Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երթուղային խնամախոս

Երթուղային խնամախոս
16.01.2013 | 18:00

Անցյալ աշնանը, անգամ մեր տրանսպորտային անսկիզբ-անվերջ պորտապարի համար, մի զարմանալի դեպք արձանագրեցի, որը կրկնվեց օրեր առաջ։ ՈՒրեմն, փոխադրումների կեղեքիչ ժամն է, երեկոյան 18.00-ն։ Օպերայամերձ կանգառում, Սարոյանի (հասկանալի է, գրողի արձանի) հայացքի ներքո աշխատավոր երևանաբնակները տուն են շտապում։ Հասկանալի է, հուզումնալից իրավիճակ է, քաղցր սպասումը հաճախ է նահանջում տագնապալից մտավախության առջև, հանկարծ հերթական ավտոբուսը (կամ միկրոավտոբուսը) անձեռնմխելի լինի, այսինքն, գերլցոնված ավելի բախտավոր ուղևորներով։ Մի խոսքով, մթնշաղից կեսգիշեր եռուզեռ է, հույսերի կարճատև բռնկումներ ու հուսալքություն, տևական պարպումներ։ Կարճ ասած, խոշոր քաղաքներին բնորոշ պատկեր։ Անկասկած, եթե Երևանի մետրոպոլիտենը մի օր արթնանա լեթարգիկ նինջից և ճանապարհներ հարթի դեպի մայրաքաղաքի արվարձանները, պատկերն էականորեն կփոխվի։ Սակայն մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը, ամենայն հավանականությամբ, չորրորդ հանրապետության գերխնդիրն է, երրորդը, վստահաբար, այդ «լծի» տակ չի մտնի։ Այսօր, անգամ ծրագրային մակարդակներում, նման խոսակցություն չկա։

Մի խոսքով, տեսարանը ցնցող էր. թիվ 87 երթուղին սպասարկող 16-35 պետհամարանիշի «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը հավուր պատշաճի գերբեռնված էր, ազատ էր վարորդի կողքի նստարանը։ Բախտիցս շնորհակալ` փորձում եմ դուռը բացել, վեհապանծ տեղակայվել և սպասել մյուս բախտավորին։ Ձեռքս բռնակից անսպասելի հետ մղվեց։ Երկու ջահել կին շրջանցեցին ինձ և վարորդի խնդուն ժպիտին ընդառաջ ներխուժեցին տոնածառի պես զարդարուն «Գազելը»։ Վարորդի բացատրությունը ցնցող էր. առավոտ թե իրիկուն էս տեղերը պահում եմ էս աղջիկների համար, հիմնական կլիենտներ են։ Արդեն ծերացող այս ստահակի և «աղջիկ-պարոնների» խոսակցություններից քիչ անց պարզեցի, որ նրանց բարեկամությունը տարիների փորձաշրջան է անցել, գազելատերը ամռանը նրանց (և վերջիններիս ազգ ու տակին) Սևան է հասցնում, հանգստանում նրանց հետ (վարորդ-պատուհասը շախով-շուխով վերհիշում էր, թե ինչպես մի անգամ իրեն «ջիգյարով սըկըցրին»)։ Զարմանալի է, բայց դեռատի տիկնայք մեծ սիրով են ընդունել այս բազարային վարմունքը։ Իջեցնելուց առաջ նրանք հստակ պայմանավորվեցին, թե որ ժամին, որ կանգառից իրենց վերցնի խնամառու վարորդը։ Ահա այսպիսի մի պատմություն։ ՈՒղեգծում գտնվող այս սուբյեկտի համար ուղղակի գոյություն չունի ուղևորին սպասարկելու կուլտուրա ասված բանը։ ՈՒ մնում է, որ այս խնդրին ուշադրություն դարձնի Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը։ Իսկ իմ ուշադրությունից այն չի վրիպելու։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ