի միանգամից գնալ վերջնախաղի և սեղանին դնել...

ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Լրջագույն հարցն այս է, որ կա։ Զրուցակիցներս ասացին այն, ինչ ասացին։ Հիմա պահանջվում է խորասույզ ընթերցել ՀՀ գլխավոր դատախազի 23.11.2012 թ. թիվ 275 հրամանն ու եզրակացնել` ո՞ւմ հավատալ...
«Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը ՀՀ դատախազության կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 2-ի ընդլայնված նիստում, ժամը 13-ի սահմաններում, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի ելույթի ընթացքում համաձայն չլինելով վերջինիս արտահայտած մտքերին, որոնք վերաբերում էին Երևան քաղաքի դատախազության գործելաոճին, տեղից, առանց թույլտվության ընդհատել է Անդրանիկ Միրզոյանի ելույթը` նրան հակադարձելով, իսկ ելույթի ավարտից անմիջապես հետո, կոլեգիայի մասնակիցների ներկայությամբ, նրա հասցեին տվել է անվայել արտահայտություններ, ինչի հետևանքով որոշ ժամանակով խաթարվել է ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի բնականոն աշխատանքը։ Հրաչյա Բադալյանն իր այդ վարքագիծը շարունակել է նաև կոլեգիայի նիստը նախագահող ՀՀ գլխավոր դատախազի բանավոր նախազգուշացումից հետո։
Հիշյալ վարքագծով Հրաչյա Բադալյանը թույլ է տվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերի, ՀՀ գլխավոր դատախազի 30.05.2001 թ. N 17 հրամանով հաստատված «Դատախազի վարքագծի կանոնագրքի» 2.1 կետի «բ» և «գ» ենթակետերի, 3.6, 3.9, 4.1 և 4.6 կետերի պահանջների էական խախտում, այն է` գործընկերների նկատմամբ չի եղել հարգալից և հավասարակշռված, չի հարգել ուրիշի կարծիքը, չի հանդուրժել այլակարծությունը, պաշտոնական հարաբերություններում չի գործել դատախազի բարձր կոչմանը համապատասխան, իր արարքով խախտել է բարոյականության նորմերը, խաթարել է դատախազության հեղինակությունը, դատախազական համակարգի և իր անձի նկատմամբ հարգանք ու վստահություն ներշնչելու փոխարեն ոտնահարել դատախազի կոչումն ու բարի համբավը, չի դրսևորել պարկեշտություն և զսպվածություն։
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի 23.11.2012 թ. եզրակացությամբ հաստատվել են Հրաչյա Բադալյանի կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումները և, հաշվի առնելով վերջինիս մեղավորության առկայությունը նշված խախտումներում, համաձայնություն է տրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի առաջարկին` Հրաչյա Բադալյանի նկատմամբ նշանակելու «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերից մեկը։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով, 46-րդ հոդվածի 3-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2-րդ և 4-րդ մասերով, 48-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի մայիսի 30-ի «Դատախազի հրամանով հաստատված կարգի 5.2, 5.4, 5.8 և 5.9 կետերով`
Հրամայում եմ`
1. Երևան քաղաքի դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հրաչյա Բադալյանի նկատմամբ նշանակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` «Նկատողություն» տեսակի կարգապահական տույժը։
2. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերին, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների զինվորական դատախազներին, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարին»։

ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ. ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆԻ ՈՐ...
Կա՞ արդյոք անհամապատասխանություն հրամանի խստացած բովանդակային կողմի և նախատեսված կարգապահական տույժերից մեկի ընտրության հարցում։ Հաճելի կլիներ, եթե այս մասին ստանայինք մասնագիտական եզրակացություններ։ Որքան շուտ, այնքան լավ, որովհետև չար լեզուներն արդեն գործի են անցել` շրջանառության մեջ դնելով այն վարկածը, թե իբր Հրաչյա Բադալյանը վերևներում երկաթյա թիկունք ունի։

ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. ԼՍԵՆՔ ՆԱԵՎ «ՁԱՅՆԱՊՆԱԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՂՄԸ»
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին դժվարությամբ գտա։ Անդրանիկ Միրզոյանը, սակայն, ամեն ինչ արեց, որ մեր հանդիպումը չկայանա։ Միջադեպի հետ կապված ասել-խոսելու ցանկություն ընդհանրապես չուներ, հրաժարվեց կտրականապես։ Եվ միայն իմ պնդումների և մասնագիտական կարողությունների հաշվին հաջողեցրի որոշ ժամանակ «գլուխ տանել» հեռախոսով ու մի քանի նախադասություն «պոկել»։
Ընդ որում, նա դա արեց այնպիսի արտահայտչաձևով, որում վիրավորանքի լճակները դեռ չէին ցամաքել։ Դժվար չէր հասկանալը։ Իսկ ով և ինչպես կընդունի նրա եզրափակիչ խոսքը. «Ես չեմ ուզում անդաստիարակ մարդկանց մասին կարծիք հայտնել, անդրադառնալ նրանց վարքագծին», իր կամքն է։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Հ. Գ.- Ոչ մեկը կողմնակից չէ մի կաթիլ մեղրի պատմությանը։ Բայց «հաջորդ դասի» արդյունավետությունն ապահովելու նպատակով, մեր պետական այրերը ևս պարտավոր են վերընթերցել և իրենց պրիզմայով անցկացնել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 14-րդ համագումարի ուսուցողական ելույթը, գոնե դրույթներից մի քանիսը։ Օրինակ. «Հայաստանի ողջ պետական կառույցը պետք է մարմնավորի հայոց արժանապատվությունը։ Վատ աշխատողները նրանք են, ովքեր չունեն ո՛չ մարդկային, ո՛չ ազգային արժանապատվություն»։
Կամ այս մեկը. «Մեր անհաջողությունները սկսվում են այնտեղ, որտեղ մենք միասնական չենք, իսկ եթե ավելի ուղիղ ասեմ, ապա անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք աշխատում ենք միմյանց դեմ։ Ծածուկ թե բացահայտ, կարևոր չէ»։
Բավարարվենք այսքանով։ Առայժմ:

Լուսանկարներ

. .
  • Արամ Թամազյան
  • Մնացական Սարգսյան
  • Անդրանիկ Միրզոյան
  • Հրաչյա Բադալյան
Դիտվել է՝ 8286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ