ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ՀՀԿ-ին ոչ մեկը չի կարող մեղադրել պատասխանատվությունից խուսափելու մեջ»

«ՀՀԿ-ին ոչ մեկը չի կարող մեղադրել  պատասխանատվությունից խուսափելու մեջ»
18.01.2013 | 13:08

Հայաստանի համար այս տարին քաղաքականապես ամենակարևորներից է: Տարին սկսելու ենք նոր նախագահով, հետո էլ քաղաքապետ պիտի ընտրենք: Ընտրում ու ընտրում ենք: Այս տարի, պարզվում է, Ձմեռ պապը հայ ժողովրդին «ընտրելու իրավունք» է բերել: «Քաղաքականապես ինչպիսի՞ տարի կուզեիք լիներ». այս հարցով էլ սկսեցինք մեր զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: «Փոխադարձ ըմբռնման, հարգանքի տարի, և քաղաքականությունն սկսվեր ու ավարտվեր միայն երկրի համար կատարվող գործերով»,- նշեց մեր զրուցակիցը:

-Այս նախագահական ընտրությունները մի քիչ «էկզոտիկ» են ստացվում` առաջադրված թեկնածուներին նկատի առնելով: Ի դեպ, տեսակետ կա, որ որոշ ուժեր փորձում են ընտրությունը վերածել «կլոունադայի»:
-Յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր գործունեությունը, քայլերը: Եթե կան քաղաքական ուժեր, որոնք չեն առաջադրում թեկնածու, չեն մասնակցում ու նման պիտակավորում են տալիս, իրենց խնդիրն է: Ընտրությունը քաղաքական թիմի համար քննություն է` այս տարիներին արված քայլերը ժողովրդին որքա՞ն են ընկալելի, ընդունելի եղել: ՀՀԿ-ն ժողովրդին է ներկայացնելու իր արածը, ինչպես նաև բացթողումներն ու ապագայի պատկերացումները:
-Եթե արածը հաշվի առնելով ժողովուրդը պիտի ընտրի, ինչո՞ւ է հասարակության դժգոհության ալիքը մեծ: ՀՀԿ-ն, փաստորեն, այնքան էլ չի հաջողել:
-Իհարկե, ոչինչ այս կյանքում կատարյալ չէ: Սակայն Ձեր կարծիքին էլ համամիտ չեմ: Եթե հետևել եք ՀՀԿ-ի գործունեությանը, բազմաթիվ խնդիրներ մենք ենք վերհանել ու լուծումներ տվել:
-ՀՀԿ-ի խոսքը մի՞շտ է գործ:
-Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր ծրագրերն իրականացրել ենք: Անկախ մեր կամքից թելադրված պայմաններում (համաշխարհային ճգնաժամ, տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ) ամեն ինչ արել ենք և՛ ընթացիկ, և՛ այլ ծրագրեր կյանքի կոչելու համար։ Քաղաքական թիմը նախ և առաջ պատասխանատվություն պիտի զգա իր ժողովրդի առջև, ՀՀԿ-ն իր քայլերով ապացուցում է, որ և՛ հանդուրժող է, և՛ կոռեկտ: Ավելին, բոլոր կոալիցիոն գործընկերների հետ մեզ ճիշտ ենք պահել` պատասխանատվության ծանր բեռը վերցնելով մեզ վրա: ՀՀԿ-ին ոչ մեկը չի կարող մեղադրել պատասխանատվությունից խուսափելու մեջ: Որպես կայացած, կանխատեսելի քաղաքական թիմ, մեզ հաջողվել է իրականացնել նախատեսված ծրագրերը:
-Եթե ծրագրերի գերակշիռ հատվածն իրականացվել է, հնարավոր հաղթանակի դեպքում ի՞նչ պիտի անեք ևս հինգ տարի:
-Ծրագրերը միանգամյա չեն, հետո էլ դրանք ժամանակի ընթացքում փոփոխությունների են ենթարկվում: Կան նաև նոր ծրագրեր, թե հետագա հինգ տարիներն ինչպես ենք պատկերացնում: Նախորդ հինգ տարիներին մենք տեսնում էինք, թե ժողովուրդն ինչպես է բևեռացված, իսկ այսօր արդեն կա փոխադարձ ընկալում, հանդուրժողականություն:
-Սակայն ասում են, որ այսօրվա քաղաքական դաշտը հենց ՀՀԿ-ն է ամայացրել:
-Եթե ՀՀԿ-ն ի զորու է ժողովրդի ընկալման մեջ ամրագրելու, որ քաղաքական դաշտն այդպիսին է, ուրեմն, ինչպես նույն ժողովուրդն է ասում, հալալ է ՀՀԿ-ին: Բայց չեմ կարծում, թե քաղաքական դաշտն ամայացել է, ընդամենը ՀՀԿ-ն ճիշտ քաղաքականություն է վարել, հետևողական է եղել իր ցանկացած քայլում:
-«Ճիշտ քաղաքականության» մեջ է տեղավորվում նաև այն, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները բոյկոտեցի՞ն ընտրությունը:
-Նախ` բոյկոտ ասելը ճիշտ չէ, քանի որ նրանցից ոչ մեկն այդ մասին չի ասել: ԲՀԿ-ն հայտարարել է` թեկնածու չի առաջադրում և որևէ մեկին չի սատարում, ՀԱԿ-ում ամեն ինչ անկանխատեսելի է, քանի որ ՀԱԿ-ի անդամ համարվող Հրանտ Բագրատյանն առաջադրվել է, բայց կոնգրեսը չի սատարում նրան, ու այստեղ բոյկոտ լինել չի կարող: ՀՅԴ-ն ևս բոյկոտի մասին չի հայտարարել: Այս ամենն առաջին հերթին անդրադառնալու է հենց այդ քաղաքական թիմերի վարկանիշի վրա, քանի որ եթե ընտրությունների ժամանակ չեն մոբիլիզացնում, չեն ակտիվացնում իրենց քաղաքական թիմը, դա շատ վտանգավոր է հենց իրենց համար: Ամբողջ հինգ տարի քո թիմին ուղղորդում ես, պատրաստում, որպեսզի ընտրությունների ժամանակ արժանանաս ժողովրդի գնահատականին, ու եթե դրան չես գնում, ուրեմն խնդիրներ ունես: Այս պարզ ճշմարտությունը պիտի հիշեն, որ հետագայում իրենց մեղքը որևէ մեկի վրա չգցեն: ՏԻՄ ընտրությունների ժամանակ, եթե համայնքներ կային, որտեղ ՀՀԿ-ի թեկնածուն այնքան էլ ուժեղ չէր, միևնույն է, մենք մասնակցում էինք:
-Այդպիսի համայնք էլ կա՞:
-Եթե նայեք համայնքապետերի ցանկը, կտեսնեք, որ այնտեղ, որտեղ ՀՀԿ-ական չէ, ուրեմն այնտեղ թույլ ենք եղել, ճիշտ ռազմավարություն չի մշակվել:
-Առաջադրված թեկնածուներից ո՞ւմ կհամարեիք ձեզ արժանի մրցակից:
-Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն է ղեկավարում երկիրը, մեր ժողովրդի մի հատվածն ընդդիմադիր է: Այս պարագայում թեկնածուներից նա, ով ճիշտ քաղաքականություն կվարի, գուցե և համախմբի այդ հատվածը: Ե՛վ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ Հրանտ Բագրատյանը, ունենալով քաղաքական որոշակի կապիտալ, ճիշտ քարոզարշավի դեպքում կարող են մրցակցային թեկնածուներ համարվել:
-Փետրվարի 19-ը ինչպիսի՞ օր է լինելու Հայաստանի համար:
-Ավելի պայծառ, այն հույսի, հավատի օրը, որին մենք սպասում ենք: Հավատացնում եմ` այս ընտրություններով միջազգային հանրությանն ապացուցելու ենք, որ հարյուրավոր դարեր ունեցել ենք մշակույթ, քաղաքակրթություն: Որպես երկու զավակների հայր, ում երեխաներն ապրելու են այս երկրում, ինձ համար այս ընտրությունները հույսի ու հավատի վերականգնման սկիզբ են լինելու:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ