Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հույս ունեն դրանով պահպանելու «լեգիտիմության զինանոցը»

Հույս ունեն դրանով պահպանելու «լեգիտիմության զինանոցը»
22.01.2013 | 01:04

2013 թ. նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում որոշ ուժեր փորձեր են կատարում ստվերելու ընտրական գործընթացը` ձևի և բովանդակության համատեքստում: Պետք է նշել, որ 2013 թ. ընտրությունը Հայաստանի անկախության պատմության բացառիկ երևույթներից է, քանզի ընտրարշավն ընթանում է առանց բարդությունների, զանգվածային հուզումների և սուր մրցակցության: Ըստ էության, նախագահ Սարգսյանի վերընտրության խնդիրը լուծված է, և ընտրություններին մասնակից մյուս գործիչները փորձում են քաղաքական գործընթացում մնալու, դիրքերն ամրացնելու խնդիր լուծել, ներքուստ համոզված լինելով, որ ոչ մի հնարավորություն չունեն մրցակցելու ՀՀԿ թեկնածուի հետ: Միևնույն ժամանակ, որոշ շրջանակներ փորձում են ստվերել ընտրական գործընթացը` իրենց գործունեության հիմնական ուղղությունը նախանշելով մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումը ընտրությունների թե ձևի, և թե բովանդակության մասով:
Այսպես, երկրորդ նախագահի և նրա շրջապատի քաղաքական շահերը սպասարկող քաղաքագիտական և լրագրողական խմբերը փորձում են շրջանառության մեջ ներդնել այն տեսակետը, թե «2013-ի նախագահական ընտրությունները նման են լինելու 1991-ի ընտրությանը, սակայն մեկ տարբերությամբ` առանց հասարակական վերելքի և ոգևորության»: ՈՒշագրավ է, որ քաղաքագետը փորձում է որոշակի նմանություններ և տարբերություններ փնտրել 1991 և 2013 թվականների ընտրություններում` կանխամտածված շրջանցելով գլխավոր տարբերությունը: 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է «հասարակական ալիքի» շնորհիվ` չունենալով նախընտրական ծրագիր և երկրի կառավարման ու զարգացման խնդիրներին նվիրված ո՛չ ռազմավարություն, ո՛չ էլ հայեցակարգ: Նույնը չի կարելի ասել Սերժ Սարգսյանի մասին, ով ոչ միայն կառավարման հսկայական փորձ ունի, այլև ունի այնպիսի ծրագիր, որտեղ ընդգրկված դրույթների իրականացումը կենսական անհրաժեշտություն է պետության համար:
1991 և 2013 թվականների ընտրություններում առկա է նաև մեկ այլ կարևոր տարբերություն. եթե 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ էր ընտրվում և դեռևս ցույց չէր տվել, թե ինչի է ընդունակ, ապա Սերժ Սարգսյանը 2013-ին վերընտրվում է` հասարակության դատին ներկայացնելով ոչ միայն նախընտրական ծրագիր, այլև նախկին տարիների իր անձնական և թիմային գործունեությունը: Հիշենք, որ 1991-ին նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն այն աստիճանի տապալվեց, որ 1996-ի ընտրություններն ընթացան ակնհայտ խախտումներով` որպես հետևանք թողնելով «լեգիտիմության ճգնաժամը»: Հետևանքը եղան կառավարության գործունեության կաթվածը, ներքաղաքական լարվածությունն ու նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1998-ին: Համեմատելով ՀՀՇ և ՀՀԿ ձևավորած իշխանությունները, հանգում ենք այն եզրակացության, որ, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի, 2008-2013-ին իշխանության գլուխ կանգնած Սերժ Սարգսյանի թիմն աչքի է ընկել ներքին կայունությամբ և իր առջև դրված խնդիրների լուծման հետևողականությամբ: Եթե խնդրին մոտենանք քաղաքական ռեալիզմի տեսանկյունից, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանի այլընտրանքի բացակայությունը պայմանավորված է նրա կատարած աշխատանքի և հնարավոր մրցակիցների գործունեության համեմատության եզրերի բացակայությամբ:
Կասկածից վեր է, որ քաղաքագիտական շրջանակները պատշաճ վերլուծության են ենթարկել այս խնդիրները, սակայն որոշ ուժեր փորձում են ստվերել ընտրությունները` թուլացնելով Սերժ Սարգսյանի թիմի դիրքերը և համապատասխանաբար ուժեղացնելով Սարգսյանի հակառակորդների և մրցակիցների դիրքերը: Հենց սկզբից պետք է արձանագրել, որ նախագահական ընտրությունների ստվերման փորձերը կատարվում են մեկ նպատակով` թույլ չտալ Սերժ Սարգսյանին օգտվել ստեղծված բացառիկ իրադրությունից և առաջացնել լեգիտիմության խնդիր, իհարկե, նոր երանգներով: Բնականաբար հարց է առաջանում. ո՞ւմ են ձեռնտու ընտրական գործընթացի ստվերումը և տարատեսակ շահարկումները: Առաջին հայացքից նման խնդիր ունեն նախագահ Սարգսյանի բոլոր մրցակիցներն ու հակառակորդները: Միևնույն ժամանակ, քաղաքական թատերաբեմում առկա Սերժ Սարգսյանի երևացող մրցակիցները այնպիսի լուրջ գործոն չեն, որ հետագայում կարողանան լուրջ գլխացավանքի վերածվել նախագահ Սարգսյանի համար:
Նման ռազմավարություն կարող են ունենալ միայն Սերժ Սարգսյանի աներևույթ, դեռևս գործընթացներին հրապարակային մասնակցություն չունեցող, սակայն մրցակցության լուրջ պոտենցիալով և պայքարի ախորժակով օժտված խմբերը` նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը: Առաջին նախագահի շրջապատը դեռևս հույսեր ունի բարելավելու դիրքերն ու հաջողության հասնելու 2017-2018-ին` չունենալով գործունեության հստակ ծրագիր, բայց իր առջև խնդիր ձևակերպելով ամեն գնով մնալ ընդդիմադիր ճամբարի առաջնային գծում: Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված «լևոնականները» արմատական ընդդիմության գործունեության ռազմավարությունը երկար տարիներ կառուցել են իշխանության լեգիտիմության խնդիրը շահարկելու ճանապարհով և այսօր կանգնած են հրապարակային գործունեության կարևորագույն գործիքի` «լեգիտիմության զենքի» կորստի առջև: Այդ է պատճառը, որ Տեր-Պետրոսյանի համախոհները շարունակելու են ընտրությունները ստվերելու փորձերը` հույս ունենալով հետագայում պահպանելու «լեգիտիմության զինանոցը»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի շրջապատին, ապա վերջիններս պատրաստվում են 2017-2018-ի քաղաքական գործընթացներին, խնդիր ունենալով ապահովելու երկրորդ նախագահի «քաղաքական ռեինկարնացիան»: Սա է պատճառը, որ Քոչարյանի շահերը սպասարկող քաղաքագիտական և լրագրողական շրջանակները փորձում են ստվերել Սերժ Սարգսյանի վերընտրության գործընթացը` գերխնդիր ձևակերպելով իշխանության «լեգիտիմության ճգնաժամի» պահպանումը: Բանն այն է, որ Քոչարյանի կառավարման 10 տարիներին իշխանության հիմնական խնդիրը ներքին և արտաքին լեգիտիմության պակասն է եղել, որն իր սոցիալ-քաղաքական դրսևորման գագաթնակետին հասավ 2008-ի մարտի 1-ին: Թերևս սա է պատճառը, որ քոչարյանական շրջանակները չեն ցանկանում 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունից հետո հայաստանյան քաղաքականության Օլիմպոսում, ի դեմս Սերժ Սարգսյանի, տեսնել լեգիտիմ նախագահի` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ինչևէ, իշխանությունը ստիպված է լինելու նախընտրական և հետընտրական շրջանում ամրագրելու ձեռք բերված հաղթանակը` հասարակությանն ապացուցելով, որ լեգիտիմ իշխանությունը կարող է ակնառու հաջողություններ ունենալ պետականաշինության, տնտեսության, քաղաքականության և այլ բնագավառներում: Հակառակ դեպքում երևացող և աներևույթ ընդդիմությունը կարճ ժամանակահատվածում լեգիտիմության խնդիրը նորից կվերածի իշխանության դեմ պայքարի առաջնային գործոնի: Սպասենք իրադարձությունների զարգացմանը։


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ