Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հասարակական եռանդի գինը կամ Շավարշ Մարությանի ոդիսականը

Հասարակական եռանդի գինը կամ Շավարշ Մարությանի ոդիսականը
22.01.2013 | 12:13

Ձեռքներս հպենք խղճներիս և հպանցիկ անդրադառնանք համատիրությունների աշխատանքին։ Վստահաբար մեր ընթերցողների ճնշող մեծամասնությունը մինչ օրս գլխի չի ընկնում, թե ինչ ծառայությունների դիմաց է գումար վճարում իր համատիրության ներկայացուցիչ օրիորդ Վարդանուշին (անունը, անշուշտ, պայմանական է), ով ամիսը մեկ, ցենտներանոց իր հմայքներն առաջ մղելով, ներխուժում է բնակարանդ, ասում-խոսում, հիշում, հուշում և, վարձավճարը կորզելով, հեռանում։ Իհարկե, կան կայացած համատիրություններ, որոնք ուղղակի բացառություն են, քանզի համակարգը չի կայացել, չի կայացել գլխավորապես մի «գլխակեր» պատճառով` ապահով խավը բավականին պահպանողական է համատիրության սահմանած գումարները վճարելիս։ Եվ եթե անտեսանելի գլխարկը դրած քննենք ու զննենք համատիրությունների հաշվեմատյանները, կհամոզվենք, որ դրանց պահպանման հիմնական ծանրությունն ընկնում է անապահով, սակայն բարեխիղճ բնակիչների ուսերին։ Ի դեպ, զանազան պետական հարկերի և տուրքերի վճարումների սանդղակում ոչ միայն ապահով, այլև գերապահով խավն է բացակայում։ Սակայն սա այլ խոսակցության թեմա է։

Շավարշ Մարությանը հասարակական գիտակցության տեր և քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձ է։ Բնակվում է Վաղարշ Վաղարշյան-20/1 հինգհարկանի շենքում։ Լիազոր-կառավարիչ է։ Լիազոր-կառավարչի ինստիտուտն առկա է մեր իրականությունում և, ըստ էության, փրկօղակ է համատիրություն հորջորջվող տեղապտույտում։ Բնականաբար, այն ունի իր կանոնադրությունը, կնիքը, տեղեկանքներ հատկացնելու, հայտարարություններ փակցնելու իրավունքը և այլն։ Արդեն պատկառելի տարիքի տիար Շավարշին շենքում հարգում են և ամենակարևորը` վստահում։ Եվ ընտրում են շենքի լիազոր կառավարիչ։ Վերջինս սկսում է գործել, առանց աշխատավարձի, քանզի 1 քմ բնակմակերեսից գանձում է 5 դրամ յուրաքանչյուր ամիս։ Այսինքն այնքան, որքան բնակիչները պատրաստ են սիրահոժար տրամադրելու։ Սա, իհարկե, շատ փոքր գումար է, բայց ծախսվում է նպատակային ու համակարգված, բնակիչներն էլ լիազոր-կառավարչի աշխատանքից գոհ, յուրաքանչյուր ամիս բարեխղճորեն կատարում են մուծումները։ Այսպես հինգ տարուց ավելի։ Տիար Շավարշին հաջողվում է ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, պահպանել շենքի քաղաքակիրթ նկարագիրը, ավելին, լուծել հարակից էլեկտրական սնուցման ենթակայանի տանիքի խնդիրը և ասֆալտապատել բակը։ Այս ամենը զարմացնում է Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցներին, ովքեր սովոր են, որ համատիրությունների աշխատանքից բնակիչները հիմնականում պիտի դժգոհեն, իրենք էլ մշտապես հանդես գան հաշտարար դատավորի դերում։ Եվ ահա «բերման են ենթարկում» հարգարժան մարդուն վարչական շրջանի վարչական կառույց և փորձում ինչ-ինչ ստվերոտ բացահայտումներ անել։ Այսպես, այդ ինչպե՞ս է առանց աշխատավարձի կամ այլ ակնկալիքի տարիներ շարունակ ծառայում դրկիցներին, ի վերջո` սեփական բնակավայրին։ Անկասկած, «սիրիր մերձավորիդ» պատվիրանը կոմունալ բաժնի տարբեր տրամաչափի ծառայողներին քաջ հայտնի է։ Ավելին, նրանց մեծամասնությունը բերանացի գիտի պատվիրանները։ Այսուհանդերձ, պատվիրանով առաջնորդվող քաղաքացուն, խրախուսելու փոխարեն, գցում են բյուրոկրատական մամլիչների բերանը։ Ի մասնավորի` ինչո՞ւ է լիազոր-ներկայացուցիչը յուրաքանչյուր քմ բնակմակերեսի դիմաց յուրաքանչյուր ամիս գանձում 5, ոչ թե 20 դրամ, ինչպես է համարձակվում աշխատել առանց աշխատավարձի, սա ուղղակի վիրավորանք է «կոմունալնիկների» համար («էս թվին ոնց կարա նորմալ մարդն առանց շահի գործ անի»)։ Եվ գործի են դրվում բյուրոկրատական կսմթոցները։ Զորօրինակ, այդ ինչպես է համարձակվել գործունեության հաշվետվությունը երեք օր ուշացումով փակցնել իր կողմից սպասարկվող 45-բնակարանանոց շենքի մուտքերից մեկում։ Ի դեպ, հաշվետվությունը փակցվել է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ Բայց ինչ-որ կատակաբան (հավանաբար «կոմունալնիկներից» մեկը) պոկում է այն պատից։ Այլ «հանցանք» չգտնելով` վարչական շրջանի աչալուրջ ծառայողները կառչում են այս «զանցանքից»։ Մի խոսքով, հանգուցալուծումը բավականին ուշագրավ է. նշյալ հաշվետվության «բացակայության» հիմքով Շավարշ Մարությանին տուգանում են 3 հազար դրամ, միաժամանակ պահանջում` կնիքը հանձնել։ Ի դեպ, «կոմունալնիկներից» մեկն անձամբ է այցելում տիար Շավարշի բնակարան և առաջարկում ինչ-որ ակտի տակ ստորագրել առ այն, որ վերջինս պարտավորվում է տուգանքը վճարել։ Տիար Շավարշը, բնականաբար, հրաժարվում է։ Անբնականաբար, «կոմունալնիկները» սպառնում են «դատի տալ» լիազոր-կառավարչին։ Այսպիսով, ժամանակ անց մեր հեղհեղուկ իրականությունում մի տրագիֆարս կիջնի ասպարեզ, պայմանական անվանումն էլ, թերևս, էսպես. «Շավարշի գործը»։
Ավարտելով հրապարակումը` նշենք, որ Շավարշ Մարությանը հարուստ անցյալ ունի և քաղաքացիական-հանրային ակտիվություն է հանդես բերել թե՛ խորհրդային տարիներին, թե՛ ազգային զարթոնքի օրերին։ Եվ, անշուշտ, Վաղարշ Վաղարշյան-20/1 շենքի հոգածությունը նրա համար զուտ մարզական հետաքրքրության բավարարում չէ, այլ, սեփական հոգսերն ու խնդիրները անտեսելով, հանրային կյանքին օգտակար լինելը։ Մի բան, որ վիրավորական է արդի վարչաչինովնիկական համակարգի համար։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ