Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ատամնաբուժության ատամները հաշվեցին

Ատամնաբուժության ատամները հաշվեցին
16.01.2013 | 16:46

«Շնորհիվ» հարկային նոր փաթեթի, այս տարվանից կբարձրանան ատամնաբուժական ծառայությունների գները։ Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության անատամ մարդկանց թիվը կավելանա` ինչը բացասաբար կազդի մարդու ընդհանուր առողջության վրա։ Իսկ թե ինչու «շնորհիվ» հարկային նոր փաթեթի, քիչ հետո կխոսենք։

Ասել, որ ատամնաբույժները և, մասնավորապես, կլինիկաների ղեկավարներն առանձնակի ցնծության մեջ են գների հնարավոր բարձրացումից, սուտ կլինի, քանի որ դա ոչ թե իրենց քմահաճույքն է, կամ շահը, այլ ԱԺ-ն օյին է խաղացել վերջիններիս գլխին` «Արտոնագրային վճարի մասին» օրենքի փոփոխությամբ, որով ավելանում է ատամնաբուժական ոլորտի հարկման շեմը։ Հետաքրքրական է, որ այն ուժի մեջ է մտել 2013-ի հունվարի 1-ից։ Այսինքն` այն ժամանակահատվածում, երբ բոլորը Նոր տարվա ուտել-խմելու մեջ էին` արձակուրդում։ (Ինչպե՞ս թե հունվարի 1-ից. այդ ե՞րբ ներկայացվեց փոփոխությունը, որ մենք տեղյակ չեղանք»,- տարակուսում և իրար էին հարցնում կառավարության նիստին հետևող լրագրողները, փորձելով հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը։ Իսկ շան գլուխը երկար որոնել պետք չէ։ Հիշեցնենք միայն, որ տարվա վերջին օրենսդիրը հաստատեց հարկային նոր փաթեթը, որն առնչվում է գրեթե բոլոր ոլորտներին։ Հիշեցնենք նաև, որ գործարար, անգամ պատգամավոր-գործարար շրջանակներում այն լուրջ և հիմնավոր դժգոհություն էր առաջացրել։ Ավելին, ԱԺ-ի երրորդ ընթերցումից` վավերացումից հետո քննարկումները շարունակվեցին տնտեսական մշտական հանձնաժողովում։ Չտեսնված-չլսված մի բան` օրենքը կա, բայց ամբողջությամբ վերամշակման կարիք ունի։ Այն, որ մինչև հիմա էլ այդ փաթեթից բոլորն էլ դժգոհ են, բնական է, քանի որ այն լուրջ խնդիրներ է առաջացնում։ Հենց այս նույն փաթեթի մեջ էլ «սղացրին» «Արտոնագրային վճարի մասին» օրենքի փոփոխությունը, որը, ի դեպ, կառավարության նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չառանձնացրեց. նա նույնպես վերը նշված օրենքի փոփոխությունն անցկացրեց ընդհանուր անվան տակ։
Այն, որ «սղացնելը» ԱԺ-ի սիրած զբաղմունքներից մեկն է, գաղտնիք չէ, բայց որ այն կարող էր վարակիչ լինել կառավարության համար, նորություն էր։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հասարակությունը կանգնում է տխուր փաստի առջև անհեթեթ օրենքների արդյունքում։ Սակայն ուշագրավն այն է, որ ատամնաբուժության ոլորտում բժիշկներն ու կլինիկայի ղեկավարները կանգնած են երկընտրանքի առջև. «Կա՛մ պետք է հեռանանք երկրից, կա՛մ բարձրացնենք ծառայության գները»,- մտահոգված նշում են նրանք։ Ի դեպ, մտահոգվելու տեղ ունեն նաև արտասահմանի մեր հայրենակիցները, որոնք, ելնելով եվրոպական բարձր գներից, ատամնաբուժական ծառայությունները նախընտրում էին ստանալ Հայաստանում։ Այսինքն, գների բարձրացումը կտրուկ կնվազեցնի այցելուների թիվը, ինչից առաջին հերթին կտուժի պետբյուջեն։ Եվ այստեղից շղթայական ռեակցիայով բացասական ազդեցությունը կզարգանա` վերածվելով սոցիալական խնդրի։
Նկատենք, որ «Արտոնագրային վճարի մասին» օրենքի փոփոխությունն ընդամենը մեկն է հարկային նոր փաթեթի մեջ, և չի բացառվում, որ կարճ ժամանակահատվածում ի հայտ գան նոր դժգոհություններ գրեթե բոլոր ոլորտներում։ Սա նշանակում է, որ «հռչակավոր», ազգափրկիչ հարկային նոր փաթեթը չի նպաստի որևէ ոլորտի զարգացմանը, հատկապես առկա սոցիալական դժվար պայմաններում, որոնց մեջ գտնվում է բնակչության զգալի հատվածը։ Ընդգծենք, որ առավել ևս առողջապահության ոլորտում գների բարձրացումը լուրջ խնդիրներ է առաջացնելու, և չի բացառվում, որ մեծանա սոցիալական լարվածությունը։ Մնում է ընդամենը հասկանալ. արդյոք սոցիալական լարվածությունը ձեռնտո՞ւ է իշխանություններին, հատկապես նախագահական ընտրությունների ընթացքում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ