Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սուզանավից զբոսանքի դուրս չեն գալիս

Սուզանավից զբոսանքի դուրս չեն գալիս
18.01.2013 | 01:08

Նախագահական ընտրություններին մեկ ամիս մեկ օր է մնացել: Ընտրական գործընթացներում արդեն իր խոսքն է ասում Ընտրական օրենսգիրքը. ԿԸՀ-ն սահմանում է գործընթացի մասնակիցների վարքականոնները` վճարովի ու անվճար եթերաժամի, պաստառների փակցման, ընտրական հանձնաժողովների ստեղծման և այլնի, և այլնի:

Երկուշաբթի օրվանից էլ սկսվում է քարոզարշավը: Որևէ մեկը չի տարակուսում, որ Հայաստանը փետրվարի 18-ին չորրորդ նախագահին չի ընտրելու: Վերընտրվելու է երրորդը: Քաղաքականության մեջ երբեք չեն ասում «երբեք»` միշտ տեղ թողնելով անակնկալին, բայց սա այդ դեպքը չէ: Սերժ Սարգսյանը վերընտրվելու է նախագահ և պաշտոնավարելու է ևս հինգ տարի` առանց հետընտրական իրադարձությունների, որ որոշակի ընթացք թելադրեցին առաջին հինգ տարիներին: Երկրորդ հնգամյակի մեկնարկը և հետագա ընթացքը, ակնհայտորեն, նախորդից տարբեր են, տարբեր են ընդհանրապես նախագահական ընտրություններում արձանագրված իրավիճակներից: Դեռ երբեք Հայաստանի ընդդիմադիր դաշտն այսքան տարտղնված ու այսքան ինքնաբացարկված չի եղել: Գործնականում այս ընտրություններում ռեալ կամ հարաբերական հաջողության հնարավորություններ ունեցող թեկնածուները` ինքնուրույն կամ փոխհամաձայնության մեջ, հրաժարվեցին պայքարից: Սա այս ընտրությունների թիվ 1 առանձնահատկությունն է, որ երևան բերեց քաղաքական դաշտի թուլությունն ու դիմադրողականության պակասը` մեկ, և երկու` ակնհայտ դարձավ, որ իշխանության գործելակերպն ու ընդդիմության որոշակի հատվածի գործելակերպը տարբերություն միմյանցից չունեն, ինչն էլ բացահայտ դարձրեց ընդդիմության դեֆիցիտը: Կուսակցությունները համակված են պրագմատիզմի համաճարակով, երբ քաղաքական, կուսակցական, հատկապես նեղանձնական շահերը ենթարկվում են միայն մեկ թելադրանքի` հաշվարկի, իսկ հաշվարկն էլ թելադրում է` մի խցկվիր, խաղը քոնը չէ: Թիվ երկու առանձնահատկությունը (ավելի ճիշտ` հնարավորությունը). այս ընտրություններում իրենց անխուսափելի, անգնահատելի ու ճակատագրական ծառայությունները մատուցելու, ուրեմն հետագա փոխհատուցման շանսը կորցնելու վտանգի առաջ են կանգնած ընտրությունների ստվերային կազմակերպիչները` թաղային հեղինակություններից մինչև ամենայն հայոց ուսուցչություն և նախընտրական շտաբ: Այս իրավիճակը որքան վտանգավոր է նրանց համար, նույնքան խոստումնալից է ընտրողների համար հետագայում: Թիվ երեք առանձնահատկություն` արտաքին աշխարհի, մասնավորապես Ռուսաստանի քաղաքականությունը, որը մեծավ մասամբ, մնում է չբացահայտված, թեպետ մշտապես լավ հայտնի է ու կանխատեսելի:
Ի՞նչ ունենք հանրագումարում: Երբ մարեն հաղթանակի ծնծղաներն ու ծափերը, սթափ ու անհապաղ աշխատանքի անհրաժեշտությունը խնդիրները բաժանելու է երեք մասի` տնտեսական, արտաքին ու քաղաքական: Ընդ որում` այս թվարկման բոլոր բաղադրիչներն առաջին տեղում են:
Արտաքին քաղաքական դաշտում եղել ու մնում է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եթե Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, փոխվել են տարածաշրջանը, իրավիճակը, գերտերությունների փոխհարաբերությունները: Ընտրություններից առաջ ազգային-ազատագրական-հայրենասիրական բուռն պոռթկումներ է ապրելու Ադրբեջանը: Եթե առաջ այդ պոռթկումները կարելի էր ըմբռնումով ընդունել` իբրև ներքին օգտագործման, սպառազինությունների մրցավազքում ինքն իր հնարավորությունները գերազանցող երկիրը ինքնին վտանգավոր է դառնում իբրև հարևան, առավել ևս` հակառակորդ: Հավելեք ընտրությունները Թուրքիայում, որոնք ևս որոշակի լարվածություն են բերելու տարածաշրջանի զարգացումներում, հաստատապես չեն նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների կայացմանը` մանավանդ մինչև 2015 թվականը մնում է ընդամենը երկու տարի, իսկ 2015 թվականը համայն հայության համար աներկբա անցնելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-ամյակի խորհրդով:

Ինչ էլ լինի-չլինի, հարցերը Թուրքիային ու Թուրքիայի պատասխանը մնալու են օրակարգում: Թերևս` ոչ միայն հայերիս: Գնահատեք նաև հարևան Իրանի իրավիճակը իր հեռանկարով: Արաբական գարնան հետևանքներն էլ հայերի կյանքում` ևս մի ուղղություն: Առաջիկա հինգ տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի, թե ոչ, ինչ ընթացք կունենան բանակցությունները, ռեալ է, թե ոչ պատերազմի հեռանկարը, հետևանքները Հայաստանի` տարածաշրջանում ունեցած դերի ու կարգավիճակի առումով, այս հարցերը միանշանակ լինելու են Հայաստանի նախագահի համար առաջնային:
Տնտեսական. սա համարյա միակ հարցն է, որ ռեալ լուծումներ ունենալով` լուծում չի ստանում: Չխորանալով հարցի մեջ, որ մասնագիտական հմտություններ ու վիճակագրական վերլուծություն է պահանջում, արձանագրենք, որ Հայաստանի նախագահը երկրի կենսապահովման խնդիրը լուծելու տարբերակներում առանձնապես այլընտրանքներ չունի: Առաջվա պես խնդիրների խնդիր մնում է այն գիտակցության ձևավորումը պետական մակարդակով, որ արդյունաբերությունը պետք է վերագործարկվի, որ աշխատատեղեր պետք է ստեղծվեն, որ արտադրանք չտվող երկիրն ու անհատը դեգրադացվում են, որ մանր չարչիական տնտեսության ընդլայնումը 21-րդ դարում ծիծաղելի է ու նաև ամոթալի: Պետական պարտքը, ներդրումների չափն ու կշիռն էլ թողնենք ի հավելումն ՀՆԱ-ի, տնտեսական աճի տոկոսների հաշվարկների հետ:
Քաղաքական. հանրապետության նախագահը չի կարող, բացարձակապես չի կարող չմտահոգվել քաղաքական դաշտով, ավելի ճիշտ` քաղաքական դաշտի ձևավորումով: Ոչ միայն այն պատճառով, որ նրան ընդդիմություն է պետք. անվանական ընդդիմություն նա ունի, անգամ խորհրդարանում խմբակցություններ կան այդ դրոշի տակ: Հանրապետության նախագահը պետք է կազմավորի կառավարություն, ուրեմն և իշխանական բուրգի սահմանադրական կառուցման ու ստվերային շինարարության միջակայքում պետք է պահի կուսակցություններին` հանուն ապահովության ու վտանգազերծելու համար: Պիտի կիսահղի վիճակից որոշակիության կարգավիճակի անցնի ԲՀԿ-ն, որովհետև ինչպես բնության, այնպես էլ քաղաքականության մեջ նման վիճակ չի լինում: Իսկ եթե լինում է` արհեստական է ու կարճատև: Բայց ԲՀԿ-ն համարյա խնդիր չէ, ինչպես խնդիր չէ ՀԱԿ-ը: Խնդիրը Ազատության թափուր հրապարակն է, որը բոլորովին չի նշանակում, թե հասարակության մեջ չկան դժգոհներ, ու իշխանության վարած քաղաքականությունը որևէ ասպարեզում կամ բոլոր ասպարեզներում միանշանակ ընդունելի է: Ոչ, ամենատագնապահարույցը նրանք են, որ նույնիսկ առաջնորդ չունեն, ուրեմն` առավել վտանգավոր են, որովհետև անկառավարելի են: Ազատության հրապարակը անկախ Հայաստանի պատմության անքակտելի մասն է և ոչ պակաս կարևոր նշանակություն ունի երկրի կառավարման մեջ Բաղրամյան փողոցից ու Հանրապետության հրապարակից, որովհետև Ազատության հրապարակում ոչ միայն երկրի պատմությունն է, այլև, իբրև կանոն, Ալեքսանդր Թամանյանի կառուցած Ժողտան, որ բավականին անշուք ու անտպավորիչ է իբրև օպերայի ու բալետի շենք, շրջակայքում երկրի ապագան է ձևավորվում: Իր երկրորդ ժամկետում պաշտոնավարումից հետո Սերժ Սարգսյանը իր ու երկրի համար դարակազմիկ երկու հարց ունի լուծելու. իր համար` արդյո՞ք դառնում է հանրապետության երկրորդ երիտասարդ թոշակառուն, թե՞ շարունակում է պետական-քաղաքական գործունեությունը այլ պաշտոնում, երկրի համար` ո՞վ է լինելու հանրապետության չորրորդ նախագահը: Որքան էլ այսօր այդ մասին գերադասում են չխոսել` ժամանակից առաջ չընկնելու, հնգամյա իրադարձությունների անկանխատեսելիության, տասնյակ այլ պատճառներով, բայց հաջորդ ընտրություններին նախապատրաստվում են ընթացիկ ընտրությունների հաջորդ օրվանից: Իրավահաջորդի ընտրության հարցը սկզբունքային լուծում է պահանջում և անկյունաքարային նշանակություն ունի այն քաղաքականության որոշարկման համար, որ իրականացվելու է հինգ տարի: Լինելո՞ւ են փոփոխություններ, թե՞ ոչ, երկիրը շարունակելու է տեղում դոփե՞լ, թե՞ դուրս է գալու տեղապտույտից և զարգացման իրական շանսեր է ձևավորելու: Փոփոխությունները, որ հասարակական պահանջ են, պետության ունկերին հասնելո՞ւ են, արձագանք ունենալո՞ւ են: Ի վերջո` ի՞նչ փոփոխություններ կարող են իրականացնել մարդիկ, ովքեր նախ և առաջ իրենք պետք է փոխվեն: Սերժ Սարգսյանն այս անգամ սկզբից պետք է իր պաշտոնավարման համակարգային, կառուցվածքային ու կադրային փոփոխությունների մոդելը որոշարկի: Նա արդեն կարող էր համոզվել, որ ընթացիկ փոխատեղումներն արդյունավետ չեն, և հետո` երրորդ հնարավորությունը միանվագ չի տրվելու, եթե ընդհանրապես ռեալ է: Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ից սկսած հրաշալի նվերներ է մատուցում Սերժ Սարգսյանին. 2008-ի նախագահական ընտրություններում բյուրեղացրեց ու մաքրեց ընդդիմադիր դաշտը, համախմբեց իշխանականը, 2013-ի նախագահական ընտրություններում որքան ամայացրեց ընդդիմադիր դաշտը, նույնքան իշխանականը` ՀՀԿ-ին հանձնելով քաղաքական մրցակցության դաշտը համարյա կուսական տեսքով: Գուցե սա առաջին նախագահի վերջին պարգևն էր քաղաքական դաշտին ու քաղաքականությանը, նա այնքան է հոգնել քաղաքականությունից, որ իր 68 տարիները խոչընդոտ է նկատում մի ասպարեզում, ուր ինքը Պիգմալիոն է եղել: Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրը լինելու է երկրորդ նախագահը: Վերադառնալո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը իշխանության` իր հետ բերելով անցած մի շրջան իր որոշակի շրջանակով, որի հավանականությունը անխախտ ազդելու է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքի վրա, թե՞ չորրորդ նախագահը նախորդ նախագահների Բերմուդյան եռանկյունուց դուրս է լինելու: Որ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը առժամանակյա դադար է վերցրել և բնավ հրաժեշտի մտադրություն չունի, ակնհայտ է նրա հարցազրույցներից: Հատկապես վերջինից, որ անթաքույց հայտարարություն է վերադարձի մասին, բայց` նոր կերպարով, նախորդ կերպարանքից ձերբազատված` նա այլևս մտածում է հույժ բարոյական կատեգորիաներով. վաղեմի գործընկերների միջև պայքարը անընդունելի է համարում (ավելի ազնիվ կլիներ ասել` բացահայտ պայքարը), խուսափում է շահարկումներից, հասկանում է վերընտրվելու ցանկությունը նրա, ում առաջարկել է իրեն հաջորդող, չի ուզում վնասել երկրին` երեք նախագահների ծայրահեղ տհաճ ձևաչափի ձևավորմամբ (մի ժամանակ դա հասարակական պահանջ էր կոչել հենց ինքը` իր մասով), և գրեթե անհավատալին` Ռոբերտ Քոչարյանը դեմ է մանրածախ քաղաքական առևտրին, որի ջատագովն է եղել 10 տարի` կուտակելով ոչ միայն գիտելիքներ ու փորձ, այլև վտանգելով երկրի ու երկրի քաղաքացիների կենսական տարածքն ու ժամանակը: Նա անդուլ մտածում է երկրի մասին` առողջական վիճակի կարդիոգրաման (հայերեն` սրտագրություն) ձեռքին, տնտեսական ու քաղաքական վիճակի իրահաճո փոփոխությունների մոդելն էլ մտքում: Ձերբազատվելո՞ւ է Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի բարդույթից, թե ոչ, կերևա արդեն մի քանի ամսից: Ցավոք, դա «երկու ղարաբաղցիների» փոխհարաբերությունների հարց չէ, դա հայկական երկու պետությունների ճակատագրի ու զարգացման մոդելի ընտրության հարց է` ժամանակի մեջ ավելի ու ավելի որոշակիանալով իբրև անհետաձգելի ու անխուսափելի որոշում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Փոփոխությունների չինական մեծ գիրքն ուսուցանում է. «Զորությունն արարման, անկախության և սահմանափակումներից ազատ լինելու մեջ է և ենթակա չէ կարծրատիպերի կամ մանր գործերի ազդեցության: Արարման շրջանում պետք է թռիչքների ձգտել` դրանցով ևս արարելով»: Դժվար է արարիչ լինել, առավել ևս նախագահ ընտրվելուց հետո, բայց սուզանավից զբոսանքի դուրս չեն գալիս` դու նախագահն ես ոչ միայն քեզ ընտրածների, այլև չընտրածների, ու պատասխանատու ես բոլորի առաջ, բոլորի համար:

Դիտվել է՝ 2422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ