«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Կգա մեկը, որ հոգու խորքում կհասկանա ու կընդունի զոհի կարգավիճակը

Սամվել ՍԵՎԱԴԱ. Կգա մեկը, որ հոգու խորքում կհասկանա ու կընդունի զոհի կարգավիճակը
15.01.2013 | 21:03

«Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա»:
Հանճարեղ պոետի այս խոսքերը միշտ հետապնդել են ինձ: Դեռ պատանի հասակից:
Եվ ամեն անգամ, տարբեր տարիներին, տարբեր տարիքում նոր իմաստ ու նոր երանգ են ստացել, նման Միքելանջելոյի այն հանճարեղ գլուխգործոցներին, որոնք երբեք չեն հնանում, և որոնց կողքից ուղղակի անհնար է անտարբեր անցնել:
Հիմա, առավել քան երբևէ այս տողերը կարևորվել են դարձյալ:
Արդեն բավական ժամանակ է, որ մեր երկրում սկսվել են նախագահական նախընտրական գործընթացները: Լարվածությունը մեծացավ մինչև այն պահը, երբ երկրի առաջին նախագահը, որն արդարացիորեն համարվում էր ամենացայտուն հավակնորդն ու ամենաուժեղ հակառակորդը գործող ու կրկին գործելու պատրաստվող նախագահին` զենքերը վայր դրեց:
Երկար ժամանակ նախապատրաստված շախմատային պարտիան 99 տոկոսով ավարտված համարելով իշխանությունները հանգիստ շունչ քաշեցին: Նախընտրական դաշտը ամայացավ կարծես: Մանրումեծ թեկնածուները իրենց անհասկանալի ու հասկանալի շրջապատներով, տեղի ու անտեղի ելույթներով ավելի ծիծաղելի են դարձնում իրավիճակը: Սա էն ամոթալի պահերից է, երբ մարդ Աստծուց խնդրում է արագացնել ժամանակը: Թող այս ամենը շուտ վերջանա` «ինչ լինում է լինիի» գնով: Մենակ թե շուտ ավարտվի այս խեղկատակությունը:
Արդեն երկար տարիներ գործող իշխանությունը, որն արդարացիորեն ու երբեմն էլ ցինիկաբար իրեն «Իշխանություն է» հորջորջում, բաղկացած է արդեն հիմնավորված, սարսափելի ու անհասկանալի մոջոցներով հարստացած, երկրի տերուտիրական դարձած իշխաններից, որոնք հեռավոր նմանություն իսկ չունեն մեր միջնադարյան խեղճուկրակ իշխանների հետ: Եթե նրանց գլխավոր թերությունը անմիաբան լինելն էր, ապա այս դեպքում գործ ունենք շատ լավ միաբանված ու միավորված, կես խոսքից իրար հասկացող, ապրելակերպի ու վարքի քաղաքակիրթ կանոնները վաղուց ոտնահարած, ինքնապաշտպանության ժամանակակից բոլոր միջոցներին տիրապետող լավ զինված ու համասեռված մի զանգվածի հետ, որը արդարացիորեն կարելի է համեմատել չարորակ ուռուցքի հետ, որն իր մետաստազները խնամքով ու ջանասիրաբար տարածել է երկրի բոլոր անկյուններում:
Աստված իմ, որքան ջանք ու ժամանակ է պետք մաքրելու ավգյան այս ախոռները:
Հիմա անդրադառնամ Չարենցի խոսքերին:
Մեր այս փոքրիկ, տանջված ու բզկտված երկրում նավապետի ղեկը վերցնելու պատրաստվող յուրաքանչյուր ոք պիտի նախևառաջ և ամեն ինչից առաջ հասկանա և ընդունի, որ ինքն ու իր թիմը չեն գալիս կազմելու հերթական իշխանությունը, որը նոր չարիքներ կբերի մեր ամեն ինչին հարմարվող խեղճուկրակ ժողովրդի գլխին, այլ գալիս է ծառայելու արդեն վերջին հույսը կորցնող, ցաքուցրիվ դարձած ազգին: Գալիս է` հոգու խորքում ընդունելով, որ ինքը զոհ է, որի համար պարաններ կան պատրաստ և երկնուղեշ փայտեր երկու...
Առաջին նախագահի հատկապես վերջին տարիների վարքը դա էր ցույց տալիս, ափսոս, որ «Մաֆիա» խաղի կանոնների համաձայն հենց առաջին գիշերը խփեցին նրան: Ափսոս... Պայքարը գունաթափվեց:
Շատ դժվար է հավատալ, բայց և ցանկալի, որ կգա մեկը, ով հոգու խորքում կհասկանա ու կընդունի ԶՈՀԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ:
Մեր իշխանները մեզ լիուլի բավական են:

Լոս Անջելես

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ