Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աղբը տնից չհանեցիր` «տարթ կկապի»

Աղբը տնից չհանեցիր` «տարթ կկապի»
17.01.2013 | 19:51

Նախագահի ընտրություններից առաջ քաղաքական մեռյալ դաշտի անդորրը միայն Հայ ազգային կոնգրեսն է խախտում, որը, ի դեպ, թեկնածու չի առաջադրել: Բանն այն է, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մտահոգված է ՀԱԿ-ն առողջացնելու ծրագրով ու առաջարկում է շահագրգիռ քննարկում ծավալել, իսկ «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ ՀԱԿ առաջնորդի փոփոխության կողմնակիցն է: Թե որքանով են ակտուալ և ողջամիտ նրանց առաջարկները, ինչու հենց հիմա` նախագահի ընտրությունների շեմին են հանդես գալիս նման առաջարկներով, քիչ էական է: Գուցե արժեր այդ ամենի մասին բարձրաձայնել ավելի վաղ, երբ ընդդիմությանը վստահող հանրության մի ստվար հատված այս աստիճանի հիասթափված և ապատիկ վիճակում չէր հայտնվել: Էականն այն է, որ առանձին վերցրած մեկ քաղաքական միավորման մեջ դրսևորվում է բազմակարծության, սեփական դիրքորոշումն առաջ քաշելու, դրա համար պայքարելու պատրաստակամություն: Հավելենք, որ ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետից տարբերվող հստակ դիրքորոշում է արտահայտել նաև Արցախի պատերազմի հերոս, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, որը մամուլում հանդես է եկել ծավալուն հոդվածով: ՀԱԿ-ի սխալների մասին չի վարանում խոսել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Եվ ուշագրավ է, որ սեփական կառույցի սխալների մասին բարձրաձայնողներն այդ ամենը անում են հրապարակավ, ոչ թե հանրության աչքից հեռու, կուսակցական գրասենյակների պատերի ներսում, ինչը երկու տասնամյակից ավելի հայ քաղաքական ավանդույթների անքակտելի մասն է: Իհարկե, ընդդիմության բացթողումների, սխալների մասին բարձրաձայնողներն արդեն իսկ հայտնի շրջանակների կողմից որակվել են որպես «տան աղբը դուրս հանողներ», օրինակներ են բերվել, որ այլ կուսակցությունների անդամները նման վարքագիծ երբևէ չեն դրսևորել: Բայց այս երևույթը խոսում է հենց քաղաքական համակարգի` թեկուզ դանդաղ, թեկուզ կրիայի քայլերով, բայց առողջացման մասին, այն մասին, որ հանրության մի ստվար հատվածի հավատն ու վստահությունը տարիներ շարունակ վայելող քաղաքական ուժն իր որոշումներն ընդունելիս պետք է լինի բաց ու թափանցիկ, պետք է գործի հրապարակային և հաշվետու լինի այն հանրությանը, որը տարիներ շարունակ հանուն հաղթանակի զրկանքներ է կրել, պայքարել այդ ուժի հետ միասին: Առավել ևս այն դեպքում, երբ իշխանությանն ընդդիմադիր ներկայացող քաղաքական ուժը մշտապես խոսել է ժողովրդավարության պակասից` նույն հանրությանը խոստանալով իշխանության գալու դեպքում լինել բազմակարծության և ժողովրդավարության, քաղաքացիական իրավունքների պաշտպանության երաշխավորը: Եվ հիմա տարիների ընթացքում կուտակված խնդիրների մասին բարձրաձայնելը ոչ թե «աղբը տնից դուրս հանել» է նշանակում, այլ քաղաքական կուսակցությունները, միավորումները առողջացնելու, հայկական քաղաքական ավանդույթներին ձեռնոց նետելու, կարծրատիպերը ջարդելու փորձ: Եվ տվյալ դեպքում կարևոր է, թե այդ կարծրատիպերը ջարդելու փորձ անող քաղաքական գործիչներն ինչպիսի հետևողականություն կցուցաբերեն հետագայում և որքան սկզբունքային կլինեն իրենց դիրքորոշումները պաշտպանելիս:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ