Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հեքիաթ-պամֆլետ` փորձված թանի և անփորձ մածունների մասին

Հեքիաթ-պամֆլետ` փորձված թանի և  անփորձ մածունների մասին
18.01.2013 | 13:39

«Եվ Վասկան նստեց հատակին, երկու ձեռքով գրկեց հում, սառած խոճկորն ու սկսեց կրծե՜լ, կրծե՜լ, կրծե՜լ...»։
«Խոզի գող Վասկա Դենիսովը»,
Վառլամ ՇԱԼԱՄՈՎ

ՄԵՂՔԵՐԻ ՔԱՎՈՒԹՅՈ՞ՒՆ...
ԹԵՐԵՎՍ
«Ինքնաբզումս» անկատար մնաց (ով անտեղյակ է, թող շտապ թերթի «Իրատես de facto»-ի 2013-ի թիվ 1 թողարկումը)։ Անկատարը կատարյալ դարձնելու մղումով բոլորվենք քուրսու շուրջը և քննարկենք օրվա, տարվա (գուցե և դարի) խնդիրը։ Քուրսու շուրջը խոսակցությունը միշտ էլ անկեղծ է։ Ինչու անկեղծ չլինի, եթե ոտքերիցդ պարանոց է անցնում նոր-նոր հանգած թոնրի հոգեշահ ջերմությունը, սեղանին էլ թոնրից հանված կարմրակող բոքոնն է, հորած պանիրն ու չիչխանի թեյը։ Վայելեցի՞նք, սքանչելի է։ Այժմ խնդիրը. ո՞վ ունի բարոյահոգևոր իրավունք առաջադրվելու երկրի նախագահ։ Անկասկած, նա, ով մինչև առաջադրումը հայտնի էր հանրությանը` այսինչ կամ այնինչ սխրանքներով։ Ներկա ընտրությունում նրանք երեքն են. նախկին վարչապետ և ջունգլիական շուկայի կերտման հնոցապան տիար Բագրատյանը` Հրանտ, այլախոհական միջազգային շարժման ինքնորոշ ասպետ Հայրիկյանը` Պարույր, և քաղաքական պահքի ժպտարթուն լոկոմոտիվ Հովհաննիսյանը` Րաֆֆի։ Մյուսներն ուղղակի խաղից դուրս են, քանզի նման են թագուհի խաղացող զինվորիկի, առանց 8-րդ հորիզոնականի համը տեսնելու:
Խնդիրը փոխեցինք։ Մնում է գլխավորը. ի՞նչ են կենսագործելու երեք թեկնածուները, որ չեն հասցրել անել հանուն պետության կայացման, հայրենիքի շենացման, շնացողների արտաքսման։ Եթե նախագահ դառնան։ Այսպիսով, երեք թեկնածուներին հրավիրում ենք «Լճիցլճերի» արևելյան ծովախորշ, եռագույն առագաստանավն ենք տրամադրում և առաջարկում նավարկել։ Հընթացս հետևում ենք նրանց, քուրսու շուրջը բոլորած։ (Ի՜նչ անուշ-մեղուշ է թոթի րախին քուրսու շուրջը)։

ՀԱՐՅՈՒՐ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ՎԵՑ ՀԱՐՅՈՒՐԸ` ՀԵՏ...
Բագրատյանից առաջ երկիրը շեն էր։ Սակայն միամիտ էր ու հեռու միասեռականությունից և աղանդավորությունից, մի խոսքով` շնացումից։ Հրանտը տնտեսության բարեփոխմանն ընդառաջ գնաց (եթե չեք մոռացել) սուրն ու վահանը ձեռքին։ Սրով նա փրթում էր պետական տնտեսության բաղադրիչները, ինչպես խաբված տանտիկինն է ամուսնուն սպասելիս բորշչի կաղամբը փրթում։ Վահանով պաշտպանվում էր քաղաքական ընդդիմությունից, առհասարակ, հայ ժողովրդից։ Ինչպես խաբեբա ամուսինն է պաշտպանվում վագր կտրած կողակցուհու գրոհներից։ Ինչպես քաջ հայտնի է, խաբված ու խանդոտ կինն ամուսնական անհավատարմությունը խորտակում է հավատարիմ խոհանոցային զենքերով` թավայով և գրտնակով։
Հրանտը, անշուշտ, հեղափոխիչ էր յուր բնույթով։ Նրա տնտեսական տեսության արդյունքում էր, որ երկիրը շրջվեց գլխիվայր, մասնատվեց հարյուր-հարյուր հիսուն մասնավորի ձեռքում, ու մինչ օրս խելքը գլուխը չի գալիս։ Հենց նրա տեսության պատճառով սնկի պես աճեցին օլիգարխիկները, որոնք այսօր ատոմային ռումբի հետագծի պես ահռելի սնկաձև ամպեր են կուտակել հանրապետության գլխին։
Այսինքն, նա ակամա նմանվում է այն խանդոտ տանտիկնոջը, ով անհավատարիմ ամուսնուն զինավառ (այսինքն` գրտնակով ու թավայով գոտեպնդված) դիմավորում է` դրկից սևամորթի հետ լիուբոլ սիլի-բիլի անելուց հետո։

Այսուհանդերձ, նշանաբանը հուզիչ է` իր մոլորված անկեղծությամբ, և ամոքիչ` առողջ ինքնագոհությամբ. «Ցույց տվեք մեկ ուրիշի, ով ինձնից խելոք է, ինչո՞ւ պիտի չդառնամ նախագահ»։ Դարձի՛ր, եղբայր, ո՞վ է դեմ գանգրահեր առաջընթացիդ։ Միայն թե նախ քավարանով պիտի անցնել (հետո հայցել հանրության ներողամտությունն) ու նոր միայն առաջ մղվել։ Ի դեպ, Բագրատյանին հասկանալ պետք է։ Թեկուզ հանուն մեր սերունդների ապագայի (որպեսզի հայոց գույքն ու կայքը երբեք չտնօրինվեն նման խառնակ տեսաբան-սուբյեկտների կողմից)։ Չէ՞ որ մարդուն լիուբոլ հաջողվեց ավերել նորանկախ հանրապետության տնտեսությունը, անտերության մատնել աղետի գոտին, առանցքային դերակատարում ունենալ «Մազութի գործում» և այլն, և նման այլևայլ սահանկումներ երկրին։ Եվ մնալ անպատիժ։ Ավելին` հոխորտալ և դասեր տալ։ Իրավունք ունի՞։ Յուր բարոյականության գոլ ճահիճներում` անկասկած։ Զի շատ է հիշեցնում այն հովվին, ով հանրային հոտը գելի բերանն է տալիս, վարակում է դաբաղով, սակայն անպատիժ է մնում։ Եվ սկսում է մեղադրել գյուղի անասնաբույժին, եղանակի տեսությունը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Հետո, ջրից չոր դուրս գալով, առաջադրվում է գյուղապետի թեկնածու։ Կներեք, իսկ ուրիշ ի՞նչ անի. նամա՞զ։
Մի խոսքով` Բագրատյանին սպասում է երրորդ հանրապետության քավարանը։ (Քավարանում պետք է եռացած տակառում լոգանք ընդունել, օրը երեք անգամ անմիս տոլմա ճաշակել և այլն)։

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ X-Ն ՈՒ Y-Ը
Բարի, Հայրիկյանն ընտրվում է ՀՀ նախագահ։ (Նախագահական նստավայրն իսկույն ինքնորոշվում է և ինքնալուծարվում)։ Պարույրը թագադրվում է։ Նախագահական նստավայրն այսուհետ արքայանիստ է։ Թագը բերվում է «Պերմի ճամբարներ-1996-ի հեղաշրջում» երթուղիով։
ԱԺ-ն ինքնորոշվում է և կազմաքանդվում։ Ձևավորվում է նոր կոալիցիա` ԱԻՄ-Կիմ (Բալայան)-ԶԻՄ (ավտոմեքենա)։ Չուրի լուս (այսինքն` մինչև այգաբաց) «Հանրապետականը» անվանափոխություն է կատարում և այսուհետ կոչվում է «Հայաստանի ինքնորոշված-պարուրված հանրապետականներ»։ ԲՀԿ-ն ինքնորոշման հայտ է ներկայացնում Պարույրին և նրան ընտրում է հավերժ պատվավոր նախագահ։ Պարույրին զայրացնում է ԲՀԿ-ի պարուրաձև պահվածքը, նա լուծարում է կուսակցությունը, նախագահին նշանակում է յուր անձնական քարտուղար, մնացածին էլ տեղավորում է քարտուղարությունում որպես ցրիչ, գրիչ, համակարգիչ։

Մաշտոցի պողոտան վերանվանվում է «Ինքնորոշման» մայրուղի, Հանրապետության հրապարակը` «Պարույր-պլազա»։

ԱԺ շենքում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում։ Բուֆետն ինքնորոշվում է և գրավում է օվալաձև դահլիճի տեղը։ Օվալաձևը ինքնաբացարկ է հայտնում։
Օլիգարխները նույնպես ինքնալուծարվում են և կամովին դառնում Պարույր-նախագահի տնտեսական հենարանը։
Այնուհետև վրա է տալիս հանգուցային ակորդը. ընդառաջ գնալով ազգերի ինքնորոշման սկզբունքին, Հայրիկյանն ինքնորոշման իրավունք է ընձեռում ՀՀ փոքրամասնություններին, եհովականներին, մորմոններին, միասեռականներին և ԱԻՄ-ից հեռացվածներին։
Նրանք` նախկին ԱԻՄ-ականները, ՀՀ կազմում ձևավորում են յուրյանց ազգային ինքնորոշված միավորները` ԱԻՄ-ականների ձևաչափով։ Նրանց տրվում է ազատորեն ինքնորոշվելու բարձրագույն իրավասությունը` ԱԻՄ-ավանների կենտրոնական հրապարակներում կանգնեցնելու Պարույր-նախագահի ձիարձանը` ազգային տարազը հագին։
Ընդդիմությունը ողջ կազմով ուղևորվում է Սևանի թերակղզում կառուցված հատուկ նշանակության խցերը` ճգնելու և ըմբռնելու ԱԻՄ խորհուրդը։
ՀՀ Կենտրոնական բանկն ինքնորոշվում է և ՀՀ դրամի փոխարժեքը հավասարեցնում ԱՄՆ դոլարին։ (Օբաման անդամագրվում է որևէ ԱԻՄ-ավանում բնակարան ստանալու հերթացուցակին)։
ՀՀ բանակը ողջ կազմով սերտում է Պարույր-բանաստեղծի հանգերը, զանգեր է հնչեցնում և, բնականաբար, ինքնորոշվում ոտն ի գլուխ (ենթասպաները փոխատեղվում են գեներալների հետ և հակառակը)։ Ինքնորոշման վեհությանն ընդառաջ բանակային շիլան ազատագրվում է յուղից։ Էնպես որ, ով կամենում է նման երկրում ապրել, թող անվարան ձայնը նվիրաբերի Պարույր Հայրիկյանին։

ՐԱՖՖՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Վաղ առավոտ է, գարունն է բախում դուռ ու պատուհան։ Կսմթում է աղջիկների նրբակերտ կոնքերը և պոկում ոմանց քաղաքականացված հոնքերը։ Րաֆֆին այսուհետ ՀՀ նախագահն է։ Այլևս չի՛ք ներքաղաքական պահք և «Ժառանգություն»։ Րաֆֆին ազգի հայրն է, մանուկների հերոսը, տատիկների թալիսմանը։ Քոքոբելյանն ընդհատակում է։ Բագրատյանն իր հերթին կառավարությունում է` որպես Համաշխարհային բանկի պարտքերը մարելու գծով կրտսեր փորձագետ։ Նրա նախագահության երրորդ ամսում սահմանվում է երկրի բարձրագույն մրցանակը` «Րաֆֆու ժպիտը», որը տրվում է ազգին և պետությանը ժպտադեմ մեծագործություններ կատարած անձանց։
Րաֆֆին ներս է մտնում նախագահական նստավայր` Բաղրամյան պողոտայից։ Նախ պատիվ է տալիս ոստիկաններին։ Հետո սեղմում է աշխատակազմի բոլոր անդամների ձեռքերը։ Ոմանց` ուժգին ձեռքսեղմումով, մյուսներին` բարեկամական հպումով, երրորդներին` բութ մատի շփումով։ Եվ մինչ նա հասնում է յուր բարձր աթոռին, օրը հասնում է իր տրամաբանական ավարտին, այսինքն` մթնում է։ Րաֆֆին քոռուփոշման տուն է վերադառնում։ Եվ այսպես շարունակ, նախագահության հինգ տարիներին։ Արդ, եթե կուզեք ապրել նման մի երկրում, քվեարկեք տիար Րաֆֆու օգտին։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ԹՄԲՈՒԿՆԵՐԸ
Ազատիչն առանց քաղաքական և վարչական ռեսուրսների օգտագործման է ելնում մարտի։ Եվ շահում է։ Զի երբ նրա անցած ճանապարհը համադրում ենք Հրանտի, Պարույրի և Րաֆֆու անցած-չմարսած ճանապարհների հետ, անմիջապես գլուխ է բարձրացնում ժողովրդական իմաստնությունը փորձված թանի և անփորձ մածնի մասին։ Առակն այս ինչ ցուցանե, թող որոշի ընթերցողս։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ